ԻՐԱՔ. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
Հյուսիսային Իրաքում վերջին շաբաթների ընթացքում ձևավորված իրավիճակը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ Մերձավոր Արևելքում ուռճացվել է քրդական գործոնը, և դրան զուգահեռ վտանգավորության աստիճանի ուժեղացվել են տեղական իսլամիստ ծայրահեղական խմբավորումները: Արտաքին միջամտությամբ Բաղդադի կենտրոնական իշխանությունների թուլացման հետևանքով Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Թեհրանը և Վաշինգտոնն ստիպված համատեղելու են իրենց ջանքերը` հակազդելու արդեն անկառավարելի դարձած ահաբեկիչներին: Ավելի ցայտուն է դառնում, որ Սպիտակ տանն սկսում են գերադասել չափավոր շիա իսլամականությունը ծայրահեղական սուննիականությունից:
Սադամ Հուսեյնի տապալումից հետո Արևմուտքին այդպես էլ չհաջողվեց վերացնել Իրաքում էթնոկրոնական մի խմբի գերիշխանությունը մյուսների նկատմամբ. ձևավորված կառավարություններում մեծամասնությունը շարունակում էին կազմել շիաները, իսկ քրդերը և սուննիները կրկին հայտնվում էին ընդդիմության մեջ` ապավինելով Արևմուտքի «պաշտպանությանը»: Իրաքի հարևանների ուղղակի միջամտության պատճառով Իրաքում հայտնվեց իսլամիստ ծայրահեղականների մի հոծ բազմություն, ինչը երկրորդ պլան մղեց շիա, սուննի և քուրդ համայնքների համադաշնություն ստեղծելու բոլոր ծրագրերը:
«Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հարձակումներն Իրաքում որոշակիորեն փոխել են արտաքին ուժերի ազդեցության և ներգրավվածության աստիճանը ներիրաքյան ռազմաքաղաքական ճգնաժամում: Առաջին հերթին այս հարցում լուրջ ակտիվություն են ցուցաբերում Իրաքի անմիջական հարևաններ Թուրքիան և Իրանը, ինչպես նաև` Սաուդյան Արաբիան և Իսրայելը:
Պաշտոնական Թել Ավիվը փորձում է Եվրոպայում առկա իր դիվանագիտական խողովակների միջոցով առաջ քաշել Քուրդիստանի անկախացման հարցը` որպես Իրանը սաստելու լրջագույն միջոց: Իսրայելը դիմում է այդ քայլին, քանի որ այնքան էլ չի վստահում իր տարածաշրջանային գործընկեր Թուրքիային և վերջերս ծածուկ գործընկեր դարձած Սաուդյան Արաբիային: Իսրայելական վերնախավը քիչ է վստահում նաև Ադրբեջանին, որին նա մի քանի տարի զինում էր` Իրանի դեմ հնարավոր պատերազմում ներքաշելու համար: Թել Ավիվը պատրաստ է տարածաշրջանային քարտեզի վերաձևմանը` միայն թե այստեղ հայտնվի հակաիրանական դաշինքի վստահելի մի անդամ: Բացի այդ` քրդական պետության ստեղծմամբ Թել Ավիվը կունենա Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի վրա ներազդելու հավելյալ հնարավորություն: Այստեղ մեծ է նաև տնտեսական շահագրգռվածությունը, քանի որ բացվում են Հյուսիսային Իրաքի նավթային պաշարները: Արդեն իսկ իսրայելական ընկերությունները փորձում են դառնալ իրաքյան քրդերի ներկայացուցիչը նավթի միջազգային շուկայում: Իսրայելի համար Քրդական հարցը հրատապ է դառնում հատկապես Գազայի հատվածում վերջին օրերին ընթացող առճակատման պայմաններում:
Եթե Իսրայելը սատարում է Հյուսիային Իրաքում քրդական պետության ձևավորմանը, ապա տարածաշրջանային մեկ այլ խաղացող` Սաուդյան Արաբիան, անթաքույց սատարում է ծայրահեղականներին: Էր Ռիադում փորձում են մեկ հարվածով լուծել երկու խնդիր` տարածաշրջանում ստեղծել վահաբիստական ևս մի պետականություն և նույն կառույցի կողմից փորձել սաստել շիական աշխարհում Իրանի հզորացող ազդեցությունը: Էր Ռիադում լավ գիտակցում են, որ Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման, իրանա-ամերիկյան հարաբերությունների ջերմացման, քրդական պետության ձևավորման պայմաններում տարածաշրջանային օրակարգում նորից ուրվագծվում է հենց իր տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
Իրաքյան ճգնաժամում իր դերակատարությունն ունեցող Թուրքիան ավանդաբար դեմ է քրդական որևէ ինքնավարության մակարդակին` տեսնելով դրանում վտանգ իր տարածաշրջանային անվտանգության համար: Սակայն իր սահմանների մոտ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նման կառույցի հայտնվելը և դրա ծավալապաշտական նկրտումները Անկարային ստիպում են վերանայել իր ռազմավարությունը և լուրջ զիջումների գնալ քրդական հարցում, ընդհուպ մինչև Հյուսիսային Իրաքում քրդական պետության ստեղծման լուռ ընդունումը:
Թեև քրդական հարցը մշտապես գտնվում էր նաև պաշտոնական Դամասկոսի օրակարգում` քաղաքացիական պատերազմի պայմաններում Ասադի վարչակարգը որոշեց այն օգտագործել ոչ միայն ներքաղաքական զարգացումների շրջանակում, այլ նաև արտաքին: Սիրիայի տարածքում քրդերին անսահմանափակ ինքնավարություն տալով` Դամասկոսը կասեցրեց նրանց միանալը հակաասադական դաշինքին, բացի այդ` բուֆերային գոտի ստեղծվեց Թուրքիայի հետ սահմանին: Ինքնավարության հարցը նաև թուրքաբնակ քրդերի վրա ազդելու լավագույն միջոցներից մեկը դարձավ:
Իրաքում իր դիրքերն ամրապնդող Իրանի համար քրդական գործոնը մշտապես դիտարկվում է որպես տարածքային ամբողջականությունը վտանգող մարտահրավեր: Ձգտելով իր կողքին ունենալ շիական կառավարությամբ դաշնակից հարևաններ` Թեհրանն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում պաշտոնական Բաղդադին, այս հարցում ունենալով Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի բարյացակամ վերաբերմունքը:
Քրդերի միջոցով միասնական Իրաքի հնարավոր փլուզումը կարող է հանգեցնել նաև վերջինիս տարածքի կենտրոնական և հարավարևելյան հատվածում Բաղդադ մայրաքաղաքով շիական պետության ստեղծմանը: Այն կլինի ոչ միայն Թեհրանի ոչ պաշտոնական պրոտեկտորատը, այլ նաև այդ պետության փաստացի սահմանները կհասցնի մինչև Տիգրիս և Եփրատ` Միջագետք, որտեղ գտնվում է իրանական կայսերական հզորության կարևոր խորհրդանիշներից մեկը՝ Տիզբոն մայրաքաղաքը: Այսպիսով, կարելի է ասել, որ Թել Ավիվից խրախուսվող քրդերի անկախության գործընթացը հաջողության դեպքում Թեհրանին կհասցնի Տիզբոն:
Քրդական զինված կազմավորումների և «Իսլամական պետության» զինյալների միջև տեղի ունեցած վերջին ուղղակի բախումները ցույց տվեցին, որ քրդական զինուժի կարողությունների մասին տեղեկատվությունը զգալիորեն ուռճացված է, իսկ «Իսլամական պետության» գրոհայինները՝ պատկերացրածից ավելի մարտունակ և վտանգավոր:
Պետք է նկատել, որ անկախացման մասին իրաքցի քրդերի հայտարարությունները ոչ միանշանակ ընդունեցին ոչ միայն տարածաշրջանային խաղացողները, այլև գերտերությունները: Եթե նախկինում նման հայտարարությունները ջղաձիգ վիճակ էին ստեղծում Դամասկոսում, Թեհրանում և Անկարայում՝ անտեսվելով Արևմուտքում, ապա այս անգամ նրանց արձագանքեցին ԱՄՆ պետքարտուղարությունում: Վաշինգտոնում հավատում են միացյալ և ուժեղ Իրաքի գոյության հնարավորությանը:
Միասնական Իրաքի պահպանմամբ ռազմաքաղաքական և տնտեսական տեսանկյունից շահագրգռված են նաև Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը: Եթե այսօր Մոսկվայի ուշադրությունն ավելի շատ սևեռված է Ուկրաինայի վրա, ապա Հնդկաստանն արդեն զգում է Իրաքյան ճգնաժամի տնտեսական բաղկացուցչի բացասական ազդեցությունը: Իր հերթին Պեկինը մտահոգվում է իր արևմտյան մուսուլմանաբնակ նահանգներում անջատողականության տրամադրությունների ավելացմամբ:
Այսպիսով` եթե տարածաշրջանային դերակատարները պատրաստվում են մասնատել Իրաքը, գերտերությունների համար շարունակում է ձեռնտու մնալ ստատուս քվոյի պահպանումը` նախընտրելով չափավոր շիա իսլամականությունը:
Մ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Ռազմաքաղաքական