ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՊԵՐԸ
Նախկին Հարավսլավիայի մաս կազմող երեք հանրապետություններ` Սերբիան, Սլովենիան և Խորվաթիան, մտադիր են վերականգնել նախկին կապերը և ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի Քուվեյթի ցամաքային զորքերի Մ-84 տանկերի (խորհրդային Տ-72-ի հարավսլավական տարբերակը) արդիականացմամբ: Այժմ բանակցություններ են ընթանում Քուվեյթի հետ: Սերբիայի պաշտպանության նախարարությունը գործարքը գնահատել է մոտ 400 միլիոն դոլար: Համատեղ ձեռնարկության ստեղծման նախաձեռնությունն էլ այդ երկրինն է: Խորվաթիայի և Սլովենիայի հետ համագործակցելով` Սերբիան մտադիր է իր տանկաշինական գործարաններում ընդլայնել Մ-84-ի արտադրությունը, մասնակցել այլ երկրների սպառազինության մեջ գտնվող հարավսլավական տանկերի արդիականացման ծրագրերին: Նշենք, որ Քուվեյթը 155 միավոր Մ-84 տանկ գնել է 1989թ., առաջին մատակարարումներն սկսվել են հաջորդ տարի: Նախկին Հարավսլավիայում այդ տանկերի արտադրությունն իրականացվել է տարբեր հանրապետություններում գտնվող 240 գործարաններում պատրաստված դետալներով: Նշված տեխնիկայի արտադրությունը որոշ չափով պահպանել են Սերբիան և Խորվաթիան, սակայն լիարժեք վերականգնման համար համագործակցությունն անխուսափելի է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական