Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱԿԵՐՏՄԱՆ ԴԱՍ



Զրույց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Արիստակեսյան, ես ուզում եմ, որպես սկիզբ, մեկնեք Պարույր Սեւակի հայտնի խոսքը. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից…»:

-Սարդարապատի ճակատամարտում մենք առաջին անգամ հաղթեցինք թուրքին: Այդ հաղթանակը փառահեղ էր եւ բառացիորեն ճակատագրական հայ ժողովրդի համար: Սարդարապատում մենք բոլորովին մենակ մնացինք մեր պատմական թշնամու հետ, առանց որեւէ հենարանի, որեւէ ակնկալիքի օտարներից ու ստիպված էինք «յուրացնել» հաղթելու դասը, այլապես վերջնական եւ անդառնալիորեն կկորցնեինք երկիրը:

-Յուրացրի՞նք որ… Յուրացրինք ազգակերտման դասը, սեփական տունը կառուցելու ու շեն պահելու պատգամը:

-Հայտնի խոսք կա՝ ազգերը չեն մեռնի, եթե չորոշեն գնալ ինքնասպանության: Ես կարծում եմ, որ կարելի է սպանել ազգին, բայց դա շատ դժվար կլինի, եթե ազգը չի ուզում մեռնել… Բայց ինքնասպանության գնացող ազգին ոչինչ ու ոչ ոք չի կարող փրկել:

-Ազգային ինքնասպանության ամենադյուրին ճանապարհը ազգային ինքնությունը կորցնելն է…

-Ազգային ինքնությունը կորցնելը ազգային գաղափարաբանության բացակայության ուղղակի հետեւանք է: ՄԵնք վատ գիտենք ազգակերտման դասը: Մենք չունենք ազգակերտման, ազգապահպանման ծրագիր, հայեցակարգ ու ռազմավարություն: Մենք չգիտենք մեր տեսակը, մեր թույլ եւ ուժեղ կողմերը, մենք չգիտենք, ինչպիսին պիտի լինենք, որ ունենանք ուժեղ, կենսունակ պետություն: Մեր համազգային գերնպատակը ուժեղ պետություն ունենալն է, մենք չգիտենք՝ ինչի համար ենք ապրում, ինչ սպասելիքներ ունենք ապագայից…

-Ես լսել եմ կարծիք (հեղինակավոր մարդկանց շուրթերից), որ մեր ժողովուրդը չունի ազգային գաղափարաբանություն ձեւավորելու խնդիր, որովհետեւ հայ մարդը այդ գաղափարախոսությունն իր արյան մեջ է ծնվում:

-Ավելի անհեթեթ միտք դժվար է պատկերացնել: Ազգային գաղափարաբանությունը հուշում-սահմանում է ազգի ապրելու նպատակն ու ձեւը, ազգային գաղափարաբանությունն ազգի լինելիության հայեցակարգն է, որից պիտի բխի ծրագրավորված ապրելու հրամայականը: Մենք մեծ մասամբ օրախնդիր հարցեր ենք լուծում այսօր, քսանհինգ տարեկան պետության համար ժամանակն է մեծացնելու ռազմավարական գործունեության ծավալները, ապագային միտված ծրագրերը…

-Քանի դեռ մենք ավելի հաճախ օրախնդիր հարցեր ենք լուծում, օրախնդիր հարցերը շատանալու են…

-«Ծանիր զքեզ» (ճանաչիր ինքդ քեզ), սովորեցնում է պատմությունը: Մենք մի ամբողջ կյանք ապրել ենք սեփական կորուստների եւ ձախողումների մեղքը ուրիշների վրա բարդելով, երբեք չենք փորձել հասկանալ, թե որտեղ է մե՞ր սխալը, մե՞նք ինչում ենք թերացել… Ուստի չենք փորձել շտկել ինքներս մեզ: Մինչդեռ մեր հանճարեղությունը փառաբանելու, մեր մշակույթը ներբողելու փոխարեն (կամ զուգահեռաբար) պիտի փորձեինք (պիտի փորձենք) հասկանալ, թե մեր կողմից իրենց մտքի տկարության համար արհամարհված թուրքերն ինչպես են այդպիսի հզոր երկիր ստեղծել մեր քթի տակ, մեր եւ այլոց պատմական հողերի վրա… Ինչպես են կարողացել այդպես հաջող կերտել իրենց ազգը…

-Հաջո՞ղ…

-Արդարությունը հարաբերական կատեգորիա է քաղաքականության մեջ: Թուրքը գիտի իր ապրելու բանաձեւը: Արդար է այդ բանաձեւը, թե ոչ, ոչ ոք չի դատում:

-Ուժեղներին ընդհանրապես չեն դատում…

-Մեզ հարկավոր է գտնել հայի ապրելու բանաձեւը, որը կանվանենք ազգային գաղափարաբանություն, որը կդառնա մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվի կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում, սկսած մանկամսուրից, որը կհուշի մեր ռազմավարական-մարտավարական ծրագրերի տրամաբանությունը:

-Պարոն Արիստակեսյան, նայեք՝ ինչ կատարվեց խորհրդային տարիներին: Կար գաղափարախոսություն, այդ գաղափարախոսությունը կրթադաստիարակչական ծրագրերի հենքն էր ու պայմանավորում էր ե՛ւ ոլորտային, ե՛ւ մարտավարական ծրագրերի տրամաբանությունը, բայց խորհրդային մարդը այդ գաղափարախոսության կրողը չէր, եւ Խորհրդային Միության նման հզոր երկիրը փլուզվեց:

-Այդ պատճառով էլ ես օգտագործեցի ազգակերտում բառը: Եթե ուզում ես պետություն ունենալ, պիտի քաղաքացի կերտես: Օդում պտտվող գաղափարները ոչինչ են, դրանք պետք է իրացվեն, դառնան գործելու ծրագիր:

-Ազգային տուրքի գաղափարը ծնեց «Հայաստան» հիմնադրամը: Բայց, ի տարբերություն հրեաների, հայ մարդը չդարձավ այդ գաղափարի կրողը: Խոսքը բարերարների կամ մեծ փողերի մասին չէ: Ազգային տուրքի գաղափարն այլ բովանդակություն ունի. ամեն հայ մարդ պիտի իր բաժինը բերեր ազգին, համազգային խնդիրների լուծմանը… Բայց գաղափարը չաշխատեց:

-Որովհետեւ գաղափարները մեկ օրում չեն արմատավորվում, որովհետեւ ազգային տուրքի գաղափարը չի կարող աշխատել, եթե այն ազգային գաղափարաբանության հենքի վրա կամ ենթատեքստում չի ծագել… Շահան Նաթալին ասում էր՝ մենք չգիտենք ԱՊՐԵԼՈՒ գիտությունը, իսկ Վարդգես Պետրոսյանը բանաձեւում էր՝ պետություն ունենալը պատիժ է: Մենք պիտի սովորենք ապրելու գիտությունը եւ վերջապես ստանձնենք պետություն ունենալու պարտավորությունը (պատիժը): Գիտեք, մենք շատ ենք սիրում անկախ պետության գաղափարը: Բայց երբ այն դառնում է իրականություն, մեղմ ասած, թերանում ենք…

-Ինչո՞վ կապացուցեք Ձեր ասածը:

-Տասնյակ փաստարկներով: Մեր փոքրիկ երկրում կուսակցությունների առատությամբ եւ շատ հաճախ դրանց անպտուղ ու անգաղափար գզվռտոցով: Տեսեք, մենք ինչ ցավով եւ ցասումով ենք խոսում այն մասին, որ Եղեռնի տարիներին թուրքերը հայրենազրկել են մեզ ու մահվան սպառնալիքով ստիպել են հայերին թողնել սեփական տունը եւ բախտ որոնել օտար երկրներում: Բայց այսօր «որտեղ հաց, այնտեղ կաց» հոգեբանությունը ինչ հեշտորեն է հային պոկում իր արմատից, իր երկրից, իր տնից ու նետում օտար ափեր: Մարդը պիտի մնա իր տանը եւ կառուցի իր տունը անկախ բոլոր դժվարություններից, ոչ թե գնա-ապրի մեկ ուրիշի տանը, որովհետեւ վերջինս լավ է կառուցել իր տունը:

Պատերազմի դաշտում կյանքով թշնամու ճանապարհը փակող, զենք բռնող տղամարդիկ են պետք: Սարդարապատի հաղթանակը այդքան կարեւոր դաս է մեզ համար, որովհետեւ մեզ սովորեցնում է հույսը միայն սեփական ուժի վրա դրած գնահատել հայրենիքը պաշտպանելու ինքնազոհողությունն ու հերոսությունը: Տունն ու հայրենիքը չպետք է լինեն գաղափար, այլ քո հոգեւոր եւ ֆիզիկական գոյության միակ պայմանը, միայն այդ դեպքում դու ամեն գնով կպայքարես, որ տունդ կանգուն պահես ու հայրենիքդ՝ շեն… եթե այլընտրանք չունենաս: Սեւակն ասում էր՝ մենք պարտավոր ենք շահել շախմատային այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը:

-Նաեւ՝ մենք պարտավոր ենք այնպես խաղալ, որ գալիք սերունդներին խաղը հաղթանակով ավարտելու հնարավորությունից չզրկենք…

-Մենք նույնիսկ ազատագրական պայքարի հերոսներից ոմանց գերեզմանների տեղը չգիտենք, մենք աշխարհին արժանապատիվ ներկայանալու խնդիր ունենք այսօր: Ինչ-որ մեկը մեզ դրախտային կյանք չի նվիրելու ու պարտավոր էլ չի: Քանի դեռ բոլորս ուզում ենք նախարար դառնալ, քանի դեռ չենք հասկացել, որ մեզ տրված պաշտոնը ժողովրդին ծառայելու դժվարին պարտավորություն է, քանի դեռ մենք չենք ստանձնում իշխանավորի աթոռը՝ որպես դժվարին ծառայություն, այլ ոչ թե վայելք, ուժեղ երկիր չենք կառուցելու:

-Ի՞նչ կասեք Ձեր աթոռի մասին:

-Իմ աշխատանքն ստանձնել եմ մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ: Անելիքները շատ-շատ են: Ազատագրական պայքարի պատմության եւ ազգագրության թանգարանը երեք հիմնական գործառույթ ունի՝ գիտահետազոտական, մշակութային ժառանգության պահպանության եւ գիտալուսավորչական: Եթե հիշենք, որ մինչ օրս չունենք ազգային թանգարանային հավաքածուի մասին օրենք, թանգարանային ռազմավարություն, ավելի պարզ կհասկանանք, թե ինչ ահռելի ջանքեր են պետք զարգացնելու թանգարանային գործը եւ իրականացնելու արդյունավետ աշխատանք:

-Օրենքները այդքա՞ն կարեւոր են մշակութային զարգացումներն արդյունավետ դարձնելու համար: Ըստ իս, դրանք ավելի ազատ գործընթացներ են:

-Այո՛, բայց դա չի նշանակում, որ չպետք է կարգավորվեն օրենքներով: Ազատությունը դրսեւորվում է բոլորի համար ազատ մրցակցային պայմաններ ապահովելով, ոչ թե օրենքների բացակայությամբ: Պետական մշակութային քաղաքականությունը հենց օրենքների առկայությամբ է իրականանում: Օրենք ասելով՝ ես նկատի չունեմ շքանշանների, մեդալների եւ կոչումների նվիրատվությունը:

Այսօր մենք հաշվառում ենք հավաքածուները, շուտով կադրային փոփոխություններ կիրականացնենք եւ աշխատանքի կընդունենք բարձրագույն մասնագիտական կրթությամբ ֆոնդապահների, կկազմավորվի գիտխորհուրդը, եւ կսկսենք իրականացնել գիտահետազոտական եւ այլ բնույթի նպատակային ծրագրեր:

– Իսկ ի՞նչ է արվում գիտալուսավորչական աշխատանքների ուղղությամբ:

-Մենք պիտի ավելի սերտ ու համագործակցված աշխատենք դպրոցների եւ բուհերի հետ, զարկ տանք հրատարակչական աշխատանքներին: Վերջերս տպագրվեց Հակով Ջելալյանի կատալոգը, թանգարանի ուղեցույցը, «Սարդարապատ» համալիրին վերաբերող գրքույկ-ուղեցույց, օրերս լույս կտեսնի «1918թ. Մայիսյան հերոսամարտերը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն:

Փնտրում-գտնում ենք Սարդարապատի հերոսամարտի եւ Մայիսյան պայքարի հերոսների գերեզմանները, բարեկարգում, փողոցներ ենք անվանակոչում նրանց անունով:

-Պարոն Արիստակեսյան, ինչո՞ւ ենք մենք Հայաստան եկած բարձրաստիճան պաշտոնյաներին ու հյուրերին ցույց տալիս մեր պարտությունը մարմնավորող կոթողը՝ Ծիծեռնակաբերդը, բայց մոռանում ենք մեր հաղթանակի խորհրդանիշ «Սարդարապատը»: Ի դեպ, տարվա ընթացքում որքա՞ն այցելու է ունենում «Սարդարապատը»:

-25 հազար: Սա փոքր թիվ չէ: Մենք արդեն թանգարանների միջազգային խորհրդի (Ikom) անդամ ենք եւ արդյունավետ համագործակցում ենք գիտաշխատողների մասնագիտական ունակությունները բարձրացնելու եւ փորձի փոխանակման ուղղությամբ: Մենք պարտավոր ենք համընթաց քայլել ժամանակի հետ եւ հավակնել միջազգային չափանիշներին:

-Պարոն Արիստակեսյան, շնորհավորենք մեր ժողովրդին Մայիսյան հերոսամարտերի 96-ամյակի կապակցությամբ, մաղթենք, որ մենք՝ յուրաքանչյուր հայ, է՛լ ավելի խորությամբ յուրացնի Մայիսյան դասերը, եւ մեր հաղթանակների տարեգրությունը երբեք չընդհատվի:

-Մեր հաղթանակների տարեգրությունը չի ընդհատվի, եթե մենք լիովին ճանաչենք մեր անշփոթելի ինքնությունը եւ ստանձնենք մեր առաքելությունն այս արեւի տակ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


22/05/2014