Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐՆ ԵՆ



36 հայկազունի համար մայիսի 23-ին հնչեց ավարտական վերջին զանգը։ Զանգ, որ մեկ քայլով էլ նրանց մոտեցրեց զինվորական գործին ու հայրենիքի պաշտպանությանը։

Ինչպես բոլոր հանրակրթական դպրոցներում, վերջին զանգի միջոցառում էր կազմակերպվել նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Շրջանավարտներին բարի երթ է մաղթում կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը։

Նրա խոսքով՝ հայկազուններն ընտրել են ամենադժվար մասնագիտությունը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, ու հենց նրանց հզորությունից էլ կախված է հայոց բանակի ապագան ու անպարտելիությունը։

«Փոքր Մհերում» եւս ավարտական զանգը հնչեցնում է ամենակրտսերը՝ ավագ հայկազունի ուսերին նստած։

Խրոխտ քայլք, սերտած հմտությունների ցուցադրություն. սա է կրթահամալիրի առավելությունը։ Ու պատահական չէ, որ սաների ճնշող մեծամասնությունն ընդունելության քննություններ է հանձնելու ռազմական բուհ ընդունվելու համար։

«Ուզում եմ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ ընդունվել։ Ցանկանում եմ ծառայել հայրենիքիս, լինել զինված ուժերի սպա։ Ուզում եմ, ինչքան հնարավոր է, իմ պետության համար լավ գործ անել»,- ասում է ավագ հայկազուն Ներսիսյանը։

Թե ինչ է տվել իրեն կրթահամալիրը, դժվարանում է թվարկել, բայց մի բան հաստատ նշում է. «Սեփական ուժերին վստահելու, դժվարություններին դիմակայելու կարողություն տվեց»,- ասում է հայկազունը։

Հարություն Թովմասյանն արդեն 7 տարի կրթահամալիրի սան է, ուզում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Հետախույզ եմ դառնալու: Գիտեմ, որ ծանր գործ է, բայց պատրաստ եմ»։

Ծնողները նշում են՝ շատ ուրախ են, որ ժամանակին ճիշտ են կողմնորոշվել` իրենց երեխաներին կրթահամալիր բերելով. «Շատ են փոխվել. ավելի պատասխանատու են դարձել, ամեն ինչին լուրջ ու գիտակցված են վերաբերվում։ Ծնողին էլ ի՞նչ է պետք` երեխան պիտանի մարդ դառնա հասարակության համար, իր սիրած գործով զբաղվի, կիրթ մարդ դառնա»։

Շարահրապարակում «Փոքր Մհեր» կրթահամալիրի հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խումբն ու հանրահայտ «Կարիճներն» են։ Հայկազունները հրամանատար Ոսկան Մարգարյանի հետ ցուցադրում են ձեռնամարտի, ինքնապաշտպանության, կրակ վարելու, պայմանական հակառակորդին ոչնչացնելու իրենց ուսանած հմտությունները։

Ավարտվում է տոնական միջոցառումը։ Ամեն ինչ զուսպ է, հայկազուններին` ապագա զինվորականներին վայել։

ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Լուսանկարները՝
ՍՈՍԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն


29/05/2014