Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԻՄ ՀՈՂՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ



2014 թվականի հունվարից փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասն անցավ ամբողջովին պայմանագրային ծառայության: Միաժամանակ, զորամասը դեռևս կարիք ունի նաև արհեստավարժ կադրերի և այժմ համալրման փուլում է: Ըստ զորամասի զինծառայողների` պայմանագրային ծառայության անցնելու հնարավորությունը միաժամանակ որոշակիորեն մեղմել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և նվազեցրել արտագաղթը:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Էդիկ Շիրինյանը գոհունակությամբ նշում է, որ զորամաս ծառայելու են գալիս նաև Հայաստանի այլ մարզերից, և ներկայումս համալրումը շարունակվում է: Նրա խոսքով` պայմանագրային զինծառայողների` հիմնականում շարքային անձնակազմի մեծ մասը միջնակարգ կրթություն ունի, իսկ սպայական անձնակազմը` բարձրագույն: Այնուամենայնիվ, ըստ ԱՀՏԱ գծով տեղակալի` պայմանագրային զինծառայողների հետ անցկացվում է գրեթե նույն աշխատանքը, ինչ ժամկետային զինծառայողների հետ:

-Պայմանագրային զինծառայողների հետ աշխատանքը, միանշանակ, ավելի հեշտ է, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք հասուն, պատասխանատվության զգացում ունեցող մարդկանց հետ, որոնք կամովին, իրենց գործի, ծառայության նրբություններն ու դժվարությունները գիտակցելով են գալիս: Պայմանագրային զինծառայողը հասկանում է, որ ոչ բարեխիղճ ծառայության դեպքում կարող է կորցնել իր աշխատանքը և, բնականաբար որևէ խնդրի առկայության դեպքում հակված է գտնելու դրա լուծումը: Բոլոր հարցերում` նույնիսկ տարածքների մաքրության, հերթափոխների կազմակերպման, հարյուր տոկոսանոց փոխըմբռնում կա,- ասում է մայոր Է. Շիրինյանը:

Նրա խոսքով` այս տարվա սկզբից կարգապահական որևէ խախտում չի արձանագրվել, ավելին` մի քանի ստորաբաժանումներ առավել աչքի են ընկել իրենց կարգապահությամբ, մասնավորապես` կապիտան Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը:

-Յուրաքանչյուր զինծառայողի հետ առաջին օրվանից տարվում է անհատական աշխատանք: Աշխատանքի ընդունվելուց արդեն 1-2 ամիս անց բացահայտվում են զինծառայողի բնավորության գծերը, ունակությունների սահմանը, և նա, ով չի համապատասխանում, ով չի կարողանում աշխատել` խզվում է վերջինիս հետ կնքված պայմանագիրը, կամ ինքն է հեռանում,- ասաց ԱՀՏԱ գծող տեղակալը:

Պայմանագրային զինծառայողներից ավագ սերժանտ Արման Աղիկյանը, որը նաև Երևանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է, գոհունակությամբ նշում է, որ զորամասում աշխատանքը օգնում է իրեն ստանալ նաև քաղաքացիական մասնագիտություն: Նա հայտնեց, որ 2009-2011 թվականներին ժամկետային ծառայությունն անցել է նույն զորամասում և հետագայում իր կյանքը կապել է այդ զորամասի հետ` ընդունվելով որպես պայմանագրային աշխատող: Այժմ ավագ սերժանտ է, ճաշարանի պետ:

-Միայն ժամկետային ծառայության ընթացքում զգացի, որ ինձ ձգում է զինվորականի կյանքը,- ասում է ավագ սերժանտը:- Գուցե պատճառներից մեկն էլ զորամասի հրամանատարն էր, որ ես մնացի այստեղ՝ որպես պայմանագրային: Ես սովորում եմ բժիշկ-դեղագործի մասնագիտությունը, այնպես որ` անձնակազմի սննդի ապահովման խնդիրներն ինձ հոգեհարազատ են, և ես իմ գործը ամենայն սիրով եմ կատարում:

Անդրադառնալով պայմանագրային ծառայությանը` Ա. Աղիկյանը նշում է, որ իր գործը կրկնակի պատասխանատվություն է պահանջում:

-Պայմանագրային լինելու դեպքում, մանավանդ, եթե հրամանատար ես, պատասխանատու ես ոչ միայն քո, այլ նաև ենթականերիդ գործողությունների համար: Ընդհանրապես` պայմանագրային ծառայության ժամանակ ամեն քայլը գիտակցված է: Ես տեսել եմ այս զորամասը, երբ այստեղ ժամկետային զինծառայողներ կային, տեսնում եմ հիմա, երբ միայն պայմանագրայիններն են: Տարբերությունն զգալի է, – ասում է ավագ սերժանտ Արման Աղիկյանը:

Զորամասի պայմանագրային զինծառայողներից է նաև երկու դպրոցական որդու հայր` շարքային Նորայր Կարապետյանը: Նա այս զորամասում ծառայության է անցել հունվարից: Ընտանիքի միակ կերակրողն է: Շարքայինը գոհ է աշխատանքային մթնոլորտից և հրամանատարությունից:

-Իհարկե, աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, բայց շատ ավելի լավ է, քան բոլորովին աշխատանք չունենալը: Կարևորը, որ կարելի է ընտանիք, երեխա պահել: Երբ աշխատանք ունես, երբ ընտանիքդ կարողանում ես պահել, էլ չես մտածում դուրս գնալու, ուրիշ երկրում մի կտոր հաց ձեռք գցելու մասին: Հիմա, երբ խիղճս հանգիստ է, աշխատանք ունեմ, մտքովս էլ չի անցնում հայրենիքը լքել: Եթե աշխատանք լինի, ոչ ոք չի թողնի իր տուն ու տեղը, իր հողը… Ես իմ երկիրը սիրում եմ, – ասում է Ն.Կարապետյանը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Բանակ և հասարակություն


19/06/2014