Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂԱՎՆՈՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ



Քաշաթաղի Աղավնո գյուղը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրն է: Այն տարածվում է համանուն գետի երկու ափերին: 1992 թվականի մայիսի 18-ին թշնամու վերջին կրակակետը, որն ազատագրեցինք, և կայացավ Միացումը, Աղավնո-Զաբուղն էր:

Գյուղի դպրոցը շրջանի առաջին կրթօջախներից է և կոչվում է Գարեգին Նժդեհի անունով: 2013-14 ուստարում դպրոցում սովորել է 28 աշակերտ, աշխատել՝ 15 ուսուցիչ: 12-րդ դասարանն ավարտել է երկու աշակերտ՝ Մերի Կարապետյանն ու Դավիթ Առաքելյանը: Նրանք վերջին քննություններն են հանձնում՝ հասունության ատեստատ ստանալու և բուհ ընդունվելու համար: Մերին արդեն միասնական քննություն է հանձնել հայոց լեզու և գրականություն առարկայից, ինչպես նաև անգլերենից, ստացել է 15 և 14 միավոր և հույս ունի՝ կընդունվի ԱրՊՀ օտար լեզվի բաժին: Մեր այցի օրը Դավիթը դպրոցում ավարտական քննություն էր հանձնում անգլերենից: Նա ցանկանում է ընդունվել Երևանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Զրուցում եմ դասվար Գայանե Իսախանյանի սաների հետ: Շահանե Իսախանյանը ցանկանում է ուսուցիչ դառնալ, իսկ Անի Ռասոյանը՝ բժիշկ: Արամայիս Բլբուլյանն արդեն որոշել է՝ դառնալու է երաժիշտ: Բերձորի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի սան է: Ցանկանում է նաև ջութակ նվագել, սակայն սովորեցնող չկա: Արցախ Հարությունյանը որոշել է հայրենիքի պաշտպան-զինվոր դառնալ: Տնօրեն Ելենա Թանայանը դպրոցի առաջին ուսուցիչներից է: Նա գովեստով խոսեց շրջանավարտների, 11-րդ դասարանի 4 աշակերտների, 7-րդ դասարան փոխադրված Մարիա Հարությունյանի, Զարեհ Բլբուլյանի (5-րդ դասարան), ուրիշների մասին: Տեղեկացրեց, որ 2014 թ. սեպտեմբերին դպրոցի առաջին դասարան հաճախելու են 4 աշակերտ, այսինքն՝ 2014-15 ուստարում Նժդեհի անվան դպրոցը կունենա 30 աշակերտ:

Դպրոցն ունի մի շարք խնդիրներ, որոնք բացասական ազդեցությունն են թողնում կրթական գործի վրա. տանիքը հիմնովին փոխելու ենթակա է. թիթեղները ծակծկվել են. անձրևների և ձնհալի ժամանակ շենքի հյուսիսային հատվածի դասարաններում կաթոցի պատճառով դասերը խանգարվում են: Դասարանների հատակը, պատուհանները նույնպես նորոգման կարիք ունեն: Գույքի, հատկապես աթոռների պակաս կա: Ուսուցիչները բարձրացրին նաև խմելու ջրի հարցը: Անցած ուստարում զգացվել է դասագրքերի պակաս:

Այս տարվա սկզբից Աղավնոյում սկսվել է նոր բնակարանների կառուցումը, և սեպտեմբերին մոտ 50 բնակելի տուն պետք է հանձնվի շահագործման: Հուսանք՝ ընթացիկ ծրագրում ընդգրկված է նաև դպրոցը, և դպրոցի նոր շենք ևս կկառուցվի:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Հոգևոր-մշակութային


26/06/2014