Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՈՅԻ, ՆՐԱ ԼԵԳԵՈՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ



(հուշ)

1960թ. դեկտեմբերն էր։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներս վերադառնում էինք Մոսկվայից։ Հայաստանի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Թովմասյանին և երկրորդ քարտուղար Զարուբյանին դիմելով՝ հաջողացրել էինք էքսկուրսիա գնալ Մոսկվա և Լենինգրադ՝ մեր դասախոս ընկեր Վ. Քոսյանի ղեկավարությամբ։

Մոսկվայի կառամատույցում մեր վագոն բարձրացավ մի միջահասակ հայ մարդ։ Շուտով իմացանք, որ նա Հայաստանի խորհրդային գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար Նոր-Այրն է։ Մենք խցկվեցինք նրա կուպեն։ Մեզ համար անչափ հետաքրքիր էր այդ անակնկալ հանդիպումը հայ գրողի հետ։ Նա շատ անմիջական մարդ էր, և սկսվեց անկաշկանդ զրույցը։ Հիմնականում խոսում էր ինքը, իսկ մենք կլանված լսում էինք նրա հետաքրքիր պատմությունները պատերազմական տարիներից… Մեզ առանձնապես հետաքրքրեց Դրոյի (Դրաստամատ Կանայան) մասին նրա պատմածը…

Դրոյի մասին շատ քիչ բան գիտեինք… Գիտեինք, որ եղբայրը համալսարանում է դասախոսում, և զարմացած էինք, որ նրան Դրոյի պատճառով չեն ձերբակալել…

Խրուշչովյան ձնհալի հովերը, իհարկե, հասել էին նաև մեզ՝ ուսանողներիս, սակայն դեռևս Դրոյի, ինչպես և մեր ազգի մյուս նվիրյալների մասին իրար հետ խոսում էինք կիսաձայն… Իսկ Նոր-Այրը, ի զարմանս մեզ, Դրոյին ներկայացնում էր բոլոր բարեմասնություններով՝ այնպես, ինչպես եղել էր։ Դրոն նրա գնահատմամբ իսկական ազգային հերոս էր՝ իր գործունեության բոլոր շրջաններում։

Ահա թե ինչ պատմեց Նոր-Այրը.

«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայում էի Հյուսիսային Կովկասում՝ ազգային խառը անձնակազմ ունեցող դիվիզիայի կազմում…

Մի օր վաղ առավոտյան մեր դիվիզիան տագնապով հանեցին ոտքի և սկսեցին նախապատրաստել մարտի։ Հրամանատարները բացատրեցին, որ այս անգամ մեր դիվիզիայի հակառակորդը գերմանացիների կողմից կռվող Դրոյի հայկական լեգեոնն է, որը, ինչպես հայտնի է, շատ ամուր ընկույզ է…

Բոլորս սարսափի մեջ էինք…

Պատերազմի սկզբին ոչ ոք, ինչպես և Դրոն, չէր կասկածում գերմանական բանակի հաղթանակին։ Դրոն հայ ռազմագերիներից ստեղծել էր մի լեգեոն և գերմանացիների հետ միասին շարժվում էր Կովկաս ու ձգտում որքան հնարավոր է շուտ մտնել Անդրկովկաս՝ Հայաստանն ու հայությանը Թուրքիայի սպասվելիք կործանիչ արշավանքից պաշտպանելու համար…

Կարմիր բանակի Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը Կովկասի նախալեռներում Դրոյի լեգեոնի դեմ էր հանել ադրբեջանական մեկ դիվիզիա։ Դա, իհարկե, արվել էր գիտակցաբար։ Նկատի էին ունեցել, որ հայ լեգեոնականների դեմ առանձնահատուկ ջանադրությամբ կկռվեին ադրբեջանցիները (կովկասյան թուրքերը), որոնք գործի կդնեին իրենց ցեղին հատուկ ատելությունը հայերի նկատմամբ, որ այնքան բացահայտ դրսևորվել էր դեռևս 1917-1920 թվականներին…

Ինչ խոսք, Դրոյի հայ լեգեոնականները նույնպես գիտեին, թե ում դեմ են կռվում… Չնայած ադրբեջանցիների թվական գերակշռությանը, ճակատամարտն ավարտվել էր Դրոյի լեգեոնի փայլուն և լիակատար հաղթանակով. ամբողջովին ոչնչացվել էր ադրբեջանական տասնհինգհազարանոց դիվիզիան։ …Ամբողջ դիվիզիայից փրկվել էր միայն 300 զինվոր, այն էլ՝ իրենց արագավազության շնորհիվ։

Մարտից հետո բզկտված, քրքրված զինվորական արտահագուստով այդ ողորմելիներին հավաքել էին մարտադաշտի մերձակա անտառներից,- այսպես ավարտեց Նոր-Այրն իր խոսքը…

Իսկ գնացքը, ճեղքելով գիշերվա թանձր խավարը, տանում էր մեզ դեպի լուսաբաց…

ԱՐՏՅՈՒՇ ՍԱՆՈՍՅԱՆ
Պատմագիտության թեկնածու

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Պատմության էջերից


26/06/2014