Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԵՎԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ



Զրույց գրող, հրապարակախոս ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ հետ

-Պարոն Կարայան, մի զրույցի ժամանակ պատմեցիք, որ Ձեր առաջին «ընթերցողը» եղել է Ավետիք Իսահակյանը։ Նա, կարդալով Ձեր բանաստեղծությունը, պետհամալսարանի ռեկտորին ուղղված գրություն է գրել այն մասին, որ Դուք շնորհալի երիտասարդ եք, գեղեցիկ բանաստեղծություններ եք գրում, և Ձեզ անպայման անհրաժեշտ է ընդունել բանասիրական ֆակուլտետ։

-Ուրախությանս չափուսահման չկար։ Ես այդ գրությունից երբեք չբաժանվեցի։ Առանց միջնորդության էլ բանասիրական ֆակուլտետի ուսանող դարձա, բայց Վարպետի ձեռագիրը սրբազան մասունք է, որ ամբողջ կյանքում կմնա ինձ հետ։ Երախտապարտ եմ հորս, որ խրախուսում էր բանաստեղծելու հակումս և թոթովանքներս ցույց տվեց Ավետիք Իսահակյանին։

-Որտեղի՞ց է գալիս Ձեր սրտացավությունը արևմտահայության ճակատագրի հանդեպ։ Դուք միշտ անդրադարձել եք հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններին։

-Ես արևմտահայերի զավակ եմ։ Հայրս՝ Մուշեղը, մշեցի էր, Շամրիկ մայրս՝ վանեցի։ Երկուսն էլ գաղթի ժամանակ կորցրել էին բոլոր հարազատներին և հայտնվել որբանոցում։ Չնայած կարիքին ու դժվարությանը, ծնողներս ութ երեխա են ունեցել։ Աշխարհում ոչ մի հարազատ ու ազգական չունեցող երկու որբեր երազել են մեծ ընտանիք ունենալ ու իրենց երեխաներին տալ այն սերը, խնամքը, ջերմությունը, որից զրկված են եղել։

-60-70-ականները բնութագրվում են որպես հայ պոեզիայի և արձակի ամենաբեղմնավոր շրջան։ Եթե չեմ սխալվում, Դուք հենց այդ տարիներին էլ սկսել եք տպագրվել։ Ձեր խոսքն ասել այն բազմաթիվ արձակագիրների ու պոետների կողքին, որոնք հարստացրին մեր գրականությունը անմահ գործերով։ Ինձ հետաքրքիր է, տաղանդավոր ստեղծագործողների ներկայությունը գրական անդաստանում խանգարո՞ւմ էր սկսնակ գրողին, թե՞ օգնում էր…

-Այդ տարիներին տպագիր գործը մեծ կշիռ ուներ։ Եթե որևէ գիրք էր հրապարակ իջնում, գրական աշխարհը երբեք անարձագանք չէր թողնում այն։ Գրողներն ասում էին իրենց կարծիքը, գնահատականը։ Այսինքն՝ կա՛մ արգելակում էին քեզ, կա՛մ կանաչ լույս էին վառում քո ճանապարհին։ Իմ առաջին գիրքը բարձր գնահատականի արժանացավ երևելի գրողների ու գրականագետների կողմից։ Ես կարճ ժամանակ անց դարձա գրողների միության անդամ։

-Այսօր համատարած անտարբերություն կա գրական աշխարհում։ Ով ասես չի գրում, ինչ ասես չի գրվում։ Եվ թացը չորից զատող չկա։ Ընդ որում՝ ամենաանորակ գործերը տպվում են ամենափայլուն թղթի վրա, ամենավառ գույներով։ Ընթերցողը մոլորվել-մնացել է…

-Ավագ գրողները պիտի նախանձախնդիր լինեն երիտասարդների հանդեպ։ Իրենց անաչառ վերաբերմունքով պիտի զատեն բարձրարժեք գործերը անարվեստ թոթովանքներից ու այդ կերպ մաքրեն գրական դաշտը։

-Ձեր գրական ժառանգությունը ամփոփվում է ավելի քան 3 տասնյակ գրքերում՝ առակներ, վեպեր, բանաստեղծություններ։ Ես ցանկանում եմ խոսել Ձեր առակների մասին։ Մեր գրողները այդ ժանրին հաճախ չեն անդրադարձել։

-Առակները մեծ լսարան ունեն։ Դրանք գրավում են ընթերցողին իրենց հակիրճությամբ, թեթևությամբ, պարզությամբ, բովանդակային տարողունակությամբ։ Իմ ավելի քան հազար առակներն ամփոփվում են 6 գրքում։ Դրանք վերաբերում են մարդկային հարաբերությունների լուսավոր և ստվերոտ կողմերին, առաքինություններին ու թերություններին։

-Իսկ ի՞նչն է նշավակվում, և ի՞նչն է գովերգվում։ Այսօր արժեքները այնքան են խեղաթյուրվել, որ դժվարանում ես սահմանազատել… օրինակ՝ փառասիրությունը, արա՞տ է, թե՞ առաքինություն։ Կամ փողասիրությունը… այսօր «պատվելի» մարդիկ մեր աղքատ երկրում աղբամանները փորփրող մարդկանց կողքին աննախադեպ հարստություն են կուտակել, մինչդեռ Աստվածաշունչը պատվիրում է՝ երկուսն ունես, մեկը տուր կարիքավորին…

-Ե՛վ փառասիրությունն է արատ, և՛ արծաթասիրությունը, արատ են խարդախությունը, նյութապաշտությունը, անգրագիտությունը, գոռոզությունը, անտարբերությունը, իսկ մարդկային առաքինությունների շարքում կարևոր են բարությունը, ազնվությունը, համարձակությունը, արդարամտությունը…

-Ձեր արձակին ու պոեզիային կանդրադառնանք մի փոքր ավելի ուշ։ Իսկ հիմա խոսենք Ձեր հրապարակախոսություններից։ Մեր ժամանակներում, երբ լրագրության որակը անհամեմատ նահանջել է, երբ լրագրությունը մեծ մասամբ ամփոփվում է պարզագույն տեղեկատվության շրջանակում, երբ անարվեստ նկարագրական պատումը համարվում է լրագրություն, և հրապարակախոսության ժանրը հասու է սակավ մասնագետների, հրապարակախոսության խորհրդային դպրոցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։

-Հրապարակախոսը պետք է տիրապետի խոսքի արվեստին, ունենա գրելու ձիրք և կարողանա խոսել ժողովրդի ցավից, հոգսերից, հուշել արժեքներ ու գաղափարներ… Հրապարակախոսական նյութը պետք է պարունակի մեծ հուզական լիցք, հաստատուն դիրքորոշում և լրագրողական վարպետության կնիքը պետք է կրի։ Իմ հրապարակախոսությունները ամփոփված են «Շեփորականչ ազգահավաքի» և «Նաիրյան երկիր, սուրբ հողդ հերկիր» գրքերում։ Գրքերի վերնագրերն արդեն որոշակի տեղեկություն են հաղորդում դրանց բովանդակության մասին։ Իմ հրապարակախոսությունների առանցքում մեր ազգային միասնության, ուժեղ պետականության և համահավաքության գաղափարն է, մեր ուժը մեկտեղելու, հանուն մեծ գաղափարների զանազան մանր-մունր տարաձայնությունները անտեսելու, մեր երկիրը շենացնելու, մեր պետականությունը պնդելու, հզոր ու արդար Հայաստան կառուցելու հորդորն ու պատգամը։

-Ձեր պոեզիան նույնպես հայրենաշունչ է։

-Այո՛, ես ազգային գրող եմ, իմ պոեզիայի գլխավոր թեման հայրենապաշտությունն է։ Հայրենապաշտությունը սոսկ բառ չէ։ Հայրենիքը սիրելը բնական մղում է, իսկ հակառակը հակամարդկային է, անբնական։ Մարդը չի կարող անմասն մնալ իր ժողովրդի հավաքական ցավից, փառքից, ձախողումներից, հաղթանակներից։ Իմ բանաստեղծությունների մեծ մասը հայրենիքի, ազգի հանդեպ սիրո, հայ ժողովրդի պատմության դրամատիկ և հերոսական էջերի մասին է։

-Դուք գրել եք նաև սիրո ու բնության մասին, մարդկային հոգու ելևէջների…

-Ես պոեզիայի ազգային դպրոցի հետևորդ եմ, ինձ սրտամոտ են ներքին երաժշտությամբ շնչող, պարզ, հանգավորված տողերը, որոնք միանգամից առինքնում են, դիպչում հոգուդ…

-Մի զրույցի ժամանակ ասացիք, որ Դուք թառ, դաշնամուր եք նվագել…

-Ավելին` ղեկավարել եմ ալյումինի գործարանի մշակույթի պալատի երգի-պարի անսամբլը։

Պոեզիան գաղափար լինելուց բացի բառերի երաժշտություն է, որը մաքրում է հոգին, նրբացնում հույզերը, լցնում սիրով։ Եթե հոգիդ բանաստեղծության պահանջ է զգում, ուրեմն՝ այնտեղ լույս կա, բարություն կա…

-Դուք ունեք վեպերի ու վիպակների 15 ժողովածու, այդ թվում՝ պատմական, գեղարվեստա-վավերագրական… Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է «փոքր մարդու» թեման։ Սևակ Արզումանյանը Ձեզ անվանել է «Նեղյալների պաշտպան»։ Ես սիրում եմ Ձեր «փոքր մարդկանց»։

-Ես սիրում եմ նաև իմ հզոր կերպարները, էպիկական հերոսներին՝ «Արևը գեղեցիկ է մայրամուտին», «Փրկություն», «Թիկունք», «Անդրանիկի երգը»։

-Այո՛։ Այդ վեպերը ներկայացնում են 19-րդ դարավերջին 20-րդ դարասկզբին մեր ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ, պատմում են եղեռնի, Սարդարապատի հերոսամարտի, Առաջին և Երկրորդ հանրապետությունների մասին։

-Ինչ վերաբերում է փոքր մարդու կերպարին, ապա եթե ուշադիր նայեք Ձեր շուրջը, կգտնեք այդ կերպարների նախատիպերը։ Իրականում փոքր մարդիկ չկան, մարդն արդեն մեծություն է, ու պիտի սիրել նրան։ Եթե պեղես թեկուզ ամենաաննշան մարդու հոգին, անսահման խորքեր կհայտնաբերես։ Եթե սիրելով պեղես…

-Մի վերջին հարց։ Ինչպե՞ս հաղթահարեցիք գրաքննությունը։ «Արևը գեղեցիկ է մայրամուտին» գիրքը լույս տեսավ 1974թ.-ին, երբ հայ ժողովրդի պատմության այդ ժամանակահատվածի մասին խոսելը, մեղմ ասած, չէր խրախուսվում։

-Ինձ օգնեցին շատ մտավորականներ, բարձրաստիճան կուսակցականներ, ինչպես, օրինակ՝ Կառլեն Դալլաքյանը։ Գիրքը լույս տեսավ 15 հազար տպաքանակով և շատ արագ սպառվեց։ 1983թ.-ին լույս տեսավ «Փրկությունը», որը նախորդի շարունակությունն է և պատմում է հետագա իրադարձությունների՝ Սարդարապատի, Առաջին և Երկրորդ Հանրապետությունների մասին։ Չեմ կարող չհիշել, որ ստացել եմ Վազգեն Առաջինի օրհնանքը «Փրկություն» գրքիս կապակցությամբ։

-Ընդունեք նաև մեր՝ Ձեր ընթերցողների օրհնությունը։ Շնորհավորում ենք Ձեր ծննդյան 80-ամյակը։ Առողջ եղեք։ Ու վաստակած մարդու ինքնաբավությամբ վայելեք կյանքը։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Հոգևոր-մշակութային


17/07/2014