Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է»



Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԸ Հայոց ցեղասպանությանը, Հայ դատին նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է: Մեծ է ականավոր հայուհու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

-Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հարյուր հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին հայրենի բնօրրանից, դարձան փախստական ու սփռվեցին աշխարհով մեկ: Հրաշքով մազապուրծներից մեկն էր նաև Ձեր հայրը` գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը։

-Հիշում եմ, երբ մենք դեռ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էինք ապրում, հայրս հաճախակի էր պատմում 1915 թ. հայ ժողովրդի կրած տառապանքների մասին, թե ինչպես իրենց մեծ գերդաստանի բազմաթիվ անդամներ նահատակվել էին Դեյր-Էզ-Ձորի անապատում: Հայրս ինքն էլ հրաշքով է փրկվել 1922թ. Զմյուռնիայի աղետից, երբ թուրքերը հրո ճարակ էին դարձրել հայկական թաղը` Հայնոցը, և հայերին քշել ծովափ: Հայրս այն ժամանակ 18 տարեկան էր, տեսնելով այդ համատարած ողբերգությունը, նետվում է ծովը և լողալով հասնում հեռվում խարիսխ գցած մի շոգենավի, որը նրան հասցնում է Հունաստան: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվում, հաստատվում է Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում հիմնադրում է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) մասնաճյուղը և հասարակական եռանդուն գործունեություն է ծավալում: Սփյուռքի տարբեր թերթերում հայանպաստ և հայրենանպաստ հոդվածներ է հրապարակում թուրքական սպանդից փրկված և օտար երկրներում ապաստան գտած հայերի մասին։ Նա խորաթափանց հեռատեսությամբ հասկանում էր, որ օտարի հողում որքան էլ հայը բարեկեցիկ պայմաններում ապրի, միևնույնն է, վաղ թե ուշ, եթե ոչ ինքը, ապա իր զավակները հայտնվելու են ձուլման ամենակուլ երախում: Ուստի հայրս սփյուռքահայության միակ փրկությունը համարում էր զանգվածային հայրենադարձությունը դեպի Հայաստան:

1947 թ. մեր ընտանիքը ներգաղթեց Հայաստան: Այսօրվա պես հիշում եմ՝ մեր հայրենադարձության ճանապարհին Սիրիայի Լաթաքիա նավահանգստից մեր «կՏոպՊՈ» շոգենավ բարձրացան գույնզգույն տարազներ հագած, երեսները կապույտ թանաքով դաջված կանայք: Հայրս բացատրեց, որ նրանք եղեռնից փրկված, սիրիական անապատներում արաբ բեդվինների մոտ ապաստան գտած հայեր են, որոնք իրենց և իրենց զավակների ազգային ինքնությունը չկորցնելու համար ներգաղթում էին Հայաստան:

-Հայաստանում հետպատերազմյան ծանր ժամանակներ էին:

-Այո՛, ճիշտ է, բայց հայրս բնավ չհուսահատվեց, նա նույնիսկ քաջալերում, ոգևորում էր վհատվողներին` ասելով. «Մեր հայրենիքը ֆաշիզմի դեմ պատերազմից դեռ նոր է հաղթանակած դուրս եկել: Մենք եկել ենք մեր քույր-եղբայրներին ձեռք ձեռքի, ուս ուսի տալու, հայրենիքի վերքերին սպեղանի դնելու, հանուն մեր ազգային վերջնական նպատակի՝ միացյալ Հայաստանի»։

Որքա՜ն երազանքներ ուներ հայրս իրականացնելու, սակայն դաժան կյանքի ծանր հարվածները մաշել էին նրա առողջությունը, և ընդամենը 44 տարեկանում նա հանգավ` «Հայրենի՜քս, զավակնե՜րս…» ասելով:

Մեծ քրոջս հետ սովորելուն զուգընթաց նաև աշխատում էինք:

Ես կարմիր դիպլոմով ավարտեցի Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը, սակայն ինքս ինձնից դժգոհ էի` գիտելիք ստացա, բայց ինչպես դրանք պիտի ծառայեցնեի իմ հայրենիքին: Հորս պատգամ-պատվիրանը միշտ ուղեկցում էր ինձ.

«Վերժինե՜, աղջի՛կս,

Կուզեմ ըլլաս դուն խելացի,

Աշխատանքով, վարքով բարի,

Պատիվ բերես քո ծնողքին

Եվ քո ազգին, հայրենիքին»։

«Ի՞նչ անել»` մտածում էի, որ ազգիս օգտակար լինեմ, որ շարունակեմ Սվազլյան գերդաստանին այնքան բնորոշ հայրենանվեր գործունեությունը: Հայրս սրտի ցավով էր խոսում մեր զավթված հայրենիքի մասին: Ա՛յ, եթե ինձ հաջողվեր գրառել և կորստից փրկել արդեն ամայացած Արևմտահայաստանի և Կիլիկիայի բանահյուսական նշխարները, Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների պատմածները, նրանց հուշ-վկայությունները` քաջ գիտակցելով բանավոր ավանդության այդ կարգի նյութերի պատմագիտական և փաստավավերական արժեքը, դա կլիներ գործ:

Եվ ահա, 1955 թվականն էր։ Ստալինը նոր էր մահացել, սակայն երկիրը դեռ նրա բռնապետական շնչի ազդեցության տակ էր։ Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսել չէր կարելի: Սակայն, անտեսելով ամեն կարգի դժվարություն, սկզբում անձնական նախաձեռնությամբ, 1960թ. արդեն Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, իսկ ավելի ուշ` նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանու ներքո, ոտքով տնից տուն էի շրջում, գյուղից գյուղ, ձմեռվա ցուրտ-սառնամանիքին, ամառվա կիզիչ արևին… Եվ քանի որ այդ ժամանակ տակավին համապատասխան տեխնիկա չկար, թուղթ ու մատիտով` ձեռքով, գրում-գրառում էի վերապրողների հաղորդած հուշերը, պատմական զրույցներն ու երգերը:

Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Անատոլիայի ավելի քան 150 բնակավայրերից բռնի տարագրված, Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած հարյուրավոր ականատես վերապրողների վկայություններ եմ գրի առել: Շատերն իրենց հուշերը պատմում էին իրենց իսկ բարբառով և կամ` թուրքերեն, արաբերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, որոնք թարգմանաբար եմ ներկայացրել:

-Տիկին Սվազլյան, Դուք հուշ-վկայություններ եք հավաքել նաև Թուրքիայում…

-1996 թ. հրավիրված էի Ստամբուլ` միջազգային գիտաժողովի: Շատ էի ցանկանում մուտք գործել տեղի հայկական ծերանոցը, որը Պոլսի Սբ. Փրկիչ հիվանդանոցի տարածքում էր, սակայն շքամուտքի առաջ սվինը ձեռքին կանգնած թուրք ոստիկանին իմ հաճախակի ելումուտով կասկած չհարուցելու համար որոշեցի վիրահատվել, որի կարիքը, իհարկե, չունեի: Զուր տեղը երկու ժամից ավելի նարկոզ ընդունեցի այն հույսով, որ հնարավորություն ունենամ մի քանի օրից, երբ ոտքի կանգնեմ, կարողանամ ետին դռնով մուտք գործել հիվանդանոցին կից ծերանոցը: Գաղտնի կերպով 40 հուշ-վկայություն գրի առա։ Հենց այդտեղ հանդիպեցի 86 տարեկան Սիրենա Ալաճաճյանին` դեմքին կապույտ դաջվածք: Առաջնորդեցի իմ սենյակը։ Սկզբում վախենում էր խոսել։ «Պատուհանը փակիր։ Դուռը գոցե՛։ Հիմա ադ շուները կուգան, մեզի կացինո՛վ կսպանեն…»: Պարզվեց, որ Սիրենայի ծնողներին իր աչքի առջև թուրքերը կացնահարել էին, երբ ինքը ընդամենը չորս տարեկան էր։ Ութսուն տարուց ավելի էր անցել, բայց վախն ու սարսափը մնացել էր նրա սրտում…

-Տիկին Սվազլյան, Դուք հսկայածավալ աշխատանք եք կատարել. 55 տարի առանց հանգստանալու, անսահման նվիրումով, անսպառ եռանդով բառ առ բառ, պատառիկ առ պատառիկ գրի եք առել, ձայնագրել, տեսագրել, վերծանել, ուսումնասիրել, հրատարակել ու սերունդներին հանձնել հայ ժողովրդի հավաքական պատմական հիշողությունը: Տարիների ընթացքում ստվարացել են գրառումները, որոնք տպագրվել են նաև առանձին 25 գրքերով։ Մեծ եղեռնի մասին բազմաթիվ ու բազմաժանր նյութեր են հրապարակվել, սակայն այս հուշ-վկայության ժանրը իր տեսակի մեջ կարծես թե եզակի է։

-Այո՛, որովհետև սա միայն հուշ չէ, այլ` նաև վկայություն: Այս վկայությունները փաստաթղթին համարժեք են: Այս գրքի մեջ ամփոփված են ականատեսների վկայությունները: Իրավաբանական տեսակետից` ականատես վերապրողների հաղորդած վկայությունները նույնքան կարևոր են, որքան դատավարության ժամանակ վկաների ցուցմունքները: Եվ եթե մի օր հայկական Նյուրենբերգ լինի, այս վկայությունները կարող են որպես ցուցմունք ծառայել: Չէ՞ որ սա մեր ժողովրդի ձայնն է, որը ես բարձրաձայնել եմ տարբեր լեզուներով:

– Ձեր գրքերը տպագրվել են տարբեր լեզուներով, նաև` թուրքերեն: «Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում» գիրքը ժամանակին չափազանց մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայի երիտասարդների շրջանում:

-Ճիշտ է, սկզբում նրանց վիրավորանքներով լի էլեկտրոնային նամակներին (Թուրքիայի դպրոցներում նրանց մշտապես խեղաթյուրված էր ներկայացվել պատմական ճշմարտությունը) պատասխանում էի ականատեսների պատմած հուշերից մեջբերումներ կատարելով, որոնք ընթերցելուց հետո որոշ թուրքեր նույնիսկ ներողություն էին խնդրում:

-2011 թ. համալրված տեսքով հայերեն և անգլերեն Երևանում լույս տեսավ Ձեր «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ գիրքը: Բացի գիտական ուսումնասիրությունից այն իր մեջ ներառում է նաև պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայություններ` հուշեր, զրույցներ, հայերեն և թուրքալեզու երգեր, շուրջ 700 միավոր: Թուրքական «Բելգե» (Փաստարկ – թուրք.) հրատարակչությունը այն թուրքերեն հրատարակեց: Ցուցահանդես-վաճառքին ներկա եղողները պատմում էին, որ թուրք երիտասարդները գիրքը ձեռքից ձեռք էին խլում: Հրատարակիչը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան Ռագիբ Զարաքոլուն, անգամ խոստովանել էր. «Ձեր կատարած վիթխարի աշխատանքի շնորհիվ մեր պատմության ամենասարսափելի իրողության՝ Հայոց ցեղասպանության դժոխքով անցած անմեղների վկայությունները հնարավոր եղավ մարդկության գնահատականին ներկայացնել։ …Սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչելու ցեղասպանությունը»:

-Ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը քաջությունն ունենա ոչ միայն ճանաչելու ինչպես գրավոր, նույնպես և բանավոր փաստերով հիմնավորված, ապացուցման կարիք չունեցող պատմական այս բացահայտ ճշմարտությունը, այլև` դատապարտելու կատարվածը և հատուցելու հայ ժողովրդի բարոյական, նյութական և տարածքային կորուստները: Պետք է նկատել, որ թուրք հասարակության առավել առաջադեմ հատվածը արդեն բարձրաձայն է խոսում Հայոց ցեղասպանության մասին:

-Անգնահատելի է Ձեր վաստակը:

-Պարտական եմ մեր հայ ժողովրդին, որն իր հիշողության մեջ պահել, պահպանել ու ինձ էր հաղորդել, որպեսզի ես, գրառելով, տարբեր լեզուներով հրատարակելով և աշխարհին ներկայացնելով, բարձրաձայնեմ նրա ձայնը:

-Եվս մեկ տարի, և կնշվի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը:

-Ցեղասպանությունը վաղեմություն չունի, 100 տարի հետո էլ փաստերը խոսելու են… Մինչ այդ որոշել եմ ցեղասպանության մասին տարբեր լեզուներով թարգմանված իմ գրքերը ուղարկել աշխարհի տարբեր երկրների ցեղասպանության ուսումնասիրման կենտրոններ, թանգարաններ և համալսարաններ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեղեկացված լինեն։ Հայոց ցեղասպանության իրողությունը պետք է ամրագրվի համամարդկային հիշողության մեջ` հետագա նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար։

-Տիկին Սվազլյան, ի՞նչ խոսք կասեք սահմաններին կանգնած, մեր հայրենիքի խաղաղությունը պահող-պահպանող զինվորներին:

-Շատ բարձր եմ գնահատում մեր հայ զինվորների աչալուրջ և զգոն նվիրվածությունը հայրենիքին: Մայրաբար խորհուրդ կտամ` պատմությունից դասեր քաղել: Երբեք չմոռանան, որ իրենք հերոսական անցյալ ունեցող հայ ժողովրդի զավակներն են: Ազատագրված Արցախը դրա վառ ապացույցն է, որը մեր պահանջատիրության առաջին քայլն է: Թող միշտ զորավիգ լինեն մեր տառապած, բայց հաղթական հայ ժողովրդին ու հայրենիքին, քանի որ հայրենասիրությունը նախ և առաջ արժանապատվության խնդիր է:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


29/05/2014