Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ



Թուր Կեծակին վիպասքներում չէ, թրկապումդ է, օրհասի պահին հանելու ես պատյանից, գրոհելու ես ոսոխի վրա, որ պաշտպանես Գրիգոր Լուսավորչի խաչը, Մաշտոցի երկնառաք գրերը, հայ լինելու քո երջանկությունը։

Եթե հավատաս այս ճշմարտությանը՝ անպայման կհաղթես։

Մոնթեն հավատում էր։

Նա Դավիթ ծնվել էր։

Խոսքը, չզարմանաք, այն նույն տղայի մասին է, որ աշխարհ էր եկել Միացյալ Նահանգներում, մայրենի լեզուն չէր իմանում, իր հայությամբ, հայկականությամբ չէր հետաքրքրվում, ամենից շատ սիրում էր իրենց տան մոտի գետի շերեփուկներով խաղալ։ Ու հենց գետը չորանում էր, խղճում, հավաքում, բերում էր տուն։ Ֆրեզնոյից ոչ հեռու, Վայսիլիայի իրենց առանձնատան պարտեզում մինչեւ հիմա պահպանվում է այն «գերեզմանոցը», որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի կենդանիներին…

Մարտունիում, զորակայանից վերադառնալիս, անսպասելի օդային ռմբակոծություն սկսվեց։ Որպեսզի վտանգից խույս տա, վարորդն ու թիկնապահը՝ Կոմիտաս Ավանեսյանը, լեռնագնացի ընթացքն արագացրեց ու չզգաց, թե ինչպես անցավ ճանապարհի ճիշտ կենտրոնում տաքացող օձի վրայով։ Մոնթեն նկատեց, կարգադրեց լեռնագնացը կանգնեցնել ու ուշադրություն չդարձնելով արկերի պայթյունին, իջավ, վերցրեց օձին, շոյեց, սիզախոտերի մեջ դրեց։

Վերադարձել, հրամանատարի խստությամբ հանդիմանում էր վարորդին.

– Առջե՛ւդ նայիր, խեղճի ողնաշարը վնասել էիր…

***

…Հայրն ըստ երեւույթին այլեւս չէր դիմանում հին երկրի կարոտին, նա նոր, այնպիսի խոշոր ինքնաշարժ գնեց, որ կինը, չորս զավակները տեղավորվեն։ Զավակները շատ կարեւոր էին, նրանք այդ ամենը պիտի տեսնեին, իրենց աչքերով տեսնեին։ Ուղեւորությունը տարի ու կես տեւեց։ Նրանք կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, անցան Եվրոպան, քերեցին Աֆրիկայի ափեզրը, հասան Ստամբուլ։ Խարբերդ։ Սեբաստիա։ Մարզվան։ Շուկայի հրապարակում կանգ առան, վեց հոգով դուրս եկան ինքնաշարժից, կանգնեցին կողք կողքի։ Տատի, միմիայն տատի նկարագրությամբ Մոնթեն ճանաչեց իրենց երկհարկանի տունը։

– Մերն է, չէ՞։

Հայրը գլխով արեց։

– Բա ինչո՞ւ ներս չենք մտնում։

Հայրը լռեց… Մոնթեն նայեց հորն ու առաջին անգամ նրան լաց լինելիս տեսավ։ Ահա այդ պահին ինքնիրեն ուխտեց, որ պիտի անպայման վերադառնա Արեւմտահայաստան։ Զենքով…

Մարտունիում, Քաջավանի ազատագրության մարտում, ադրբեջանցի մի վիրավոր զինվոր գերի ընկավ։ Մոնթեն իր լեռնագնացով հիվանդանոց բերեց, գլխավոր բժշկին ասաց.

– Ինչ անում ես արա, կյանքը փրկե, ջահել տղա է, մեղք է։

Բժիշկ Գասպարյանը քննեց, գլուխն օրորեց.

– Շատ է արյուն կորցրել, շտապ ներարկում է պետք, բայց ամբողջ հիվանդանոցում մի կաթիլ չունեմ։

Մոնթեն դուրս եկավ, դիմեց այգում խմբված զինվորներին.

– Վիրավոր գերուն ո՞վ արյուն կտա։

Ոչ ոք չարձագանքեց։

Մոնթեն Գասպարյանի բուժսենյակը մտավ, հետեւից պինդ փակեց դուռը։ Ինքն անձա՞մբ տվեց արյուն, չտվե՞ց՝ ոչ ոք չիմացավ։ Գերու կյանքը փրկվեց…

***

Փոքրուց, ուրեմն, Մոնթեն արդեն գիտեր, թե զենքը ձեռքին ո՞ւր պիտի գնա, բայց թե որտեղի՞ց է գալիս, չգիտեր։ Որպեսզի իմանա, Ճապոնիայում մի ամբողջ տարի մարտարվեստ ուսումնասիրեց, ավարտեց Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը, եղավ աշխարհի 64 երկրում, տիրապետեց յոթ լեզուների, որոնց թվում՝ ճապոներենին, ուրարտական արքայական ժայռափոր դամբարանների մասին ավարտաճառը, որ ուղարկել էր Օքսֆորդի համալսարան, ընդունվեց որպես գիտությունների դոկտորի աստիճանի հայց, բայց չներկայացավ պաշտպանությանը։ Լիբանանում սկսվեցին հակահայկական խժդժությունները, եւ նա առաջին «Կալաշնիկովը» հայթայթեց, հայկական թաղերը պաշտպանելու փութաց։

***

Մարտունեցիները գիտեին՝ Մոնթեն՝ Ավոն, ինչպես կոչում էին լեռնաշխարհում, իր նկատմամբ չափազանց բծախնդիր էր, ճակատամարտերի ամենալարված օրերին անգամ լողանալու, գոնե ցնցուղի տակ կանգնելու ժամանակ գտնում էր, բայց չէր սիրում համազգեստը փոխել, ու չնայած վաղուց արդեն խունացել էր, ծակծկվել, Կոմիտասի մորն անընդհատ լվանալ, կարկատել էր տալիս, հագնում։ Մի անգամ նույնիսկ գրպանների տեղը փոխել տվեց։

Զինվորները տեսնում էին, արդեն համոզվել էին, որ նա, չնայած ամբողջ Մարտունիի պաշտպանական շրջանի գլխավոր հրամանատարն է, չափազանց խնայասեր է, երբ գետնին՝ հողերի, փոշու մեջ փամփուշտ է նկատում, վերցնում է, սրբում, դնում գրպանը, բայց թե ինչո՞ւ՝ պատճառը չէին իմանում…

***

Վերջին անգամ, երբ Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից, արտաքսեցին Եմեն։ Այնտեղ նրան հասավ, միացավ առաջին ու վերջին սերը՝ Սեդան։ Ոչ աշխատանք ունեին, ոչ խնայողություն՝ սպասում էին, որ ծանոթ-բարեկամները՝ ավելի ճիշտ համախոհներն իրենց հիշեն, դրամ ուղարկեն։ Ու քանի որ այնքան էլ հաճախ չէին հիշում, երկուսով շիշ էին հավաքում, հանձնում, որ ստացած գումարով ամենաէժան մակարոնը գնեն, իրենք իրենց համար չափաբաժին սահմանեն, քիչ-քիչ ուտեն։ Մի անգամ, մինչեւ երկու-երեք շիշ գտան, հանձնման բաժին հասան, փակվեց։ Առանց ընթրելու անկողին մտան։ Իրար չէին խոստովանում, բայց երկուսի քունն էլ չէր տանում։ Այդ սոված գիշերը, սակայն, ամենահրաշալին դարձավ իրենց համատեղ կյանքում, որովհետեւ Մոնթեն անսպասելի անկեղծացավ։ Պատմեց, որ Պուասիի բանտում սովորություն է ունեցել Սեդայի ուղարկած քարտեզով շրջագայել Արեւմտահայաստանում։ Նա մեն-մենակ մագլցել է բոլոր լեռնագագաթները, բայց ամենից շատ սիրել է Հայկական պարի պիրկ ելեւէջները, ավելի ճիշտ՝ 2247 մետր բարձրության վրա գտնվող Գայլատու՝ փոքրիկ, ձկնառատ լիճը։ Ու ուխտել է Արեւմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել, առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ։ Շատ երեխաներ…

Հայրենիք վերադառնալուց հետո Մոնթեն կռվել էր Իջեւանում, Ճամբարակում, Էրքեջում, Բուզլուխում, Մանաշիդում, Կարաչինարում, Մարտակերտում, Քարվաճառում, Աղդամում, չէր վիրավորվել։ Մարտունիում, միայն մի ճակատամարտում, գնդակն արյունոտել, ավելի ճիշտ` քերծել էր ճակատը։ Երբ ընկերները զարմացան, թե ինչպես է այդքան էժան պրծել, լուրջ-լուրջ պատասխանեց.

– Ճակատս անանկ պինդ է, որ գնդակը չմտավ, դիպավ, ետ թռավ։

***

…Ֆրանսիայում Մոնթեն ձերբակալվել է երկու անգամ՝ 1981 եւ 1985 թվականներին, նախ կեղծ անձնագիր կրելու, ապա՝ պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով։ Երկրորդ անգամ բանտերում երեք ու կես տարի մնաց, եւ չնայած պարբերաբար խիստ խուզարկության էին ենթարկում, անակնկալ խուցը փոխում, էլեկտրական լամպը դիտմամբ աղոտ էին վառում, չորս գիրք գրեց։ «Պայքարելու իրավունքը» գրքի հեղինակը հեղափոխական է, «Մեր արմատները. ճշմարիտն ու կեղծինը»՝ հնագետ-պատմաբան, «Անցյալի ըմբռնումների քննադատությունինը»՝ ազգային-հասարակական գործիչ, «Ռազմավարության հարցինը»՝ զորավար, «Խոհեր հակաարդյունավետ մտածողության մասինը»՝ Հեգելի տեսակետները վիճարկող իմաստասեր, «Իմպերիալիզմը նոր աշխարհումինը»՝ քաղաքագետ։

Մարտունու շրջանի պաշտպանության հրամանատարությունն ստանձնելուց հետո, սակայն, որտեղ ի միջի այլոց մինչ այդ երբեք չէր եղել, որի բնակիչների լեզուն սկզբում այնքան էլ լավ չէր հասկացել, նա այնպիսի պատասխանատվությամբ համակվեց, որ իր մեջ գիտական բոլոր հակումներն ու նախասիրությունները մոռացության մատնելու ուժ ունեցավ, եւ երբ զոհվեց, նրա մոտ միայն մի՝ ռազմարվեստի դասական Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը» գիրքը գտան։ Փոխարենը կարճ ժամանակում Արցախի պաշտպանության բանակի ամենամեծ զորագունդն ստեղծեց, որը ութ գումարտակ ուներ, ընդ որում` Մարտունին միակ շրջանն էր, որն իր ոչ մի բնակավայրը, նույնիսկ ժամանակավորապես թշնամուն չէր զիջել։

Նա սովորություն ուներ. նախքան ճակատամարտն անպայման լինում էր դիրքերում, զննում էր տեղանքը, որոշակիացնում ռազմական գործողությունների բոլոր մանրամասները։ Հրամանատարի գլխավոր նպատակը զոհ ամենեւին չտալը, վիրավոր՝ հնարավորին չափ քիչ տալն էր։ Այդ օրը վարորդ-թիկնապահին ասաց, որ գիշերվա ժամը 1-ին պատրաստ լինի, պիտի բարձրանան Ալաշանի բարձունքի 08 դիրքի դիտակետը, մարտադաշտը տեղազննեն։ Ժամը 3-ին հենց բարձունքից էլ Ասկերանի գումարտակի հետ կապի մեջ մտավ։ Գրոհը համատեղ պիտի սկսեին։ Լույսը բացվելուն պես որոտացին թնդանոթները։ Մոնթեի մարտիկներն ազատագրեցին 6-7 գյուղ, տեղերում պահակակետեր թողեցին, մտան Մարզիլու։ Ասկերանի մարտիկները, սակայն, հետ էին մնում, առաջին հարձակման ժամանակ 30 վիրավոր ու զոհ էին տվել։ Մոնթեն որոշեց նրանց օգնության հասնել, պարսկահայ կամավորական Գեւորգ Քամալյանի, Ճարտարի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի հետ իջավ հրամանատարական դիտակետից, որտեղից ուղղորդում էր մարտական գործողությունները։ Ճանապարհին, չնայած լեռնագնացում տեղ չկար, միացան տեղակալը՝ Սարո Երեմյանը, հետախուզության պետը՝ Սարիբեկ Մարտիրոսյանը։ Մտան Մարզիլու։ Աղյուսաշար պարսպով մի դարպասի առաջ ԲՄՊ-1 էր կանգնած, շուրջը զինվորներ էին։ Երբ հազիվ 20 մետր էր մնում, Մոնթեն զարմացած ձայնեց.

– Ասոնք ի՞նչ են անում այստեղ։

Նոր նկատեցին, որ ազերիներ են։ Լեռնագնացից իջան, սկսեցին կրակել։ Ազերիներն իսկույն խցկվեցին իրենց ԲՄՊ-ն, արձակեցին առաջին զրահահարը։ Վրիպեցին։ Մոնթեն, Կոմիտասը, Գեւորգը,Հովիկը, Սարիբեկն ու Սարոն վազելով անցան աղյուսաշար պատի ետեւը, դիրքեր գրավեցին։ Զրահամեքենայի երկրորդ արկը դիպավ պատի սուր անկյանը, պայթեց, ու գալարատաշեղի նման մի բեկոր դիպչելով էլեկտրասյանը, հետ թռավ, մխրճվեց Մոնթեի ճակատի ձախակողմը։ Նա ընկավ։

Նա այս ամենը կանխազգում, Անդրանիկ զորավարին հիշելիս անընդհատ կրկնում էր.

– Երանի նրա բախտին չարժանանամ, անկողնում չմեռնեմ…

Կոմիտասը նետվեց հրամանատարի կողմը, զգաց, որ ոտքերը ծալվում են։ Վիրավորվել էր։ Հովիկը մի կերպ մոտեցավ, Մոնթեի՝ «00» պայմանականչով արյունոտված հեռակապը վերցրեց, օգնություն խնդրեց։ Տեղ հասավ Մուշկապատի ջոկատը՝ Աբրիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Ազերիները տասը զոհ, մի վիրավոր թողնելով, լցվեցին ԲՄՊ-1-ը, փախան…

Մոնթեն վաղուց, շատ վաղուց Երեւանում չէր եղել, վերջին օրերին առիթով թե անառիթ, անընդհատ Արարատի մասին էր խոսում։ Երեւի շատ էր կարոտել։ Մտերիմները գիտեին՝ նա Արարատին կարոտում էր, առանց Արարատի չէր կարողանում։ Որոշեցին մարմինը Երեւան տանել, բայց մարտունեցիները չէին թողնում՝ կանայք կառչել էին ուղղաթիռի պտուտակներից, Մարինե Գրիգորյանն անընդհատ ճչում էր՝ «Էս ո՞ւր եք տանում մեր թեւ ու թիկունք, մեր հույս ու հավատ Ավոյին, ինչի՞ եք մեզ որբացնում»։

Հիմա նա հանգչում է Արարատին դեմ հանդիման, Լեռն ու Զինվորը հայացք հայացքի իրար նայում, զրուցում են։ Թե ինչի մասին, մենք՝ մահկանացուներս հետո կիմանանք։ Նրանք՝ անմահները, կանխորոշում են մեր ապագան…

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏԸ

Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։

Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։

Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

ԱՄԵՆԱՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ՄԱՐԴՆ ԷՐ

Մոնթեի հետ ծանոթացել եմ 1992թ. փետրվարի 22-ին, Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Տեխնիկայի օգնությամբ եւ մեր ուժերով Վերին Վեյսալուն գրավելիս վիրավորվեցի։ Երեւանում բուժվելուց հետո ներկայացա ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին` իմանալու հետագա անելիքս։ Ասաց, որ Մոնթեն անծանոթ է մեր «մենթալիտետին», եւ իմ ներկայությունն այնտեղ ճիշտ կլինի։ Ես մեկնեցի Մարտունի։ Սկզբում Մոնթեի տեղակալն էի։ 1992թ. հուլիսի 28-ին հակառակորդն անցավ ծավալուն հարձակման։ Ես ղեկավարում էի Ճարտարի ուղղության պաշտպանությունը։ Փայլուն հաղթանակից հետո ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով նշանակվեցի Ճարտարի գումարտակի հրամանատար եւ ձեռնամուխ եղա բանակային գումարտակների ձեւավորմանը։ Ինձ համար ամենահայրենասեր, ամենաազնիվ մարդն էր Մոնթեն։ Ազնիվ էր ու անկոտրում։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, նա պրոֆեսիոնալ էր իր անցած ճանապարհով` որպես կորցրած հայրենիքի, Հայ դատի զինվոր, նաեւ ռազմական գործի իմացությամբ։ Մեծ հայ էր։

Եթե իմանաք, թե Մարտունիում ինչ աստիճանի դժվարություններ հաղթահարեց, բայց ոչ մի անգամ չասաց` կթողնեմ, կգնամ։ Ինքն իրեն հստակ խնդիրներ էր առաջադրում, այնպիսի խնդիրներ, որ այդ օրերին, այդ իրավիճակում մեզ թվում էին անիրագործելի։ 1992-93թթ. շատ ծանր իրադրություն էր։ Շահումյանը հայաթափվել էր, Մարտակերտը գրեթե ամբողջությամբ զավթված էր, Հադրութի գյուղերը` նույնպես։ Եվ անկումի այդ իրավիճակում Մոնթեն ասում էր. «Ղարաբաղի սահմանը պետք է այստեղ լինի»,- ու գծագրում էր ԼՂՀ այսօրվա սահմանները։ Մենք մտածում էինք, որ նա մեծ երազող է։ Մեր երազանքն էր ընդամենը վերադարձնել մեր գյուղերը։

Շատ լավ էր տիրապետում բանակային կարգուկանոնին։ Արտոնյալ անձանց (կային այդպիսիք) շարք կանգնեցնելու խնդիրներ շատ էին ծագում։ Ասում էին. «Մենք կռված ջոկատ ենք»։ Մոնթեն հրամայում էր. «Ինձ կռված տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք, շա՛րք կանգնեցեք»։

Երբ մարտի ժամանակ Մոնթեն զինակիցների կողքին էր լինում կամ թեկուզ հեռակապով լսում էին ձայնը, անսովոր ուժ էին ստանում եւ կռվում ավելի վստահ ու խիզախորեն։ Ընդհանուր առմամբ ձգտում էր ոչ թե հրամանատարական կետում լինել, այլ այնտեղ, որտեղ թեժ մարտեր էին։ Երբ ռադիոկապով մարտիկները լսում էին Մոնթեի ձայնը, գիտեին այն պահն է, երբ օգնություն պիտի լինի, եւ ավելի ամուր էին կանգնում դիրքերում։

Համոզված էր` մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է։ Զինվորը երդվում է` այդպիսով ստանձնելով հայրենիքի անձնուրաց պաշտպան դառնալու անխախտ պարտականությունն ու անվերապահ պատասխանատվությունը։ Բոլոր խորհրդանշանները, որ Մոնթեն ուզում էր կիրառել Մարտունու պաշտպանական շրջանում, այսօր կան, բնորոշում են մեր բանակը։ Երազում էր, որ բոլոր մարտիկները միատեսակ հագնվեն։ Ցավոք, չհասցրեց տեսնել այդ ամենը։ Չէր թողնում, որ գերիների հանդեպ դաժան լինեն, գրաված տարածքում նեղացնեն բնակչությանը։

Շատ բարձր եմ գնահատում այն, որ միշտ արդյունավետ արված գործը վերագրում էր իր ենթականերին, իսկ ենթակաների չարածը` իրեն։ Նրա ամենատպավորիչ, էական հատկանիշը մի օրինակով չես սպառի։ Ենթականերին նախապատրաստում էր որպես վաղվա հրամանատարներ։ Գումարտակի հրամանատարին ասում էր. «Այս կռիվը դու պիտի վարես»։

Ավոյի խոսքը դարձել է թեւավոր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում այս խոսքն ամենուր գրված է։

Եթե Մոնթեի պես աշխատենք ու ապրենք, վաղվա օրն ապահով կլինի։

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ պաշտպանության նախարար,
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

ԶԱՐՄԱՑԱ, ՈՐ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴ ԿԱ

1993թ. մարտի սկզբին, Դրմբոնում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանը գումարտակների հրամանատարների խորհրդակցություն էր անցկացնելու։ Բոլորս զինվորական անթերի համազգեստներով նստած էինք։ Ավոն էլ պիտի գար։ Արդեն իր մասին մեծ ու զարմանալի տպավորություն կար։ Եվ ահա եկավ… կիսամաշ հագուստով ու ռետինե սապոգներով։ Զարմացանք` գնդի հրամանատար է, ինչպես է այդ անշուք հագուստը հագել։ Այդ ռետինե սապոգները մեզնից ոչ ոք չէր հագնի։ Հիմա հասկանում եմ, որ հագնվելն իր համար խնդիր չէր, կարեւոր չէր։

Մարտունեցիներն Ավոյի գլխավորությամբ մասնակցելու էին Քարվաճառի մարտական գործողությանը։ Խորհրդակցության ժամանակ խոսվեց Պուշկենյալն ու հեռուստաաշտարակի բարձունքը գրավելու մասին։ Ավոն լսողի դերում էր։ Շատ զարմացած հարցրեց. «Որտե՞ղ է Պուշկենյալը»։ Քարտեզի մոտ ես էի։ Հրամանատար Նորայր Դանիելյանն ասաց, որ տեղը ցույց տամ։ Երբ ցույց տվեցի, Ավոն հարցրեց. «Որտե՞ղ է Ղարաբաղի սահմանը»։ Ցույց տվեցի Սեյսուլանի ծայրը, որ սուր եռանկյան նման մխրճված էր Ադրբեջանի տարածքը։ Հետո խոսակցության թեման փոխվեց։ Ավոն նայեց, նայեց քարտեզին ու գոչեց. «Ծո՛ւռ է քարտեզը, ծո՛ւռ է քարտեզը»։ Եվ մատիտը դնելով Սեյսուլանի սուր անկյան վրա` ուղիղ գիծ տարավ դեպի Կուրոպատկինո, Մարտունի` ասելով.

-Այսպե՛ս պետք ըլլա։

Այդ գծով Աղդամը մնաց մեր կողմում։ Մտածեցինք` այս մարդն աշխարհից կտրված, ի~նչ է գծում։ Մարտակերտը չենք ազատագրել, Աղդա՞մ պիտի գրավենք։ Բայց հետո սահմանը ճիշտ իր գծածով եղավ։

ՎԼԱԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԼԵԳԵՆԴ ԷՐ

Մոնթեն ու Նրա նմանները պատերազմից անձնական շահ, օգուտ չէին ակնկալում։ Նրանց պայքարը միայն ու միայն հայրենիքի փրկության ու ազատության համար էր։ Եվ ինքը, լինելով այդ գաղափարի նվիրյալը` իր զինվորներին դաստիարակում էր մարդկային բարձր արժեքների ոգով։

Մի օր Մարտունու շրջանի «Սեւան-1», «Սեւան-2» դիրքերն ստուգելիս ուղեկցում էի Մոնթեին։ Հակառակորդն ականանետներով կրակում էր։ Յուրաքանչյուր կրակոցի ժամանակ գլուխս իջեցնում էի։ Ասաց. «Մի վախնար, մի վախնար, հոտկե ավելի չի գար»,- ցույց տալով մեր կանգնած տեղից մոտավորապես ութ մետր այն կողմ, ուր պայթում էին ականները։

Պետհամալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի աշխատասենյակում հանդիպեցի Մոնթեին։ Թամրազյանը հարցրեց.

-Թուրքերը լավ կռվողներ ունե՞ն։

Մոնթեն զինվորին վայել արժանապատիվ պատասխան տվեց.

-Այո, այն էլ ինչպիսի~, մարդու ափսոս կուգա սպանել…

1993թ. հունիսի 12-ին իմացանք, որ Մոնթեն զոհվել է։ Երբ մեկնում էինք Մարտունի` աճյունը բերելու, հիշեցի իրեն բնորոշ մի դրվագ։ 1992 թվականն էր։ Գետնին փամփուշտ էր ընկած, Մոնթեն վերցրեց այն, համազգեստին քսելով մաքրեց, համբուրեց ու դրեց գրպանը։ Փամփուշտը թանկ արժեր. գնում էինք հատը ութ ռուբլով։

Երբ հոսպիտալում փոխում էի Մոնթեի հագուստը, զարմանքով տեսա, թե այդ փոքրամարմին այրն ինչպիսի մարզված, հզոր բազուկներ ու կրծքավանդակ ուներ։ Արկի բեկորը մխրճվել էր գլուխը, իսկ մարմինն անաղարտ էր։

Չեմ մոռանում այդ օրվա մի դրվագ։ Նույն օրը զոհված Սարիբեկ Մարտիրոսյանի մայրը որդու դին թողել, եկել, ողբում էր Մոնթեի վրա։

Կենդանության օրոք Մոնթեն լեգենդ էր, իսկ զոհվելուց հետո սրբացավ։ Բազմիցս տեսել եմ, թե ինչպես զոհվածի նկարի առջեւից տանում են Մոնթեի նկարը։ Այսօր էլ Արցախի շատ օջախներում զոհվածի նկարի կողքին կտեսնես Մոնթեի նկարը։ Լեգենդը չի մեռնում, ապրում է ժողովրդի հիշողության մեջ։

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Մասնակցել է Մարտունու շրջանի Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մաճկալաշեն, Վերին Դիվանրար, Մարտակերտի շրջանի Վերին Հարությունագոմեր, Վաղուհաս գյուղերի ազատագրմանը, Աղդամի, Ֆիզուլու շրջանի մարտական գործողություններին։

Առաջին անգամ Ավոյին հանդիպեցինք Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Առաջինը տպավորվեց նրա արեւմտահայերենը, որը շատերին անհասկանալի էր։

Երբ ասում էր, որ պետք է դիրքավորվենք Ֆիզուլու մոտակա բլուրների վրա, եւ երբ գրավեցինք Ֆիզուլին, մեզ դա այն ժամանակ թվում էր անիրականանալի մի բան։ 1992թ. էր։ Թեժ մարտեր էին.

-Հինգ-վեց օր է` փոխարինողներ չեն գալիս,- սրտնեղեցին զինվորները։

Ավոն զարմացած նայեց նրանց ու ասաց.

-Ուրախ չե՞ք, որ դուք կպահեք դիրքերը։

Նրա հայրենասիրությունը սահման չուներ։

1992թ. մայիսն էր. ուզում էինք մտնել Աղդամի գյուղերը։ Ծրագրված էր հաջորդ օրն աղջամուղջին։ Ունեինք 70-80 հետեւակ, երկու զրահամեքենա։ Կապվեցի, ասացի.

-Ավո, թուրքերի կողմից հինգ տանկ է բարձրանում։

Ասաց.

-Ոչինչ, ոչինչ, Արթուր ջան, ատիկա մեզի նվեր կբերեն։

Միշտ ասում էր` մեր մեկը պիտի կռվի հազարի դեմ։ Ավոն մեծ մարդ էր, լավագույններից լավագույնը։

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ազատամարտիկ

Խորագիր՝ Ճակատագրեր


11/06/2014