Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ



Շարքայիններ Գոռն ու Արտյոմը եղբայրներ են, ծառայում են գնդապետ Վ.Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

-Յոթ-ութ տարեկան էինք, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, այնտեղ էլ դպրոց գնացինք, օտար միջավայրում մեծացանք, բայց երբ եկավ ծառայության ժամանակը, որոշեցինք անպայման վերադառնալ հայրենիք, հայկական բանակում ծառայել,- ասում են եղբայրները եւ իրար լրացնելով պատմում բանակային կյանքից:

-Երբ եկանք Հայաստան, հայերեն մի կարգին չէինք խոսում, ու այդ պատճառով էլ մինչև մենք հրամաններն ընկալում էինք, մյուս զինվորներն արդեն կատարած էին լինում: Մեր դասակում 6-7 հոգի ռուսախոս էին, նրանք էլ մեր օրին էին: Բայց սպաները, մեր ընկերները օգնում էին մեզ, հայերեն բացատրում ու սովորեցնում: Հիմա մենք հայերեն, ինչպես տեսնում եք, վատ չենք խոսում:

Բանակային կյանքն իր դժվարություններն ունի,- շարունակում են տղաները,- ծառայությունը հո խաղ ու պար չէ, բայց երբ կողքիդ լավ հրամանատարներ են, լավ զինվոր ընկերներ, ամեն դժվարություն էլ հեշտ է հաղթահարվում: Ու թե մի քիչ էլ կոփված ես, պարապած, նշանակում է՝ էլ ոչ մի խնդիր չունես: Աշխատում ենք լավ ծառայել, ամեն առաջադրանք գերազանց կատարել: Լավ էլ կրակում ենք: Առաջին անգամ կրակելուց երկուսս էլ 4 ստացանք: Երբ առաջին անգամ դիրքեր բարձրացանք, մի քիչ լարվածություն կար, հիմա լարվածությունն անցել է, բայց շարունակում ենք զգոն ու ուշադիր, աչալուրջ լինել: Տեսնու՞մ եք` ինչ բառեր ենք սովորել,- ասում են տղաները ծիծաղելով:

-Զորավարժության էլ ենք մասնակցել: Երբ մեր զինվորական տեխնիկան տեսանք, շատ տպավորվեցինք… Հզոր բանակ ունենք, ուժեղ զինվորներ… Մեր ժողովուրդն էլ սիրում եւ հարգում է զինվորին: Աչք ունենք, տեսնում ենք. զորամասը գյուղի մոտ է, ու տեղի բնակիչները մեզ այնքան ջերմ են վերաբերվում, այնքան հոգատար են: Նոր տարուն զինվորներիս համար դպրոցի աշակերտները ծանրոցներ էին պատրաստել…

Չգիտենք, ուրիշ զորամասերում ոնց է, բայց մեր բախտը հաստատ բերել է: Հրամանատարը, սպաները ավագ ընկերոջ նման են… Հարգանքի, վստահության մթնոլորտ է, կարգուկանոն: Մեր զորամասը նաեւ շատ սիրուն է, խնամված ու կոկ, վարդերն էնքան շատ են, որ եթե զինվորական համազգեստով մարդ չտեսնեք, կկարծեք՝ հանգստյան գոտի է: Մենք էլ ծառայում ենք սիրով և նվիրումով։

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Բանակ և հասարակություն


10/07/2014