ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ
Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությունը միշտ հետամուտ է, որպեսզի օգնի զորամասերին գրականությամբ` զինվորների հոգևոր պահանջները բավարարելու, նրանց աջակցելու մասնագիտական կողմնորոշման հարցերում: Այս անգամ ուշադրությունը Տավուշի մարզի` Նոյեմբերյանի սահմանային զորամասն էր: Այցելեցինք շրջիկ գրադարանով (բիբլիոբուս), որը զինվորների կողմից հետաքրքրությամբ և հաճույքով ընդունվեց: Մեզ դիմավորեցին հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Չոբանյանը և կապիտան Գ. Նազարյանը: Զինվորներն ուրախությամբ և ոգևորությամբ բիբլիոբուսից իջեցրին 718 միավոր գրականությունը, որի ավելի քան 200 միավոր գիրքը տրամադրել էր «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Զորամասի գրադարանավարուհի Մարո Գուլքանյանը մեզ ծանոթացրեց իր կատարած աշխատանքներին: Ասաց, որ զինվորներին տարբեր բնույթի գրականություն է հետաքրքրում, որի կարիքը շատ են զգում: Խնդրեց՝ եթե հնարավոր է, օգնենք հանրագիտարանային բնույթի գրականությամբ, հատկապես ցանկություն հայտնեցին ունենալ ՀԱՀ 12 հատորները և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն, որոնցից ցավալիորեն գրադարանում որևէ հրատարակություն չկար:
Գրադարանի հավաքածուն շուրջ 2 հազար կտոր գիրք էր: Գրադարանում փակցված են ցուցադրական պաստառներ, որոնց միջոցով մեզ էր ներկայացվում հայկական բանակի փառավոր ուղին, ինչպես նաև՝ հայտնի զինվորականների նկարներ: Բնականաբար, մեզ հետաքրքրեց զորամասի առօրյան, որին սիրով ծանոթացրին Ա. Չոբանյանը և մյուս պատասխանատուները: Եղանք ակումբում, բուժկետում, սպորտային դահլիճում և իհարկե՝ զորանոցներում: Ամենուր միատեսակ տպավորիչ էր, աչք էին շոյում մաքրությունը և կոկիկությունը: Կինոդահլիճում զինվորների մի խումբ ֆիլմ էր դիտում, կային նաև հանգստացողներ: Մեզ տեսնելով` անմիջապես ոտքի էին կանգնում և զեկուցում հրամանատարին: Ամբողջ զորամասը կանաչ տարածքի և անցուղիների գեղեցիկ համադրություն էր կազմում: Ես, որ ծառայել եմ խորհրդային բանակում, անկեղծ ասած, զարմացել և հիացել էի մեր՝ հայկական բանակի զորամասում ստեղծված պայմաններով: Ուզում եմ փարատել բոլոր անտեղյակ մարդկանց կասկածները և ասել` մի՛ լսեք այն հոռետեսներին և անհարկի կասկածամիտներին, ովքեր ինչ-ինչ ազդեցությունների տակ ամեն լավ բան փնովում են: Մի՛ հավատացեք: Վստահ կարող եմ ասել՝ ինձ հպարտ էի զգում, որ այսպիսի բանակ ունենք:
Ուստի մենք մեզ ավելի պարտավորված զգացինք մեր բոլոր ջանքերը ներդնելու մեր զինվորներին անհրաժեշտ գրականությամբ ապահովելու պիտանի գործում` նպաստելով նրանց հետագա կյանքի ճիշտ ընտրությանը: Ուստի կոչ ենք անում բոլոր անհատներին, կազմակերպություններին ու հաստատություններին աջակցելու, որպեսզի Հայաստանի ազգային գրադարանի օգնությունը զորամասերին դառնա ավելի նպատակային և շարունակական (մեր հասցեն- Երևան, Տերյան 72):
Փոխգնդապետ Չոբանյանը մեզ մի այլ անակնկալ էլ մատուցեց: Զինվորներից երեքը` Գրիգորը, Գառնիկը և Գոռը, կիթառի և դուդուկի նվագով հիացրին մեզ: Երբ զրույցի բռնվեցինք նրանց հետ, ուղղակի հիացած էինք, որ իրենց սթափ մտածողությամբ և կշռադատված վերաբերմունքով ինչ ճիշտ էին պատկերացնում իրենց այսօրվա անելիքը, որը հայրենիքին անմնացորդ ծառայելն է: Հաջողություն ձեզ` մեր սիրելի զինվորներ, ձեր բոլոր երազանքների իրականացման գործում:
Երեկոյան դուրս եկանք զորամասից և ուղղություն վերցրինք Երևան: Եվ այն, ինչ տեսանք ու զգացինք, միշտ և ամենուր հպարտությամբ կհիշենք:
ՌԱՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն