ԹԱՌԱՆ ՏԱՏԸ
Պատմում է Վալյա Մալխասյանը
Դաշքեսանի շրջանի Խաչակապ բնիկ հայկական գյուղում է գտնվում Սուրբ Թարգմանչաց վանքը, որը, ըստ Հ. Ղանալանյանի, կառուցել է Մ. Մաշտոցը՝ շրջելով եւ լուսավորություն տարածելով Հայաստանով մեկ: Վանքի բակի աղբյուրի կողքի խաչքարին փորագրված է. «Սուրբ խաչս բարեխոս ի տեր Յովանիսի հոգուն ամեն, թվին ՌԾԷ (1608թ.)»։ Ըստ ավանդության, կամենալով հրաշք ցույց տալ ժողովրդին, սուրբ Մաշտոցը գավազանով հարվածում է քարին եւ բխում է այդ աղբյուրը: Եվ սակայն հրաշքը ունի իր շարունակությունը՝ 1989թ. մայիսին խաչակապցի Իսահակ Բաղյանը վտանգելով իր եւ ընտանիքի անդամների կյանքը, վերջինը թողնելով ծննդավայրը, մեծ դժվարությամբ իր հետ Հայաստան է բերում Թարգմանչաց վանքի խաչքարը։ Երբ այդ մասին տեղեկանում է Վեհափառ Վազգեն Առաջինը, իր մոտ է հրավիրում հայրենասեր հայորդուն եւ հուզմունքից արտասվելով պատմում է Մշո «Ճառընտիրի» գաղթի ճամփան, թե ինչպես հայ մայրերը մագաղաթյա գիրքը բաժանելով երկու մասի, իրենց շալակն առած փրկում են սուրբ մասունքը…
Թառան տատը ծնվել, մեծացել էր այդ գյուղում։ Երբ սկսվեցին ազգամիջյան ընդհարումները, տատն արդեն յոթանասունն անց էր: Իսկական անունը Անթառամ էր, որը տարիների ընթացքում մոռացվել էր, ու գյուղի մեծն ու փոքրը նրան Թառան տատ էին ասում: Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո, երբ գյուղի տղամարդիկ որոշեցին կանանց ու երեխաներին տեղափոխել Հայաստան, Թառան տատը չգնաց, մնաց գյուղում: Երբ տղաները փորձում էին համոզել տատին, տատը միշտ միեւնույն պատասխանն էր տալիս. «Զավակներս, եթե ձեզ չօգնեմ, չեմ էլ խանգարի, բեռ չեմ դառնա ձեր ուսերին»: Ճիշտ է, ընդհարումներ չեղան, սակայն տղամարդիկ ապահովության համար հերթապահում էին։ Երբ միմյանց փոխարինելով գալիս էին դիրքերից, Թառան տատը տաք ճաշը դնում էր սեղանին: Տղաները քաղցը հագեցնելով, երբ պատրաստվում էին քնել, հանգստանալ, տատն ասում էր. «Էսօր լողանալու հերթն ո՞ւմն է, տաք ջուրը պատրաստ է»: Սկզբում, երբ տղաները մի տեսակ ամաչում էին, տատն ինքն էր փորձում շորերը հանել. «Այ շան տղա, մի մատ էրեխա էիր, քեզ էլ, էս քո ընկերներին էլ հիշում եմ դեռ բարուրից: Հիմա էլ եկել ամաչո՞ւմ եք, հա՛, Թառան տատից»:
Ու Թառան տատը դարձավ տղաների սիրելին: Իջնում էին դիրքերից, փաթաթվում տատին. «Ի՞նչ ես եփել Թառան տատ» կամ «Էսօր ո՞ւմ հերթն է լողանալու»: Իսկ Թառան տատը մայրական հոգատարությամբ գրկում էր տղաներին, գուրգուրում, կերակրում.
-Չթողեք անօրենը գյուղ մտնի, մի քիչ էլ դիմացեք, շուտով ամեն ինչ կխաղաղվի, նորից կբացվեն բոլոր օջախները:
Ավա՜ղ, դռները բացվեցին, եւ օտարի շունչ առած պատերը դեռ սպասում են իրենց տերերին:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր