ԿՅԱՆՔԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ
ԽԱՆԴՈՒԹ
Ժայռակերտ գյուղը տնքում էր ցավից: Հրանոթները բացել էին իրենց արյունոտ բերանը: Խաղաղության պատուհանը փակել էր աչքը: Վիրաբույժ Անին չէր հաշտվում պատերազմի հետ: Հոր հետ հավասար պայքարում էր ազատության համար: Ուզում էր բուժել Արցախի վիրավոր սիրտը անվերջ թարմացող վերքերից:
Սրտի դուռը բաց էր: Ժամանակը վիրաբույժին կանչեց ներս: Հիշում էր անցյալը: Ժամանակի արյունոտ վկան էր եղեռնը: Հաղթել էր պետք: Երակներում խոսում էր հազարամյակների հայը:
Հպարտ լեռները իրար էին նայում խելահեղ պայքարի աչքերով: Բլուրների գլխից լսվում էր թռչունների սուր ծլվլոցը: Քարերը ցավով էին խոսում արձակվող գնդակների հետ, որոնք անխնա ծակծկում էին իրենց երեսը: Արյունոտ ձեռքը շտապում էր: Սառը քամին անցնում էր ծառերի ատամները հաշվելով՝ արթնացնելով կիսաքնած մարդկանց ինքնապաշտպանական բնազդը:
Ձյունը արյունով էր շաղախվել, մասնատված մարդկային մարմինները դժոխք էին հիշեցնում: Քարինտակը վերածվել էր գեհենի և արյունով լվանում էր օրվա հեգնանքը: Երկինքը բացել էր բերանը, և ձյունը առատ իջնում էր գետնին:
Կրակը թափվում էր հրանոթի փողից` մարդու կամքին անտարբեր: Վառոդի ծուխը ծանր նստել էր օդում: Ցուրտը մտել էր կյանքի երակը:
Կյանքի զինվորը վիրավոր էր, շնչում էր ծանր: Անին զառիվերը ելնում էր շնչակտուր: Նա մենակ չէր, նրան առաջ էր մղում պատերազմի ոգին: Հասավ` ուշ էր արդեն, վիրավորի սառը մարմինը դժվարությամբ սահեցնելով հասցրեց բուժարանի մոտակայքը: Զոհվածին թաքցրեց ձյան շերտով` թշնամու խոշտանգումից փրկելու համար: Գիտեր` ինքն էլ կարող է փամփուշտի զոհը դառնալ. այդ մտքից ավելի էր չարանում թշնամու դեմ:
Բարձունքից արձակվող կրակահերթը շարունակվեց: Հրամանատարի համար հասկանալի էր ազերիների շարժման ուղղությունը: Հողը արտասվում էր ազատության սպասելով: Թնդանոթների որոտը խլացնում էր կյանքը: Դժվար է մեռնել, երբ հոգիդ պարտություն չի ճանաչում:
Ապրողի համար ավելի ծանր էր: Հողը հաղթողինն է, հաղթի՛ր ինչպես ուզում ես: Հեռվից լսվում էր արկերի պայթյուն: Ցուրտը սաստկանում էր:
Վիրավորներին հասցրին վիրահատարան: Օգնություն տրվեց:
Ժայռի պռնկից ջուրը գոչյունով իջնում էր ցած` խառնվելով օրվա դառը հեգնանքին: Թշնամուն չէր հաջողվել գրավել գյուղը` նորից պայքարում էին…
Անին հրամայեց ծանր վիրավորին տանել վիրահատարան: Վիրաբույժը պայքարում էր փրկելու հնարավորինս շատ կյանք: Նրա աշխատանքը նուրբ էր և դժվարին: Պետք էր հաղթել թշնամուն և մահին: Երկուսն էլ քո վախկոտությանն են սպասում: Արևը նայում էր կիսաբաց աչքով: Ճակատագիրը ծիծաղում էր:
Վիրահատարանը վաղուց պատրաստ էր: Ձեռքերը լվանալուց հետո վիրաբույժը մոտեցավ վիրավորին… Բիբերը լայնացան, սիրտն սկսեց արագ բաբախել. հայրը գրեթե անկենդան էր: Մոտեցավ, համբուրեց հոր արնոտ դեմքը, շոյեց մազերը: Վիրավոր կաղնին մրսել էր, նրան ջերմություն էր պետք:
Վիրահատության ընթացքում հուզմունքը խեղդում էր նրան: Չծլած սերմի պես արցունքները չորանում էին: Անին դողում էր: Բուժքույրը նկատեց. խիզախության համար լցրեց հիսուն գրամ օղի, մոտեցրեց վիրաբույժին.
-Խմի՛ր, որ կարողանաս փրկել հորդ կյանքը, սա քեզ կօգնի:
Հրազենը վնասել էր հոր ուսոսկրը: Քրտինքը ծորում էր ճակատից: Բուժքույրը հազիվ էր հասցնում գործիքներ տալ: Ցուրտը չէր թողնում արագ աշխատել: Անին շուտ-շուտ շփում էր մատները: Ամեն ինչ կարծես հաջող էր ընթանում: Արյունահոսություն սկսվեց: Վիրաբույժը լարվեց: Ելքն անհայտ էր: Պահը չկորցրեց. Տիրոջը խնդրեց օգնել: Կենտրոնացող լույսից միտքը պայծառացավ: Անին վաղուց մոռացել էր, որ ձեռքերի մեջ հոր մարմինն է: Աշխատում էր ինքնամոռաց: Սեղմակներ դրեց արյունահոսող անոթներին, սառցեպարկ դրեց:
Հոր հոգին անջատվել էր մարմնից, քննող հայացքով վիրաբույժին էր նայում: Տեսավ` դուստրն է: Մոտեցավ, ձեռքերը համբուրեց: Աղջիկը ջերմություն զգաց հպման տեղում, սարսռաց: Զգաց հոր շուրթերի տաքությունը, հասկացավ ծանրության պահը: Անին այրվում էր, թվում էր՝ կրծքավանդակը տեղից փախչում է: Ջերմությունը դանդաղ մոտենում էր սրտին: Հոր հոգին շրջում էր մարմնի շուրջը: Տեսավ պահապան լույսը, որ հրամայեց մտնել մարմնի մեջ:
Արյունահոսությունը դադարեց: Վիրաբույժը շփոթված էր: Հայրը դժվարությամբ բացեց աչքերը. ժպիտ երևաց դեմքին` տեսնելով վիրաբույժին: Դուստրը զգաց Աստծո զորությունը` հայրը փրկված էր:
Արդեն երեկո էր: Խանգարվել էր հողի քունը: Ծառերը մերկացել էին: Փողոցներում քաոս էր: Վառոդի ծուխը սաստկացնում էր օրվա մռայլը: Օդը վիրավոր էր: Ցուրտը դողում էր վրեժի ահից: Կնոջ աչքերով` կռիվը սրտի մեջ էր:
Անին ստուգեց հիվանդի վիճակը, խաղաղված դուրս եկավ:
Շուրջը լռություն էր: Վիրաբույժն անհանգստացավ: Աչքերը որոնում էին փրկության ձեռքերի կարոտ վիրավորների: Հոգին անհանգիստ էր: Քայլերն ուղղեց ժայռի կողմը: Կրակահերթը նորից սկսվեց: Անիի աչքն ընկավ հրամանատարի համազգեստին: Վախից պառկեց ձյան վրա: Դողում էր, գնդակները սուրում էին գլխավերևում: Մահն այնքան մոտիկ էր… Արնաշաղախ սողում էր քարերի վրայով: Մարմինը հոգնած էր, հոգին վրեժից այրվում էր: Արմունկները չէին դիմանում: Կրծքավանդակը ցավում էր: Ոտնաթաթերը սառել էին: Գնաց ձայների կողմը: Հաղթանդամ ադրբեջանցին ամուր բռնել էր հրամանատարին. նա շնչահեղձ էր լինում: Անին սողեսող մոտեցավ, բռնեց թշնամու ոտնաթաթը, ջղաձիգ ոլորեց, քաշեց դեպի իրեն: Նա ցավից ճչաց: Հարվածեց սուր քարերին: Թուլացան ձեռքերը: Հրամանատարը փրկվել էր մահվան ճիրաններից:
Անիի աչքերից ուրախության արցունքներ հոսեցին: Հոգին ուրախ էր, որ առանց կրակոցի ադրբեջանցուն գլորեց ժայռից ցած: Փամփուշտն ափսոսում էր:
Հրամանատարը գրկեց Անիին:
Բարձրացավ ժայռի գագաթն ու զգաց հաղթանակի բերկրանքը: Օդում տարածվել էր ազատության բույրը` այն նման էր բարուրից արձակված նորածին երեխայի բույրին:
Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Հոգևոր-մշակութային