ԻՄ ՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ
Փոխգնդապետ Հ. Գաբրիելյանը տանկային զորամասի լավագույն գումարտակի հրամանատարն է: Ծնվել է 1977թ., Ասկերանում: Վեցերորդ դասարանից մասնակցել է պաշտպանական մարտերին: Հրադադարից հետո ձեռք է բերել տանկիստի մասնագիտություն, ավելի ուշ սովորել է սպայական դպրոցում, մենեջմենթի համալսարանում: Ծառայելով տանկային զորամասում՝ նա զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի, գումարտակի շտաբի պետի պաշտոններ: Պարգևատրվել է մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով: Նա ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ:
«Հայ զինվոր»
Բոլորին է հայտնի, որ բանակում լավագույն տանկայինը մեր զորամասն է, իսկ ստորաբաժանումների մեջ, անցած ուսումնական տարվա և ներկայումս շարունակվող ձմեռային ուսումնական փուլի արդյունքներով, առաջատարը իմ հրամանատարությամբ գործող գումարտակն է: Պարզ է՝ զգալի է գումարտակի ներդրումը զորամասի ընդհանուր ցուցանիշների մեջ: Չեմ կարող անկեղծորեն չխոստովանել, որ հաճելի է առաջինը լինելու զգացողությունը, մանավանդ, որ դրանից ինչպես դու, այնպես էլ ամբողջ անձնակազմն է ոգևորվում ու ձգտում զարգացնելու հաջողությունը: Շատ համառոտ նշեմ, թե անցած տարում ուսումնական ծրագրով նախատեսված ինչ միջոցառումներ ենք իրականացրել և ինչ գնահատականների ենք արժանացել: Զորամասը, նաև իմ գումարտակը, ենթարկվել է հանկարծակի ստուգման, որի ժամանակ գումարտակի մասին որևէ բացասական նշում չի կատարվել, ավելին՝ իրենց գոհունակությունն են հայտնել՝ գումարտակի աշխատանքը գնահատելով «լավ»: Կապիտան Սոս Պետրոսյանի վաշտն անցկացրել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն և հրամանատարության կողմից ստացել է «լավ» գնահատական: Հոկտեմբեր ամսին մոտոհրաձգային մեկ գումարտակի հետ (հրամանատար՝ մայոր Արթուր Օհանյան) անցկացրինք ցուցադրական զորավարժություն, որից հետո նախագահն անձամբ ասաց, որ գոհ է գումարտակի մարտունակության աստիճանից, իմ և մյուս սպաների ծառայությունից: Կարգապահության մասին խոսելը ավելորդ է, որովհետև մեր զորամասում այն շատ ամուր հիմքերի վրա է: Գումարտակը համալրող զինվորները հասկանում են, որ պետք է ամբողջովին նվիրվեն ծառայությանը, որպեսզի կարողանան պահպանել մարտունակության բարձր աստիճանը: Մենք էլ ոչ միայն ամենօրյա ուսումնական ժամանակն ենք օգտագործում նպատակային, այլ նաև ինքնապատրաստության համար նախատեսված ժամանակն ենք արդյունավետ տնօրինում՝ մեխանիկ-վարորդներին տալիս ենք լրացուցիչ մեքենավարման, նշանառու օպերատորներին՝ կրակելու հնարավորություն: Առանց սպաների համախմբված աշխատանքի հնարավոր չէ ուսումնական ծրագիրն իրականացնել լիարժեք և հասնել ցանկալի արդյունքի: Այդ տեսակետից իմ բախտը կարծես թե բերել է:
Տեղակալս՝ մայոր Նվեր Ծատրյանը, շատ փորձառու է, և նրա բանիմացության շնորհիվ տեխնիկայի սպասարկումը կատարվում է հավուր պատշաճի, մայոր Արտիկ Պետրոսյանը, նույնպես իմ տեղակալն է, պատերազմի մասնակից է, անձնակազմին ասելու-տալու կարևոր բաներ միշտ ունենում է ու լավ կազմակերպիչ է: Գոհ եմ վաշտերի հրամանատարներ, կապիտաններ Սոս Պետրոսյանից և Ռաֆայել Դանիելյանից: Անցած տարի իրենց ստորաբաժանումների հետ շատ լավ են աշխատել դասակների հրամանատարներ, ավագ լեյտենանտներ Կարեն Հովհաննիսյանը և Վիգեն Շահնազարյանը, որոնց մենք առաջ քաշեցինք և նշանակեցինք վաշտերի հրամանատարներ: Երիտասարդ սպաները ձգտում են, մենք էլ օգնում ենք նրանց, ընդհանրապես, անձնակազմը համախմբված է և ոչինչ չի կարող խանգարել նրանց ուսումնական ծրագրերի իրականացման ճանապարհին: Եվ եթե ինչ-ինչ պատճառով որևէ պարապմունք տեղի չի ունենում, դա համարվում է արտակարգ պատահար, և միջոցներ են ձեռնարկվում բացթողումը լրացնելու համար: Ընդհանրապես՝ 2013թ. հաջողության, վերելքի տարի էր, գումարտակում որևէ մեկը նույնիսկ վնասվածք չստացավ: Իմ զինվորները հրաշալի անձնավորություններ են` գիտակից, խելացի, խիզախ: Մենք պատրաստ ենք միասին կռվելու, պաշտպանելու հայրենիքը: Օրինակ՝ տանկի հրամանատար, սերժանտ Դավիթ Խաչատրյանը, նշանառու եֆրեյտոր Սամվել Իգիթյանը և մեխանիկ-վարորդ, շարքային Ռոբերտ Սարգսյանը բոլոր վարժանքների, պարապմունքների, զորավարժությունների ժամանակ հարյուր տոկոսանոց արդյունքներ են ցույց տալիս: Նրանք միակը չեն: Միշտ նույն հաջողությունն են արձանագրում նաև սերժանտ Ֆելիքս Թումանյան, շարքայիններ՝ Արտակ Մկրտչյան, Արեն Ղազարյան, ինչպես նաև կրտսեր սերժանտ Ռազմիկ Թովմասյան, շարքայիններ՝ Գևորգ Պետրոսյան, Արման Աթոյան անձնակազմերը: Նրանց կողքին կարող եմ ավելացնել շատ ու շատ անուններ:
Ես փոքրուց տանկի հետ եմ կապված, ու արդեն տասը տարի է, ինչ գումարտակի հրամանատար եմ, գոհ եմ սպայի իմ կարգավիճակից, որովհետև ես զորամասի մարդ եմ, ուրիշ կերպ ինձ չեմ պատկերացնում. ես եմ ու իմ զորքը: Գումարտակն առաջնորդվում է «Հրամանատարը զինվորի համար ավագ եղբայր է» կարգախոսով: Բայց ավագ եղբայրը պետք է լինի ազնիվ, իրավացի, պահանջկոտ, վերին աստիճանի հոգատար և դողա կրտսեր եղբայրների կյանքի համար: Ես ինձ լավ եմ զգում, երբ իմ երիտասարդ սպային առաջ են քաշում և մյուս գումարտակներում նշանակում ավելի բարձր պաշտոնների: Ես վստահ եմ իմ սպաների և զինվորների վրա և առանց սեթևեթանքի կարող եմ ասել, որ անձնակազմն ինձ սիրում է, ինչն էլ իմ աշխատանքի ամենամեծ գնահատականն է:
Փոխգնդապետ Հ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ