Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«1918…». ՄԱՏՅԱՆ ՀԱՅՐԵՆԱՇՈՒՆՉ ԽՈՍՔԻ



ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ

(1874-1945)-Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար, վարչապետ.

«Հայ ժողովրդի որոնումների եւ տանջանքների երկար պատմությունը պարզ ցույց է տվել, որ ամենամեծ գործոնը, որը կարող է ապահովել նրա արժանավոր ապագան, դա իր՝ հայ ժողովրդի կենսունակության ուժն է։ Նա ինքը պետք է կռի եւ կոփի իր բախտը… Օտարի օգնությունը կարող է միայն լրացնել մեր ջանքերը»։

Կ.Պոլիս, 31 հոկտեմբեր 1918

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

(1866-1948)-Հայոց ազգային խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ, գրող, հրապարակախոս.

«Հայ ցեղը… այսօր իր փրկության նախօրյակի առջեւ է կանգնած… հավատում եմ խորապես, որ մեր ժողովրդի փրկության ժամն է հնչել, բայց եւ դրա համար մեր ցեղային կուռ իմաստության բարձրագույն աստիճանը պիտի կիրարկենք դարերի գործը կերպելու համար։ Մեր ընդհանուր լոզունգը պիտի լինի այսօր հայ նվիրական հողի եւ թե մանավանդ Հայ ցեղի ի մի համախմբումը»։
Կ.Պոլիս, 20 հոկտեմբեր 1918

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

(1867-1952)-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ, մանկավարժ.

«…Բաժին է մնացել մեր հայրենիքից մի կտոր միայն, որի պահպանությունից եւ ապահովությունից է կախված մեր լինել-չլինելու խնդիրը։ Այս պայմանների մեջ մեզ ամենից ավելի խաղաղություն է հարկավոր, որպեսզի նա վերաշինվի, դառնա բարգավաճ եւ ծաղկյալ երկիր՝ ընդունակ մի միլիոն եւ հետզհետե աճող հայ ժողովրդի նյութական եւ մշակութային կյանքը ապահովելու եւ ընդարձակելու։

… Մեր կորուստներն ու ներկա այս վիճակը մեզ պիտի թելադրեն ավելի մեծ զգուշավորություն, ուժերի ավելի մեծ եւ խելացի գործադրություն, ընթացք՝ մեր ազգության ջլատված եւ ճղակոտոր ծառը նորից կենդանացնելու, վերքերը բուժելու եւ ոտքի կանգնելու իբրեւ ազգային մի ամբողջություն։

Ապրում է այն ազգը, որը հույս ունի եւ հավատ դեպի իր ապագան»։

Փարիզ, 15 ապրիլ 1935

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

(1875-1957)-բանաստեղծ, արձակագիր.

«Իմ հայ ժողովուրդ։ Անխախտելի եւ անմահ հավատով սպասում ես հարության հրաշափառ կոչին, երբ որդիներդ վեր պիտի նետեն գերեզմանների քարերը, պիտի խորտակեն բանտ ու շղթա, պիտի սուրան քեզ մոտ, եւ պիտի գոցվեն վերքերիդ խոցերը, եւ վերստին պիտի ծաղկեն քո արտն ու այգին, հնձաններդ պիտի փրփրեն ծփանքով, եւ ոստաններդ պիտի բողբոջեն, եւ միայն պիտի ներբողենք փրկության եւ առողջության մեծ օրը»։

Վենետիկ, 2 հունվար 1923

ԲԱԲԿԵՆ ԿՅՈՒԼԵՍԵՐՅԱՆ

(1863-1936)-Աթոռակից կաթողիկոս, Մեծի Տանն Կիլիկիո, բանասեր.

«Անպատմելի են մեր ազգային վնասների եւ կորուստների քանակն ու որակը։ Մեր ժողովուրդը պետք չէ, որ մոռանա զանոնք։

Բայց այսօր վերաշինության գործ մը կա հայ ժողովրդի առջեւ։ Վերաշինություն՝ բնաշխարհի սահմանների մեջ, եւ վերաշինություն՝ հայ գաղութների մեջ։ Իսկ վերաշինությունը գործ մըն է ոչ միայն կառավարության համար, այլեւ հայ ժողովրդի գործն է մանավանդ։

Յուրաքանչյուր հայի պարտքն է գործավորն ըլլալ վերաշինության։ Ասոր համար ամփոփելու ենք մեր ուժերը, կենտրոնացնելու ենք մեր աշխատությունները միեւնույն գործի շուրջ, միեւնույն նպատակի համար։

Ալ վերջ պետք է գտնեն մեր ներքին կյանքի մեջ ավերներ գործող ինքնահավան մեկուսացումներ, անձնական գծուծ շահեր եւ նկատումներ, ինչպես նաեւ կուսակցական մարտնչումներ։

Փարիզ, 20 հոկտեմբեր, 1924

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

(1872-1954)-բանասեր, հրապարակագիր.

«…Վերականգնված փոքրիկ Հայաստանը ինքնին պիտի մեծանա, զորանա եւ նորեն դառնա Արեւելքին մեջ քաղաքակրթության վառարան մը»։

Փարիզ, 29 փետրվար 1924

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Պատմության էջերից


22/05/2014