Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ



Առանց թիկունքային ծառայության մասնակցության բանակում չի՛ իրականացվում որևէ ծառայություն, չի՛ անցկացվում որևէ միջոցառում: Նույնիսկ գիտական կոնֆերանսների կազմակերպման համար որոշակի թիկունքային ապահովումներ են կատարվում: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե հանկարծ պատերազմի ժամանակ ձգձգումներով, ուշացումներով կամ պահանջվածից քիչ առաջնագիծ՝ կռվող զորամասերին հասցվեն զինամթերքը, սնունդը, հագուստը, վառելիքաքսուքային նյութերը…

Ազգային բանակի թիկունքային ծառայությունը, որը մի վիթխարի տնտեսություն է, ունի այնպիսի ամուր կառուցվածք և մատակարարումների, բեռնափոխադրումների այնպիսի ճկուն համակարգ, որի անխափան աշխատանքի վրա չեն կարող ազդեցություն ունենալ ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին գործոնները: Ավելին, ձգտելով ստեղծել ինքնաբավ կառույց, բանակի ղեկավարությունը հանրապետության կառավարության աջակցությամբ, օգտագործելով երկրի գիտական ներուժը, արտադրության ու գյուղատնտեսության հնարավորությունները, կրճատել, նվազագույնի է հասցրել բանակի համար արտերկրից կատարվող ներմուծումները: Առաջին հերթին սեփական ուժերին ապավինելու այս մարտավարությունն է ինչպես ամբողջ բանակաշինության, այնպես էլ առանձին զորատեսակների, մասնավորապես՝ թիկունքային ծառայության զարգացման հիմքում:

Ծառայության առաջնեկներից և առաջատարներից մեկը փոխգնդապետ Կ. Մխիթարյանի հրամանատարությամբ գործող զորամասն է, որը վերջին տարիներին համալրվում է միմիայն պայմանագրայիններով:

Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ դրան հաջորդած քսան տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ զորամասի զինծառայողներն ու քազաքացիական հաստիքով աշխատողները թերանան առաջադրանքների կատարման մեջ:

-Այն փաստը, որ 2010, 2011 և 2013 թթ. մենք թիկունքային ծառայության մեջ ճանաչվել ենք լավագույնը և պարգևատրվել պատվադրոշով, խոսում է իրականացվող բարեփոխումների արդարացված լինելու մասին: Պարտադիր ժամկետային ծառայություն կատարած և տարբեր մասնագիտությունների տիրապետող մարդիկ շատ ավելի արհեստավարժ են ու լավ են կատարում իրենց աշխատանքները, ավելի հոգատար են ու կարգապահ,- ասաց հրամանատար, փոխգնդապետ Կ. Մխիթարյանը:

-Իսկ ինչո՞վ է նշանավորվել 2013 թվականը, ի՞նչ ցուցանիշներ են հաշվի առնվել զորամասի գնահատման հարցում:

-Երկու տարի առաջ, երբ նոր էի նշանակվել հրամանատար, զորամասը հանկարծակի ստուգման ենթարկվեց ԳՌՏ-ի կողմից: Բոլոր ուղղություններով գրանցվեցին բարձր արդյունքներ: Վստահ եմ՝ այս ընթացքում դրական փոփոխություններ շատ են եղել: Անցած տարի ինչպես ուսումնական առաջին փուլից, այնպես էլ տարեվերջյան ամփոփիչ քննությունից, որն ընդունել է ՊՆ հանձնաժողովը, ստացել ենք «լավ» գնահատականներ: Մասնագիտական և համազորային առարկաներից գրանցվեցին գովեստի արժանի արդյունքներ: Մենք մասնակցում ենք ինչպես կենտրոնական ենթակայության, այնպես էլ զորամիավորումների կազմերում գործող զորամասերի զորավարժություններին, եւ հենց ստացած գնահատականներն էլ հաշվի են առնվում: Ըստ հայտերի պարենային, իրային, վառելիքաքսուքային, տեխնիկական միջոցներ ենք տեղափոխում բոլոր ուղղություններով: Թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմի ժամանակ առաջադրանքները նույնն են, միայն ծավալներն են փոխվում: Ինչպես անցած տարի, այնպես էլ դրանից առաջ չի եղել մի դեպք, երբ բեռների փոխադրումը մեր պատճառով ուշանա, կամ էլ գործողության ընթացքում որևէ ապրանք փչանա, ապրանքի քաշը, ծավալը պակասի: Իհարկե, պատահում է՝ որևէ մեքենա ճանապարհին ինչ-որ խնդիր է ունենում: Մենք շատ արագ այն նորոգում ենք, և մեքենան շարունակում է ճանապարհը: Հիմնականում բեռնափոխադրումներն իրականացնում ենք շարասյուներով, և վարորդները ճանապարհին իրար օգնում, աջակցում են:

-Ձեր զորամասի ծառայողներին և աշխատողներին հաճախ կարելի է հանդիպել տարբեր զորամասերում:

-Այո՛, մենք ունենք նաև թիկունքային տեխնիկական և վերանորոգման գումարտակ, որը կենցաղային տեխնիկայի նորոգումներ և մի շարք այլ ծառայություններ է իրականացնում: Դրանք առանձնապես աչքի ընկնող չեն, բայց կարևոր են:

-Զորամասերում արդեն սկսվել են ձմեռային ուսումնական փուլի ավարտական քննությունները…

-Նույնը մեզ մոտ է: Այս անգամ քննությունների ընդունումը վստահվել է զորամասի հանձնաժողովին: Վաղը մեկնելու ենք զորավարժարան՝ հանձնելու կրակայինը: Կարծում եմ` լավ արդյունքներ կունենանք և թիկունքի աշխատողների տոնը կնշանավորենք նոր ձեռքբերումներով:

♦♦♦

Փոխգնդապետ Թովմաս Աբրահամյանը հրամանատարի տեղակալն է և տեխնիկական մասի պետը, ասել է թե` ղեկավարում է ավտոմոբիլային ողջ տնտեսությունը:

-Որպեսզի առաջադրանքները կատարելիս խնդիրներ չառաջանան, հարկավոր է մեքենաները շահագործելիս լինել բարեխիղճ, իսկ սպասարկումն էլ կատարել ժամանակին: Քանի որ զորամասն ունի քաղաքացիական հաստիքներով աշխատողներ պահելու իրավունք, մենք ձգտում ենք ծառայության և աշխատանքի ընդունել բարձր որակավորում ունեցող մասնագետների: Զորացրման տարիքի հասած բարձրակարգ մասնագետներին տեղափոխում ենք քաղաքացիական հաստիքների: Բոլոր ընթացիկ նորոգումները կատարում ենք մեր ուժերով, ժամանակին, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր մեքենաները մշտապես պահելու սարքին վիճակում: Թարմացման գործընթացը կատարվում է պլանի համաձայն: Եվ այսօր բեռնափոխադրումների մեծ մասը իրականացվում է նոր, շատ լավ վիճակում գտնվող մեքենաներով:

♦♦♦

Մեքենայական պարկում միմյանց կողքի ըստ նշանակության (ըստ վաշտերի) շարված են մեքենաները: Հեռվից երևում է, որ վարորդներից մեկն իր բեռնատարն է տնտղում, մաքրում: Մոտենում ենք, ծանոթանում:

-Պայմանագրային զինծառայող եմ՝ շարքային Ալիկ Ասատրյան: Արդեն տասնյոթ տարի՝ այստեղ եմ: Պարեն, հագուստ, տարբեր բաներ եմ տեղափոխում: Ինչպես տեսնում եք` ավտոս նոր է: Սա հինգերորդն է, որ ստանում եմ: Ոնց էլ լինի, շաբաթը մեկ երթուղի եմ դուրս գալիս:

Վառելիքի լիցքավորման վաշտի հրամանատար, կապիտան Հ. Սիրեկանյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացնում վարորդ-մեխանիկների փոքր խմբի հետ: Նրանցից շարքային Նորայր Եփրեմյանը ծառայում է 1996թ.-ից ու միշտ վառելիք է տեղափոխել:

-Ես գոհ եմ իմ գործից. և՛ բանակի համար եմ աշխատում, և՛ ընտանիքս եմ պահում:

Շարքային Դավիթ Դավոյանը երիտասարդ է, երեք տարի առաջ է եկել զորամաս: Պարտադիր ժամկետային ծառայությունը կատարել է առաջնագծում:

-Զորացրվելուց հետո էլ էի վարորդություն անում: Տարբեր մեքենաներ եմ վարել` բեռնատար, մարդատար… Այստեղ լավ է. կայուն աշխատանք` ժամանակին տրվող աշխատավարձով…

♦♦♦

Զորամասի հնաբնակներից վարորդ Ենգիբար Գրիգորյանն է: Զինվորական ծառայության է անցել 1992թ.-ից, այժմ աշխատում է քաղաքացիական հաստիքով: Պատերազմի ժամանակ վարպետ Ենգիբարը հաց, վառելիք, զինամթերք է հասցրել առաջնագիծ:

-Շատ ծանր ժամանակներ էին, ինչ տալիս էին, պիտի շուտ տեղափոխեինք… Ճանապարհ չկար, անվադողերը կեսից ավելին ցեխի մեջ էին թաղվում: Էնքան է պատահել՝ ադրբեջանցիները կրակել են, եթե վախենայինք, չէինք գնա: Մի անգամ Գորիսից մի մայոր նստեց կողքս: Լաչին չհասած՝ դրանց հրետանին սկսեց ռմբակոծել: Կանգնելու համար ապահով տեղ էի փնտրում, մայորը միտքս հասկացավ, ասաց՝ չկանգնես, չի՛ կարելի, առաջ գնա, ճակատներիս ինչ գրված է, այն էլ կլինի… Չկանգնեցի:

♦♦♦

Եղանք նաև տեխսպասարկման, նորոգման կետում, որտեղ նորոգման վաշտի հրամանատար, կապիտան Ն. Ստեփանյանը ցույց տվեց, թե ինչպես են կատարվում մեքենաների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները, ներկայացրեց իրենց գործը բարեխղճորեն կատարող վարպետներին՝ Ալբերտ Ռուբինյանին, Խաչիկ Խաչատրյանին, դասակի հրամանատար, ավագ ենթասպա Արամայիս Ստեփանյանին, մյուսներին:

Մարտկոցների լիցքավորման տեղամասում զրուցեցինք հենց գործի վարպետներ, Արցախյան պատերազմի վետերաններ Գագիկ Հարությունյանի և Մավրիկ Մարտիրոսյանի հետ:

Խաչիկցի Գագիկը հիսունյոթ տարեկան է: Երեք տարի առաջ է քաղաքայինից տեղափոխվել բանակային տրանսպորտի: Նա 1989-1994 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին, ստեղծել է «Արաբո» կամավորական ջոկատը: Երկրորդ խմբի հաշմանդամ է:

-Մի՞թե ջոկատը հրամանատար Մանվել Ղազարյանը չի ստեղծել,-հարցրի Գագիկին:

-Պարոն Ղազարյանի հետ ծանոթացել եմ Ազատության հրապարակում և, գնահատելով նրա գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները, առաջարկել եմ դառնալ ջոկատի հրամանատար:

Մավրիկ Մարտիրոսյանն էլ արցախցի է, 63 տարեկան: Ծնվել է Խնուշինակ գյուղում, ազատամարտի ժամանակ ստեղծել է «Խնուշինակ» ջոկատը և ինքնապաշտպանական մարտերին ու ազատագրական գործողություններին մասնակցել Մոնթեի հրամանատարությամբ: Հետո նշանակվել է գումարտակի հրամանատար, 1994թ. ապրիլին վիրավորվել է, իսկ այնուհետև չի ցանկացել շարունակել զինվորական ծառայությունը:

Մավրիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն», «Մարտական գործողությունների մասնակից», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով եւ այլ պարգևներով: Նրա տղան՝ փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանը, զորամասում դիվիզիոնի հրամանատար է:

ՆՈՐՈԳՄԱՆ-ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՇՏԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Թիկունքային տեխնիկայի նորոգման և վերականգնման գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ժիրայր Ավետիսյանի ուղեկցությամբ եղանք արտադրամասերում կամ արհեստանոցներում:

Կարի արհեստանոցում Շուշանիկ Խաչատրյանը, Հասմիկ Գեղամյանը, Անթառամ Մուրադյանը և Անահիտ Գալստյանը մաշված – պատռված զինվորական ծածկոցներից մերձմահճակալային գորգիկներ և ներքնատակդիրներ էին կարում: Վաշտի հրամանատար, կապիտան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց տարեկան պլանը և ասաց, որ այդ պարագաների պահանջարկը բավական մեծ է:

Սաղավարտների նորոգման արհեստանոցում աշխատում էին վարպետներ, սերժանտ Գառնիկ Բազեյանը և վաշտի հրամանատարի տեղակալ Մխիթար Սիրադեղյանը: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես են սաղավարտները ներկում և փոխում փափուկ հանգույցները, կապիչները…

Ճաշի կաթսաների, սառնարանների նորոգման վաշտի հրամանատարը կապիտան Սահակ Ալբերտյանն է: Նրան և իր անձնակազմի անդամներին ավելի հեշտ է հանդիպել տարբեր զորամասերում, քան տեղում: Այցելեցինք նաև դաշտային բաղնիքների ախտահանման մեքենաների, դաշտային մեծ վրանների, վառելանյութի լիցքավորման սարքավորումների նորոգումների արհեստանոցներ: Վաշտի հրամանատար, կապիտան Արտյոմ Օհանյանն ասաց.

-Բոլոր զորամասերում տեղադրել ենք լիցքավորման նորագույն սարքավորումներ, որոնք բավական լավ են աշխատում, և մինչև այժմ ոչ մի խափանված սարքավորում չունենք: Հները նորոգում ենք և պահեստավորում, մտածելով, որ կարող են պետք գալ: Նորոգում և զորամասեր ենք վերադարձնում լիցքավորման մեխանիկական (ձեռքի) պոմպերը, որոնք կարող են օգտագործվել էլեկտրականության բացակայության ժամանակ:

Բանակում ամեն ինչ է հաշվարկված:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ազգային բանակ


26/06/2014