Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ոչ մի գաղտնիք չկա: Հայի ֆենոմենը, ազգի կենսունակության բանաձեւը վերծանելու համար պիտի առաջին հերթին պեղել-հասկանալ, տեսնել-ընկալել հայկականություն կոչվող երեւույթը՝ իր բազմաշերտ դրսեւորումներով եւ ամենակարեւորը՝ ինքնապահպանման արարչատուր առաքելությամբ։

600 տարի հայոց տասնյակ սերունդներ որոնեցին ու հավատացին, տոկացին ու պայքարեցին, ոչ մի վայրկյան չհաշտվեցին պետականությունը անվերադարձ կորցնելու մտքի հետ, սեփական երկրում ստրուկի, կենվորի նման ապրելու վիճակին չհարմարվեցին։ Յուրաքանչյուր հայ ընտանիք ինքն իր համար պետություն դարձավ, ազգային ավանդույթներին պետական սահմանադրության ուժ տվեց, սեփական զավակի դաստիարակությամբ արժեւորեց ազգային տեսակը, ազգային առաքինությունները արմատավորելու հրամայականով՝ ազգային գաղափարախոս դարձավ ինքն իր փոքրիկ պետության՝ իր ընտանիքի համար։ Յուրաքանչյուր սերունդ աճեց-հասունացավ՝ առաջին հերթին սնվելով ազգային ինքնագիտակցության ակունքից. պատմությունը, մշակույթը, ավանդույթները, կրոնը, լեզուն, յուրաքանչյուրը՝ մեզ առաջնորդող կենսական փարոս, խաղաղ ափ հասցնող փրկարար նավ, մեզ ուժ, հույս ու հավատ տվող ոգի, մեզ պայքարի տանող զորավար, մեր ցրիվ ու մասնատ շարքերը լրող զինվոր, զենք ու զրահ՝ մեր ձեռքին, մեզ ի մի բերող, մեզ իրար կապող ամրակուռ շղթա, մեզ հայ պահող անդավաճան ու անփոխարինելի ներշնչանք։ Եվ մեր հողը գերեվարած, մեր տան վրա իրեն տեր ու իշխան կարգած թշնամին հասկանում էր, որ հայոց ազգին պետականությունից զրկելը եթե հաղթանակ է, ապա կես հաղթանակ է ընդամենը, հայի համար երկրի անկախությունը կորցնելը եթե պարտություն է, ապա կես պարտություն է հաստատ, քանի դեռ չենք զրկվել, չենք կորցրել մեր հոգեւոր ու բարոյական կռվանների շղթան՝ մեր պատմությունը, ավանդույթները, կրոնը, լեզուն։

Մեր պատմությունը շատ էր հզոր, շատ էր փառահեղ, շատ էր հերոսական հաղթվելու համար, ու 600 չէ, 6 հազար տարի էլ կդիմակայեր, կապրեր ու կապրեցներ՝ իր անխորտակ ներկայությամբ պայմանավորելով գալիք դարերի շունչն ու նկարագիրը։ Հազարամյակների ճանապարհին կորսված հպարտությունն ու ցավը, սերն ու պատասխանատվությունը, ցասումն ու վրեժխնդրությունը ծնվել-նորոգվել էին յուրաքանչյուր հայի հետ ու որպես անցած փառքը հետ բերելու պատգամ, որպես անկախ պետականությունը վերագտնելու հրամայական, որպես հայրենապաշտ ու ազգանվեր նախնիներին տված երդում փոխանցվել էին սերնդեսերունդ։ Ու հենց այդ հզոր ու անմեկնելի ներուժն էր բորբոքել մեր ազատության, պատվախնդրության, արիության խարույկն ու վառ պահել անկախ պետականությունը վերագտնելու վճռականությունն ու բաղձանքը, սեփական երկրին ու ճակատագրին տեր լինելու աներեր պատրաստակամությունը։

Հայոց պատմությունը մեր միակ զենքն ու վահանը չէր, նույնքան զորեղ ու անկորնչելի ուժ էր հայոց մշակույթը՝ մեր մտքի ու հոգու պատմությունը, ազգային տեսակի կնիքը` հստակ ու անջնջելի։ Մեծ ու հարուստ մշակույթը ամուր պետականության երաշխավորն է, ազգի պահպանության ու հարատեւության գրավականը։ Ու երեւելի, բարձրարժեք ազգային մշակույթ ունեցող ժողովուրդը պիտի փրկվեր ձուլվելու, սեփական դիմագիծն ու նկարագիրը կորցնելու վտանգից, որքան էլ թշնամին ցանկանար ջնջել-ոչնչացնել մեր հոգեւոր արժեքները՝ արգելելով ու սպառնալով, սահմանափակելով ու նվաստացնելով, մոռացության տալով նրանց ներշնչանքի ուժն ու վեհացնող շքեղությունը, տարածելով, քարոզելով սեփական ազգի նվաստ ու անճաշակ արարումները։ Հայն իր մշակույթը արյան մեջ, հոգում է պահպանել առաջին հերթին, ու ծնվող մեղեդին, գույնը, բառը, ձեւն ու պատկերը 5000- ամյա մշակույթի խորհուրդն են մարմնավորել՝ ազգայինի համապարփակ կերպն ու տեսակի ողջ նկարագիրը, վանել են օտար ելեւէջումները, փրկել են հայկականը այլազան խեղումներից ու ինքնատիպությունը խաթարելու սպառնալիքից։

Մեր ինքնապահպանության զինանոցում անփոխարինելի ուժ էին մեր ավանդույթները՝ աննշան սովորույթներից մինչեւ ազգային մտածելակերպը խորհրդանշող։ Ազգային կոլորիտի, կենցաղի, բարոյական ըմբռնումների, կենսական գաղափարների աններհակ ամբողջությունը փրկել է ժողովրդին տարանջատումից՝ օտար բարքերին տուրք տալու գայթակղությունից, կապել է իրար, դարձրել անտրոհելի մարմին՝ միասիրտ, միակամ, միանպատակ, դարձրել այն ամուր շաղախը, որը պահում-պահպանում է ազգային նկարագրի բոլոր գույներն ու նրբերանգները եւ հենց դրանով պայմանավորում ազգի հոգեւոր ներուժը, կենսունակությունը, պայքարի ոգին ու ինքնահաստատվելու մղումը՝ անկախ պետականություն կերտելու անփոխարինելի կռվանները։

Պետականությունը կորցնելուց հետո մենք մի նոր հավատ-ներշնչանքով էինք կապվել մեր կրոնին ու համախմբվել առաքելական եկեղեցու շուրջ։ Քրիստոնեական ուսմունքը, բարոյական չափանիշներ ձեւավորելուց զատ, խղճի ու վարքի օրենսգիրք էր, հայոց եկեղեցին, հավատքի տաճար լինելուց բացի, պետության խորհրդանիշ էր, հոգեւոր հայրերը մեր բռնադատված իշխանության, մեր գահընկեց նախարարների փոխանորդներն էին։ Եկեղեցին մեր պետությունն էր կորցրած պետության մեջ։ Եկեղեցին դպրոց էր, հիվանդանոց, դատարան, մշակույթի տուն, գրադարան, բարեգործական հիմնարկ։ Հայոց եկեղեցին անկախություն տանող մեր քարքարոտ ճանապարհի ամենավառ փարոսն էր, մեր հույսն ու հավատը պահպանող, մեզ գոտեպնդող, մեզ հայ պահող վերաշնորհ ուժը։

Ու նրա հետ մեր լեզուն, մեր հայերենը՝ մեր հին, դարավոր, շքեղ ու ազնվական լեզուն, մեր գեղեցիկ ու հոյակերտ բարբառը, մեր տառն ու բառը, մեր գիրն ու տողը։ Առանց որի պատմությունը դատապարտված էր մոռացության, առանց որի անցյալը կդառնար արժեզուրկ ու անճանաչելի, առանց որի մշակույթը կմնար անտեր ու անժառանգ, անխորհուրդ ու անպահանջարկ, առանց որի կփակվեին ազգային հպարտության բոլոր ակունքներն, ու կչորանար հայոց կենաց ծառին սնունդ տվող դարավոր արմատը։ Լեզուն իշխանություն չէ, որ խլես յաթաղանով, լեզուն հող չէ, որ գերեվարես զենքով, լեզուն խաչքար չէ, որ ջարդուփշուր անես, լեզուն տուն չէ, որ բռնադատես։ Հային իր լեզվից զրկելու համար կյանքից պիտի զրկես, քանի որ լեզուն կտրելուց հետո աչքերով է խոսելու հայերեն, աչքերի լույսը խլելուց հետո մտքում է բարբառելու հայերեն, սրտում է պահելու իր լեզուն ու հայ է մնալու։

Թշնամին միշտ էլ մեր հայ մնալուց է վախեցել։ Թշնամին միշտ էլ հասկացել է, որ մեզ լիովին հաղթելու համար հողը խլելը, տունը այրելը, նույնիսկ կյանքից զրկելը բավական չեն, հայկականությունից պիտի զրկես, քանի որ հայկական արյունը աշխարհով մեկ սփռված, ինչ-որ գերբնական, վերին զորությամբ ձգում-հավաքում, միացնում- ամբողջացնում է, դառնում պատմության ժառանգորդ, մշակույթի կրող, լեզվի պահապան ու պետականության պահանջատեր։

Հանկարծ պարզվեց, որ իզուր չենք պահել-պահպանել պատմությունը, ավանդույթները, մշակույթը, կրոնը, լեզուն՝ ազգային տեսակն ու հայկականությունը։ Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան… Սարդարապատ՝ 600 տարվա չմարած պարտքերի վերադարձ, 600 տարվա վրեժի ուժ հաղթանակով պսակված ազգային- ազատագրական պայքարի 600-ամյա պատմություն։ Հաղթանակ, որ Անկախ պետականություն անունն ունի, որ ծնունդ է տվել հայոց Առաջին հանրապետությանը, որ հայոց ազատագրված երկրի վրա ծածանել է եռագույն դրոշը, երկնել է օրհներգ ու սահմանադրություն, ստեղծել է զինուժ ու զորք։

Մայիսի 28-ը հավաստումն է հայոց ազատաբաղձության, հերոսականության, ազգանվիրության ու հայրենասիրության։ Մայիսի 28-ը մարմնավորում է անկախ ու ինքնիշխան ապրելու հայոց կամքը, սեփական երկրի համար պայքարելու խիզախությունը, երկրին տեր լինելու վճռականությունը, այս արեւի տակ իր արժանի տեղն ունենալու արդար իրավունքը։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Հոգևոր-մշակութային


22/05/2014