Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ…



Սկիզբը՝ նախորդ համարում

Երեք օր ես կարողացա թաքնվել քոչերում՝ իրերի, անկողինների տակ, սակայն երրորդ օրվա վերջում ինձ դուրս հանեցին իմ թաքստոցից և ծեծելով տարան դեպի կամուրջը՝ խառնելով մի խումբ մարդկանց հետ: Մեր ամբողջ հագուստը հանեցին՝ թողնելով միայն տակի փոխնորդը, շարք կանգնեցրին. այդ վայրկյանին մեր սրտերը ավելի հանգիստ էին, քան թաքնված ժամանակ, անհամբեր սպասում էինք կրակոցի, յուրաքանչյուր վայրկյանի ուշացումը կրկնակի և եռակի մահ էր, ցանկանում էինք, որ վայրկենապես կատարվի գործողությունը, որպեսզի ազատվենք տառապանքից: Հանկարծ երեսուն հրացան միանգամից պայթեց, բոլորս միանգամից կամրջի ահռելի բարձրությունից գահավիժեցինք Եփրատ գետը: Ես զգացի, որ ինձ գնդակ չի դիպել, ոչ մի տեղս չի ցավում… Երևի մորս ջերմեռանդ աղոթքն էր ինձ պահել… Գետի հոսանքի հետ գնում էի, կողքերս՝ լողացող դիակներ…

…Դուրս եկա գետից, սակայն… ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ անեմ, մոլորված դողացնում էի: Չորս բոլորս ընդարձակ դաշտավայր էր, այնպես, որ մարդը կարող էր հասակով մեկ կանգնել արտերի մեջ ու չերևալ: Խորացա արտերի մեջ, պառկեցի. այդ գիշեր դողացնելով լուսացրի: Առավոտյան արևը ծագեց, սակայն դա սովորական արև չէր, ինչպես ծագում էր Հապակ սարի գագաթից, արյան գույն ուներ, դաշտեր, սարեր, ձորեր, ամեն ինչ իմ աչքին արյան գույն ուներ: Ես արագ սկսեցի սինձ, տատրնակ հավաքել, սնվել դրանցով, ցորենի հասկերով… Օրերն անցնում էին (մեկ ամսից ավելի այդտեղ մնացի)… Գիշերներն ինձ հանգիստ, ապահով էի զգում. հիշում էի, թե ինչպես մայրս ամեն օր ինձ համար մի գաթա էր թխում՝ երեսին էլ մեղր քաշած, գրպաններս լիքը չոր միրգ, լաբլաբու, չամիչ, ընկույզի մեջ չորացրած թութ էր լցնում, պատկերացնում էի մեր ճոխ սեղանները և սեղանի վերի ծայրին նստած հայրիկիս… Ավա՜ղ, երևակայական պատկերները երկար չէին տևում. իսկույն սթափվում էի, տեսնում, որ նույն տեղում եմ ու սկսում էի լաց լինել… Երբ լուսանում էր, դրությունս դառնում էր անտանելի: Օրեցօր դժվարանում էր. մի կողմից սովը, մյուս կողմից՝ սպանվելու վտանգը: Մտաբերեցի մեր ծանոթ քուրդ աղայի տունը. նրան Մահմետ աղա էին ասում: Երբ մթնեց, գնացի գետի բերանը, տեսա մարդկային դիակներ, որը՝ գետի ափին՝ ուռած ու նեխած, որը գնում էր գետի հոսանքի հետ: Այնպիսի մի սարսափ տիրեց ինձ. ո՞վ գիտի, գուցե մի քանի րոպե հետո ես նույնպես մի դիակ դառնամ… Աչքերս փակեցի, Աստված կանչելով ինձ ձգեցի գետը, իսկ թե գետն ինձ ո՞ւր դուրս կբերի, ինձ համար միևնույն էր… Մի փոքր ուժ տալով ինձ՝ դուրս եկա մյուս ափ, սկսեցի դանդաղ գետի հոսանքով շարունակել ճանապարհը … Ես քայլում էի մեր հանդի միջով, հասա մեր արտին, սիրտս սկսեց տրոփել, որոշեցի գյուղ մտնել, մի անգամ էլ տեսնել մեր տները, այնուհետև՝ ինչ ուզում է թող լինի, իսկ հետո այդ մտքից հրաժարվեցի, շարունակեցի քայլել… Երկու կիլոմետրի չափ գնալուց հետո հասա մեր ջրաղացին, տեսնելով ջրաղացը՝ սիրտս լցվեց, սկսեցի լաց լինել… Կսկծալով անց կացա…

Արշալույսը բացվեց, հասա սարի տակ, սարի մյուս երեսը մեր ծանոթ աղայի տներն էին, բայց ես այլևս ուժ չունեի մի քայլ անգամ փոխելու, թեեւ երեքից չորս կիլոմետր էր մնացել… Թվում էր՝ ճանապարհը քանի գնում, երկարում է, ոտքս առաջ եմ դնում, հետ է գալիս, յուրաքանչյուր քայլափոխի աչքերս մթնում էին… Վերջապես… Սարի տակ երևաց քրդի տունը, մի չտեսնված ուրախություն զգացի, սակայն դա երկար չտևեց, դառը մտքերն ու կասկածները պաշարեցին ինձ: Մտածեցի. Աստված մի արասցե, գնամ, տեսնեմ, մերոնք այնտեղ չեն, ի՞նչ կլինի իմ վիճակը… Եթե այդ վերջին հույսն էլ կտրվի, ես անմիջապես կմեռնեմ… Մտածելու ժամանակ չկար, լուսանալուն մոտ էր… Ուղիղ գնացի մտա հացատուն, սիրտս սկսեց շատ ուժեղ խփել, այնպես, որ քիչ էր մնում՝ շնչառությունս փակվի, մեկ րոպեի չափ կանգնեցի տեղում, շունչ հավաքեցի և սկսեցի շուրջս նայել: Հանկարծ դիմացս մի դուռ նկատեցի, որը բաց էր: Տեսա… Մերոնք բոլորը տխուր նստած են, աչքերիս չհավատացի, կարծեցի երազ է, որովհետև այդպիսի երազներ միշտ տեսնում էի: Սկսեցի կամաց առաջանալ, մտնելով ներս՝ դռան հետևը կանգնած մնացի: Մերոնք, ինձ տեսնելով, կարծեցին, թե քրդի մուրացկան երեխա եմ: Մայրս քրոջս՝ Աղավնիկին, ասաց.

-Աղավնի՛կ, վեր կաց, հաց տուր նրան, Լևոնիս բաժինը թող լինի:

Քույրս անմիջապես կանգնեց, տաշտից մի լավաշ բերեց, լավաշը ինձ մեկնելու ժամանակ մեր հայացքները հանդիպեցին:

-Լևո՜ն,- քույրս բարձր ճիչ արձակեց, ուշաթափվեց:

Մերոնք ամեն կողմից վրա թափվեցին, փաթաթվեցին ինձ, լաց ու որոտումով տունը լցվեց, իսկ եղբայրս ինձ մի կերպ անջատեց ու տարավ ուրիշ սենյակ և ոչ ոքի չթողեց, որ ինձ հարց տային կամ մոտենային, ինքը նույնպես ոչ մի հարց չտվեց: Մի քանի րոպեից ներս մտավ, տեսնեմ՝ ձեռքին մի փոքր թասով տաքացրած կաթ, սկսեց անխոս խմեցնել: Եղբորս խնդրեցի՝ գոնե մի կտոր հաց բերի, հրաժարվեց, ասաց՝ առայժմ չի կարելի… Ինձ համար մաքուր փոխնորդ բերեցին, փափուկ անկողին: Կես ժամի չափ անցավ, եղբայրս ներս մտավ՝ մի աման յուղալի խավիծ ձեռքին, վերցնելով գդալը՝ հարձակվեցի խավիծի վրա, բայց իսկույն էլ կանգ առա, կարծես կոկորդիս դեմ առավ ու այլևս կուլ չգնաց: Եղբայրս անմիջապես մի մեծ թասով մածնի թան բերեց, թանի կեսը խմելուց հետո սկսեցի ուտել… Հետո անմիջապես քնել եմ, չգիտեմ՝ որքան եմ քնել: Հանկարծ աչքերս բացեցի, տեսա՝ մութ է, մի րոպե շշմեցի, նայեցի վերև, աստղեր չեն երևում, շուռ եկա կողքի, լուսամուտները տեսա, նոր մտքերս հավաքելով՝ հասկացա, թե որտեղ եմ, սկսեցի ամեն ինչ շոշափել անկողնից սկսած՝ լուսամուտ, դուռ, վերջացրի պատերով, նոր հավատացի, որ ոչ թե երազ է, այլ իրականություն…

♦♦♦

Սկսվեցին խուզարկությունները. էլ սար ու քար, էլ անտառներ, նայում էին անգամ ամեն թփի տակ. չլինի թե որևէ հայ թաքնված լինի: Դրությունը դարձավ անտանելի: Թուրքերը, Տերսմի քրդերը հետապնդում էին փախստական հայերին: Հրամայված էր. այն մահմեդականին, որը կհամարձակվի անգամ մի հայի երեխա թաքցնել, ընտանիքով վառել իր տան մեջ… Մահմետ աղան կանչեց եղբորս, որոշել էր առավոտ-գիշերով մեզ տանել անտառ, թաքցնել որևէ ապահով տեղ, երեկոյան բերել տուն: Լույսը դեռ չբացված՝ մեզ ձայն տվին, վեր կացանք ու քնաթաթախ հետևեցինք նրան, մտանք անտառի խորքը, այնտեղ մի քարանձավ կար՝ անցքը նեղ… Կուչ եկանք ամենքս մի անկյունում… Այդպես շարունակեցինք մի քանի օր գնալ ու գալ… Սար ու ձոր լցված էր քրդերով… Մեզ վիճակված չէր ապահովություն և հանգստություն…

Քրդերը տասը հոգով շրջապատեցին աղայի տունը: Խեղճ աղան երդում կրակ էր մտել, թե այստեղ հայ չկա, հրացանների փակաղակները շրխկացին, լսեցինք, թե ինչպես լացակումած ասեց՝ գոմում են… Բոլորը ներս լցվեցին, հրացանների խզակոթերով մեզ հարվածելով՝ մսուրներից դուրս քաշեցին: Հրացանները ուղղեցին աղայի տղաների ու կանանց վրա, մեկ էլ դիմացի սարից սկսեցին գոչել ու հայհոյել, հարյուրավոր հրացաններ պայթեցին: Քրդերն իրար խառնվեցին ու սկսեցին փախչել, երկու քուրդ բռնեցին իմ թևերից, սկսեցին քարշ տալ իրենց ետևից… Ճանապարհ դեպի անհայտություն… Մայրս, քույրերս, Հարությունը, միթե այլևս նրանց չեմ տեսնելու… Քրդերն սպառնում էին, թե կսպանեն, սակայն այդ ամենն ինձ վրա բոլորովին չէր ազդում, ավելի բորբոքվում էի, այլևս չէի վախենում, թող սպանեն… Անցան օրեր… Հասանք քրդական մի գյուղ… Մտանք մի տուն, ամբողջ ընտանիքով դիմավորեցին մեզ, հարց ու բարև արին: Հետո Մուստաֆա աղան (որ ինձ բերել էր) բացատրեց, որ որբ եմ, ինձ իր եղբոր համար որպես տղացու է բերել: Այնպես ուրախացան, քիչ էր մնում՝ պար գային: Շրջապատեցին ինձ, սկսեցին համբուրել, իսկ իմ զզվանքն էր գալիս: Ռիզան սկսեց պատմել. երկու օր առաջ Բարսեղը հանկարծ հարձակվել է Խալիլ աղայի ամառանոցի վրա, Խալիլ աղան իր հինգ մշակների հետ սպանվել է, իսկ գյավուրներին բան չի եղել, թողել հեռացել են, այդ գյավուրը շատ ճարպիկ ու քաջ մարդ է: Ես ամեն ինչ մոռացա, կարծես մի ներքին ուժ եկավ վրաս. չէ որ Բարսեղը հայ է, զենքը ձեռքին կոտորում ու ահաբեկում է քրդերին… Իսկ քանի հազար բարսեղներ կային, եթե բոլորը նրա նման գործեին, ինչ կլիներ թուրքերի ու քրդերի դրությունը: Մի Բարսեղ հինգ կտրիճով մի ամբողջ գավառի մեջ ահ ու սարսափ է գցել, իսկ միլիոնավոր բարսեղներ ոչխարի նման մորթվեցին… Հետո քրդերը ինձ մոտ կանչեցին.

-Ասա՛, տեսնենք, քեզ ի՞նչ անուն դնենք:

Ես պատասխանեցի.

-Ես անուն ունեմ, ինձ անուն հարկավոր չի:

-Ի՞նչ է քո անունը,- հարցրեց «հերացուս»:

-Լևո՛ն:

-Այդ անունը քեզ հարկավոր չի, նոր քրդական անուն կդնենք, դու այլևս գյավուր չես, այսուհետ Ռիզա աղայի տղան ես:

Մեծ եղբայրը առաջարկեց Հասան կոչել, և բոլորը նրա հետ համամիտ եղան: Ինձ կոչեցին Հասան: Երկար խոսելուց հետո պառկեցին քնելու, բայց ես ինչպե՞ս կարող էի քնել, երբ հայոց Լևոն թագավորից (հայրիկս էր միշտ ասում) դարձա մի քրդի լամուկ… Առավոտյան ինձ բերող քուրդը գնալուց ինձ ասաց.

-Հասա՛ն, խելո՛ք կմնաս, հիմա Ռիզան և Անիֆան են քո ծնողները, եղի՛ր հնազանդ և մոռացիր անցյալը:

Ինքը գնաց, իսկ ես նորից սկսեցի դառը լաց լինել: Մոռանամ անցյա՞լս… Այդ անկարելի է… Ռիզան ինձ կանչեց, իսկ ես չլսելու տվեցի: Նորից կանչեց, ես դարձյալ չպատասխանեցի, մի անգամ էլ կանչեց՝ Լևոն, ես անմիջապես պատասխանեցի:

-Ախ, դու, քյաֆիրե մավրո, սպասի, ես քեզ կսովորեցնեմ,- ու ինձ դուրս տարավ, ցույց տվեց գառները. այսուհետ իմ գործն էր լինելու գառները տանել արածեցնելու ու ամեն երեկո հետս մի շալակ փայտ բերել…

Մի օր էլ հարևան քրդերը հրացան էին քանդել յուղելու համար, հետո բոլորով փորձել, չէին կարողացել հավաքել. դա նոր զենք էր, կոչվում էր այնալու: Վերջն ինձ կանչեցին, ասել էին՝ հայ է, կհասկանա: Գնացի, տեսա՝ հասարակ բան է, խզակոթի տակ փոքր կեռիկ կար, ներքև սեղմեցի, իսկույն տեղն ընկավ: Քրդերը զարմացան, ասացին, որ հայի երեխան այսքան բան է հասկանում, բա դրանց մեծե՞րն ինչեր կիմանան: «Հայ ես, վարպետ ես». այդպես էին մեր մասին քրդերն ասում:

Մի երեկո քրդերն իրար անցան, տղամարդիկ զինվեցին, վլվլոցն ընկավ կանանց ու երեխաների մեջ, ամբողջ գյուղը իրար էր խառնվել. Բարսեղի խմբին մոտիկ անտառում տեսնող էր եղել: Շատ ուրախացա, Աստված էի կանչում, որ Բարսեղը հարձակվի գյուղի վրա ու ազատի ինձ: Ամբողջ գիշեր չքնեցինք, սակայն Բարսեղը չերևաց:

Օրեր անցան… Ցերեկվա ժամը տասներկուսը կլիներ. լսեցի հրացանների որոտ, ամբողջ օրը կրակեցին առանց դադար առնելու: Երեկոյան վերադարձա տուն, քուրդ պապիկը պատմեց, որ առավոտյան Բարսեղը եկել է էս կողմերը, հանդիպել քոռ Խտոյի ղոլին, կռվի են բռնվել, Խտոյի մարդիկ շատ են եղել՝ երկու հարյուր քուրդ, իսկ նրանք՝ ընդամենը հինգ հոգի, մտել են քարանձավն ու սկսել կռիվը: Քարանձավը պաշարվել է, բայց նրանք անձնատուր չեն եղել, ուժեղ դիմադրել են: Այդ վայրկյանին շունչս կարծես կտրվեր, լեզուս չէր դառնում… Մի կերպ լուսացրի, շտապ գառները առաջս արի ու տարա սարը: Ամբողջ օրը կրակեցին: Սկսեցի լաց լինել ու խնդրել Աստծուն, որ օգնի Բարսեղին ու իր ընկերներին: Այդպես անցավ երեք օր: Երեկոյան հասա գյուղ, տեսնեմ տոնախմբություն է… Ամեն ինչ հասկացա… Քուրդ պապիկը պատմեց, որ երեք օր դիմադրելուց հետո Բարսեղի խմբի փամփուշտները վերջացել են, մեկական փամփուշտ պահած են լինում, դնում են իրենց կրծքին ու կրակում: Ոչ մեկը թշնամու գնդակով չի ընկնում, իսկ Բարսեղի գլուխը կտրում են, ուղարկում Քղի:

Հինգ հերոսի դիակ սառը քարանձավում… Սկսեցի գոռալ, լաց լինել: Այլևս կյանքն ինձ համար կոպեկի արժեք չուներ, քուրդ պապիկը սկսեց ինձ խրատել, թե՝ «համբերություն է հարկավոր, վերջը լավ կլինի»…

Շարունակելի

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Հոգևոր-մշակութային


11/06/2014