Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ



Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը, որ տեղի ունեցավ Բրազիլիայում, հանգուցալուծվեց` մատուցելով բազմաթիվ անակնկալներ: Տիտղոսակիր շատ հավաքականներ, այդ թվում՝ աշխարհի այժմ արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանին, Իտալիայի, Անգլիայի և այլ ֆուտբոլային գերտերությունների հավաքականներ բացահայտորեն ձախողվեցին` ժամանակից շուտ լքելով ասպարեզը:

Հեղինակություններ սասանվեցին, կուռքեր տապալվեցին:

Հայտնություններ եղան, որոնց խաղից հաճելիորեն զարմացավ ֆուտբոլային աշխարհը` Ալժիր, Կոլումբիա, Բելգիա, Կոստա Ռիկա…

Այդուհանդերձ, այս առաջնությունում ամենամեծ անակնկալը, ամենաբացասական իմաստով, մատուցեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության տանտերերը: Բրազիլիայի ազգային հավաքականի ոչ համոզիչ խաղը, դժվարությամբ ձեռք բերված հաղթանակներն իրենց անտրամաբանությամբ, ի վերջո, հանգեցրին այն խայտառակությանը, որ գլխավոր մարզիչ Սկոլարիի երկար տարիներ ղեկավարած ընտրանին ցուցադրեց «գերմանական մեքենայի» հետ առաջին կիսաեզրափակչի ճակատագրական խաղում: Հենց այս հանդիպումը դարձավ առաջնության սենսացիաներից ամենամեծը, ամենախայտառակը թե՛ գրանցված աննախադեպ հաշվի` 1-7, և թե՛ բրազիլացիների ցուցադրած սիրողական մակարդակ հիշեցնող մի շարք գործողությունների իմաստով:

Իհարկե, փայլեց Գերմանիայի ազգային հավաքականը, որը միլիոնավոր ֆուտբոլասերների զարմացած աչքի առաջ տառացիորեն ջախջախեց աշխարհի հնգակի չեմպիոնին, խաղադաշտում կատարեց այն, ինչ ուզում էր, և վրեժխնդիր եղած Գերմանիան ցնծաց, գուցե ամբողջ Եվրոպան էլ հետը:

Ի լրումն այս ամենի` 3-րդ տեղի համար պայքարում Հոլանդիայի ընտրանին երեք անպատասխան գնդակ ուղարկեց նախորդ աննախադեպ ձախողումից հետո այդպես էլ ուշքի չեկած բրազիլական հավաքականի դարպասը:

Դե իսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար գերլարված, հավասար և ազնիվ մրցամարտի եզրափակիչ արարը նշանավորվեց Յոախիմ Լյովի ղեկավարած գերմանական հզոր հավաքականի 1-0 հաղթանակով: Մինուճար գնդակը, որ աշխարհի գավաթ արժեցավ, խփվեց լրացուցիչ ժամանակի վերջին պահերին` Գերմանիայի հավաքականին դարձնելով աշխարհի քառակի չեմպիոն: Արծաթե մեդալակիր դարձավ Ալեսանդրո Սաբալյեայի գլխավորած Արգենտինայի հրաշալի հավաքականը: Շնորհավորենք նրանց: Ցավոք, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մեսին իր բազմաթիվ տիտղոսներին չավելացրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը և նրա համար առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն ընդամենը մխիթարական արժեք ունեցավ:

Հուսանք, որ 2018 թ. Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնության եզրափակիչում կտեսնենք նաև Հայաստանի ազգային հավաքականին:

Լավագույն ֆուտբոլիստ` ԼԵՈՆԵԼ ՄԵՍԻ (Արգենտինա)

Լավագույն ռմբարկու (6 գոլ)` ԽԱՄԵՍ ՌՈԴՐԻԳԵՍ (Կոլումբիա)

Լավագույն դարպասապահ` ՄԱՆՈՒԵԼ ՆՈՅԵՐ (Գերմանիա)

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` ՊՈԼ ՊՈԳԲԱ (ֆրանսիա)

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Մարզաշխարհ


17/07/2014