ԴԱՄԱՍԿՈՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հունիսի 3-ին Սիրիայում կանցկացվեն նախագահի ընտրություններ: Երկիրը գտնվելով պատերազմի մեջ` լրջորեն պատրաստվում է ընտրական գործընթացին: Ավելին` նախագահական նոր ընտրությունները Սիրիայի իշխող վարչակարգի համար հնարավորություն են ապացուցելու աշխարհին, թե ինչ է իրականում կատարվում իրենց երկրում, մանավանդ որ թեկնածուներից մեկը գործող նախագահ Բաշար ալ-Ասադն է: Այս ընտրությունների առանձնահատկությունը նաև այն է, որ դրանք կընթանան բարեփոխված Սահմանադրության համաձայն: Սիրիական ճգնաժամի ներկա իրավիճակն է ներկայացնում արաբագետ Արմեն Պետրոսյանը:
-Ինչպիսի՞ իրավիճակ է Սիրիայում նախագահական ընտրությունների նախօրեին:
-Մայիսի 7-ին, երբ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը հաստատեց նախագահական ընտրությունների երեք թեկնածուների վերջնական ցուցակը, երկրում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Ինչ խոսք, այս ընտրական գործընթացը Սիրիայի պատմության ընթացքում աննախադեպ է: Եթե մինչ այս հայր և որդի Ասադներն ընտրվել են համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ապա 2012թ. բարեփոխված Սահմանադրության և ս.թ. մարտին ընդունված նոր ընտրական օրենքի համաձայն` ՍԱՀ նախագահի թեկնածու կարող է լինել 40 տարին լրացած, վերջին 10 տարիներին երկրում բնակված յուրաքանչյուր ոք, որը չունի օտարերկրյա քաղաքացիություն և ստացել է երկրի խորհրդարանի 250 պատգամավորներից առնվազն 35-ի աջակցությունը: Վերջին հանգամանքը հաշվի առնելով, ինչպես և սպասվում էր, Բարձրագույն սահմանադրական դատարանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 24 հավակնորդներից հաստատեց ընդամենը երեքի թեկնածությունը: Առաջադրված թեկնածուներից միայն գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ներսիրիական «լոյալ» ընդդիմության ներկայացուցիչներ՝ 43-ամյա հալեպցի կոմունիստ և «Հանուն փոփոխությունների և ազատագրության ժողովրդական ճակատի» մաս կազմող «Ժողովրդական կամք» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Մահիր Աբդ ալ-Հաֆիզ Հաջարը և 54-ամյա «Հանուն բարեփոխումների ազգային նախաձեռնության» ղեկավար, դամասկոսցի գործարար, նախկին պետնախարար Հասան Աբդ Ալլահ ալ-Նուրին ստացան Ժողովրդական խորհրդի պատգամավորների աջակցությունը: Ինչ վերաբերում է ՍԱՀ գործող նախագահի հիմնական գաղափարական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք հիմնականում գտնվում են արտերկրում, ապա նրանք բնականաբար կբոյկոտեն ընտրությունները: Պարզ է նաև, որ սիրիական վարչակարգի և՛ ներքին, և՛ արտաքին հակառակորդներից որևէ մեկը չի ճանաչի Արաբական Հանրապետությունում անցկացվելիք ընտրությունները:
Բնականաբար, իշխանությունները ձգտում են հնարավորինս լեգիտիմություն հաղորդել ընտրական գործընթացին՝ այդ նպատակով, որպես անհրաժեշտ պայման, ձգտելով ապահովել արտասահմանյան դիտորդական առաքելությունների ներկայությունը: Սիրիայի խորհրդարանի խոսնակն արդեն իսկ ուղերձներ է հղել սիրիական հակամարտության ողջ ընթացքում կառավարամետ կամ առնվազն չեզոք դիրքորոշում ունեցող ավելի քան 10 պետությունների՝ հիմնականում ԲՌԻԿՍ-ի անդամ, Լատինական Ամերիկայի, տարածաշրջանի որոշ պետությունների, նաև Հայաստանի իր գործընկերներին: Հայտնի է, որ Ռուսաստանն արդեն իսկ դրական է արտահայտվել հրավերի հարցում:
– Ինչպես հայտնի է, գործող նախագահ Բաշար ալ-Ասադը ալավի է, և բնականաբար այդ էթնիկ համայնքը մեծ սպասելիքներ ունի ընտրություններից, քանզի դրանցով է պայմանավորված նաև համայնքի անվտանգությունը: Ինչպիսի՞ն է այսօր ալավիների վիճակը Սիրիայում:
-Սիրիացու մեծագույն երազանքն է, որ ճգնաժամը շուտափույթ հանգուցալուծվի: Քաղաքացիական դիմակայության վնասներից զերծ չեն մնում նաև ալավիները, թեպետ անվտանգության առումով այդ դավանական խմբավորման ներկայացուցիչներով բնակեցված տարածքների անվտանգությունը համեմատաբար ամենաբարձր մակարդակի է հասցված: Մասնավորապես՝ հիմնականում ալավիներով բնակեցված Սիրիայի ափամերձ տարածքները՝ Լաթաքիան, Տարտուսը ողջ հակամարտության ընթացքում նվազագույն տուժած շրջաններից են: Թերևս դրանց դեմ իրականացված ամենալուրջ հարձակումը մարտի վերջին Քեսաբի վրա Թուրքիայի տարածքից մի քանի հակակառավարական խմբավորումների կազմակերպած գրոհն էր: Իսկ ընտրություններից ունեցած ակնկալիքների առումով ոչ միայն ալավիների, այլև սիրիական հասարակության մեծ մասի համակրանքը գործող նախագահի կողմն է, քանի որ բոլորի համար ակնհայտ է սիրիական գաղափարական ընդդիմության մասնատվածությունը, արտաքին և ներքին ուժերի միջև եղած հակասությունները, ծայրահեղական խմբավորումների դերակատարության աճը երկրում տեղի ունեցող գործընթացներում և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ այսօր սիրիական իրականության մեջ չկա որևէ կարող ուժ, որը կկարողանա վայելել թե՛ սիրիական հասարակության և թե՛ արտաքին ուժերի համեմատական համակրանքը: Նման պայմաններում, ըստ էության, ոչ մեկի, այդ թվում նույն ընտրարշավին մասնակցող «ընդդիմադիր» թեկնածուների շրջանում կասկած չի կարող հարուցել ընտրությունների կայացման պարագայում Բաշար ալ-Ասադի հաղթանակի հանգամանքը, թեպետ այս պայմաններում անգամ հաղթանակն ի զորու չէ խաղաղություն բերելու Սիրիային:
-Ովքե՞ր են Սիրիական ճգնաժամի ներկայիս դերակատարները:
-Ինչպես արդեն նշեցի, սիրիական ճգնաժամում ներգրավված հակամարտ ճամբարներում իրենց շահերն են հետապնդում ինչպես մերձավորարևելյան տերությունները, այնպես էլ աշխարհի գերտերությունները: Երկրում գործող վարչակարգին նյութական, մարդկային, ռազմական, դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում տարածաշրջանում Իրանը, մասամբ՝ Իրաքը, տարածաշրջանից դուրս՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԲՌԻԿՍ-ի անդամ մյուս երկրները, իսկ իշխանություններին դեմ են տարածաշրջանում հիմնականում Թուրքիան, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական պետությունները, արևմտյան որոշ երկրներ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլն:
– Ինչպիսի՞ն է Սիրիայի հայկական համայնքի մասնակցությունն ընտրական գործընթացին, և ո՞րն է համայնքի դերը: Ի՞նչ սպասելիքներ ունեն սիրիահայերը:
-Հայերը, ինչպես ընտրության իրավունք և հնարավորություն ունեցող Սիրիայի քաղաքացիների մեծ մասը, հիմնականում կմասնակցեն ընտրություններին, ընդ որում՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ երկրից դուրս, այդ թվում նաեւ՝ Հայաստանում: Բնականաբար, նրանց ծանրակշիռ մասի համակրանքը գործող նախագահի կողմն է: Սիրիայում մնացած շուրջ 30 հազար հայության դերը քաղաքացիական դիմակայության պայմաններում այնքան էլ էական չէ:
-Սիրիայի հայկական համայնքին մեծ հարված հասցվեց Քեսաբում տեղի ունեցածը: Որքանո՞վ է հավանական նման իրավիճակի կրկնությունը:
-Քեսաբի դեպքերի մասին խոսելիս մի քանի հանգամանք պետք է հաշվի առնել: Նախ՝ խնդրի հոգեբանական կողմերը. իր պատմական հայրենիքից՝ Կիլիկիայի վերջին բեկորներից տեղահանվեց տեղաբնիկ ողջ բնակչությունը, իսկական իրարանցում առաջացրեց ոչ միայն հենց իրենց, այլեւ համայն հայության մեջ: Մյուս կողմը` սա առաջին նպատակաուղղված հարձակումն էր հայկական բնակավայրի դեմ: Մինչդեռ մենք դեռ Հալեպում ունենք շատ ավելի ստվար համայնք՝ ավելի քան 20-23 հազարանոց, որն ամեն օր կենաց և մահու պայքար է մղում ոչ միայն ռազմական գործողություններից փրկվելու, այլև սովի, ծարավի, տարաբնույթ սոցիալական, առողջապահական և անվտանգության խնդիրներին դիմագրավելու համար: Եվ փաստն այն է, որ ռազմական գործողությունների օղակն անընդհատ սեղմվում է Հալեպի հայաբնակ թաղամասերի շուրջ: Հաշվի առնելով հակամարտության ներկա միտումները՝ ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ակնկալել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում, առնվազն միամտություն կլինի:
Ինչ վերաբերում է սիրիական հակակառավարական տարաբնույթ կառույցների շարքերում ադրբեջանցիների հանդես գալուն, ապա պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դեռևս տարեսկզբին Սիրիայում սպանված ադրբեջանցի վարձկանների վերաբերյալ առավել հաճախ ստացվող տեղեկատվությունը ակնհայտ խուճապային իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում, ինչի դեմ նպատակաուղղված պայքար են սկսել ադրբեջանական ԶԼՄ-ները և երկրի պետական ու կրոնական իշխանությունները: Դեռևս ս.թ. հունվարի 28-ին Կովկասի մահմեդականների վարչությունը հրապարակել էր ֆեթվա (հրովարտակ-հեղ.), որով դատապարտվում էր Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը սիրիական հակամարտությանը: Այդուհանդերձ, ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա չի դադարում: Եթե հավատանք հենց ադրբեջանական աղբյուրների տրամադրած հաղորդումներին, ապա Սիրիայում այսօր կռվում է 250-300 ադրբեջանցի, զոհվել է ավելի քան 100-ը: Ըստ հետախուզական այլ տվյալների՝ թե՛ գործող վարձկանների, թե՛ սպանվածների թիվը առնվազն կրկնակի անգամ ավելի է: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Սիրիայում որոշակի թվով ադրբեջանցի զինյալներ էլ կռվում են ի պաշտպանություն գործող իշխանությունների, այսինքն՝ ստացվում է՝ ադրբեջանցիները Սիրիայում կռվում են նաև միմյանց դեմ:
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինեն հետընտրական հնարավոր զարգացումները:
-Սիրիական հակամարտությունը, ըստ էության, վերջին 3-4 ամիսների ընթացքում թևակոխել է որակապես նոր փուլ: Մինչև հունիսի 3-ը, այսինքն՝ նախագահական ընտրությունների անցկացման օրը, երկրում աննախադեպ կթեժանան ռազմական գործողությունները, ինչին զուգահեռ զգալիորեն կաճեն նաև արտաքին քաղաքական ճնշումները Սիրիայի գործող իշխանությունների դեմ:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Տարածաշրջան