ՀՈՒԼԻՍԻ 5-Ը` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Յուրաքանչյուր ժողովրդի համար ազգային խորհրդանիշ կարող են լինել աշխարհագրական անունները, ազգային հերոսներն ու արքաները, դիցաբանական կերպարներն ու մշակույթի գործիչները։ Մեզ համար, Հայաստանի Հանրապետության զինանշանից ու դրոշից զատ, ազգային խորհրդանիշներ են նաեւ Մասիս սարը, մայր Արաքսը, Սեւանա լիճը, ինչպես նաեւ՝ Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Անդրանիկը, Նժդեհը…
Մեր ազգային մտածելակերպի մեջ տեղի է ունեցել մի խոշոր տեղաշարժ. մեր Հաղթանակն ու Անկախությունը նույնացել են դրանք պաշտպանելու կոչված հավաքական խորհրդանշանի՝ Զինուժի հետ։ Ըստ այդմ, հայոց բանակը պետականության այլ կրողների հետ նույնպես վերածվել է ազգային խորհրդանիշի։
Մեր անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ մեր 15-ամյա Սահմանադրությունն է՝ Մայր օրենքը, որով բարձրագույն արժեքներ են հռչակվել մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները։
Սահմանադրությունը մեր կարեւոր խորհրդանիշն է, որի համար պատասխանատու ենք բոլորս՝ իշխանությունն ու հասարակությունը։ Անցած տարիները մեզ քայլ առ քայլ մոտեցրել են այն բաղձալի օրվան, երբ բարձրաձայն կասենք՝ այո՛, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, պետություն, որտեղ բարձրագույն արժեքը ՄԱՐԴՆ է։
Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Բանակ և հասարակություն