Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 11-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ



Վերջերս կայացավ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի 11-րդ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց կոմիտեի 2012թ.-ից մինչև 2014թ.-ի մայիս կատարված աշխատանքների հաշվետվությունը:

ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը իր զեկույցում նշեց, որ մեր երկրում այժմ ապրում է 1406 վետերան, որից ամենաերիտասարդը 89 տարեկան է. «Չնայած տարիքին՝ վետերանները ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում, չեն սահմանափակվել միայն իրենց հուզող հարցերով: Նրանք մեծ աշխատանք ենք կատարում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների, նախարարությունների հետ, քննարկում եւ մշակում են երիտասարդական կազմակերպությունների հետ անցկացվող միջոցառումների պլաններ: Կոմիտեի անդամները մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում զորակոչի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, պատմում պատերազմի ընթացքում իրենց քաջագործություններից, մասնակցում են նաեւ զորակոչիկներին բանակ ուղարկելու միջոցառումներին»:

Կոմիտեն ստեղծել է իր ֆեյսբուքյան էջը, որում զետեղված են վետերանների հոդվածները, պատերազմական թեմայով տեսանյութերը:

Հետեւողական են նաեւ վետերանների սոցիալ-տնտեսական, կենցաղային խնդիրները լուծելու, նրանց իրավունքները եւ արտոնությունները վերականգնելու գործում, սակայն, ինչպես նշեց Պետրոս Պետրոսյանը, ոչ միշտ են գոհացուցիչ արդյունքի հասնում: Կոմիտեի նախագահը նշեց, որ ինչ-որ հնարավոր է՝ հիմա պետք է արվի, հետո արդեն ուշ կլինի: Քննարկմանը ներկա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ կանեն աջակցելու համար. «Բարձրացված բոլոր հարցերը՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրում, պատվովճարների բարձրացում, աջակցության այլ հարցեր, մենք համատեղ քննարկել ենք, եւ բոլորն էլ հիմա ընթացքի մեջ են»:

Լսելով եւ քննարկելով Վետերանների կոմիտեի նախագահի հաշվետու զեկուցումը` կոմիտեն աշխատանքները համարեց բավարար, հաստատեց հաշվետվությունը, այնուհետեւ ներկայացվեցին հետագա անելիքները:

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն


29/05/2014