ԱՆՁՐԵՎԻ ՀԵՔԻԱԹԸ
Անշուշտ, մարդիկ տարբեր են լինում` տարբեր համոզմունքներ են ունենում և տարբեր բաների են հավատում։ Սակայն ի՞նչ կարող ես անել։ Օրինակ՝ պարզ ու շիտակ գյուղացիների դատողություններն այնքա՜ն միամիտ, այնքա՜ն հին և այնքա՜ն ծիծաղելի են, որ դրանց արմատները՝ աշխարհի ամենածեր կաղնու արմատների պես, ձգվում են դարերի ու ժամանակների խորքը, գուցե նույնիսկ, ի՞նչ իմանաս, հասնում մինչև երկինք, դեպի աստղերը…
Այո՛, մենք, չենք հավատում, նույնիսկ, հնարավոր է, մտածում ենք, որ մեզ պատիվ չի բերում նման ծիծաղելի բաներին հավատալը, սակայն…
…Սակայն նրանք համոզված են, որ եթե օրերից մի օր երկնքից, անձրևի փոխարեն, աստղ տեղա, ապա հիվանդություններն ու ցավերը կանհետանան, տկարները կապաքինվեն, չորացած դաշտերում բարեբեր բույսեր կծլարձակեն, սերմնացանի նետած սերմի ամեն հատիկի դիմաց ութսուն հատիկ հողից դուրս կգա, տխրությունները կչքանան, ամենուրեք կթևածեն ուրախությունն ու խնդությունը, կիրականանան բոլորի երազանքները, ընկերն ընկերոջը կհասնի, սիրող սրտերը` միմյանց, կվերանա թշնամանքը, և թռչունները քաղցրաձայն երգեր կերգեն…
Այո՛, նրանք համոզված են, որ մի օր երկնքից աստղ է տեղալու։ Դե, ի՞նչ կարող ես անել. պարզ ու միամիտ գյուղացի մարդիկ են:
…Մի գիշեր, մի շա՜տ տարօրինակ ու շա՜տ զարմանալի գիշեր, անձրևի կաթիլների փոխարեն երկնքից հանկարծ սկսեց աստղ թափվել…
Երկինք ու երկիր կորել էին աստղերի մեջ, սակայն, ավա՜ղ, որ չափազանց զարմանալի է, այդ օրը ոչ ոք չի հիշում, չի մտաբերում…
Աստված իմ, ախր ինչպե՞ս կարող է պատահել, որ հազար տարվա, չէ՛, տասը հազար տարվա մեջ, չէ՛, ի՜նչ եմ ասում, ժամանակների խորքերից, ամենա-ամենասկզբի՛ց, ընդամենը մի անգամ գիշերով երկնքից աստղեր թափվեն, և այդպիսի օրը մարդիկ մոռանա՞ն, չհիշե՞ն…
Իսկ ամեն ինչ ահա այսպես սկսվեց:
Մայրամուտին երկնքի խորքում հանկարծ կանաչ, կարմիր, կապույտ ու սպիտակ գույնի լուսեղեն ու շողշողուն մի ամպ հայտնվեց։ Քամին բռնեց ամպի նուրբ ու քնքուշ ձեռքն ու ինչպես նորահարսին են տանում փեսայի առագաստը, բերեց ու հանդարտ փռեց ամբողջ քաղաքի վրա։
Ա՜հ, որքան գեղեցիկ ու որքան շքեղ էր այդ ամպը, բայց ոչ ոք, նույնիսկ մեկ հոգի, ի սեր Աստծո, գլուխը չբարձրացրեց` ամպը տեսնի։
Ախր, ինչպե՞ս կարող է պատահել, որ հազար տարվա, ո՛չ, ի՜նչ եմ ասում, հազարից էլ շատ ավելի տարվա մեջ, նույնիսկ ավելի վաղ, քան սկսվել է մարդկության պատմությունը, երկնքում ժպտերես ու ուրախ, բյուրեղյա ու պսպղացող ամպ հայտնվի, ու ոչ ոք նրան չտեսնի՞…
Իսկ պատահել է ահա թե ինչպես:
Մեկ-մեկ, խումբ-խումբ, սգվոր ագռավների պես գործից տուն դարձող մարդկանց մտքով անգամ չի անցել ամպի մասին մտածել։ Նրանք այնքա՜ն հոգս, մտածելու բան են ունեցել՝ տանը պառկած հիվանդ, հացի-ապրուստի խնդիր, պարտքեր, թերթեր… Եվ մարդիկ երկինք նայելու, երկնքում ամպ տեսնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ մանավանդ ցանկություն են ունեցել… Սակայն, որ շատ անհավատալի ու զարմանալի է, ամբողջ քաղաքում չի գտնվել նույնիսկ մի հոգի, մի բարեպաշտ մարդ, որ իրիկնամուտին գլուխը բարձրացներ՝ Աստծուն փառք տալու համար… Որովհետև, եթե գոնե մի հոգի այդ քաղաքում երկինք նայեր ու ասեր. «Տե՛ր, թող կենարար անձրև տեղա», ապա նրա աչքն անպայման կընկներ ամպի վրա ու ակամայից կշշնջար. «Փա՜ռքդ շատ, ամենակարող Տեր»։
…Այսօր մեր սիրտը, նաև բոլոր երեխաների սրտերը, շատ են ցավում այդ ամպի համար, իսկ ամենից շատ՝ ծովի սիրտը, որ արարել, աշխարհ էր նրան բերել…
Իսկ ամպն ստեղծվել, արարվել էր ահա այսպես.
Սադափներն իրենց մարգարիտներն էին նրան նվիրաբերել,
Բիլ-կապույտ քարերը՝ իրենց փիրուզները,
Վառ-կանաչ քարերը՝ իրենց զմրուխտը,
Ջրահարսերը՝ իրենց մանյակները,
Ծովերի թագուհին՝ իր հոյակերտ պալատի արծաթե ու ոսկե աղյուսները…
Երբ ծովաստղերը ծովերի թագուհու հիմա արդեն հասարակ սադափներով ու էժանագին քարերով պալատը տեսան, շա՜տ տխրեցին, ասացին. «Ո՛վ Ծովերի բարի թագուհի, հազա՜ր-հազարավոր ծովային տարի տևեց, մինչև մենք քեզ համար արծաթաձույլ ու ոսկեձույլ աղյուսներով պալատ կկառուցեինք… Ախր ինչու այդ ամենը ամպին նվիրեցիր… Ծովն ամբողջովին դատարկվել, աղքատացել է, ո՛վ Ծովերի բարի թագուհի»։
Ծովերի թագուհին ասաց. «Մի՛ տխրեք, իմ լավ բարեկամներ, ցամաքում ապրող գիտնականները ծովերի կյանքը չափելու նոր հայտնագործություններ կանեն, և մենք դարձյալ շատ կհարստանանք։ Դուք բարի գտնվեք ու ձեր երեխաներին միացրեք, ձուլեք այդ ամպին. որովհետև ես ուզում եմ, որ մի ինչ-որ քաղաքի վրա աստղերի անձրև տեղա»։
Եվ ծովաստղերը նվիրեցին իրենք փոքրիկ բալիկներին:
Ձկները՝ իրենց կապույտ արյունը:
Արեգակը՝ իր ջերմությունը։
Ահա թե ինչպես ծնվեց այդ ամպը, որ եկավ, գույնզգույն գլխարկի նման ծածկեց ամբողջ քաղաքն ու վերևից նայեց՝ մեկ-մեկ, խումբ-խումբ՝ սգվոր ագռավների պես իրենց բույնն շտապող մարդկանց:
Խե՜ղճ ամպ, շատ տխրեց, երբ տեսավ, որ ոչ ոք գլուխը չի բարձրացնում` իրեն տեսնելու համար: Վշտից կծկվեց, գալարվեց և ապա գոռաց-որոտաց. «Ո՛վ անցորդներ, սգվո՛ր ագռավներ, ինձ նայեք. ե՛ս եմ ձեր վաղնջական հեքիաթը»։
Եվ կայծակ ճայթեց քաղաքի վրա։
Մարդիկ հենց ամպի գոռոցը լսեցին և կայծակի ճայթյունը տեսան, սարսափահար տուն վազեցին, որովհետև մինչ այդ պահը բոլոր ամպերը միայն գոռացել, ջրհեղեղ ու կարկուտ էին թափել նրանց գլխին ու հեռացել։
Քիչ անց քաղաքը դատարկվեց: Մարդիկ թաքնվեցին իրենց տներում։
Քաղաքի փողոցներով, ձեռնափայտերը թխկթխկացնելով, միայն յոթ կույր մուրացիկ էին զգուշավոր անցնում պատերի տակով։ Նրանք շշուկով անիծում էին կյանքն ու բարձրաձայն ողորմություն էին խնդրում. «Անցորդնե՛ր, խղճացեք ու օգնեք կույր մուրացիկներիս»։
Ամպը քիչ էլ սպասեց ու երբ տեսավ, որ ոչ ոք իրեն չի նայում, որ փողոցներում այլևս մարդ չկա, սկսեց լաց լինել դատարկ քաղաքի համար: Եվ արցունքի կաթիլների փոխարեն աստղերի անձրև տեղաց քաղաքի վրա…
-Կարծես երկնքից մանր խիճ է ցած թափվում,- ասաց առաջին մուրացիկը։
-Այո՛, ինձ էլ է թվում, որ մանր քար է երկնքից թափվում,- պատասխանեց երկրորդը։
Իսկ երրորդ մուրացիկն ավելացրեց.
-Գուցե Աստված պատժում է մարդկանց՝ խեղճ մուրացիկներիս օգնության ձեռք չմեկնելու համար։
…Իսկ ամբողջ քաղաքն ու գիշերային երկինքը աստղաբույլերով էին հեղեղվել։
Աստղերն անհամբեր սպասում էին, որ մարդիկ ահա կտեսնեն, կնկատեն իրենց, դուրս կգան, կքայլեն, կնստեն աստղային անձրևի տակ, ուրախությունից բարձրաձայն կճչան և խնդության երգեր կերգեն… Եվ ինչպե՞ս չզարմանալ, եթե այդքան երկար տարիներից հետո, չէ՛, ինչ եմ ասում, հարյուրավոր դարերից հետո ընդամենը մի գիշեր աստղերի անձրև տեղա, և ոչ ոք չտեսնի՞…
Աստված իմ, մի՞թե ամեն օր երկնքից աստղեր են ցած թափվում։
Վե՛րջ, այլևս երբեք չի կրկնվի:
Եթե կրկնվի էլ, ապա միայն երազում։
Երկնքից աստղեր թափվելու պատմությունն այլևս հեքիաթասաց տատիկների ու պապիկների շուրթերից կլսվի միայն…
Ինչևէ, ամպը տեղաց։ Հողը, ծառերը, տների պատերն ու կտուրները աստղերով ծածկվեցին։
Երկինքը նորից նույն՝ մեզ ծանոթ, հին ու հարազատ երկինքը դարձավ։
Հետո փչեց հարավի տաք քամին, ու աստղերը կամաց-կամաց հալվեցին։
Ծառերի ճյուղերից ու տերևներից լույսի կաթիլներ թափվեցին:
Լույս ծորաց պատերի վրայով:
Հալված աստղերը կտուրների վրայով թափվում, լցվում էին ջրհորդանները… Լույսի հեղեղը հոսում էր գիշերային քաղաքի միջով ու գնում, խառնվում էր առվակներին ու գետակներին…
Եվ այդ աստղածիր ու աստղածուփ գիշերվանից ընդամենը այս փոքրիկ հիշատակը մնաց: Փոքրիկ տղան, որ երեք տարեկան էլ չկար, հանկարծ նկատում է, որ իրենց տան առաստաղի ճեղքից լույսի կաթիլներ են ցած գլորվում։ Բոլորը քնած էին, ու միայն արթուն փոքրիկն էր իր համար ուրախ խաղում։ Սողեսող հասնում է շողշողուն աստղիկներին, ձեռքն է առնում ու սկսում է դրանցով խաղալ։ Այնքան է խաղում, մինչև քունը տանում է, քնում։ Առավոտյան հայրիկը տեսնում է, որ երեխան բռին մեջ ամուր սեղմած պսպղուն գնդիկներ է պահում. «Որտեղի՞ց են հայտնվել այս գնդիկները»։
Մայրը չգիտեր։
Իսկ փոքրիկի լեզուն դեռ չէր բացվել:
Ոչ ոք չգիտեր, թե այդ գունավոր ու պսպղուն գնդիկներն ինչ են։
Իսկ երկինքը դարձյալ նույն՝ հի՜ն ու ծանո՜թ երկինքն էր…
Այո՛, մարդիկ տարբեր են լինում, տարբեր համոզմունքներ են ունենում և տարբեր բաների են հավատում։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Պարզ ու հասարակ գյուղացիների դատողություններն ու մտքերն այնքա՜ն միամիտ են, այնքա՜ն ծիծաղելի ու այնքա՜ն հին… Նրանք դեռ հավատում են, որ եթե օրերից մի օր երկնքից անձրևի փոխարեն աստղ տեղա, ապա բոլոր հիվանդություններն ու ցավերը կանհետանան, բոլոր տկարները կապաքինվեն, ընկերն ընկերոջը, սիրող սրտերը միմյանց կհասնեն…
Այս հեքիաթն էլ պարզ ու միամիտ մի գյուղացու հեքիաթ է, որ այն գիշեր, երբ երկնքից աստղեր թափվեցին, երեք տարեկան էլ չկար… Հետո՝ տարիներ անց, երբ նա մեծացավ, այդ աստղիկներից մանյակ հյուսեց ու նվիրեց իր սիրած աղջկան։
Չեք հավատում, չէ՞։
Բայց ես ի՞նչ կարող եմ անել։
ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ
Թարգմանությունը ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Հոգևոր-մշակութային