Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐ ՍԻՐՏԸ



Կոթեցի Ազիզ Աբրահամյանի երեք որդիները զոհվեցին Հայրենական մեծ պատերազմում։ Երեք որդիներին հերոսաբար ռազմաճակատ ճանապարհած և անգամ «սև թուղթ» ստացած մայրը քաջաբար է տանում այդ մեծ վիշտը և սպասում։

Նոյեմբերյանի Կոթի գյուղից 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմ մեկնեցին 750 կոթեցիներ, որոնցից շուրջ 330-ը չվերադարձան։ Այդպիսի հերոսների ժառանգներն էին, որոնք դուրս եկան Արցախյան ազատագրական պայքարի և արիաբար պաշտպանեցին իրենց ծննդավայր Կոթին։ Արցախյան պատերազմին գյուղը տվեց 34 զոհ:

Ազիզ Աբրահամյանը ունեցել է վեց երեխա` երեք աղջիկ, երեք տղա: Երեք տղաներն էլ` Հակոբը, Դանիելը, Թապտղը, մեկնել են Հայրենական պատերազմ եւ չեն վերադարձել: Մայրը ստանալով տղաների «սեւ թղթերը», հատիկ-հատիկ դնում էր կրծքին ու ամեն պատահողի բարձրաձայն ասում. «Սո՛ւտ է, իմ որդիները չեն զոհվել, իմ որդիները հետ են գալու»: Ու էլ չէր հավատում փոստատարին: Ամեն առավոտ բռնում էր շրջկենտրոնի ճանապարհը (շրջկենտրոնը Կոթի գյուղից հեռու էր մոտ 38 կմ): Լիներ ամառ, թե ձմեռ՝ քայլում-անցնում էր այդ ճանապարհը, հասնում զինկոմիսարիատ, հարցնում էր, թե ինչ լուր կա որդիներից ու հետո դիմում էր զինկոմին.

– Ինձ էլ տարեք կռիվ, իմ որդիների մոտ, նրանք չեն զոհվել, նրանք կռվում են: Եթե զենք չտան, դեղ ու վիրակապ կվերցնեմ, մեր երեխեքի վերքերը կկապեմ։ Ինձ էլ ուղարկիր, զինկո՛մ ջան, ախր ո՞ր մայրն է իր զավակին յոթ տարի կուրծք տվել։ Ես իմ Թապտղին յոթ տարի կուրծք եմ տվել։

Ճարահատ զինկոմը մի անգամ ասում է. «Մայրի՛կ, քո անուն էլ եմ գրում, գնա ու սպասիր, երբ կանչենք՝ կգա՛ս։ Ու տունդարձի ճամփան անցնում է իր որդիների հետ թարմ հիշողություններով. «Երբ Հակոբս գնաց, աղջիկը նոր էր ծնվել։ Մեկ աղջկան էր նայում, մեկ ինձ… ու գնաց»։ Հիշում է կրտսեր որդուն՝ Թապտղին. «Ամեն անգամ աղբյուրից գալիս, վազում, կուժը իջեցնում էր ուսիցս, կուրծք էր ուտում ու նորից վազում էր ընկերների հետ խաղալու։ 1941-ի օգոստոսին Հակոբս գնաց, սեպտեմբերին՝ Դանիելս, իսկ դեկտեմբերին՝ փոքրս»։ Ու այսպես մտքերի հետ տուն էր գալիս, երբ լսում է գայլերի ոռնոցը։ Ու մայրը թիկունքը հենած հաստաբուն մի կաղնու՝ ձայնում է որդիներին. «Հակո՜բ, Դանիե՜լ, Թա՜պտղ, օգնեցեք, գայլերը ձեր մորն ուտում են»։

Ախր ուրիշ է որդի կորցրած մայրը, վայրի գազանն էլ, երբ կորցնում է իր ձագին, դունչը երկինք պարզած կաղկանձում-ողբում է…

Անցնում էին տարիները: Որդիներից Դանիելի կինը ամուսնացավ, գնաց հարեւան գյուղ` հետը տանելով դպրոցահասակ որդուն: Ու հայրացուն իր ազգանունով էր դպրոց ուղարկել տղային: Ու ամեն անգամ, երբ ուսուցիչը ներկա- բացակա էր անում եւ կարդում էր տղայի նոր ազգանունը, նա բարկացած լացակումած ոտքի էր կանգնում ու ասում.

– Իմ ազգանունը Աբրահամյան է…

Հետո փախչում, գալիս- հասնում էր Կոթի, իրեն գցում Ազիզ տատի գիրկն ու հեկեկում.

– Տատի՛, իմ ազգանունը Աբրահամյան է:

– Հա, գառ ջան, քո ազգանունը էդպես է, քո հայրը ողջ է, շուտով կգա, քեզ կբերի մեր տուն,- անձայն գլորվող արցունքների հետ թոռանն էր մխիթարում տատը: Ազիզ տատը երկար չդիմացավ: Կյանքից հեռանալիս աղջիկներին խնդրել էր, որ եթե եղբայրները հետ գան, անպայման այցելեն իր գերեզմանին ու այդ բարի լուրը հաղորդեն իրեն:

Մահվան մահճում որդիների լուսանկարն էր ուզել, դրել էր կրծքին ու հոգին ավանդել. «Ինձ կթողեք օխտը ճամփի խաչմերուկում, ուր գնացող-եկողներից լուր առնեմ իմ որդիների մասին»։

Պատմում են, որ Ազիզ տատի հուղարկավորության ժամանակ ամբողջ Կոթի գյուղը, ինչպես նաեւ շրջակա բնակավայրերից եկած մարդիկ, արտասվում էին։ Նրա դագաղը տանում էին իր երեք որդիների ընկերները։

Ողջ գյուղը դեպի հավերժություն էր ուղարկում մի տառապած հայ մոր, որը գնում էր երկնքում գտնելու իր որդիներին… Խորհրդային տարիներին ասում էին` Ամերիկայից եկած զբոսաշրջիկների հետ եկել է նաեւ եղբայրներից մեկը, սակայն չի համարձակվել գյուղ գալ: Լուրն իմանալով` հարազատները եկել են Երեւան, սակայն զբոսաշրջիկներին տեսակցել չի հաջողվել, իսկ ղեկավար մարդիկ խորհուրդ են տվել վերադառնալ գյուղ: Հետագայում լուսանկարը տեսնելիս հաստատել էին, որ, իրոք, նույն մարդն էր:

Այդպես էլ հայտնի չեղավ իրոք կա՞ր, ապրո՞ւմ էր Ազիզ մեծ տատի որդիներից մեկնումեկը…

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Ճակատագրեր


15/05/2014