Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԾՎԻ ՉԿԱՅԱՑԱԾ ԹՌԻՉՔԸ



Պատմական Գարդմանաց աշխարհի հայաշունչ բնակավայրերից էր Բանանցը: Տակավին 1907 թ. այն ուներ 2380 հայ բնակիչ: Այդ ցուցանիշն իր գագաթնակետին է հասել Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին, երբ Բանանցն ուներ 1182 տնտեսություն` 4236 բնակիչներով: Բանանց, բանանոց, ասել է թե` բանելու, աշխատելու, արարելու վայր: Հայի ամենավսեմ արժանիքներից մեկի` աշխատասիրության վավերագիր-վկայական էր գյուղը: Նայելիս թվում էր, թե բացառապես երկհարկանի, սիրունակերտ տներն իրար սեղմվել, իրար շալակ են ելել: Մինչդեռ նրանք իրար ավելի շուտ թև-թիկունք էին: Խաղաղ ժամանակներում Գարդմանաց աշխարհի այդ հատվածի զարդն ու պսակն էր Բանանցը, իսկ ազգամիջյան կռիվների թոհուբոհում` պաշտպանական անխորտակ վահանն ու ամրակուռ պարիսպը:

Բնակավայրի անվան առաջին հիշատակումները մեզ են հասել 7-րդ դարի կեսերին ստեղծված, ապա 1453թ. ու հատկապես 1625թ. Բանանցի ամբողջ համայնքի նորոգած Ծեր և Պահապան կոչվող հնագույն Ավետարանի շնորհիվ: Այն, որ հիմա կոչվում է Վեհամոր Ավետարան` ի հիշատակ լուսահոգի Վազգեն Առաջին կաթողիկոսի մոր: Այն, որ Մատենադարանում պահվող ավետարաններից ամենահինն է, և նրա վրա են երդվել անկախացած Հայաստանի Հանրապետության երեք նախագահները: Այդ գյուղում է գործվել մասնագետներին հայտնի ամենահին հայկական գորգը` Եռախորանը (202 թ.), որը պահվում է Վիեննայի թանգարանում…

Բանանցի հետ կապված այս պատմությունը, որ ուզում եմ ներկայացնել, ճակատագրական եղավ հազարամյա հայկական գյուղի համար: Հայրենական մեծ պատերազմում զոհված բանանցեցիների հիշատակին կառուցված արծիվ-հուշարձանի բարբարոսական, թուրքավարի ավերման սահմռկեցուցիչ պատմության մասին է խոսքը: Այդ իրադարձությունը հոգեբանական երկրաշարժի դեր կատարեց Բանանցի համար: Այն տեղի է ունեցել Խորհրդային Միությունում, անսասան թվացող կոմունիստական հասարակարգի պայմաններում, Բաքվի հրահանգով և Կրեմլի լուռ աջակցությամբ: Բարոյական, իրավական, նաև քաղաքական բոլոր հիմքերն ունենք ասելու, որ Հայրենական մեծ պատերազմն այդպես էլ չավարտվեց Բանանցի համար: Զոհված 600 բանանցեցիների հուշարձան- կոթողի ավերումը նախադեպը չունեցող հանցագործություն էր նախկին ԽՍՀՄ պատմության մեջ, ինչը կատարվեց Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կարգադրությամբ, այն իշխանությունների, որոնք դրանից 19-20 տարի հետո կազմակերպեցին հայերի սպանդը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի գյուղական շրջանում…

1941-1945 թթ. Բանանցից Հայրենական մեծ պատերազմ է մեկնել 1200 երիտասարդ: Զոհվել է… 600 հոգի: Նրանց հիշատակը հավերժացնելու առաջին քայլը կատարվել է 1966թ. մայիսին կազմակերպված բանանցեցիների ժողովում: Գյուղ հրավիրվեց մեծաքանքար ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Աշխարհ տեսած արվեստագետը զարմացել էր` տեսնելով Բանանցի աննկարագրելի գեղեցկությունը, և կարծիք էր հայտնել, թե նույնիսկ հռչակավոր Շվեյցարիայում այդպիսի գողտրիկ ու հիասքանչ անկյուն չկա: Ճարտարապետի արծվենի հայացքը կանգ էր առել Դիմաց կոչվող տեղի վրա, որտեղից գյուղը երևում է ինչպես ափիդ մեջ: Ռաֆայել Իսրայելյանի աչքին Բանանցը հառնել է որպես մի արծվաբույն, որից արծիվներ են թռել դեպի Մեծ հայրենականի մարտադաշտերը: Այդպես է ծնվել արծիվ-հուշարձան կառուցելու գաղափարը:

Հուշարձանի կառուցումը, հիրավի, համաբանանցյան բնույթ էր ստացել: Բացի նրանցից, ովքեր, այսպես ասած, ի պաշտոնե աշխատում էին Դիմաց կոչվող վայրում, ամեն օր իրենց անվճար աշխատանքով վերջիններիս կամավոր օգնում էին բազմաթիվ համագյուղացիներ, ինչպես և Բանանցի Մելիք Մելիքյանի (Դեդուշկա) անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները, որոնց հետ նաև տողերիս հեղինակը` որպես այդ կրթօջախի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցիչ էի: Հուշարձանի կառուցման համար հավաքվել էր քսան հազար ինը հարյուր երեք ռուբլի` այն ժամանակների չափանիշներով պատկառելի գումար:

Արծիվ-հուշարձան Կոթողի ճարտարապետական ձևավորումը հավանության էին արժանացրել Հայաստանի նկարիչների միությունը և ճարտարապետների միությունը: Հուշարձանի հեղինակն էր հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր Ռաֆայել Իսրայելյանը: Քանդակագործը ՀԽՍՀ վաստակավոր քանդակագործ Արա Հարությունյանն էր:

Վերջապես, ավելի քան երկու տարի հետո հուշարձանի կառուցումն ավարտվեց: Բետոնե հիմքի վրա վեր էր խոյացել հայաստանյան սրբատաշ քարերից հյուսված բարձր սյունը, որի վրա փորագրվել էր մեր պատմիչի թևավոր խոսքը. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն»: Սյան առջև պատվանդան էր կառուցվել նույնպիսի սրբատաշ քարերից: Եվ պատվանդանին դրված էր թևածալ մի արծիվ՝ որպես վեհության, խիզախության, ազատասիրության դարավոր խորհրդանիշ: Սարդարապատի հուշահամալիրի հզոր թևավորներին հար և նման արծիվը մարմնավորում-խորհրդանշում էր Բանանց չվերադարձած 600 քաջերին: Արծիվ-տղաները քարե հավերժական կարոտով բարձունքից նայում էին անկրկնելիորեն գեղեցիկ իրենց ծննդավայրին:

Գյուղը հանդիսավոր սպասումի մեջ էր: Երկու օրից տեղի էր ունենալու հանդիսավոր բացման արարողությունը: Հյուրեր էին հրավիրված Երևանից, Բաքվից, Մոսկվայից, նախկին Խորհրդային Միության այլ վայրերից: Այնինչ 1969թ. հուլիսի 27-ի առավոտը բարի չէր: Մութը դեռ նոր էր հավաքել իր սև փեշերը, երբ ասես կայծակ շանթեց անամպ երկնքից, և ահավոր հարայից գյուղը վեր թռավ.

-Այ ժողովու՜րդ, հուշարձանը քանդե՜լ են…

Արագորեն Դիմաց կոչվող բարձունքը լցվեց քնահարամ, տագնապախռով մարդկանցով: Հուշարձանից միայն սյունն էր կանգուն, իսկ արծիվը չկար: Պատվանդանի մոտ թափված էին քանդակի ջարդված բեկորները: Գյուղն ալեկոծվեց-ըմբոստացավ: Շուտով պարզվեց կատարվածի իսկությունը: Ադրբեջանի կոմկուսի Դաշքեսանի շրջկոմի առաջին քարտուղար Սուլեյմանովի կարգադրությամբ` ամբողջ շրջանում գիշերվա ժամը երկուսին անջատել էին էլեկտրական լույսերը: Օգտվելով գիշերվա խավարից՝ մի խումբ սրիկաներ գողեգող մտել էին Բանանց: Հանցախմբի մեջ էին շրջկոմի առաջին քարտուղարը, որը գլխավոր դավադիրն էր, շրջգործկոմի նախագահ Խոջայանը, տեղի միլպետը, սպառնալիքով այդտեղ բերված գյուղի կոլտնտեսության նախագահն ու սկզբնական կուսկազմակերպության քարտուղարը: Երբ, գիշերվա խավարի մեջ խարխափելով, վարորդը մի կերպ ճոպանը հագցրել էր արծվի վզին և ավտոկռունկով բարձրացրել, անսպասելիորեն ճոպանը կտրվել էր, և արծիվն ընկել էր ցած: Չարագործները նկատի չէին առել, որ արծվի կշիռն ավելի քան երեք տոննա է: Բայցև ինչ-որ կերպ բարձրացրել էին այն, գողեգող տարել:

Ադրբեջանական իշխանությունների ջանքերով շրջանով մեկ հուշարձանի քանդման «պատճառների» մասին զանազան հերյուրանքներ տարածվեցին. արծիվը դաշնակցականների կառավարության խորհրդանշանն էր, հուշարձանի տակ զենքի պահեստ կար, արծվի աչքերից Զորավար Անդրանիկն էր նայում… Շրջանում ազգամիջյան հարաբերությունների մթնոլորտն արհեստականորեն շիկացավ: Բանանցը պահանջեց վերադարձնել իր զոհված որդիներին խորհրդանշող արծիվը` թեկուզ վիրավոր, թեկուզ փշրված… Ի պատասխան` լուրեր հասան, թե Սուլեյմանովը արծվի փոխարեն ինչ-որ բան է ուզում բերել և դնել պատվանդանին:

Գյուղն ապստամբեց այդ անլուր կամայականության դեմ: Գնալով իրադրությունն ավելի էր լարվում: Ազգամիջյան ընդհարումներից խուսափելու համար բանանցեցի կանայք դիմեցին հերոսական քայլի. գիշերները, անտեսելով ցուրտն ու վտանգը, Դիմաց կոչվող բարձունքում տղամարդկանց փոխարեն պահակել սկսեցին Երկրորդ աշխարհամարտում ամուսիններին կորցրած այրի կանայք ու որդեկորույս մայրերը:

Առաջին անգամ էի տեսնում ապստամբ ժողովուրդ, որը փոթորկված ծովի իններորդ ալիքի նման պատրաստ էր իր ճամփին ամեն ինչ խորտակելու: Կիրովաբադը Դաշքեսանի հանքահարստացուցիչ կոմբինատի հետ կապող և Բանանցի միջով անցնող երկաթուղու գծերի վրա մի քանի մեքենա քար լցրեցին` խափանելով բեռնատար գնացքների երթևեկությունը: Գյուղի ակումբում բազմամարդ և բուռն ժողովներ եղան: Տասնյակ հեռագրեր, բողոք-նամակներ հղվեցին Մոսկվա, Բաքու, Երևան, ԽՍՀՄ պաշտպանության նախարարություն, հասարակական կազմակերպություններ և այլ ատյաններ: Երևանում հանդիպում կազմակերպվեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու Հովհ. Թումանյանի հոբելյանական հանդիսություններին: Հուշարձանի ավերման պատմությունը հայտնի էր նաև Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, որն այն կարծիքին էր, թե արծիվ-հուշարձանը պետք է վերականգնվի նախկին տեսքով:

Զայրացած բանանցեցիների պատվիրակությանն ստիպված էր ընդունել Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը: Ահա թե ինչ ասաց այդ երդվյալ հայատյացը` իր սև մտքերը քողարկելով ժողովուրդների կեղծ բարեկամության շղարշով. «Եթե հուշարձանը վերականգնենք նախկին տեսքով, համոզված եմ՝ կգտնվի մի ադրբեջանցի, որը գաղտնի կպայթեցնի հուշարձանը, և դրանով կխաթարվի Խորհրդային Միությունում վարվող ազգային քաղաքականությունը, ինչի համար Մոսկվան մեզ չի ների»: Բաքու մեկնած պատվիրակությունը չէր կարող հաջողություն ունենալ: Մի բան պարզ էր ու հստակ՝ արծիվ-հուշարձանն ավերվել էր հենց Բաքվի հրահանգով: Հանրապետության կառավարությունը հարցը լուծված համարեց, իսկ միջադեպը` հարթված: Արծվի փոխարեն պատվանդանին դրվեցին խոնարհված դրոշներ, իսկ սյան մեջտեղում` զինվորի սաղավարտ: Հետո բացման արարողություն եղավ, որը ցուցադրվեց հանրապետական հեռուստատեսությամբ: Բանանցեցիների մեծ մասը չմասնակցեց արարողությանը: Հպարտ Բանանցը մինչև հոգու խորքը վիրավորվել էր իր ոտնահարված արժանապատվության, Ադրբեջանի հանրապետական իշխանությունների սանձարձակ կամայականության և հանուն հայրենիքի զոհված իր որդիների պղծված հիշատակի համար:

Բազում արհավիրքներ տեսած ու հերոսաբար դիմակայած հազարամյա հայկական գյուղի գլխին ամառ օրով ձյուն մաղվեց: Պատմական Գարդմանաց աշխարհի այդ մասում ևս հաջողությամբ գործեց Բաքվի լարած բազում որոգայթներից մեկը, և շրջանային իշխանությունների ձեռքով սկսեց հայաթափվել ավանդապաշտ ու հայաշունչ Բանանցը, որ վաղուց աչքի փուշ էր դարձել շրջապատի թուրք-ադրբեջանցիների համար: Հայաթափման գործընթացը շարունակվեց ևս երկու տասնամյակ և ավարտվեց միանգամից` պետականորեն կազմակերպված բռնի տեղահանությամբ՝ 1989թ. ամռանը:

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները դատապարտված են հարևաններ լինելու…

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


10/07/2014