Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԽԻՇԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԽԱՉՔԱՐԸ



Սա Հայաստան է, և վե՛րջ…
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի երեք մեծ վտակների՝ արևմտյան կողմի Աղավնոյի, միջին Հոչանցի և արևելյան Շալուայի հովիտներում պահպանվել էն հայոց պատմամշակութային շատ հուշարձաններ, որոնք հուշում են, որ Պատմական Մեծ Հայքի Արցախ և Սյունիք աշխարհների այս տարածքներում մինչև 18-րդ դարակես մեր պապերն են ապրել: Հազարամյակների պատմություն ունեցող ամրոցների ավերակներն ու հնադարյա դամբարաններն էլ հուշում են՝ այս տարածքները շատ վաղուց եղել են հայ մարդու բնօրրան: Այս տարածքի ցանկացած անտառում ու ձորակում, սարահարթին ու ժայռապռնկին, գետափին ու լեռնալանջին, ծերպերին աչքդ կշոյեն հայ վարպետի քանդակած խաչն ու զարդանախշը, վիմագիր արձանագրությունը, թփուտներով պատված մատուռի ավերակը, ժայռին թառած եկեղեցին: Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք-Վակունիս գավառի Շալուա և նրա արևելյան Արախիշ (Րախիշ) վտակի միացման տեղում՝ ձախափնյա հարթությունում՝ ծովի մակերևույթից 1270մ բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված: Հարթության հարավային մասում՝ հենց ժայռապռնկին, տարիներ առաջ Մովսեսաշենի և Վազգենաշենի բնակիչները հայոց հանգստարանի տեղ են հայտնաբերել, որտեղ կան 10-ից ավելի շիրմաքարեր: Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ արձանագիր չունեն: Միայն արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար կա, որ արձանագրություն ունի: Հուշակոթողը կերտված է դեղնավուն քարից: Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000թ. հունիսին: Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. «ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ Զ ԷՉՍ Ի ԲԱՐԷ ԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ… Չ…»: Խաչքարի ձախ ներքին անկյունը կոտրված է, և բնականաբար, հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը: Սակայն վերջին Չ տառը հավանաբար խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700: Չ-ից հետո նշմարվում է նաև Կ տառի մասնիկը: Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է Հայոց ՉԿ (հնարավոր է, որ եղել են տասնավոր և միավոր արտահայտող տառեր) թվականին: Այսպիսով՝ հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311-1320-ական թվականներին: Ա. Հակոբյանը նշում է, որ վիմագրությունում հիշատակված իշխան Գևորգն ու նրա կին Մինան նվիրատվության արձանագրություն են թողել նաև Գանձասարում:

Խաչքարից դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 2 կմ հեռու, պահպանվել են հայոց երկու եկեղեցիներ՝ դարձյալ 12-14-րդ դարերում կառուցված: Այս սրբավայրի տարածքում պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Գևորգ իշխանի եղբորը: Այդ է վկայում տապանաքարի արձանագրությունը.

ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱ ՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, //ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ: // ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ: ԹՎԻՍ Չ Է /1298թ./

Մյուս եկեղեցին միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում: Վերակառուցվել է 15-16-րդ դարերում: Դիմացի ժայռի վրա խաչեր կան քանդակված: Երկու եկեղեցիների շրջակայքում պահպանվել են մի քանի տասնյակ տապանաքարեր ու խաչքարեր:

Վերջերս Վազգենաշեն գյուղի բնակիչ, Մովսեսաշենի դպրոցի նախկին տնօրեն Միքայել Բալայանի հետ ևս մեկ անգամ ուսումնասիրեցինք տարածքը: Վազգենաշեն գյուղը գտնվում է Շալուա գետի վրա: Այստեղից ճանապարհը բաժանվում է երկու մասի: Ուղիղ դեպի հյուսիս Շալուա համայնքն է՝ մի քանի գյուղերով, իսկ դեպի աջ՝ արևելք ընթացող ճանապարհը տանում է Քարվաճառ: Այս ճանապարհների հատման տեղից քիչ հյուսիս սկսվող անտառապատ սարալանջին պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը՝ փոքր և հասարակ խաչքարերով: Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն այստեղ գոմեր են կառուցել: Քանդված տեղում՝ մոտ 2 մ խորությամբ, բացվել են ավելի հին դամբարաններ: Այստեղից մոտ 100 մ դեպի արևմուտք շինության ավերակ կա: Բռնում ենք պատմական ճանապարհը և բարձրանում: Զգացվում է, որ դարեր առաջ բանուկ ճանապարհ է եղել (պահպանվել են եզրաքարերը): Այստեղ ժայռերի մեջ բացված մուտքից աջ խաչեր են քանդակված: Դրանցից քիչ վերև է գտնվում խաչքարը, որն արդեն կանգուն է և տարածքի բնակչության համար դարձել է սրբավայր ու հուշարձան: Միքայելն ասում է, որ տոներին ու հիշատակի օրերին այստեղ կազմակերպում են միջոցառումներ: Այսպիսով՝ 700 տարի առաջ Գևորգի կողմից կանգնեցրած խաչքարն այսօր ևս դարձել է ուխտավայր:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Հոգևոր-մշակութային


10/07/2014