ՌԱԶՄԱԿԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ
ԱՄՆ ռազմական ղեկավարությունը, որ մտադիր է ստեղծել կատարյալ, անվախ մարտիկներ, գիտնականների առջեւ խնդիր է դրել «ստանալ» «չքնող զինվորիկներ»: Պենտագոնում համոզված են. «Ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ քնի անհրաժեշտության վերացումն արմատապես կփոխի պատերազմ մղելու ռազմավարությունն ու մարտավարությունը»: Գիտնականների առջեւ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ զինվորի քունը չտանի հակաահաբեկչական գործողության ողջ ընթացքում: Նվազագույնը՝ գոնե մեկ շաբաթ:
Պենտագոնի հետազոտական գործակալությունում՝ DARPA-ում, աշխատում են քնի դեմ պայքարող պրեպարատի ստեղծման ուղղությամբ:«Մենք մտադիր ենք ուսումնասիրել կենդանի բնության մեջ հանդիպող ունակությունները,- ասում են հետազոտողները:- Այնուհետեւ դրանք այնպես կօգտագործենք, որ մտքներովդ էլ չի անցնի»:
Հիմա նրանք հետեւում են ծովային կենդանիներին: Եթե դելֆինները, կետաձկները, ծովառյուծներն ու ծովակատուներն իրենց ուղեղի որոշ բաժիններ ակտիվ են պահում (ջրի տակ շնչելու համար)՝ մինչ ուղեղի մյուս հատվածները քնած են, ապա ի՞նչն է խանգարում, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կրտսեր կազմը նույնպես սովորի դա անել:«Ծրագրի սկզբնական փուլը պետք է հաստատի, որ բնության մեջ գոյություն ունի անդադար արթուն մնալու ունակություն: Այնուհետեւ մենք դա կկիրառենք մարդկանց նկատմամբ»,- ասում են գիտնականները:
Նույն նպատակով Վիսկոնսին նահանգի համալսարանի պրոֆեսորական կազմը Պենտագոնից փող է խնդրել՝ սպիտակագլուխ ծտերի ունակություններն ուսումնասիրելու համար: Այդ ծտերը, նույնիսկ վանդակի մեջ, երկու օրուգիշեր չեն քնում, մինչ նրանց մյուս ցեղակիցները Ալյասկայից կհասնեն Կալիֆոռնիա: Նրանք քնատ կկոցում են աչքերը, բայց չեն քնում: Երբ սպիտակագլուխների երամը վերադառնում է Կալիֆոռնիայից, վանդակում գտնվող թռչունները դարձյալ չեն քնում՝ բոլորի հետ միասին շարունակելով արթուն մնալ:
Բայց ինչպե՞ս կենդանիների հատկությունները փոխանցել մարդկանց: Ամենայն հավանականությամբ՝ խնդիրը կլուծվի գենետիկական ձեւափոխության ճանապարհով: «Եթե իմանանք՝ ինչ գեներ են, ապա կարող ենք գտնել դրանք եւ ներմուծել մարդկանց մեջ»: Իսկ քանի դեռ այդ գեները բացահայտված չեն, անհրաժեշտության դեպքում զինվորներին «կկերակրեն» պրովիգալով՝ նարկոլեպսիայով տառապողների համար նախատեսված դեղամիջոցով (նարկոլեպսիայի դեպքում հիվանդն անընդհատ ուզում է քնել): Այս դեղամիջոցն արդեն փորձարկվել է զինվորների վրա. պարզվել է, որ պրովիգալով կարելի է անքուն մնալ 40 ժամ, հաջորդ ութ ժամը քնել, իսկ հետո՝ դարձյալ 40 ժամ արթուն: Չնայած՝ զինվորականներին այս արդյունքը չի բավարարում: «Նման դեղամիջոցները նախատեսված են հիվանդություններ բուժելու համար: Իսկ մերը ոչ թե հիվանդներ են, այլ բանակի կարիքները հոգալու հարց է»:
Բացի քնի դեմ պայքարող պրեպարատներից՝ բանակը նաեւ վախի դեմ դեղամիջոցների խիստ կարիք ունի, որն ընդունակ կլինի մարտից հետո բթացնել զինվորի հիշողությունը: Ամֆետամինները, որ մինչ օրս էլ «նշանակվում» են զինվորներին, այնքան էլ չեն օգնում: Անցյալ իրաքյան պատերազմից առաջ հետեւակայինների անցկացրած տրենինգները (նրանց, մասնավորապես՝ վարժեցնում էին հանգիստ նստել ու լսել, թե ինչպես է կողքի սենյակում աղեկտուր բղավում բռնաբարվող կինը, եւ չմիջամտել) նույնպես քիչ արդյունավետ են: Ամբողջ հույսը նոր պրեպարատների վրա է, որոնք այժմ շատ հաջող լաբորատոր փորձարկումներ են անցնում: Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներն արդեն փորձով ապացուցել են ինտելեկտի հաղթանակը վախի նկատմամբ: Սթրեսային հիշողությունները ճնշվում են, դրա հետ միասին ճնշվում է նաեւ վախի հորմոնը: Այդ պրեպարատները միանգամայն հարմար են զինվորական ծառայության մեջ գտնվող մարդկանց, քանի որ վախի հորմոններ արտադրվում են ոչ միայն գերի ընկածի մոտ, որն իսկապես վախենալու բան ունի, այլեւ ավտոմատավոր մարդու մոտ, որը պահակում է այդ նույն գերուն, եւ նույնիսկ գումարտակի հրամանատարի մոտ, որն իր աշխատասենյակից լսում է ծեծվողի ճիչերը: Չկա հիշողություն՝ չկա նաեւ զգացում, չկա վախ, հետեւաբար նաեւ՝ խղճի խայթ չկա: Վտանգավորն այն է, որ եթե մարդն իմանա՝ խղճի խայթերը կարելի է բուժել ինչ-որ հաբերով, կարող է խախտել բարոյական բոլոր սահմանները:
Պուերտո Ռիկոյի եւ Կոլումբիայի բժիշկներն այլ ճանապարհ են ընտրել, նրանք փորձարկում են ուղեղի մագնիսական խթանումը: Առայժմ՝ առնետների վրա: Գլխուղեղի վրա ներազդող մագնիսական դաշտերը ճնշում են կամ էլ խթանում հորմոնները: Տվյալ դեպքում՝ վերանում է վախի զգացումը, վերականգնվում է հոգեկան հավասարակշռությունը, հետվնասվածքային որեւէ ախտանիշ չի դրսեւորվում: Մեծբրիտանացի գիտնականների փորձերը ցույց են տվել, որ գլխուղեղի մերձճակատային մասի խթանումից հետո առնետներն աչքի առաջ հիմարանում են եւ համարձակ դառնում: Նախ կրծողներին վարժեցրել էին վախենալ. զանգին անմիջապես հաջորդում էր հոսանքի հարվածը: Առնետները շատ արագ են կողմնորոշվում, եւ զանգը լսելուն պես խուճապահար փախչում-ծվարում էին անկյուններում: Բայց մագնիսական դաշտի ներգործությունից հետո նրանք իրենց այնպես էին պահում, կարծես ոչինչ էլ չեն լսել:
Ճիշտն ասած՝ բոլոր այս փորձերը, ըստ էության, ավելորդ են, քանի որ վախի, անքնության ու խղճի խայթերի դեմ լավագույն դեղամիջոցն արդեն վաղուց հայտնի է եւ անվրեպ էլ գործում է: Դեռեւս 1650 թ. լեյդենյան համալսարանի ֆիզիոլոգ եւ մարդաբան Ֆրանսիսկուս Սիլվիուսը գիհու հատապտուղներից եւ սպիրտից ստեղծեց հրաշալի մի դեղամիջոց, որը խիզախություն էր հաղորդում եւ ստիպում մոռանալ ամեն ինչ՝ մինչեւ հաջորդ դեղաբաժինն ընդունելը: Սիլվիուսի հայտնագործությունից քիչ անց սկսվեց Երեսնամյա պատերազմը: Անգլիացի զինվորները նկատեցին, որ ճակատամարտից առաջ հոլանդացիները միշտ ինչ-որ խմիչք են խմում, դառնում են անվախ եւ կռվում են առյուծների պես: Հայրենիք վերադառնալով՝ անգլիացիներն իրենց հետ բերեցին «Խիզախության էլիքսիրի» մի քանի շիշ: Գիհօղին արագ նվաճեց ողջ Մեծ Բրիտանիան, եւ շուտով անգլիացի գինեգործները սովորեցին պատրաստել նույնպիսի խմիչք՝ ջինը: Այդ ժամանակից ի վեր զինվորները հաճույքով խմում են այն՝ իրենց մարտական ոգին բարձրացնելու համար (պատահական չէ, որ իր հռչակի գագաթնակետին ջինը հասավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ):
«Վերսիա»
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ռազմական