Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՑՈՐԵՆԻ ՀԱՏԻԿԸ



Յուրի Զախարյանի անունը, լուսավոր կերպարը այսօր շատերն են հիշում՝ կարոտով, սիրով ու հիացմունքով: Մարդ, որի սրտում անսահման սեր կար ու բարություն, եւ որը չէր կարող անտարբեր մնալ, երբ անզեն հայրենակիցների դեմ զենք, բռնություն էին կիրառում:

1988 թ…. Սումգայիթ, Գանձակ, Բաքու… Ոմանց հաջողվում է մազապուրծ փախչել, ոմանք հայրենիք են հասնում խոշտանգված ու լլկված (Յուրիի եղբայրը՝ Վանիկը, Սումգայիթից փախչում է Բաքու՝ դժոխքի մի պարունակից մյուսը, ենթարկվում անմարդկային բռնությունների եւ Երեւան տեղափոխվում. հայրենիքը բուժում է մարմնի վերքերը, իսկ հոգու վերքը նույնիսկ չի սպիանում), շատերն էլ նահատակվում են… Ինչի՞ համար… Որովհետեւ հայ են…

Յուրի Զախարյանը, որ 1973 թ. ինքնակամ վայր էր դրել մայորի ուսադիրները եւ վերադարձել Հայաստան, գիտակցում է՝ պետք է համախմբվել… Կազմավորվում են առաջին կամավորական ջոկատները, որոնց առաքելությունն էր պաշտպանել հայրենիքի սահմանները, ժողովրդին եւ ցույց տալ, որ այստեղ մե՛նք ենք տերը, եւ մենք արդարության ենք ծարավ…

Յուրիի կինը տագնապի մեջ է. ամուսնուն աղերսում է մեկնել Ղրիմ՝ հարազատների մոտ… Կինը շտապում է տոմս գնել, իսկ Յուրին գնում, որպես կամավոր անդամագրվում է այն ջոկատին, որ օրեր անց պիտի Արցախ մեկներ: Էմման երջանիկ է. «Յուրին երկու օրից մեկնում է Ղրիմ»: Երկու օրն անցնում է ակնթարթի պես: Նա ճանապարհում է ամուսնուն… Անցնում են օրեր, ոչ մի լուր: Ինչպե՞ս է հասել: Մի օր էլ դուռը թակում են: Բացում է: Նա է՝ զինվորական համազգեստով, որի վրա մեր վիրավոր սահմանների հողն ու փոշին էր… Եվ Յուրին կնոջը պատմում է անքուն գիշերների հոգնության մասին… Ամեն ինչ պարզ է, նա ընտրել է այդ ճանապարհը, եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան:

Յուրի Զախարյանը մեկնում է Գորիս, հետո՝ Լաչին, որտեղ, ի վերջո, հայ կտրիճներին հաջողվում է պատվով կատարել ժամանակի հրամայականը՝ անառիկ պահել Լաչինի միջանցքը: Ծառայում է որպես հրետանային դիվիզիոնի հրամանատար: Իր զինվորներին սիրում է անմնացորդ, հայրական սիրով՝ իր զավակների պես: Ամեն անգամ, երբ գալիս է Երեւան, միայն մի միտք է զբաղեցնում նրան՝ սնունդ, հագուստ հայթայթել կռվող տղաների համար… Նրա միտքը լեռներում է, սիրտը՝ կապված զավակներին: Չի կարող հանգիստ առնել այն ժամանակ, երբ իր տղաներն են վտանգված:

1993թ. մարտի 2: Կեսգիշերն անց է: Յուրին չի կարողանում քնել: Գորիսի հյուրանոցում է՝ իր համարում: Սենյակ են ներխուժում երկու զինված խուժան, պահանջում զենքը: Յուրին պաշտպանվում է, բայց ստացած դանակի խոր վերքերի պատճառով հայտնվում է Գորիսի հիվանդանոցում: Այնուհետեւ տեղափոխվում է Երեւան: Տասը օրից ինքնակամ դուրս է գրվում հիվանդանոցից, ներկայանում նախարարին եւ հայտնում, որ պատրաստ է միանալու իր ջոկատին… Անտեսում է կնոջ եւ դստեր թախանձանքները` տանը մնալ, շարունակել բուժումը… Մեկնում է Ֆիզուլի, առաջվա նման ինքնամոռաց ու անտրտունջ անցնում իր պարտականությունների կատարմանը, մասնակցում Ֆիզուլիի, Հորադիզի, Խոջալուի, Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի ազատագրական մարտերին: Տեսնում է՝ ինչպես են ընկնում տղաները, հարազատի նման սգում է նրանցից յուրաքանչյուրի մահը, իսկ իր կապավորի՝ քսանամյա Արթուրի կորուստը ոչ մի վայրկյան չի կարողանում մոռանալ, չի ներում ինքն իրեն, որ չկարողացավ պաշտպանել նրան: Յուրաքանչյուր զինվորի մահը անդառնալի կորուստ է, անփարատ մի ցավ, որ չի կարողանում մոռանալ:

Օրերն անցնում են: Վերքերը զգացնել են տալիս եւ օրեցօր ավելի ծանրացնում ազատամարտիկի վիճակը: Մարտական ընկերները, տեսնելով արդեն մարող հրամանատարին, բազմիցս խնդրում են Երեւան վերադառնալ, շարունակել բուժումը, իսկ նա ձեռքն է թափ տալիս…

1994 թ. ապրիլի 28-ին ուժերը վերջնականապես լքում են նրան: Բերում են Երեւան՝ հիվանդանոց: Ապրիլի 30-ին՝ դստեր ծննդյան օրը, դադարում են հրամանատարի սրտի զարկերը…

«Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կա. ապա եթե մեռանիցի, բազում արդիւնս առնէ»:

Յուրի Զախարյանն այդ կենարար ցորենի հատն էր՝ մեկը այն անձնազոհ նվիրյալներից, ովքեր պատերազմի անողոք զոհասեղանին իրենց կյանքը դրեցին եւ… «բազում արդիւնս» առան…

ԷԴԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Ճակատագրեր


15/05/2014