Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻ ՊԱՏԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԸ



Դռան զանգը մի քիչ պահանջկոտ, մի քիչ ամաչելով ինձ նախամուտք է կանչում: «Տեսնես ո՞վ է»,- մտածում եմ դժգոհ: Ինձ գործից կտրել են ու վախենում եմ նորից չկարողանամ հավաքել մտքերս, մանավանդ որ այսօր դժվար է գրվում….

Դուռը բացում եմ ու հայտնվում զինվորների շրջապատման մեջ: Գրկախառնվում ենք: Արմանն ու Ռուբենն են, որ Գոռի հետ եկել են այցելության: Նայում եմ Արմանին ու զարմանում: Ինքն է ու ինքը չէ ասես, մի բան փոխված է, բայց ի՞նչը՝ գլխի չեմ ընկնում: Դա զգում եմ ենթագիտակցորեն, հետո առաջին պահի իրար խառնվածությունը հաղթահարելով՝ ներս եմ հրավիրում տղաներին: Պարզվում է՝ Արմանն ու Ռուբենը արձակուրդ են եկել բանակից, Գոռն էլ օրերս պիտի զորակոչվի, եւ եկել են տեսության:

Նայում եմ զննելով: Առնականացել, մեծացել են մի տեսակ:

-Ո՞նց եք,- սովորական, հերթապահ հարց եմ տալիս եւ դարձյալ հասկանում եմ, որ Արմանի պահվածքի մեջ ինչ-որ բան փոփոխված է: Դարձյալ ետ եմ հրում անպատեհ հայտնված միտքն ու նայում եմ նրան:

-Լա՛վ, սպասվածից շատ ավելի լավ,- ասում է Ռուբենը:

-Բանակ է,- հոգոց է հանում Գոռը:

-Դու ի՞նչ գիտես,- կատակում եմ,- դու նոր ես գնալու:

-Հա,- մի քանի օրից,- ժպտում է՝ բարակ հոնքերը վեր քաշելով:

-Զինվորնե՞ր…,- թերասացությամբ հարց եմ կախում նրանց գլուխներին:

-Ես ասեմ,- հանգիստ վրա է բերում Ռուբենը,- նախ՝ ամեն ինչ ե՛ւ նույնն է, ե՛ւ տարբեր:

-Այսի՞նքն…

-Այսի՛նքն…. Բանակ գնալուց առաջ ով ասես խրատ ու խորհուրդ էր տալիս: Մեկն ասում էր՝ հրամանները մի՛ կատարիր, մեկն ասում էր՝ լսի՛ր ու քո գիտեցածի նման արա, երրորդը խորհուրդ էր տալիս այս ու այսպես անել, չորրորդը… Երբ բանակ գնացի, հենց առաջին օրերից համոզվեցի, որ բանակը ուրիշների պատմածների նման չէ:

-Բա՞…

-Բանակը նախ եւ առաջ կարգապահություն ու պատասխանատվություն է պահանջում, կատարած քայլի համար պատասխան տալու տղամարդկություն:

-Մի բան էլ կա,- թեթեւ ժպտում է Արմանը:

-Ի՞նչ:

-Էն, որ քո կատարած ամեն մի քայլի համար պատասխան տվողը դու ես ու միայն դու: Պապա ու մամա չկա, քեռի ու հոպար էլ չկա: Դու ես ու դու… Տղամա՞րդ ես՝ քո քայլը կշռիր ու կատարիր:

Հանկարծ հասկանում եմ, թե իմ նախկինում ճանաչած Արմանին ինչն է պակասում՝ զրնգուն ծիծաղը:

-Արմա՞ն,- հարցնում եմ,- էդ ինչի՞ չես ծիծաղում: Կարո՞ղ է՝ էնքան են նեղել, որ ծիծաղելը մոռացել ես:

-Չէ՛,- ժպտում է,- հիմա մի տեսակ լրջացել եմ,- հասկանում եմ շատ բաներ, որ նախքան բանակ գնալս էնքան էլ չէի կարեւորում: Դե, որ էդքանը հասկանում եմ, ծիծաղելս չի գալիս,- ասում է՝ ինքն իրեն հեգնելով:

Հետո զրուցում ենք բանակի կարգ ու վարքի մասին, ծառայության ու հակառակորդի: Երբ մարդը կողքիդ է, հաճախ չես զգում, թե ինչպես է փոխվում, հաճախ չես տեսնում, թե պատանին ինչպես է դառնում երիտասարդ, իսկ երիտասարդը՝ տղամարդ: Բանակում ծառայության վեց ամիսը բավական է եղել, որ Ռուբենն ու Արմանը տղամարդու լրջություն ձեռք բերեն:

Փորձում եմ կատակի երանգ մտցնել խոսակցության մեջ:

-Լա՛վ, դուք ինձ ասեք՝ մեր Գոռը ի՞նչ պիտի անի բանակում: Ախր, դուք լավ գիտեք, թե նա որքան քմահաճ է ուտելու հարցում: Իր ուզածը չեղավ՝ չի՛ ուտի:

-Կկակղի՝ կուտի,- ժպտում է Ռուբենը:

-Ասեմ՝ չզարմանաք,- նստած տեղը առաջ է հակվում Արմանը,- երբ նոր էի գնացել, մի քանի օր միայն թեյ էի խմում:

-Ինչո՞ւ, բանակի ճաշերը լավը չե՞ն:

-Լավ ու վատի հարց չի: Պարզապես տան եփածի պես չի:

-Բա հետո՞:

-Հետո սովորեցի, հասկացա, որ բանակի ճաշը յուրահատուկ համ ունի: Մոր եփած ճաշ չէ, բայց լավն է: Բանակի ճաշ է: Ու հիմա, ինքներդ եք տեսնում, մի բան էլ չաղացել եմ:

– Հո միայն դա չէ, էլի շատ բաներ կան, Արմա՛ն,- վրա է բերում Ռուբենը: Առավոտյան շուտ վեր կենալ կա, մարզանք անել կա, վազել կա… Բա՞, Գո՛ռ ջան;

-Ինձ համար ոչ մի բան էլ դժվար չի լինի,- հոգոց է հանում Գոռը,- մենակ կարոտը…

-Կարոտն էլ է տղի համար, ախպե՛ր ջան,- նրա ուսը գրկում է Արմանը: Սկզբում ժամանակը կարծես չի անցնում, հետո ամեն ինչ ընկնում է հունի մեջ ու… Ծառայությունն էլ իր համն ու հոտն ունի, բանակի կյանքն էլ իր հետաքրքրությունն ունի, իսկ բանակի ընկերությունն ուրիշ ընկերություն է՝ զենքի ընկերություն, նեղ ու լեն օրերի ընկերություն: Նախքան բանակ գնալս միշտ մտածում էի, թե բանակը անտեղի տեղը երկու տարի խլում է մարդու կյանքից, իսկ հիմա այդ կարծիքին չեմ: Հիմա գիտեմ, որ բանակում լավ ծառայելը իսկական տղայի գործ է, եւ եթե ինչ-որ բաներում տուժում ես, շատ բաներում էլ շահում ես ու կյանքիդ մնացած ողջ ընթացքի համար դասեր ես քաղում:

-Մի խոսքով, հանգիստ լինեմ էլի, դուք ու ձեր նման տղերքը որ կան, մենք հանգիստ պիտի քնենք,- ծիծաղում եմ:

-Հա՛, բա ոնց,- ծոր է տալիս Ռուբենը:

-Մի բան որ պատմեմ՝ կհավատա՞ք,- հարցնում է Արմանը:

-Ասա՛,- ձեռքս նրա ուսին եմ դնում:

-Գարնան գլուխ էր: Անձրեւ էր գալիս, ի՜նչ անձրեւ, ասես դույլերով լցնեին վրաներս: Մենք հենակետում էինք: Օրեր էին լինում՝ կանգնած էինք լինում ցեխաջրի մեջ: Եվ ես, ու ոչ միայն ես, բոլոր տղաները, անձրեւանոցն առաջին հերթին ոչ թե իրենց վրա էին քաշում, այլ՝ զենքի:

Ես ցույց եմ տալիս՝ իբր չեմ հասկանում՝ ինչու:

Արմանը կարծես նեղվում է իմ անհասկացողությունից.

-Ախր, սահմանի վրա զենքը զինվորի ախպերն է: Թե զենքը լավ չպահես… Բա թշնամուն ինչո՞վ պատասխան տաս:

-Հակառակորդը շա՞տ է անհանգստացնում:

-Ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Դիպուկահարից պիտի զգույշ մնաս: Եվ զգոն լինես ամեն դեպքում:

-Ոնց թե զգոն, պիտի վախենա՞ս,- մի քիչ նեղացկոտ նրան ընդհատում է Գոռը:

-Չէ՛, վախենալն ու զգոնությունը տարբեր բաներ են,- խրատելու պես ասում է Ռուբենը:- Երբ քեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդ ունես, երբ հակառակորդդ նենգ է, երբ մարտի ու մարդկայնության կանոններից հեռու է, դու զգոն պիտի լինես: Զգոն, որպեսզի հարկ եղած դեպքում համարժեք պատասխան տաս, քեզ ու ընկերներիդ անփորձանք պահես եւ արցունք ու վիշտ չպատճառես ծնողներիդ: Ծնողների արցունքը ծանր է, ախպե՛ր ջան…

♦♦♦

Էլի ենք զրուցում: Հետո նրանք գնում են: Մի քանի օրից Ռուբենն ու Արմանը կգնան իրենց զորամասերը, բանակ կզորակոչվի նաեւ Գոռը: Իրենք իրենց ծառայությանը կլինեն, ծնողներն էլ իրենց ամենօրյա հոգսերի հետ ամեն պատեհ ու անպատեհ առիթով կհիշեն նրանց, աչք ու ականջ դարձած կսպասեն բանակից եկող բարի լուրերի, սիրած աղջիկները զանգի կսպասեն, ու կյանքը կշարունակվի:

Ես կմտածեմ հայրենիքի ու հայրենի հողի մասին, այն շենացնող հողագործի ու շինարարի մասին, հայրենիքից հեռացած պանդուխտների մասին եւ հողը հայրենիք դարձնող՝ երեկ պատանի, այսօր արդեն զինվոր տղաների մասին:

♦♦♦

Դժվար է կառուցվում հայրենիքը, նրա ամեն մի քարը դրվում է հազար ջանքով ու դժվարությամբ, բայց հայրենի պատի ամենաթանկ ու հուսալի քարերը Արման Սանեյանը, Ռուբեն Խաչատրյանը, Գոռ Մաթեւոսյանը եւ նրանց նման հազարավոր զինվոր տղաներն են, որոնց անխարդախ ու ջանադիր ծառայության շնորհիվ հայրենիքն ավելի ապահով պիտի լինի, եւ կյանքը պիտի շարունակվի հայոց հինավուրց հողի վրա:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Հոգևոր-մշակութային


10/07/2014