Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՆՔՆԱԹԻՌԸ



Ամերիկյան F-35 LightningΙΙ կործանիչի ստեղծման համար վերջին ինը տարիներին ծախսվել է 56,1 միլիարդ դոլար, ասվում է ԱՄՆ գլխավոր վերահսկիչ վարչության հաշվետվությունում: Գումարը ծախսվել է գիտահետազոտական, նախագծման աշխատանքների, ապա նաև փորձարկումների համար անհրաժեշտ ինքնաթիռ-նախատիպերի գնման նպատակով: Կործանիչի պատրաստումը կարժենա 56,4 միլիարդ դոլար, իսկ ծրագիրը կավարտվի 2018թ. նախատեսվածից հինգ տարի ուշ: Ընդ որում, նշվում է, որ F-35-ի ստեղծման ծրագիրը խախտել է Նաննա-Մակկերդիի դրույթը, որը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է փակել ցանկացած ռազմական նախագիծ, եթե դրա արժեքը նախահաշվարկի համեմատ աճում է ավելի քան 25 տոկոսով: Վարչության ներկայացրած տվյալներով այս նախագիծը թանկացել է 26 տոկոսով: 2010թ. Կոնգրեսում լսումներ կայացան նախագծի փակման շուրջ, և պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսին հաջողվեց պաշտպանել նախագիծը: Դրա բաղադրիչներից մեկի` կարճ թռիչքային մեկնարկով և ուղղահայաց վայրէջքով F-35B տարբերակի համար երկու տարի վերջնաժամկետ է սահմանվել, որի ավարտին ծրագիրը կատարած չլինելու դեպքում տվյալ ենթանախագիծը կփակվի: Հաշվետվությունում նշվում է նաև, որ 2010թ. նախատեսված խնդիրների շուրջ կեսը չի կատարվել: Այսպես, օրինակ` փորձարկողներին 11 կործանիչների փոխարեն մատակարարվել է 8-ը, յուրաքանչյուր նախատիպով ամսվա ընթացքում միջինը 12 թռիչքի փոխարեն կատարվել է 8-ը, Էգլին ավիաբազա երեք ինքնաթիռներից և ոչ մեկը չի հասել, այնտեղ պետք է փորձարկումներ անցկացնեին գործող օդաչուները: Եվ ամենակարևորը, ԱՄՆ օդուժի, ռազմածովային ուժերի, ծովային հետևակի համար ինքնաթիռների վերջնական արժեքը գրեթե կրկնակի բարձր կլինի սկզբնապես սահմանվածից` համապատասխանաբար կազմելով 121.4, 145 և 161 միլիոն դոլար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


12/04/2011