ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՅՏԱՌԱԿՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, ինչպիսին երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրոսցի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:
«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի վճարելիք տուգանքի չափի սահմանումը:
Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորներ հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրոսցի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր): Եվրադատարանը վճռեց, որ 2001 թվականի դատարանի որոշումը չի կարող անվավեր ճանաչվել այն պատճառով, ինչ է թե՝ անցել է 13 տարի, ինչը եւ պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն հաստատեց Թուրքիայի կառավարության պարտավորությունը՝ վճարելու 41 միլիոն դոլար՝ գումարած հարկերը և տոկոսները (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրոսցի հույներին, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման հետեւանքով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար՝ ավելացրած հարկերը և տոկոսները (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների դիմաց, որ Թուրքիայի բռնազավթման օրոք կրել են Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրոսցի հույները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դատարանի վճռից անմիջապես առաջ զուր ջանքեր գործադրեց կանխելու ՄԻԵԴ-ի հասունացող բացասական որոշումը՝ նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունները: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:
Անկարող լինելով ազդել դատավորների վրա, Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի կայացրած դատավճիռը, և իր երկիրը հրաժարվում է վճարել 123 միլիոն դոլար գումարը որպես վնասի փոխհատուցում:
Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են» եւ վերանայման ենթակա չեն (ըստ դատական գործերի նյութերի «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտե՝ դրանց կատարման ընթացքը վերահսկելու համար»):
Թուրքիայի արտգործնախարարի ամբարտավան հայտարարությունը անկասկած մոտ ապագայում իր արժանի անդրադարձը կունենա վերջինիս կառավարության վրա: Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում և, ուզած թե չուզած, միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի Խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարի ոչ մի տուգանք, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը՝ տոկոսներով հանդերձ:
Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի ամբարտավան պահվածքից, ապա կզրկվի ոչ միայն Եվրոպայի Խորհրդի անդամակցությունից, այլև կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը…
Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշելու` արդյոք ցանկանո՞ւմ են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար պիտի ծախսեն դատարան պահելու համար, եթե նրա կայացրած վճիռներն ապարդյուն են կամ ենթակա են կամավոր կատարման:
Գրեթե միշտ Թուրքիայի ղեկավարները արհամարհել են թե՛ բոլոր ներքին և թե՛ միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, խոշտանգելով պայթյունից մահացած հանքափորների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը…
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի Խորհրդից և իբրեւ հետեւանք՝ կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` հարկադրելով ի կատար ածել դատարանի վճիռը:
Եվրոպան պետք է հետեւողական դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ, հավատացած ենք, նման դատավճիռներ դեռ շատ կլինեն ոչ միայն Կիպրոսի դեմ գործված անիրավությունների վերաբերյալ, այլ մի օր նաև Հայկական հարցի շուրջ փոխհատուցման և հողային պահանջներով…
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը`
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ