Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԸ` ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ



Կրոնական անվտանգության ապահովումն ազգային անվտանգության հիմնարար արժեքներից է, որն ուղղված է ազգի հոգևոր անվտանգության ապահովմանը, ազգային և համամարդկային արժեքների վրա խարսխված անհատի ձևավորմանը և բնականոն զարգացման նախադրյալների ստեղծմանը, ինչպես նաև հոգևոր արժեքները ոտնահարող, աղճատող և անհատի ինքնության ու լինելիության հիմքերը խարխլող սպառնալիքների չեզոքացմանը:

Հայ ժողովուրդն ու Հայաստանյայց Եկեղեցին դարեր շարունակ մաքառել են՝ պահպանելու իրենց ուրույն հոգևոր-մշակութային ժառանգությունը, ունեն կրոնական բազմազանությունն ու հանդուրժողականությունը հարգելու հարուստ և պատմական փորձառություն:

Մեզանում նաև կարևորվել է ճշմարիտ հոգևոր արժեքների պահպանության և մարդկային կյանքում դրանց ամրապնդման համար քույր Եկեղեցիների և այլ կրոնների ներկայացուցիչների հետ միասնաբար հանդես գալու հրամայականը, հարգվել են հարևան ժողովուրդների մշակութային-հոգևոր յուրահատկություններն ու ազատությունները:

Հայոց Եկեղեցու համար թիրախ է եղել մարդկության ընդհանուր թշնամու` մեղքի դեմ պայքարը, երբ հասարակության մեջ գերիշխել է կրոնական անհանդուրժողականությունը, մշակութային-կրոնական թշնամանքը, մարդ անհատի իրավունքների ոտնահարումն ու բռնացումը, հանրային կյանքի բարօր ու աստվածահաճո ընթացքի խաթարումը:

Աղանդներից դուրս նաև գործում են որոշակի հակակրոնական կազմակերպություններ, սոցիալական խմբեր, որոնք ևս վտանգ են ներկայացնում: Այս կազմակերպություների թվին են պատկանում էմոները, գոթերը, սատանիստները, հակաքրիստոսները: Սրանց մեծ մասը վտանգ է ներկայացնում մասնավորապես զորամասերում գործելու դեպքում, որովհետև թերագնահատում է կյանքը: Նրանց գաղափարախոսության բարձրակետը ինքնասպանության հանգելն է: Պետք է արձանագրել, որ այսպիսի կազմակերպության դրսևորումները շատ ավելի վարակիչ են` միմյանց փոխանցվելու վտանգով լի: Քարոզչության առանցքն այլասերումն է և սանձարձակ կյանքը, ինչը նաև լայնորեն քարոզվում է հեռուստատեսությամբ և համացանցով:

Շատ վտանգավոր են նաև աթեիստական գաղափարը տարածող անձինք, ովքեր միշտ, որպես կանոն, աչքի են ընկնում իրենց հակաեկեղեցական հայացքներով և իրենց անվանում են աթեիստներ` անհավատներ: Իրենց գործունեությամբ դրսևորվում են ոչ իբրև կազմակերպություններ, այլ անհատներ:

Կայունությունն ու միասնությունը ցանկացած պետության ու պետականության հիմքն են, առաջընթացի գրավականը: Այս զույգ իրողությունները մեզանում ավանդաբար սնվել են քրիստոնեության ակունքից, որը, որպես պետական կրոն, ավելի քան 1700 տարի ապահովել է մեր երկրի միատարրությունը, դարձել հասարակության համար համընդհանուր ընդունելի վարքուբարքի չափանիշ:

Հեռանալով այս մաքրամաքուր ակունքից` այսօր ականատես ենք կրոնական այն խայտաբղետությանը, որ առկա է մեր երկրում և միանգամայն ցանկալի է մեր երկրի բացահայտ ու դիմակավորված թշնամիներին: Սերմանելով, իբր, դավանանքի ու խղճի ազատության բազմադեմ գաղափարներ` մեր Եկեղեցու վարդապետությանն անտեղյակ հայորդիներից մեր «բարեկամները» կռում են մեր Եկեղեցու և պետության անկեղծ թշնամիներ, որ ցանկացած պահի պատրաստ կլինեն կատարելու իրենց իսկական տերերի հրահանգները: Այս գործին լծված մարդկանց մասին է մեր Տերն ասում, որ արտում սերմանված բարի սերմի վրա որոմ ցանողները գիշերով են գործում (հմմտ. Մատթ. ԺԳ 25): Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այս ճանապարհն ընտրած մարդը, ըստ մեր Տիրոջ նախազգուշացման, կանգնում է ոչ միայն մարմնապես` որպես հայ իր գոյությունը խաթարելու, այլև իր հոգին կորցնելու, գեհենի կրակին մատնելու վտանգի առաջ (հմմտ. Մատթ. Ժ 28):

Բանակը այս զույգ ախտերից զերծ պահելու համար պետք է հետամուտ լինենք, որպեսզի առավել համախմբված, միասնական ու միակամ աշխատանք կատարենք: Բանակը հասարակության ամենակարևոր օղակներից մեկն է, որի անաղարտությունը գրավական կլինի այս նույն նախանձախնդրությամբ պայքարն ավելի լայն դաշտ տեղափոխելու:

«Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը (Ա Կորնթ. ԺԵ 33)»,- ասում է Պողոս առաքյալը: Եթե կարողանանք վատ, որոմնացան ընկերներից զերծ պահել բանակի շարքերը, ավելին` հոգևոր զենքերով զինած հայրենանվեր մարտիկներ վերադարձնենք հասարակությանը, այս տղաները կկարողանան վերափոխել նաև իրենց միջավայրը քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու եկեղեցանվեր գործունեությամբ` պտղաբերելով մեկի դիմաց` երեսուն, մեկի դիմաց` վաթսուն և մեկի դիմաց` հարյուր (հմմտ. Մարկ. Դ 20):

Ուստի անհրաժեշտ է քրիստոնեական արժեքների համոզված կրող լինել` որպես «աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14)` տիրավանդ պատգամով կարողանալու համար ազդել ու սրբել անգամ վատ ընկերների հասարակությունը:

Չպիտի մոռանանք, որ ամեն ինչ խարսխվում է բարենպաստ նախադրյալների վրա, որոնք մասամբ հնարավոր է կառավարել և ուղղորդել, ապահովել ցանկալի զարգացում: Քրիստոնեական-բարոյական արժեքների սերմանման լավագույն ճանապարհը մեր իսկ օրինակը պիտի լինի: Հաջողության ճանապարհը համբերատարությունն է, ազգային-ավանդական արժեքների, ազգային-հոգևոր մշակույթի ոլորտներում հետաքրքրասիրության քաջալերումը, քրիստոնեական արժեհամակարգի յուրացումը` կանխելով առաջացած վակուումը փողոցային բարքերով լցնելու միտումը: Այսօր էժանագին սերիալներն ու հոլովակներն են բռնել ճաշակ ձևավորող, կրթող և ժամանակի փորձությունն անցած ավանդական արժեքների տեղը; Ուրեմն չհապաղենք լրացնելու այս բացը, հակառակ դեպքում տրամագծորեն հակառակ արդյունք կունենանք:

Այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում հիշյալ արժեքների սերմանման ամենակարևոր դաշտերից մեկը մնում է բանակը: Բարոյական արժեքների կրող անհատի հոգեկերտվածքը պիտի ձևավորվի, իսկ միտքը կրթվի ազգային ու հոգևոր տարրերի համադրությամբ: Մեր բոլոր պատերազմները եղել են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», և հայի հայրենիքը երկու թև ունի` նյութական ու հոգևոր` երկիրն ու Եկեղեցին: Մեր երկիրը նախ և առաջ մեր նախնիների սրբազան ավանդն է, որի ամեն մի քիլն ու թիզը անձրևից առավել մեր նախնյաց արյունով ու քրտինքով է ոռոգվել, աստվածապարգև գանձ է, հանուն որի մեր նախնիները չեն երկմտել իրենց կյանքը տալ:

Մեզ համար երկրավոր հայրենիքն անգամ հոգևոր է, որովհետև մեր արյունռուշտ հարևանները երբեք չեն կարողացել այն մեր սրտից հանել` նույնիսկ գրավելու, մասնատելու, թալանելու ու բզկտելու, մինչև իսկ ցեղասպանելու ու հայրենազրկելու գնով:

Մեր տեսակը բարոյական ոստիկանության կարիք չի ունեցել և չունի: Քա՛վ լիցի: Հայ քրիստոնյայի շարժիչ ուժը միշտ եղել են ազատ մտածելու ու գործելու կարողությունը և պատասխանատվության գիտակցությունը: Այսօր է ժամանակը կրթելու և կերտելու մեր երկրի ապագա զինվորին ու վաղվա օրինակելի քաղաքացուն: Թույլ չտանք, որ իբր մեր բազմազբաղության պատճառաբանությամբ փողոցը զբաղվի նրանց դաստիարակությամբ: «Վատ ընկերներն ապականում են լավ բարքերը»,- դարձյալ հիշենք Պողոս առաքյալի խոսքը: Ի վերջո, պիտի գիտակցենք, որ փողոցային բարքերը ձևավորվում են վատ օրինակ տալու, մեր անտարբերության, գիտակցաբար բարձիթողի վիճակ ստեղծելու կամ էլ «մեծ մանրուքներն» անտեսելու արդյունքում:

Հայոց Եկեղեցին այսօր էլ շարունակում է ընթանալ մշտապես իր առաքելությունն իրականացնելով` ի խնդիր հասարակաց բարօրության ու մարդկային աստվածատուր կերպարի պահպանման:

Հասարակությունն այսօր Հայաստանում պիտի կարողանա, ի պետս վեհագույն նպատակների, ճիշտ գնահատել ու հասկանալ քրիստոնեական անանց արժեքների վրա կառուցված Հայոց հոգևոր հայրենիքի տարածական ու բովանդակային կարևորությունը մերօրյա կրոնական ազատության փորձառության կերտման գործում:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ
Տ. ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


15/05/2014