ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ
Մեծն Մարտիրոս Սարյանը իմաստնորեն ասել է. «Մարդը բնություն է, բնությունը` մարդ»: Համո Սահյանի պոեզիան դրա վառ արտահայտությունն է: Բանաստեղծը երկար ճանապարհ է անցել` իրեն բնության մի մասնիկն զգալու և նրա հետ ու նրա միջոցով հավերժելու համար: Ինչպես ինքը` Սահյանն է խոստովանել` սկզբում նա բնությունը տեսել-զգացել է իր միջոցով, ապա հասուն տարիներին ձգտել է իրեն հասկանալ բնության միջոցով: Սա մի ամբողջ թռիչք է նրա բանաստեղծական մտածելակերպի մեջ:
Համո Սահյանի պոեզիայում քարերը հայի սիրտ ու հոգի ունեն: Նույնիսկ իր պաշտելի և իմաստուն Խաչի պապի ու ծանրանիստ, մամռակալած ժայռի միջև նմանություն է տեսնում բանաստեղծը: Համարձակվում եմ պնդել, որ, բացի թախիծով շաղախված լույս ճառագող Ակսել Բակունցից, մեր գրականության մեջ, մասնավորապես պոեզիայում ոչ ոք այնպես չի հասկացել հայոց քար ու քարափների, ասել է թե` մայր բնության լեզուն, ինչպես Համո Սահյանը:
Տարիներ առաջ, ինչպես իմ խնդրանքով կայացած մեր մի հարցազրույցում ասել է վաստակաշատ սահյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանը` եթե չլիներ Համո Սահյանը` այդ վիթխարի կաղնին, մեր գրականությունը շատ բան կկորցներ (և թվարկել է, թե ինչեր չէինք ունենա):
Փառք տանք Աստծուն, որ հայ գրականության երկնակամարում Համո Սահյան ունենք: Մեզնից յուրաքանչյուրն իր Սահյանն ունի: Ամեն մեկը, ով քիչ թե շատ պոեզիա է սիրում ու հասկանում, պոետին յուրովի է բացահայտում: Ես էլ իմ Սահյանն ունեմ` մեր պոեզիայում մեծագույն բնանկարիչ Համո Սահյանը: Հղկված ադամանդ է, և որ կողմից էլ նայում ես` փայլում-շողշողում է: Նրա պոեզիայում ստվերներ չկան, ամբողջովին լույս է: Բնությունն է նրա ամենահարազատ տարերքը, և հատկապես այստեղ է նա հզոր և անմրցակից: Չեմ կարող չասել, որ, այնուամենայնիվ, նրա բանաստեղծական տան համար ամենաշատ օգտագործված շինանյութը արևից խանձված, անձրևից ու հողմերից ծեծված-թրծված քարերն ու քարափներն են, որոնք հղկել, գոհարների փայլ է տվել Համո Սահյանը և կառուցել բանաստեղծական իր սրբազան տաճարը, որի անունն է Հայաստան:
Պոետի իմաստուն խոսքը միաժամանակ պարզ է ու հասարակ: Ինչպես բնությունը իր լուսաբացներով, ծիածաններով, իրար պոզահարող ամպերով, մայրամուտից առաջ շիկնած ու հևացող քարափներով, անդունդի վրա կախված ու ժայռի ծիծ կերած մասրենու թփով: Այդուհանդերձ, Սահյանի խոսքը խոր ու անհատակ է, ինչպես մարդկային հոգին իր հազար ու մի գաղտնարաններով:
Սահյանական պոեզիայում Հայաստանի քարերը ոչ թե ծանր ճակատագիր են, ոչ թե անեծք, այլ օրհնանք են, քարե աղոթք են, անսասան հիմք են ու արծվաթռիչք, քարե սիմֆոնիա, թև-թիկունք, տուն-ամրոց են, մեր… փրկությունը: Եթե, իհարկե, կարողանանք մեզ շրջապատող քար ու քարափներին, մեր բնությանը նայել Համո Սահյանի սրտի աչքերով: Եթե կարողանանք:
Եվ ամենագլխավորը. Սահյանի բանաստեղծությունները լավատեսություն են ճառագում: Նրանց հեղինակը մարգարեաբար համոզված է, որ Հայաստանի գարունները, նրա բոլոր դարերը հայերեն են գալու: Հայ ժողովուրդը երբեք բացակա չի դնի իր բանաստեղծ որդուն: Այնպես որ՝ Համո Սահյանի ծննդյան առաջին 100-ամյակը նրա անմահության նախերգանքն է:
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Հոգևոր-մշակութային