ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾԱՐՔ
Թուրքիան եւ Միացյալ Նահանգները գաղտնաբար համաձայնել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս
Զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատում են նրանց ամոթալի, գաղտնի ծրագրերը:
Անցյալ տարի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն Ավստրալիայում իր ելույթում առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ` Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության շուրջ, ինչը հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռության քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից…
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը՝ «Այդինլիք» թուրքական թերթում բացահայտելով երկու կառավարությունների համատեղ մշակված այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ այսկերպ զոհված թուրք զինվորներին դասելով Հայոց ցեղասպանության զոհերի շարքը:
Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները՝ Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի արտասանած ելույթը պատրաստվել և վերջնական տեսքի է բերվել երկու երկրների պաշտոնյաների համատեղ ջանքերով: Պարզվում է՝ նախնական խոսքը պատրաստել է Թուրքիայի արտգործնախարարությունը, որից հետո Սպիտակ տունն իր «ամերիկյան նրբազգացությամբ» փոփոխություններ է արել: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տարբերակը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ հրապարակվել է ապրիլի 23-ին:
Քահրամանը նաև բացահայտել է, որ հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխությունների դիմաց Վաշինգտոնն Էրդողանին առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի սկզբին վերջինիս ընդունումից հետո:
«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ հետևում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր անելիքն ու հակաքայլերը, այդ թվում` մահաքուն մտած հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու հնարքները՝ միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու ուղղությամբ:
Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները ընդդեմ Թուրքիայի երեք տարբեր ուղղություններով` «իրավական, քաղաքական և հասարակական կարծիք»: Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, որից հետո Վաշինգտոնն սկսել է ճնշել Թուրքիային, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին:
«Այդինլիքը» նաև հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը` նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ: Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեյն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը անտեղյակ հանրության առաջ գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:
Մինչ Թուրքիան և Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են վարում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը թուրքական քարոզարշավի մաս է` ուղղված հայկական կողմի Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման ջանքերը խոչընդոտելուն:
Վերջապես, բոլոր նրանց, ովքեր սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի արած աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից և ոչնչացվեցին….»:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր»
Թարգմանությունը` ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ