Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ



ՀՀ ԶՈՒ 2014թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակներում օրերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց կոնֆերանս՝ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղիները» թեմայով: Կոնֆերանսի նպատակը զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործման, արտակարգ դեպքերի ու պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման, փոխանակման և ներդրման հետ կապված խնդիրների լայն շրջանակի քննարկումն էր:

Կոնֆերանսն անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանի ընդհանուր ղեկավարությամբ: Մանրամասն զեկույցով հանդես եկավ և կոնֆերանսի վարման հիմնական ուղղությունները նախանշեց զորքերի ծառայության և զորքերի ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանը: Նրա ելույթը մի քանի առանցքային հարցերի շուրջ էր: Նախևառաջ, ինչպես նշեց գնդապետը, յուրաքանչյուր քաղաքացի՝ որպես մարդ, անհատ իրավունք ունի պետությունից ակնկալելու իր կենսական շահերի առավելագույն պաշտպանությունը: Կատարելով իր սահմանադրական պարտքը՝ հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացին պետք է համոզված լինի, որ սահմանադրությամբ ամրագրված մարդկային արժեքների սկզբունքի պահպանումը երաշխավորված է օրենսդրորեն: Իսկ զինվորական ծառայությունը և զինված ուժերի բարեփոխման գործընթացը պահանջում են զինվորական օրենսդրության հետագա զարգացում ու կատարելագործում, զինվորական ղեկավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության օրինականության ապահովում, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանում: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում անվտանգության հարցերը՝ ներառյալ ազգային, տեղեկատվական և զինվորական ծառայության անվտանգությունը, դրանց ապահովման տարբերակների ու մոդելների բազմազանությամբ: Այսինքն՝ անհատի, զինծառայողի համալիր պաշտպանվածության արդյունավետությունից է նաև կախված բանակում անցկացվող բարեփոխումների հաջողության աստիճանը:

Ժամանակակից պայմաններում, երբ ամբողջ աշխարհում ծավալվում է շարժում հանուն մարդու անվտանգության ապահովման, մեր հասարակությունը չի կարող անտարբեր լինել զինվորական ծառայության բարձր վտանգավորության նկատմամբ: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ իր առանձնահատկությունների պատճառով ռազմական գործը միշտ էլ համարվում է առավելագույն ռիսկի բնագավառ և բացարձակ անվտանգ լինել պարզապես չի կարող: Առավել ևս, երբ մի քանի հազար մարդ ամեն օր զենքը ձեռքին մարտական հերթապահություն է իրականացնում: Խնդիրներն ավելի լավ հասկանալու համար առաջին հերթին հետևողական աշխատանք է տարվում ոլորտը ճիշտ ներկայացնելու, պահանջներն ու անելիքները, պարտականությունները հստակ տարանջատելու ուղղությամբ: Առաջնահերթ պետք է իմանալ, որ «զինվորական ծառայության անվտանգություն» հասկացությունը ներառում է 5 ճյուղ: Դրանք են՝ 1. միջուկային անվտանգություն, 2.ճառագայթային, քիմիական և կենսաբանական անվտանգություն, 3. թռիչքների անվտանգություն, 4. արտակարգ իրավիճակներում և տարերային աղետներին զորքերի անվտանգություն, 5. զորքերի ամենօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգություն: Առաջին չորսի դեպքում առկա են առանձին մասնագիտացված ծառայություններ: Իսկ վերջին կետը դիտարկվում է առավել բարդ և տարողունակ ուղղություն: Այն բաղկացած է մի քանի կետերից.

1. Մարտական հերթապահությունում, ներքին և պահակային ծառայություններում, մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շահագործելիս, առօրյա գործունեության ընթացքում շինարարական-վերանորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելիս անվթարայնության և վնասվածքային անվտանգության ապահովում,

2. Զինծառայողների միջև կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների և ինքնախեղումների կանխարգելում,

3. Զինվորական ծառայության բժշկական անվտանգության ապահովում,

4. Հակահրդեհային պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպում։

Նշված ուղղություններով անհրաժեշտ միջոցառումները ներառում են անվտանգության պահանջների ուսուցում և սահմանված կանոնների պահպանում զինծառայողների հաստիքային նշանակությանը համապատասխան: Դա ենթադրում է մասնագիտական պատրաստության այնպիսի մակարդակ, որը կբացառի կամ կնվազեցնի զինվորական ծառայության համար վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունը՝ հնարավորություն տալով անվտանգ կատարելու առաջադրված խնդիրները, կանխելու խեղումները, վիրավորումները, վնասվածքները և այլն: Այսինքն՝ զինծառայողի և զինվորական ծառայության անվտանգությունը արտացոլում է զինվորական ծառայության վիճակը, զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանվածության աստիճանը, նաև ծառայողական պարտականությունները կատարելիս: Բնականաբար, բոլոր դրույթների իրագործման առաջնահերթ պատասխանատուն ստորաբաժանման հրամանատարն է:

Իր անմիջական պարտականություններից բացի, նա պարտավոր է զինված ուժերում զինվորական անվտանգության իրավական կառուցվածքը դիտարկել նորմատիվ-իրավական դրույթներով, ընդունված հիմնական փաստաթղթերով, այն է՝ ՀՀ ԶՈՒ համապատասխան կանոնագրքերը, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանները, մասնավորապես՝ ԶԾԱ հանձնաժողովներ ստեղծելու, զինված ուժերում զորքերի ծառայության կազմակերպման և ԶԾԱ անվտանգության ապահովման մասին ձեռնարկը գործողության մեջ դնելու մասին և այլն:

Դեռ 2009թ. պաշտպանության նախարարը առանձնակի կարևորություն է տվել զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը, խաղաղ պայմաններում ոչ մարտական կորուստները բացառելուն: Այդ առումով կարևոր քայլ էր ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի ընդունումը: Հենց այս հայեցակարգում պաշտպանության նախարարության մակարդակով առաջին անգամ բարձրաձայնվեց մի շարք սպառնալիքների մասին, որոնք խոչընդոտում են զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելը: Դրանք են՝ զորակոչային տարիքի քաղաքացիական անձանց առողջական վիճակի էական վատթարացումը, նրանց կրթական, բարոյահոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի անկումը, փողոցային բարքերի, հանցավոր տարրերի՝ զորամասեր և զինվորական ավաններ թափանցելու և արմատավորվելու փորձերը, զգալի թվով զինծառայողների շրջանում մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակը, անվտանգության կանոնների թերիմացությունը, ինչպես նաև անվտանգության պահանջների նկատմամբ անձնական պատասխանատվության բացակայությունը, որոշ դեպքերում սպառազինության և ռազմական տեխնիկայի ֆիզիկական մաշվածությունը, հրադադարի պայմանների հաճախակի խախտումները, հակառակորդի դիվերսիոն (խափանարար)-հետախուզական գործողությունների վտանգը և այլն:

Այս բոլոր խնդիրների շուրջ կատարված ուսումնասիրություններից հետո այսօր հստակեցվել են դրանց լուծման աշխատանքային որոշակի ուղղությունները, որոնց կենսագործումը պետք է երաշխավորի զինծառայողների կենսական շահերի ապահովումը, ԶՈՒ տարաբնույթ գործողությունների ընթացքում տեղի բնակչության առողջության և ունեցվածքի, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև զինծառայության անվտանգությունը բարձրացնելու նպատակով միջոցառումների իրականացումը և այլն:

Վերը նշված խնդիրների և նպատակների շուրջ հնչեցին տարբեր ելույթներ, առաջարկներ: Կարծիք հնչեց, թե որքան էլ տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում, այդուհանդերձ զինվորական ծառայության խնդիրները դեռևս անարդյունավետ են լուծվում: Առկա են ավտոմոբիլային տեխնիկայի սխալ շահագործման և դրա հետևանքով ավտովթարների, բռնարարքների, ոչ կանոնադրային հարաբերությունների, ոչ ծառայողական ժամերին զինծառայողների մահվան դեպքեր և այլ բացասական երևույթներ: Իրավիճակը կտրուկ շտկելու համար անհրաժեշտ է արմատավորել այն գիտակցումը, որ զինծառայությունը հանդիսանում է պետության անվտանգության ապահովման կարևոր գործոն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում: Իսկ զինծառայության անվտանգությունը անքակտելիորեն կապված է զինվորական արհեստավարժ և սոցիալական անվտանգության հետ: Հենց այդ անվտանգության հարցերի՝ ուշադրությունից դուրս մնալու դեպքում էլ մեծանում է դեպքերի ու պատահարների քանակը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել պատշաճ ուսուցում, կատարել կանխարգելիչ միջոցառումներ, անձնակազմի հրահանգավորում սահմանված հաճախականությամբ, հետևել կանոնադրական կարգի պահպանմանը:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014