Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ԳՈՒՅՆԵՐՈՎ



Զրույց գեղանկարիչ Սևադա Գրիգորյանի հետ. նրա «Խորհրդավոր ընթրիք» նկարը մասնակցում է ապրիլի 25-ից մայիսի 25-ը Չինաստանում կայացող միջազգային ցուցահանդեսին։

-Ձեր «Աստվածամայրը» իսկական հայտնություն է ինձ համար… Գրեթե մանկական պարզությամբ, հստակ ու անպաճույճ, հեքիաթային գույներով ու էպիկական մոնումենտալությամբ Աստվածամայրը այնքան առինքնող էր, լուսավոր, հասկանալի…

-Իմ գեղանկարչության հիմքը հայկական մանրանկարչությունն է։ Իմ կերպարները հստակ են, շեշտադրված, լցված դետալներով ու սիմվոլներով: Դա յուրատեսակ իմաստուն պարզություն է, դա վերադարձ է դեպի սկիզբ, ակունք։ Ես ապրում եմ հեքիաթի մեջ ու պատկերներ եմ վերցնում իմ մանկությունից, ես աշխարհին նայում եմ 55-ամյա մանկան աչքերով։

-Դե, ուրեմն, եկեք սկսենք հենց մանկությունից…

-Եթե փորձեի մի քանի կտավով ամբողջացնել իմ մանկական ամենավառ տպավորությունները, կընտրեի աշխարհի ամենավառ, ամենատաք գույները։ Ես սիրո գույներով կնկարեի… Կնկարեի պապիս ու տատիս միասին ու «Հայրենիք» կդնեի այդ նկարի անունը։ Մեր տունը կնկարեի ծիածանի բոլոր գույներով։ Ես կնկարեի մեր տան դիմացի կեռասենիները, որոնք ծաղկում էին ամեն գարնանը, հետո պտղավորվում և փայլում էին առավոտյան արևի շողերի տակ։ Գիտեք՝ ես ինչու նկարիչ դարձա… Որովհետև, երբ փոքր էի, մեր գյուղ նկարիչներ եկան մայրաքաղաքից։ Ես գնացել-նստել էի նրանց մոտ և անհամբեր սպասում էի, թե երբ են վերջապես նկարելու նաև տունը: Բայց նրանք ամեն ինչ նկարեցին, բացի մեր տնից, ու հենց այդ օրը ես որոշեցի, որ պիտի նկարիչ դառնամ ու իմ ձեռքով նկարեմ պապիս տունը։

Իմ «Աստվածամայրը» ճապոնական Կոբե քաղաքում մրցույթի ժամանակ առանձնացավ աշխարհի 72 երկրների 8000 նկարիչների գործերից, ընդգրկվեց լավագույն 100-յակում և ցուցադրվեց։ Ի դեպ, իմ առաջին նկարչության ուսուցիչը եղել է Գեղամ Առաքելյանը։ Նա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն էր ավարտել և նկարչական խմբակ բացեց մեր դպրոցում։ Այդ խմբում հինգ հոգի էինք։ Հինգս էլ հետագայում նկարիչ դարձանք։

Իմ մանկությունը միշտ ինձ հետ է։ Իմ նկարներում ես ոգեկոչում եմ անցյալը, ես կռիվ եմ տալիս ժամանակի հետ, ես հարություն եմ տալիս այն հույզերին ու պատկերներին, որ ժամանակը խլել է ինձնից։ Ես հայրենիք եմ նկարում։ Ամեն ինչի մեջ հայրենիք կա։ Երբեմն մարդիկ հարց են տալիս՝ իսկ ինչպե՞ս սովորեցնենք երիտասարդ սերնդին սիրել հայրենիքը։ Ես պատասխանում եմ՝ սովորեցրեք սիրել մարդուն, ու նա հայրենիքը կսիրի առաջին հերթին։ Ավելի շուտ՝ մարդուն ոչինչ մի՛ սովորեցրեք, ինքներդ սիրեք, ինքներդ նվիրվեք, ինքներդ եղեք բարեգութ ու աննյութական, խիզախ ու ըմբոստ ու կտեսնեք, որ օդը լցվում է ջերմությամբ, քաջությամբ, բարությամբ… Ու համակում է բոլորին… Ես աչքս բացել, տեսել եմ պապ ու տատիս, որոնք առավոտից իրիկուն աշխատում էին, բարիք էին ստեղծում։ Ես երբեք պապիս ու տատիս քնած չեմ տեսել, հիվանդ չեմ տեսել։ Տեսել եմ բարի, իրենց ունեցածով գոհացող, քարից հաց քամող, իրենց հողին կպած…

Պապս ծառայել էր ցարական բանակում, կռվել էր թուրքերի դեմ, Անդրանիկին էր տեսել։ Երբ պատմում էր Անդրանիկի մասին, աչքերը փայլում էին։ Այնպես էր նկարագրում, որ մենք՝ փոքրիկ երեխեք, բերաններս բաց լսում էինք, ու Անդրանիկը մեզ հեքիաթներից իջած հսկա էր թվում։ Պապս ասում էր՝ Անդրանիկը հանգիստ քայլում էր գյուլլեքի միջով, ու նրան գյուլլա չէր դիպչում։ Գյուլլեն վախենում էր Անդրանիկից։ Իսկ երբ հարցնում էինք՝ պապի՛, դու քանի՞ թուրք ես սպանել, գլուխը օրորում էր ժպտալով՝ ա՛յ բալա, կրակել եմ, չգիտեմ՝ կպել է, թե չէ։ Սա է հայի մեր կերպարը։ Մենք թուրք չենք, որ ասենք՝ սպանել եմ, մորթել եմ ու հպարտանանք դրանով։ Ահա, սրանով պիտի դաստիարակենք բարձրացող սերնդին՝ մենք ուժեղ ենք մեր բարությամբ։

Իսկ ի՞նչ է տեսնում այսօրվա սերունդը, ի՞նչ զրույցներ է լսում մեծերից։ Արդյոք մենք նրանց հայրենիքը սեփական քրտինքով շենացնելու պատգա՞մ ենք փոխանցում։ Արդյոք երիտասարդ սերունդը տեսնո՞ւմ է հայրենիք կառուցելու մեր ջանքերը, ընկածին բարձրացնելու մղումը, մեր պաշտամունքը ազգային արժեքների հանդեպ…

Ի՞նչ ենք քարոզում հեռուստատեսությամբ և մյուս լրատվամիջոցներով, ինչպե՞ս ենք հարգում գիտության, արվեստի մարդուն։ Արդյոք բարձր արվեստը պաշտպանված է մեր երկրում։ Ես հազվադեպ եմ իմ սեփական երկրում նկար վաճառում, որովհետև ով փող ունի, բարձրարվեստ նկար գնելու հոգևոր պահանջ չունի։ Իմ նկարները վաճառվում են արտերկրում, և այդտեղից էլ գոյանում է իմ ապրուստի միջոցը։

-Այո՛, Մասիս սար, Սևանա լիճ կամ նուռ պիտի նկարես, որ նկարդ գնորդ ունենա։ Կա՛մ պիտի իջնես պահանջարկի մակարդակին, կա՛մ պիտի համակերպվես այն մտքի հետ, որ քո երկրում քո նկարները պահանջված չեն։

-Ինձ այսօր ամենից շատ հուզում է արտագաղթը։ Ես տագնապում եմ, որ հայ մարդը շատ հեշտ է լքում երկիրը։ Երկրից հեռանալը դարձել է դժվարությունները թոթափելու առաջին այլընտրանքը։ Ամեն գնացողի հետ ես ինձ մի քիչ լքված եմ զգում։ Բայցևայնպես, ես լավատես եմ։ Ես գիտեմ օրհասից դուրս գալու, մեջքը շտկելու, հայացքը բարձրացնելու և ոտքի կանգնելու իմ գենի մեջ թաքնված ուժը։ Ես համոզված եմ, որ Հայաստանի վաղվա օրը ավելի վստահ ու ամուր է լինելու։

Երբեմն լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ դուք՝ արվեստագետներդ, ակտիվ չեք, ինչո՞ւ չեք մասնակցում ցույցերին, ինչո՞ւ չեք խոսում ժողովրդի հետ, ինչո՞ւ չեք պահանջում իշխանավորներից… Եղբա՛յր, ես Թումանյանը չեմ։ Իմ լեզուն վրձինն է։ Ես քաղաքական գործիչ չեմ, հրապարակախոս չեմ։ Ամեն մարդ ինքնարտահայտվելու իր տարածքն ունի, իմը կտավն է։ Կտավի վրա փնտրեք իմ ասելիքը։ Իմ պահանջը…

…Որդիս ուսանում է Չինաստանում, գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը, մագիստրատուրան և այժմ ուսանում է ասպիրանտուրայում։ Ավարտելուց հետո նա կվերադառնա հայրենիք ու կաշխատի իր երկրի համար։ Մեր երկիրը գիտությունն ու արվեստն է առաջ տանելու։ Դրանք են մեր զենքերը, թերևս ամենազորեղը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


15/05/2014