ՄԵՐ ՄԱՐԱՂԱՆ
Բարոնուհի Քերոլայն Քոքսը ժամանակին, Մարաղայի ողբերգության մասին խոսելիս, այն համարել է նոր Գողգոթա: 1992թ. ապրիլի 10-ի առավոտը Մարաղայում բացվեց ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Մարաղան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական օղակն էր: «Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ադրբեջանցիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ, ըստ երեւույթին, որոշ մարդկանց նրանք ողջ-ողջ էին վառել: Նրանք հիմնահատակ քանդում ու վառում էին հայերի տները, սակայն վառելուց առաջ թալանում էին դրանք՝ այնտեղից դուրս բերելով այն ամենը, ինչ իրենց չէր պատկանում: 1992թ.-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ամբողջ մարդկության դեմ»,- նույնիսկ շատ տարիներ անց չկարողանալով զսպել հուզմունքը՝ պատմում է բարոնուհի Քոքսը:
…Կամոն դպրոցական էր, երբ գյուղ մտան ադրբեջանական բանակի՝ մինչեւ ատամները զինված հրոսակները: Անմիջապես ներգրավվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում: «Քանի հետի թակալ եմ, օզացալ չեմ թողնեմ, վեր քինա կռիվ, մինա փախալ ա, քեցալ։ Մըն քանի ամիս գիդացալ չեմ շտեղ ա, մինչեւ մըն օր ալ լսալ եմ, վեր Մեծ Շենում զոհվալ ա խոխաս…»,- արցունքները սրբելով՝ պատմում է տիկին Միլետան՝ Կամոյի մայրը: «Շարժումը նոր էր սկսվում, մենք դեռ Բաքվում էինք ապրում, ես բուժքույր էի, հիվանդանոցում էի աշխատում, ամուսինս քաղցկեղով հիվանդ էր, մահացավ, ու հինգ երեխաներիս հետ մենակ մնացի: Հայերի հանդեպ ատելությունը գնալով ավելի էր սրվում: Մի օր վաղ առավոտյան թուրք կնոջ պես հագնվեցի եւ շտապեցի կայարան: Հրաշալի ադրբեջաներեն էի խոսում, որովհետեւ Բաքվում եմ ծնվել, գլխի չընկան, որ հայ եմ, ունեցածս ամբողջ գումարով Լենինավանի տոմսեր գնեցի իմ եւ երեխաներիս համար: Բայց թուրքերի ատելությունն այստեղ էլ գտավ մեզ: Իվանը՝ ավագ որդիս, միացավ Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատին: Վիճակն օր օրի սրվում էր: Կոտորածի օրերին մի կերպ չորս երեխաներիս հետ փախա՝ առանց Իվանի մասին որեւէ տեղեկության: Միայնակ կնոջ համար անասելի դժվար էր այդ իրավիճակում։ Երեք որդիներիս հաջողվեց Ռուսաստան ուղարկել, ամենակրտսերին ինձ մոտ պահեցի: Իվանս պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից հետո էլ երկար տարիներ ծառայեց բանակում: Մյուս որդիներիցս քսան տարի ոչ մի լուր չունեի: Վերջերս Իվանս համացանցի միջոցով գտել է նրանցից երկուսին…»,- պատմում է Ռաիսա Մկրտիչյանը: «Չեմ ուզում հիշել այն, ինչ եղել է պատերազմի տարիներին: Ամենասարսափելին, որ կարող է հիմնահատակ կործանել մարդուն, պատերազմն է, այն, որ սեփական զավակիդ՝ առաջնեկն արգանդում, աչքիդ առաջ մորթում են: Ինչ անեմ, էլի շնորհակալ եմ Աստծուց, մի որդիս թեեւ վիրավոր է, բայց կողքիս է, մյուսը մինչ այսօր դեռ շարունակում է ծառայել պաշտպանության բանակում։ Ասում է. «Մի անգամ վստահել ենք դրանց, ու հետեւանքը շատ դառն է եղել, հիմա պիտի ուղղենք մեր սխալը»: Ռաֆիկս կարծում է, որ ամեն հայ տղամարդ պարտավոր է լինել մեր երկրի խաղաղության ապահովման գործի մասնակիցը: Թոռնիկս հենց հիմա սահմանին կանգնած է. ժամկետային զինծառայող է, մի քանի ամսից տուն կգա: Պատերազմի մասին հիշել, լաց լինելը միշտ էլ կա, բայց ուզում եմ, որ դասեր քաղենք պատերազմից, ուզում եմ, որ ամեն հայ մարդ իր երկրում ապրի, ուզում եմ միաբան լինենք, իրար թեւ ու թիկունք լինենք, մեր բանակն էլ զորավոր լինի։ Դե, մեզնից էլ հասնում է հող մշակել, ծառ տնկել, տուն շինել, որ մեր երկիրը ապրի… Իսկ այստեղ աշխատող, արարող մարդու համար բոլոր հնարավորությունները կան: Կռվից հետո ոչինչ չունեինք, ոչ մի բան, միայն հագներիս շորն ենք ունեցել, իսկ այսօր գյուղում ամենալավ այգին մերն է։ Տուն-տեղ, անասուն, ամեն ինչ էլ ունենք, գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, միայն թե պատերազմ չլինի…»,- տարիների անսահման վիշտը կնճիռների մեջ թաքցրած, համեստ ժպիտը դեմքին՝ անկեղծանում է Լաուրա տատիկը եւ ուրախ-ուրախ վարունգի մարգերից ինձ իր հողամասի բերքով է հյուրասիրում, հպարտանում իր աշխատանքի պտուղներով:
Մարդկային խեղված ճակատագրեր, կորուստ ու ցավ… Սա է պատերազմի դեմքը։ Բայցեւայնպես, չնայած բազում փորձություններին, կորուստներին ու արհավիրքներին, մեր պայքարը հաղթանակով պսակվեց: Այնտեղ, որտեղ ավարտվում են Նոր Մարաղայի խաղողի ու նռան այգիները, պաշտպանության բանակի հենակետերն են: Հենակետերից այն կողմ Հին Մարաղան է, որտեղ այժմ փոքրաթիվ ադրբեջանցիներ են ապրում… Հանդիպեցինք նաեւ Արցախի պաշտպանության բանակի՝ այս ուղղության դիրքապահ մեր զինծառայողներին: Քայլում ենք խրամատի երկայնքով, զրուցում եմ մեր զինվորների հետ, հետաքրքրվում՝ ինչպե՞ս են վերաբերվում հակառակորդի՝ վերջին օրերին հրադադարի ռեժիմի շարունակ խախտումներին։ Նրանց պատասխանները երբեմն ցասումնալից են, երբեմն՝ զուսպ։ Բայց բառերով դժվար է բացատրել հայրենի երկրի սահմանը պահող երիտասարդի աչքերի արտասովոր փայլը. համեստ կեցվածքի մեջ այնքա՜ն ոգի կա: Երեւի թե այսպիսին էին նաեւ կամավորականները, զինվորները երկու տասնամյակ առաջ, այն ժամանակ, երբ մենք կենաց ու մահու կռվի էինք ելել մեր երկրի անդորրը խաթարել փորձող մինչեւ ատամները զինված ադրբեջանական բանակի դեմ: Այսօր էլ մեզ ոչինչ չի մնում, քան զենքով զսպել մեր հակառակորդի ոտնձգությունները: Հենց այն պահին, երբ մենք մարտական հենակետերում էինք, հակառակորդը հարեւան դիրքի ուղղությամբ կրկին կրակ բացեց: Հենց այդպիսի իրավիճակում ես հասկանում, որ պատերազմն իսկապես չի ավարտվել, ամեն օր մեր սահմանապահ տղաները պատերազմում են եւ ամեն օր հաղթում են պատերազմում, ամեն մի խաղաղ առավոտ մեզ համար նրանք վաստակում են կյանքի գնով: Եթե մենք չենք զգում պատերազմը մեր մաշկի վրա, ուրեմն մեր բանակն իր առջեւ դրված խնդիրը պատվով է կատարում, հայրենիքի սահմաններն անառիկ են: Գումարտակի շտաբի պետ, կապիտան Հովհաննես Գալստյանը մշտապես երիտասարդ զինծառայողների կողքին է. դիրքից դիրք անցնելով՝ նա մեկ անգամ եւս անձամբ զննում է տեղանքը, զրուցում դիրքի անձնակազմի հետ, անհրաժեշտ ցուցումներ տալիս: Անկախ Ադրբեջանի այս վարքագծից՝ Արցախի սահմանամերձ գյուղերում կյանքը շարունակվում է, հայ գյուղացին ապրում է իր հանապազօրյա արարումով՝ հող է մշակում, ծառ տնկում, շենացնում հայրենի երկիրը: Նոր Մարաղայում ապրում է 350 բնակիչ. գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ վերջերս Նոր Մարաղայում կառուցվել է համայնքային կենտրոն, որը ներառում է գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։
Արդեն մի քանի տարի երեւանաբնակ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը սուր հիշեցնող խաչքարեր է քանդակում հայկական սահմանամերձ բնակավայրերում կանգնեցնելու նպատակով: Վարպետը ցանկանում է, որ այս խաչքարերը զորավիգ լինեն սահմանապահ գյուղի բնակիչներին ու մեր զինծառայողներին: Նա մի համոզմունք ունի. մեր առջեւ ծառացած դարավոր փորձությունները մենք կարողացել ենք հաղթահարել միմիայն առ Աստված մեր հավատի եւ սրի զորության շնորհիվ: Հունիսի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքում տեղադրվեց հերթական խաչքարը՝ ի հիշատակ Մարաղայում եւ հարեւան Մարգուշեվանում ադրբեջանցի հրոսակների կազմակերպած ջարդի անմեղ զոհերի: Մարտական ընկերների՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի պետի ընդհանուր հարցերի գծով տեղակալ, մայոր Կարեն Թանգյանի, Արցախյան ազատամարտի վետերան, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Իվան Գրիգորյանի, ՊՆ Տ եւ ՀԿՎ պետ Վարդան Ավետիսյանի եւ մի խումբ նվիրյալ մարաղացիների ջանքերով խաչքարը վեր խոյացավ Նոր Մարաղայում՝ ի հաստատումն այն բանի, որ հայը, ապավինելով իր հավատին ու սրի զորությանը, շարունակում է ապրել ու շենացնել իր երկիրը, որ չնայած ճակատագրի դառը փորձություններին՝ անսասան է մեր հավատն առ Աստված:
Ցավոք, Հին Մարաղան այսօր դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն մարաղացիները վստահ են, որ կգա օրը, եւ կվերադառնան ու կշենացնեն հայրենի գյուղը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Հոգևոր-մշակութային