Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԵՔՍՊԻՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ



Հովհաննես Խան-Մասեհյանը ծնվել է Թեհրանում՝ 1864թ. փետրվարի 23-ին, արքունի ոսկերչապետի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն Իրանում ստանալուց հետո՝ 1881թ. ընդունվում է Փարիզի «Քոլեջ դե Ֆրանսը», որը գերազանցությամբ ավարտելուց հետո վերադառնում է Թեհրան` նշանակվելով շահի պալատական թարգմանիչ: Միաժամանակ ուսուցչությամբ է զբաղվել տեղի Հայկազյան դպրոցում, ապա վեց տարի եղել նույն կրթօջախի տնօրենը: Հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը` «Շավիղ» շաբաթաթերթը: Նշանակվել է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ: Մասեհյանը 1895-1901թթ. եղել է Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության գրասենյակի պետ, մամուլի բաժնի վարիչ: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ Մասեհյանը եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ և դասախոս: 1901 թ. եղել է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդականը: 1912 թ. Սուլթան Ահմադ շահի կողմից նշանակվել է Գերմանիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1916թ. ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմում: 1921թ. Ղաջարների վերջին՝ Սուլթան Ահմադ շահի հրամանագրով, Հովհաննես Խան Մասեհյանը կրկին դեսպան է նշանակվել Գերմանիայում: 1927թ. Պարսկաստանի նոր առաջնորդ Ռեզա շահ Փեհլևիի կողմից նշանակվել է դեսպան Անգլիայում և պաշտոնավարել երկու տարի: 1930թ. Մասեհյանը նշանակվել է Ճապոնիայում պարսից առաջին դեսպանը: Մեկ տարի անց, ծանր հիվանդության պատճառով, նա ստիպված հրաժարական է ներկայացրել եւ նույն թվին, 67 տարեկան հասակում, կնքել մահկանացուն։ Նրա աճյունն ամփոփվել է Թեհրանում՝ ազգային ազատագրական պայքարի հայտնի անուն, Իրանական սահմանադրական հեղափոխության առաջնորդ Եփրեմ Խան Դավթյանի կողքին:

Անվանի դիվանագետը Պարսկաստանի հինգ տիրակալների կողմից արժանացել է մեծ հարգանքի և պատվի, երկրի բարձրագույն պարգևների:

Հովհաննես Խան-Մասեհյանը ամբողջ էությամբ կապված է եղել իր ժողովրդի հետ։ Հայ իրականության մեջ Մասեհյանը հայտնի է ամենից առաջ որպես Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչ: Ավետիք Իսահակյանի խորհրդով սկսել է Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանությունը։ 1898 թ. Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությունը հրատարակում է «Համլետ» ողբերգությունը: Հովհաննես Թումանյանը գրել է. «Շեքսպիրյան գրականությունը մեր մեջ մտավ, երբ երկու տարի առաջ Հովհաննես Խան-Մասեհյանի թարգմանությամբ Թիֆլիսում հրատարակվեց «Համլետը»։ Թիֆլիսում լուր էր պտտվում, թե Շեքսպիրի մի տաղանդավոր թարգմանիչ է դուրս եկել»։ Իսկ թե մի ժողովրդի համար ինչ ասել է` Շեքսպիր թարգմանել, լավագույնս մեկնաբանել է դարձյալ Թումանյանը. «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է. եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է: Այս տեսակետից մենք կարող ենք ասել, թե հառաջադիմություն ենք արել, որ, սակայն, ինձ թվում է մի թռիչք, մի հանկարծակի թռիչք»:

Հովհաննես Խան-Մասեհյանը տիրապետել է պարսկերենին, թուրքերենին, հունարենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, արաբերենին, հինդի եւ ռուսաց լեզուներին:

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Հոգևոր-մշակութային


26/06/2014