Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆ. ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ



Խորհրդային Միության ականավոր պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անվան շուրջ բորբոքված կրքերը` նրա բրոնզե արձանը Երևանում տեղադրելու քաղաքապետարանի հայտնի որոշման առիթով, իմ կարծիքով, լեզվակռիվ հիշեցնող սիրողական, առավել` զգացմունքային մակարդակի դատողություններից այն կողմ չեն անցնում, մինչդեռ այն մի եզակի հնարավորություն կարող էր լինել` հայ քաղաքական մտքի տեղն ու դերը մեր հասարակական պետական կյանքում որոշելու, ճշգրտելու համար: Մանավանդ, եթե խոսքը Միկոյանի մեծության պետական գործչին է վերաբերում, մանավանդ հիմա, երբ բազմաթիվ ու դժվարին մարտահրավերների առաջ ենք կանգնած ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մոտիկ ու հեռավոր բոլոր երկրները:

Այս մտորումներն ինձ հիշեցրին իմ վաղեմի ընկերոջն ու բարեկամին` մշակութաբան, փիլիսոփա, գրող, բանաստեղծ Ռուբեն Անգալադյանին, որի հետ մոտ տասը տարի առաջ առիթ էի ունեցել վերոհիշյալ հարցերը քննարկելու: Ուզեցի իմանալ նրա վերաբերմունքը տեղի ունեցածի մասին, սակայն մտածեցի` հանդիպելուց առաջ մեկ անգամ էլ աչքի անցկացնել մեր զրույցը՝ տպագրված «Հայ զինվոր» թերթի 2005 թ. թիվ 28-ում` Անաստաս Միկոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ տեսա, որ համարյա տասնամյա վաղեմության հարցազրույցը, որը մեր նորանկախ պետության պատմության մեջ Անաստաս Միկոյան պետական-քաղաքական գործչի մասին առաջին հրապարակային խոսքն էր, ոչ միայն հնացած չէ, այլև պարունակում է թերևս մի շարք հարցերի պատասխանները, որոնք այսօր հուզում են մեր հասարակությանը և կարող են ուղղորդել նրա միտքը և հստակեցնել վերաբերմունքը ոչ միանշանակ ընկալվող քաղաքական գործչի նկատմամբ` ըստ արժանվույն գնահատելու նրա դերակատարությունը խորհրդային երկրի ժողովուրդների, մասնավորապես` հայ ժողովրդի կյանքում:

Մենք ուղղակի իրավունք չունենք աղքատացնելու, եթե ավելի կոպիտ չարտահայտվեմ` կրտելու մեր քաղաքական միտքը, մենք իրավունք չունենք մեր քաղաքական գունապնակից ջնջելու, հանելու որևէ գույն ու երանգ, ինչ է` մեր ճաշակին հաճո չէ, եթե չենք ուզում խախտել գունային գամման:

Ստորև ներկայացնում եմ «Անաստաս Միկոյան. ծանոթ ու անծանոթ» հրապարակումն ամբողջությամբ` առանց խմբագրումների:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

-Պարոն Անգալադյան, ինչո՞ւ հանկարծ այսօր, երբ թեեւ նախկին Խորհրդային Միություն կոչվող երկիրը չկա, բայց մարդկանց հիշողության մեջ դեռեւս այնպես թարմ են այդ երկրի քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական փլուզումները, ձեռնարկեցիք ժամանակի ամենահայտնի քաղաքական գործչի մասին գիրք գրելու գործը։

-Մենք հաճախ ենք հպարտությամբ արձանագրում, որ 12 մայրաքաղաք ենք ունեցել։ Միայն վերջին հարյուր տարում երրորդ անգամ պետություն ենք ստեղծում… Պետություն ստեղծելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա փորձը ցույց է տալիս, որ մենք քաղաքական մտքի մեծ բացթողումներ ենք ունեցել։ Մինչ օրս մենք չունենք Հայաստանի քաղաքական պատմությունը. չշփոթենք հայ ժողովրդի պատմության հետ, որից կիմանայինք, թե ինչպես է ծնվում մեր պետությունը, ի՞նչ մեխանիզմներ են գործում, կամ՝ ճի՞շտ են գործում արդյոք, ի՞նչ քայլերով պիտի առաջ գնանք… 12 մայրաքաղաք ունենալու փաստն արդեն ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ պետություն ստեղծելու մեր ազգային կամքն ու միտքը միավորման, միաձուլման են ձգտում, մեր պետական միտքը պարտվում է թույլ լինելու պատճառով։ Սակայն որոշ ժամանակ անց կրկին մեր ազգային կամքը ձգտում է իր պետությունն ստեղծելուն՝ ազգային մարմինն իր տարածքներում միավորելուն։ Եվ նորից անարդյունք։ Իմ խորին համոզմամբ, Անաստաս Միկոյանը քաղաքական գործչի հենց այն տեսակն, այն կերպարն է, որի պակասը մենք միշտ զգացել ենք մեր երկարատեւ պատմության ընթացքում եւ կարիքը միշտ կունենանք. համաշխարհային մասշտաբի քաղաքական դեմքը, եզակի խորաթափանցություն, փորձառություն ու կոփվածություն ունեցող պետական այր, դիվանագետ, վերլուծական վիթխարի մտքի տեր մի անհատականություն…

Ա. Միկոյան եւ ծովակալ Հ. Իսակով

– Անշուշտ, այդպես է։ Սակայն խոստովանենք, որ Միկոյանի կերպարը երբեւէ միանշանակ չի ընկալվել մեր ժողովրդի կողմից եւ շատ հաճախ իրարամերժ, հակասական գնահատականների է արժանացել… Ասես քաղաքական գործչի նման տեսակը չի տեղավորվել մեր ժողովրդի ընկալումների, արժեքների համակարգում…

-Ցավոք, հազար տարի պետականությունը կորցրած եւ, սակայն, անընդհատ պետականության ձգտող մեր ժողովուրդն ստեղծել է իր քաղաքական մտքի զարգացման արդարության աբստրակտ՝ վերացական կերպարը, արդարության, մաքրության, բարոյականության մոդելը, որ բոլորովին ռեալ, իրական կյանքի հետ առնչություն չունի, չունի՝ որովհետեւ աբստրակտ է։ Արար աշխարհում չկա, չի եղել, չի լինելու, այսպես ասած, մաքրամաքուր, սուրբ, անարատ խոշոր քաղաքական գործիչ։ Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ կյանքը, ժամանակը, այն ժամանակը, որի մեջ գործում է ռեալ քաղաքական-պետական գործիչը, բազմաթիվ ու բազմազան, հակասական ու խոր, հաճախ անլուծելի խնդիրներ է առաջադրում։ Հատկապես այդպես է, երբ տվյալ պետությունը մտնում է միջազգային քաղաքական կյանքի ենթատեքստը։ Ահա նաեւ այս պատճառով է, որ մենք դարերի ընթացքում չենք կարողացել պետական ռազմավարություն մշակել։ Համաշխարհային քաղաքականության գլոբալ խնդիրները հասկանալու համար մենք ունեցել եւ ունենք այնպիսի խոշոր քաղաքական գործչի կարիքը, որն ապրել ու գործել է քաղաքականության համաշխարհային բեմում, գործիչ, որը պաշտպանել է իր երկրի (տվյալ դեպքում՝ Սովետների) շահերը համաշխարհային քաղաքականության ենթատեքստում։ Իմ խորին համոզմամբ, Անաստաս Միկոյանը նման քաղաքական գործչի ամենահարմար, եթե չասեմ՝ իդեալական կերպարն է։

-Ինչ խոսք, Միկոյանը դասվում է 20-րդ դարի ամենախոշոր պետական եւ քաղաքական գործիչների շարքը։ Նրա մասին լեգենդներ են հյուսվել, բայց նաեւ բերնեբերան անեկդոտներ են շրջել։ Կատակի է տրվել նրա քաղաքական երկարակեցությունը։

Լենինական (Գյումրի), 1962թ.

-Միկոյանի արխիվի ուսումնասիրությունը եւ նրա հարազատների հետ զրույցներն ինձ հանգեցրին այն համոզման, ինչն ինձ համար անակնկալ էր եւ անակնկալ կլինի շատերի համար. նա երբեք իշխանության չի ձգտել։ Բերեմ մի պերճախոս օրինակ՝ 1925թ. Ստալինն Անաստաս Միկոյանին հրավիրում է Մոսկվա՝ Կրեմլ։ Այդ ժամանակ Միկոյանը Հարավային Կովկասի երկրամասային կոմիտեի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նա մերժում է Ստալինին՝ ասելով, որ ինքն իր տեղում է եւ որ դեռ շատ ու շատ անելիքներ ունի։ Ստալինը երկրորդ անգամ է նրան Կրեմլ հրավիրում եւ դարձյալ մերժվում է։ Եվ միայն երրորդ փորձից հետո, այն էլ, երբ Միկոյանի տեղափոխվելու մասին Քաղբյուրոյի որոշումը Ստալինը տպագրում է «Պրավդա» թերթում, Միկոյանը ճարահատ ստանձնում է ԽՍՀՄ արտաքին առեւտրի ժողկոմի պաշտոնը։ Մեծագույն կեղծիք է, երբ Միկոյանի նման քաղաքական գործչի քաղաքական երկարակեցությունը պայմանավորում են, իբր, նրա հարմարվողականությամբ, թուլամորթությամբ, քծնելու, շողոքորթելու կարողությամբ։ Իրականության հետ բացարձակապես աղերս չունեցող կարծիք, տեսակետ։ Ավելին՝ նրա կյանքի պատմությունը ճիշտ հակառակն է ապացուցել. դեռ պատանի՝ Գեւորգյան ճեմարանում սովորելու տարիներին, Արտաշես Միկոյանը (այսպես է նրա ճիշտ անուն-ազգանունը) կամավոր մեկնում է ճակատ եւ մասնակցում ռուս-թուրքական պատերազմին։ Պատերազմելով հասնում է Վան։ Հենց այդ տարիներին, ճեմարանից Վան ընկած ճանապարհին են կոփվում ապագա քաղաքական գործչի ոգին, կամքը, հատկանիշներ, որոնք նրան փրկելու էին ստալինյան դաժան բռնապետության տարիներին… Նա միշտ ունեցել է ճշմարտությունը, իր տեսակետը Ստալինին բարձրաձայն ասելու, պնդելու համարձակությունը…

-Հայտնի է նրա սկզբունքային տեսակետն ազգային հարցի, մասնավորապես՝ Օսիայի միավորման հարցի շուրջ…

-Իրոք. մի՞թե հարմարվող մարդը բարձրաձայն իր տեսակետը կպնդեր այնպիսի նուրբ քաղաքական հարցի վերաբերյալ, որպիսին ազգային հարցն էր՝ հակադրվելով Ստալինին եւ Օրջոնիկիձեին։ Վերջիններս միավորված Օսիան տեսնում էին միայն Վրաստանի կազմում, Միկոյանը՝ Ռուսաստանի, այսինքն՝ այնպես, ինչպես օս ժողովուրդն էր ցանկանում ու մտածում։ Այս փաստը լավագույն վկայությունն է, որ Միկոյանը, լինելով փոքրաթիվ ժողովրդի զավակ, լավագույնս էր հասկանում փոքրաթիվ ժողովուրդների ձգտումները…

-Սակայն, պարոն Անգալադյան, մենք նույն վստահությամբ կարո՞ղ ենք արդյոք խոսել Ղարաբաղի խնդրի շուրջ Միկոյանի ունեցած դիրքորոշման մասին։ Հայտնի է, որ պատերազմից հետո Ղարաբաղի հարցը երկու անգամ բարձրացվել է Ստալինի առաջ եւ երկու անգամ էլ՝ անարդյունք։ Ի՞նչ վերաբերմունք է ունեցել Միկոյանը։

Հովհաննես Բաղրամյան, Անաստաս եւ Արտեմ Միկոյաններ

-Բոլորովին չնսեմացնելով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգորի Հարությունովի նման պայծառ մարդու ու հայրենասերի դերն այս գործում, այնուամենայնիվ, նշեմ, որ Ղարաբաղի հարցը Ստալինի առջեւ բարձրացնելուն նպաստեցին մի շարք հանգամանքներ։ Հայ ժողովուրդը վաստակել էր նման խնդիր արծարծելու իրավունքը. մեր ժողովուրդը հսկայական ավանդ ուներ հաղթանակում, հայ զինվորն իրեն դրսեւորել էր որպես խիզախ ու նվիրված մարտիկ, հմուտ զորահրամանատար, հայ ժողովուրդը պատերազմին տվել էր այն ամենը, ինչ կարող էր։ Սփյուռքահայությունը խորհրդային երկրին ինչպես նյութական, այնպես էլ բարոյական մեծ օժանդակություն էր ցուցաբերել, տեղի էր ունեցել հայոց մեծ ներգաղթը, Թամանյան հայկական դիվիզիան կանգնած էր Թուրքիայի սահմանների երկայնքով… Պակաս կարեւոր չէր նաեւ այն փաստը, որ արդեն պատերազմից հետո Հայաստանը տնտեսապես դարձել էր Միության ամենազարգացած հանրապետություններից մեկը… Ահա այս ամենը Ղարաբաղի հարցը Ստալինի առջեւ նամակով ներկայացնելու նախադրյալներ էր ստեղծել։ Գիտե՞ր արդյոք Միկոյանն այդ նամակների մասին։ Իմ խորին համոզմամբ, Գրիգորի Հարությունովը նման քայլ ձեռնարկելուց առաջ չէր կարող Միկոյանի հետ չխորհրդակցել, չէր կարող շրջանցել երկրի քաղաքական կյանքի խոշորագույն հայազգի գործչին, որի դերն ու հեղինակությունը կասկածից դուրս էին։ Չմոռանանք՝ Հարությունովի աղջիկը Անաստաս Միկոյանի հարսն էր, նրա Ալեքսեյ անունով որդու կինը։ Միկոյանը անշուշտ գիտեր եւ տեղեկացված էր նամակների մասին։ Իսկ այդ նամակները հասցեատիրոջը հասան, որովհետեւ Միկոյանն այն կարծիքին էր, որ հաղթական պատերազմից հետո երկիրն ավելի մարդկային կերպարանք կստանա, կդեմոկրատանա, Ստալինը կփոխվի։ Ավա՜ղ։ Եվ բոլորովին պատահական չէ, որ կուսակցության 19-րդ համագումարում Ստալինը սուր քննադատության ենթարկեց Միկոյանի բռնած քաղաքական գիծը։ Նրա հարազատների եւ մերձավորների վկայություններով՝ Միկոյանն ամեն օր սպասել է իր ձերբակալությանը. տանը՝ բարձի տակ, գործի տեղը՝ գրասեղանում, պատրաստ պահած ատրճանակ է ունեցել։

-Թերեւս անդրադառնանք նաեւ Միկոյանի անվան հետ կապված մեկ այլ, բավականին կնճռոտ հարցի. խոսքը մեզանում տարածված այն կարծիքի մասին է, թե 1938թ. իբր Միկոյանը Երեւան եկավ Ստալինի կազմած 300 հոգու ցուցակով, որոնք հետագայում անխտիր գնդակահարվեցին։ Այս հարցն անտեսանելի պատնեշի նման կանգնած է մի կողմից մեր ժողովրդի, մյուս կողմից՝ նույն այդ ժողովրդի արժանի զավակի միջեւ։ Պրպտումները, ուսումնասիրությունները Ձեզ ի՞նչ եզրահանգումների են բերել…

Ա. Միկոյանը Լուսավանի (Չարենցավան) գործարաններից մեկում

-Միկոյանը երկու անգամ Ստալինի մոտ փորձել է հրաժարվել այդ «առաքելությունից»։ Հենց այն փաստը, որ Երեւան այցելությանը Միկոյանին ուղեկցել է Մալենկովը, հուշում է, որ Ստալինն ուղղակի ստիպել, պարտադրել է Միկոյանին։ Ավելին՝ Ստալինը միաժամանակ Թիֆլիսից Երեւան է ուղարկում նաեւ Բերիային։ Միկոյանը, իր հուշերում անդրադառնալով այդ այցին, գրում է՝ Հայաստանի կենտրոնական կոմիտեի իր ելույթի ժամանակ, երբ դահլիճ է մտնում Բերիան, ինքը կանգ է առնում՝ մտածելով, որ Ստալինը Բերիային իր հետեւից է ուղարկել… Հայտնի է, որ Միկոյանը փորձ է արել պաշտպանելու, փրկելու գոնե երեք հոգու կյանք, սակայն անարդյունք. նրանք էլ գնդակահարվեցին մյուսների հետ։ Ասել կուզե՝ նա չէր կարող այդ մարդկանց փրկել, նա չէր կարող, նրա ուժերից ու հնարավորություններից վեր էր կանգնեցնել, հետ պտտել արդեն ընթացքի մեջ գտնվող հզոր թափանիվը։ Քչերին է նաեւ հայտնի, որ կուսակցության 20-րդ համագումարում (1956թ.)՝ Ն. Խրուշչովի հայտնի ճառից երկու օր առաջ ելույթ է ունեցել Անաստաս Միկոյանը եւ առաջինն ի լուր աշխարհի ազդարարել Ստալինի անձի պաշտամունքի մասին։ Պատմական այդ համագումարի մասնակիցների վկայությամբ՝ Միկոյանի ելույթը, քննադատությունը շատ ավելի խորն ու համակողմանի են եղել, շատ ավելի դիպուկ, քան Խրուշչովինը։ Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ հենց Միկոյանը, Ն. Խրուշչովի հանձնարարությամբ, ստեղծեց ու ղեկավարեց անհատի պաշտամունքի տարիներին բռնադատվածների արդարացման համամիութենական հանձնաժողովը։ Նա կարողացավ տասնյակ անգամ պարզեցնել, կրճատել արդարացման բարդ, բյուրոկրատական մեխանիզմը։ Եվ հենց նրան էր վիճակվել գեթ դույզն-ինչ թեթեւացնելու միլիոնավոր անմեղ մարդկանց անլուր տառապանքները՝ օր առաջ ազատելով ստալինյան բանտերից ու ճամբարներից։

-Պարոն Անգալադյան, մենք խիստ կնեղացնեինք Անաստաս Միկոյան քաղաքական գործչի գործունեության դաշտը, եթե սահմանափակեինք Խորհրդային Միությունով։ Հայտնի է նրա մեծ հեղինակությունը Արեւմուտքում։

– Արդեն ասվեց, որ Միկոյանը վերլուծական խոշոր մտքի տեր անձնավորություն էր։ Նա կարող էր սոցիալիստական իր երկրի քաղաքական շահերը տեսնել համաշխարհային քաղաքական զարգացումների ենթատեքստում։ Լինելով, ինչպես ասում են, լենինյան ժամանակների ու կոփվածքի քաղաքական գործիչ, նա իր ժամանակակիցներից առանձնանում էր առաջավոր, առաջադիմական հայացքներով։ Մեծն բարեփոխիչ, Մեծն տնտեսագետ. ահա ինչպես են նրան բնորոշել Արեւմուտքի խոշոր գործիչները։ Միկոյանն իր մեծ հեղինակության շնորհիվ կարողացավ 1934թ. ԱՄՆ կատարած երկարատեւ այցի արդյունքում Խորհրդային Միություն ներմուծել թեթեւ եւ սննդի արդյունաբերության առաջավոր տեխնոլոգիաներ։ Միկոյանն ԱՄՆ-ից բերեց սնունդը՝ կաթը, ձուկը, հյութերը վերամշակելու, պահածոյացնելու կուլտուրան։ Հասարակական սննդի օբյեկտներում ներդրվեց ինքնասպասարկման ամերիկյան առաջավոր ձեւը… Միկոյանի մեծ հեղինակությունը նպաստում էր հռչակավոր Լենդ-լիզի ծրագրի բարեհաջող իրականացմանը, որով դաշնակից երկրները բազմազան օգնություն էին տրամադրում Միությանը…

Անաստաս Միկոյան տնտեսագետի ու մեծ կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվեց պատերազմի տարիներին։ Նա դժվարին այդ ժամանակներում համակարգում էր տասից ավելի նախարարությունների գործունեությունը։ Նա էր հոգում ճակատի սնունդն ու հանդերձավորումը, ապահովում թիկունքի կարիքները։ Նա էր Խորհրդային Միություն ներկրվող ռազմավարական նշանակության սարքավորումների պատասխանատուն։ 1941թ. Միկոյանը մշակեց խորհրդային բանակի զինվորի, սպայի սննդի չափաբաժինը, հագուստի ստանդարտները, որոնք գործում են մինչ օրս… Ահա ինչու պատերազմի ամենադժվարին տարում նա արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

-Ի՞նչ տվեց Միկոյանը Հայաստանին։

-Լինելով համաշխարհային քաղաքականության թոհուբոհում՝ նա ոչ մի վայրկյան չի դադարել իր հարազատ ժողովրդի մասնիկը լինելուց։ Աներկբա կարելի է ասել, որ Միկոյանի շնորհիվ Հայաստանը վերածվեց արդյունաբերական երկրի, Հայաստանը դարձավ գիտության երկիր։ Միկոյանի շնորհիվ Հայաստանում կառուցվեց Հրազդան-Սեւան կասկադը, Դյուպոնից գնվեց ու Հայաստան բերվեց «Նաիրիտը», կառուցվեց Շամպայն գինիների եզակի գործարանը, Հայաստանում զարկ տրվեց մսի, կաթի արտադրությանն ու ընդհանրապես սննդի արդյունաբերությանը… Նաեւ Միկոյանի շնորհիվ հնարավոր դարձավ մեծ ներգաղթը, եւ Երեւանում բացվեց սփյուռքահայության կոմիտեն։ Դարձյալ Միկոյանի շնորհիվ եւ հովանավորությամբ ձեւավորվեց հայ կուսակցական, քաղաքական, տնտեսական գործիչների այն ընտրագույն փաղանգը, որ պիտի հավատարմորեն ծառայեր իր ժողովրդին ու երկրին։ Եվ վերջապես՝ ուրիշ ո՞վ, եթե ոչ Միկոյանը պետք է Ստալինի մահից շատ չանցած Երեւան գար ու հայ ժողովրդի ֆիզիկական դաժան տառապանքների ու հոգեւոր անասելի կտտանքների վերջն ազդարարեր՝ բացականչելով. «Կեցցե՛ մեծ Չարենցը»։

-Եթե ամփոփելու լինենք…

– Աշխարհի հզորների՝ Ադենաուերի, Հարիմանի, Չերչիլի, Էյզենհաուերի, Քենեդու հետ «սեղան նստած» Անաստաս Միկոյանը, Վանում իր հայրենիքի փրկությունը որոնող Արտաշեսը, որը հետո հաշտեցնելու էր աշխարհը եւ երկու անգամ մարդկությունը փրկելու էր միջուկային աղետից, համաշխարհային նոր պատերազմներից, չունե՞ր թերություններ… Երբ իմ «Անաստաս Միկոյան. քաղաքական կենսագրություն» գրքի ծրագրերը, մոտեցումները ներկայացնում էի Միկոյանի որդիներին՝ Սերգո եւ Ստեփան Միկոյաններին, եւ ասացի, որ ես սրբապատկեր չեմ ստեղծելու, նրանք երկուսն էլ պատասխանեցին, որ իրենց հայրը կնեղանար, եթե այլ կերպ իր մասին գրվեր։ Այո՛, Անաստաս Միկոյանն անթերի չէր։ Մենք իրավունք չունենք համաշխարհային մեծության քաղաքական գործչին իր ժամանակից, իր միջավայրից, իր խնդիրների ու պարտականությունների համատեքստից կտրել ու այսօրվա չափանիշներով քննել… Ի վերջո, Անաստաս Միկոյանը մեր պատմության, մեր քաղաքական պատմության անբաժանելի մասն է, իր բոլոր՝ բացասական ու դրական կողմերով։ Նա մեր փորձն է, մեր դասը։ Եվ մենք պետք է տեր կանգնենք մեր հարստությանը, մեր հպարտությանը, մեր մտքի թռիչքին, մեր անցյալին ու մեր պատմությանը։ Մենք նման մեծ անհատների կարի՛քը ունենք։

Ի դեպ, ասում են՝ երբ Սուսլովի մահից հետո բացել են նրա արխիվը, ընդամենը երկու լղարիկ թղթապանակ են գտել։ Միկոյանի արխիվը տեղափոխվել է երեք բեռնատար մեքենայով։

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


11/06/2014