Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄԸ



Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում նշվում է մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակը: Այս լուսանկարի պատմությունը ևս մի անմոռաց հիշողություն է՝ կապված նրա երկրային օրերից մեկի հետ: Մեծ հայրենասերը այցելել էր գրադարան և այնտեղ հանդիպելով գրադարանավարուհի Զարուհի Շամյանին՝ իր երեք երեխաների հետ, գոհունակ ժպիտով զրույցի էր բռնվել նրանց հետ և երբ լսել էր երեխաների անունները՝ Վարդան, Արմենուհի, Տիգրան, մեծ բանաստեղծը հպարտությամբ բացականչել էր.

-Դուք հերոսուհի մայր եք, այս երեխաները հերոսներ են դառնալու, որովհետև նրանք հայրենասեր են, իսկ հայրենասիրությունը գալիս է նրանց հայրենագիտությունից, անուններից…

Եվ չէր սխալվել մեծ բանաստեղծը: Վարդանը դարձավ Արցախյան պատերազմի հերոս՝ Դուշման Վարդան, Արմենուհին ուսուցչուհի է՝ բանասիրական գիտությունների թեկնածու, իսկ կրտսերը՝ Տիգրանը, զինվորական է՝ գնդապետի կոչումով: Հերոսուհի մայր, հերոս զավակներ…

Որքան օրեր, անքուն գիշերներ է անցկացրել Զարուհի մայրիկը հայրենիքին նվիրված, դաստիարակված զավակներ մեծացնելու համար: Եվ որդիները հասակ առնելով՝ իրենց հայրենասիրությամբ պիտի մրցեին նրա հետ: Ու մի օր Վարդանը պատերազմ մեկնելիս պիտի ասեր.

-Մայրի՛կ, չնեղանաս, հայրենիքը թանկ է քեզանից, ես կռիվ պիտի գնամ:

Ու տարիներ անց անգամ Զարուհի մայրիկը, երբ հիշում է զոհված որդուն, աղոթքի նման ինքն իրեն դեռ շշնջում է. «Ինչու՞ պիտի նեղանայի, որդի՛ս, մի՞թե նեղանում են թշնամու դեմ կռվողից: Չէ՛, ես արգելք չէի լինի…»:

Այսպես է ապրել Զարուհի մայրիկը: Տարիներ շարունակ նրա կյանքը եղել է տխուր ու երջանիկ մտորումների անվերջանալի մի շարան: Վարդանի զոհվելուց հետո քանի-քանի տարիներ են անցել… Ու այդ տարիներին Զարիկ մայրիկը իր վիշտը, իր արցունքը ներս գցած, իր անսպառ բարությունից մաս է հանում մեզ, աշխարհին…

Տարիներ շարունակ տարբեր միջոցառումների ժամանակ լսել, գրի եմ առել Զարուհի մայրիկի խոսքերը, մտքերը և միշտ ցանկացել եմ մի հոդված գրել այդ մեծ հայուհու մասին, սակայն նա միշտ կանխել է. «Գրիր մեր տղաների, մեր հերոս զավակների մասին, գրիր այնպես, որ բառերը դուրս գան հոգու հնոցից, ու մայրերի սիրտը մի քիչ սփոփվի»:

Ահա իմ գրառած հուշերից մի քանի պատառիկներ, որոնք է՛լ ավելի կամբողջացնեն հայուհու կերպարը.

«Մայիսը հայոց հաղթանակների ամիսն է: Թող այն լինի շարունակական: Մեր ամեն մի օրը պետք է լցվի հայրենասիրությամբ: Ամեն մանկավարժ դպրոց ոտք դնելուց առաջ պետք է գիտակցի, որ իր պարտքը հայրենիքին արժանի, նվիրյալ զինվոր դաստիարակելն է»:

…Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» շարքում Լաչինի ցուցանակին նստած Վարդանը ժպիտը դեմքին ձեռքով ցույց է տալիս շրջակա հողերն ու բնակավայրերը: Ձայնը չի լսվում. «Տեսեք, որդիս ցույց է տալիս հայոց բնակավայրերը, ասում է, որ շուտով ձնծաղիկների նման խաչքարեր ու մատուռներ են լույս աշխարհ դուրս գալու: Ու այդպես էլ եղավ»,- ասում է մայրը:

… Ազատամարտի առաջին աշունն էր: Մայրը զոհված որդու ցանած ցորենի բերքը հավաքել ու բակից գոգնոցը լիքը ցորեն դուրս էր գալիս ու շաղ տալիս ճանապարհներին: Ասում էին` խելագարվել է…

-Հնացած սերմացու էլ մի՛ պահեք: Դուրս եկեք պայքարի, ձեր որդիների, տղամարդկանց գոտին կապեք և ուղարկեք հայրենիքը պաշտպանելու: Սա է իրականությունը, քսաներորդ դարավերջի հայուհու պատգամը,- վերհիշում է Զարուհի մայրիկը:

… Հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զարուհի մայրիկը ուշադիր լսում էր: Հետո ասաց. «Սերը ծնվում է ազնվությունից»:

… Զարիկ մայրիկը Եռաբլուր` Վարդանի շիրիմ այցի գնալիս հաճախ է այնտեղ նամակներ, ոտանավորներ գտնում: Ահա մի քառյակ «Ճերմակ շիրիմներ» բանաստեղծությունից, որը ստորագրված է՝ Ժ. Յաղջյան, ու ավելացված. «Վարդա՛ն, լավ եմ գրել, թե վատ, հոգովդ իմացիր»:

Լուռ անցնում եմ ձեր կողքով,

Շաղ ձյունը ձեր անվան վրայից սրբելով,

Ուզում եմ լաց լինել, բայց ինձ զսպում եմ,

Չէ՞ որ լավ գիտեմ, մեզ արցունք չի սազում:

Արցունքի փոխարեն երգեր եմ երգում,

Իսկ ծաղկի փոխարեն դրոշ եմ բերում…

Եվ այս ամենը գուրգուրանքով պահում է Զարուհի մայրիկը: Եվ այս ամենը գուրգուրանքով պահում են բոլոր մայրերը:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Ճակատագրեր


29/05/2014