Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ



Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և խոսելով հայ-վրացական հարաբերությունների բարեկամական բարձր ոգու մասին` խիստ կարևորել է համագործակցության ամրապնդումն ու խորացումը բոլոր ոլորտներում: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, ինչպես նաև մատնանշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ:

Ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության հեռանկարները ներկայացրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանը:

-Ինչպե՞ս է վերջին տարիներին ընթացել հայ-վրացական համագործակցությունը ռազմական ոլորտում, և որո՞նք են այդ գործընթացի հիմնական ուղղություններն ու հաջողությունները:

-Մեր պետությունների անկախության ձեռքբերումից հետո կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցության համակարգ: Մշտապես տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ եւ անցկացվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խորհրդակցություններ:

Ռազմական համագործակցության ոլորտում ունեցած մեր հարաբերությունների համար բեկումնային էր 2010 թվականը, երբ կողմերի համագործակցությանը տրվեց ծրագրային բովանդակություն, և առաջին անգամ երկու պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց երկկողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր, և այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Ծրագրում ներառված են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են խաղաղապահությունը, լեռնային պատրաստությունը, ռազմական կրթությունը և այլն: Ծրագիրը ենթադրում է նաև պրոֆիլային ուղղություններով փորձի փոխանակում, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող թեմաների շուրջ պարբերական հանդիպումներ:

Ասվածիս վկայությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությունն է Վրաստանի Բաթումի քաղաքում կազմակերպվող Պաշտպանության և անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին, որը արդյունավետ ձևաչափ է բազմակողմանի համագործակցության, կարծիքների փոխանակման, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների քննարկման ու դրանց արդյունավետ լուծումների որոնման համար: Նշեմ, որ այս տարի հունիսի 27-ից 28-ը հայկական պատվիրակությունը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, կրկին կմասնակցի նշված համաժողովին:

-Իսկ որո՞նք են այդ մասնակցության հեռանկարները, և ընդհանրապես` ինչպե՞ս եք տեսնում հայ-վրացական համագործակցության հորիզոնները:

-Նախ՝ պետք է հաշվի առնենք, որ մեր երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջև համագործակցությունը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության պահպանման համար:

Հեռանկարների առումով պետք է նշեմ, որ միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր այլ երկրների ռազմական, քաղաքական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք այս հարթակն օգտագործում են միմյանց հետ երկխոսություն ծավալելու և առկա հիմնահարցերը քննարկելու համար:

Ինչ վերաբերում է հայ-վրացական համագործակցության հեռանկարներին, ապա հարկ է ասել, որ ներկայումս ուսումնասիրվում են նոր ոլորտներում համագործակցություն սկսելու հնարավորությունները:

Նախորդ տարվա վերջին մեկնարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ շրջափուլը: Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև Վրաստանում, և, հետևաբար, այս ոլորտում համագործակցությունն ու փորձի փոխանակումը նույնպես արդյունավետ կարող է լինել: Բացի այդ` մեզ համար հետաքրքիր է վրացական փորձը բանակում կառավարման բարեփոխումների, մասնավորապես` արհեստավարժ բանակի ստեղծման, բանակ-հասարակություն համագործակցության, քաղաքացիական վերահսկողության ոլորտներում:

-Ի՞նչ կարող է տալ երկու կողմերին այս համագործակցությունը:

-Անկախությունից ի վեր, կարելի է ասել, վրացական բանակն անցել է կազմավորման ու բարեփոխումների երկու փուլ՝ մինչ 2008թ. և դրանից հետո: Այժմ վրացական բանակում բարեփոխումները կրում են ինստիտուցիոնալ բնույթ. աճել են քաղաքացիական վերահսկողության մակարդակը և թափանցիկությունը, լրջագույն քայլեր են ձեռնարկվել պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նկատելի է կայուն առաջընթաց պաշտպանական ռեսուրսների կառավարման, զինծառայողների արհեստավարժության բարձրացման և նրանց ընտանիքների սոցապահովման ու այլ ոլորտներում:

Մասնավորեցնելով՝ նշեմ, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում գլխավոր ուղղությունը մինչև 2017 թվականը հաստիքային վճարումների համակարգից կոչումայինին անցնելն է, ինչը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Կառուցվածքային բարեփոխումներից են երկրի պաշտպանական համակարգում երկու` արևմտյան և արևելյան օպերատիվ հրամանատարության ստեղծումը: Բացի այդ` Միացյալ շտաբը վերափոխվել է Գլխավոր շտաբի: Դրանից ելնելով` կատարվել են կառավարման այլ կառուցվածքային փոփոխություններ: Նախարարության կառույցում ստեղծվել է նաև կիբերանվտանգության ստորաբաժանում, որը համակարգելու է պաշտպանական ոլորտի տեղեկատվական և տեխնիկական անվտանգությունը: Կարևոր առաջընթաց է, այսպես կոչված, «որոշումների կայացման» համակարգի ստեղծումը, որը կոչված է ապահովելու զինված ուժերում ուսուցում-պատրաստություն-պաշտոնի նշանակում շղթայի նպատակայնությունն ու արդյունավետությունը: Այսինքն` ուսուցումը և վերապատրաստումն անցկացվում են կոնկրետ հաստիքի համար և նպատակայնությամբ:

Նշեմ նաև, որ բավական բարձր է ռազմական ուսուցման մակարդակը: Վրացի զինվորականները վերապատրաստվում և կրթություն են ստանում ԱՄՆ-ի և եվրոպական ռազմական հաստատություններում, երկկողմ կամ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում մասնակցում տարբեր առաքելությունների, մասնավորապես` միջազգային խաղաղապահ գործողություններին:

Որպես առաջընթաց պետք է արձանագրել զինված ուժերում կանանց մասնակցության մեծացման միտումը: Ներկայումս կանայք կազմում են զինծառայողների ընդհանուր թվի 5 տոկոսը, որից 45 տոկոսը զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք զինծառայողների և նրանց ընտանիքների սոցապահովման լավ փաթեթ: Վրացական կողմը հետաքրքրված է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման մեր հնարավորություններով, ռազմական կրթության և այլ բնագավառներով:

-Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, հայ-վրացական համագործակցության հեռանկարները:

-Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր երկու ժողովուրդների հարաբերությունները հիմնված են բազմաշերտ բարեկամության և պատմամշակութային ընդհանրությունների վրա: Դրանք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության համար: Մեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը միտված է ապահովելու երկարատև խաղաղությունը տարածաշրջանում: Չնայած մեր հանրապետություններն ընտրել են միջազգային կառույցներին ինտեգրվելու տարբեր ուղիներ, այնուամենայնիվ, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը և ժողովուրդները լի են վճռականությամբ թույլ չտալու հնարավոր բոլոր տեսակի բաժանարար գծերի ստեղծումը և կանխելու մեր ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերը:

Բազմիցս նշվել է, և այս անգամ էլ տեղին եմ համարում ընդգծելու, որ հայ-վրացական հարաբերություններն իրենց բովանդակությամբ ու անկեղծությամբ կարող են օրինակ ծառայել այլ պետություններին, և այդ հարաբերությունների ամրապնդման, շարունակման ու պահպանման համար իր առանցքային դերակատարությունն ու նշանակությունն ունի կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը:

Զրույցը վարեց ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
լեյտենանտ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


26/06/2014