ԲԱՂՐԱՄՅԱՆԸ ԵՎ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Հովհաննես Բաղրամյանը 1915թ. մայիսին ավարտելով Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանը, տեխնիկ-պրակտիկանտի պաշտոնով նշանակում է ստացել Ելիզավետպոլի երկաթգծի 9-րդ տեղամասում, բայց ժամանակի իրադարձությունները շեշտակի փոխել են նրա ճակատագիրը։
Առաջին աշխարհամարտի եռուն շրջանն էր։ Թուրքերը, օգտվելով պատերազմի թոհուբոհից, փորձեցին Արեւմտահայաստանի բնակչությանը կոտորելով՝ վերջնականապես լուծել «հայկական հարցը»։ Եղեռնից մազապուրծ հայերը ապաստան գտան Արեւելյան Հայաստանում։ Թուրքերի դեմ կռվելու համար ստեղծվում էին հայկական կամավորական խմբեր։ Բաղրամյանն անմասն չմնաց ատելի թշնամու դեմ հարազատ ժողովրդի պայքարից։ Թեեւ, որպես երկաթուղային, նա ազատված էր զինծառայությունից, այդուհանդերձ, կարողացավ հաղթահարել ծնողների դիմադրությունը եւ հոկտեմբերի 9-ին մեկնեց ճակատ։ Բաղրամյանը մարտական մկրտություն ստացավ ռուսական արշավազորի կազմում, որը Իրանի տարածքում կասեցնում էր թուրքերի առաջխաղացումը Բաքվի ուղղությամբ։ Աչքի ընկնելու համար նրան ուղարկեցին պրապորշչիկների դասընթացների։
Ռուսական բանակի սպա Բաղրամյանը 1918թ. գարնանը հայկական նորաստեղծ բանակի կազմում մասնակցեց Էրզրումի, Կարսի շրջանի մարտերին, Սարդարապատի բախտորոշ ճակատամարտին (1-ին հեծելագնդի կազմում)։
«Ես եւ իմ հասակակիցներն ու ծառայակիցները, որ հեռու էինք քաղաքականությունից, առհասարակ շատ քիչ բան գիտեինք Անդրկովկասում ստեղծված իրավիճակի մասին, բայց լի էինք վճռականությամբ՝ թեկուզ կյանքի գնով փրկելու հայրենիքը դաժան զավթիչներից, ովքեր արդեն մի քանի հարյուրամյակ մեր ժողովրդին պատճառել էին անլուր տառապանքներ, իսկ հիմա սպառնում էին նրա բուն գոյությանը»,-գրել է Բաղրամյանը։
Հայ ժողովրդի համար այդ բախտորոշ իրադարձությունների մասին խորհրդային ժամանակներում առաջին օբյեկտիվ գնահատականը տվողներից մեկը դրանց անմիջական մասնակից եւ ականատես մարշալ Բաղրամյանն էր։ Հետադարձ հայացք ձգելով, նա ըստ արժանվույն է գնահատում Երեւանի զորախմբի հրամանատար Մովսես Սիլիկյանին, Սարդարապատի ջոկատի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանին, 5-րդ հրաձգային գնդի հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանին եւ ուրիշների։
Երբ մայիսի 21-ին թուրքական 36-րդ դիվիզիան զավթեց Սարդարապատ գյուղն ու երկաթուղային կայարանը, գեներալ Սիլիկյանը, Բաղրամյանի բնորոշմամբ, կայացրեց տաղանդավոր որոշում. Սարդարապատի ջոկատը ժամանակին ծավալեց եւ հակագրոհի ուղարկեց երկաթուղու երկայնքով հարձակվող թուրքերի դեմ, իսկ Ալագյազի ջոկատը, որպես պահեստ, թողեց Արշալույս գյուղում։ Բաշ-Ապարանի կողմից հակառակորդի 9-րդ դիվիզիայի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով Սիլիկյանն ստեղծեց մի ջոկատ, որի հրամանատար նշանակվեց Դրաստամատ Կանայանը (Դրո), Արաքսի կողմից հակառակորդի 5-րդ եւ 12-րդ դիվիզիաներին հակազդելու պատասխանատուն Զեյթունի հեծյալ գունդն էր։ Պայթեցվեցին Մարգարայի եւ Կարակալայի կամուրջները։ Շարուրի կողմից վտանգազերծման պատասխանատուն Բաղդասարովի բրիգադն էր։
Ապահովելով զորախմբի թեւերն ու թիկունքը՝ Սիլիկյանը Սարդարապատի ջոկատին հարձակվելու հրաման տվեց։ Մայիսի 22-ին ազատագրվեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը, սակայն մինչեւ մայիսի 26-ը մերոնց չհաջողվեց գրավել Արաքս կայարանից հյուսիս-արեւելք ընկած բարձունքները, որոնք տիրապետող դիրք ունեին շրջապատի նկատմամբ։
«Մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ, թե գլխավոր հարվածի ուղղությամբ ինչ աննպաստ պայմաններում էր կռվում ղարաբաղցիներից կազմավորված 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ Պողոս Բեկ-Փիրումյան)։ Ես մեծ հարգանքով համակվեցի նրանց հանդեպ՝ մարտում դրսեւորած խիզախության ու անձնազոհության համար»,-գրել է Բաղրամյանը։
Սիլիկյանը որոշեց հակառակորդի թեւին ու թիկունքին հարվածել Խզնաուզի (Արագածի) ջոկատի (հրամանատար՝ Հասանփաշյան) ուժերով, ինչը եւ իրականացվեց մայիսի 27-ին։ Թուրքերի պարտությունը կատարյալ էր։ Մերոնք սկսեցին հետապնդել թշնամուն Սարդարապատի ջոկատի ուժերի մի մասով։ Սիլիկյանը շրջահայացաբար 5-րդ հրաձգային գունդը պահեց ռեզերվում. «Նա լավ էր հասկանում, որ ռեզերվ պետք է, քանզի չգիտեր, թե ինչ ելք կունենային մարտերը Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի շրջաններում, ուստի չպիտի թուլացվեր Երեւանի ուղղությունը»,-զորավարին քննադատներից պաշտպանում է Բաղրամյանը։
Ըստ մարշալի` Սարդարապատի հաղթանակը ոգեշնչեց Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի մատույցներում կռվող մեր զորքերին, եւ վերջին հաշվով՝ նպաստեց հայոց պետականության վերականգնմանը։
Կ. ՊԱՊԻՆՅԱՆ
Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Պատմության էջերից