ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
Մայիսի 9-ին Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ համայնքի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ: Կազմակերպվեց երթ դեպի «Անհայտ զինվորի» հուշարձան և Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների խաչքար՝ ծաղկեպսակ դնելու և հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին: Երթին մասնակցում էին տեղի բնակիչները, ազատամարտիկներ, Արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքներ, դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ, Նուբարաշենում գործող կազմակերպությունների աշխատակիցներ, վարչական շրջանում տեղակայված բանակային զորամիավորման հրամանատարական կազմը, սպաներ ու զինվորներ, ԵԿՄ անդամներ: Խորհրդանշական է, որ երթն ուղեկցվում էր մեր հայրենակից Դավիթ Թուխմանովի հանրահայտ «День Победы» երգի հնչյունների ներքո՝ զորամասի փողային նվագախմբի կատարմամբ:
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումը շարունակվեց մարզամշակութային կենտրոնի հարակից տարածքում՝ կենտրոնի և երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ գեղեցիկ երգ ու պարով: Նոր սերնդի համար անչափ կարևոր նշանակություն ունեցավ օրվա հերոսների՝ ազատամարտիկների ներկայությունը, շփումը նրանց հետ, ովքեր իրենց անցած ճանապարհով երիտասարդներին մեկ անգամ ևս ապացուցում են մեծն Գարեգին Նժդեհի խոսքերի ճշմարտությունը. «Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով…»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Բանակ և հասարակություն