ԵՍ էԼ ԵՄ ԶԻՆՎՈՐ…
Զորամասում եմ: Սպասում եմ: Զինվորները տարբեր հարցերով մոտենում են երիտասարդ սպային, ու նա յուրաքանչյուրին բացատրելուց, հանձնարարություն տալուց անընդհատ «Ցավդ տանեմ» է ասում: Եվ այնքան անմիջական, ու այնքան բնական է հնչում նրա այդ արտահայտությունը… Պարզվում է` գումարտակի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Նազարեթ Հովհաննիսյանն է: Երեսունն անց սպան ինձ զարմացրեց զինվորների հետ իր անկեղծ, մտերմիկ, ընկերական ու ջերմ շփումով: Սպաներից մեկն ինձ ասաց. «Նազարեթը բոլորին վերաբերվում է հարազատի պես: Զինվորի ծննդյան օրը շնորհավորելիս շարքի առաջ ճակատը կհամբուրի, տուն ուղարկելիս կհուզվի»: Եվ ես հասկացա, որ «ճիշտ հետքի» վրա եմ, այսինքն` գտել եմ հենց այն սպային, որի մասին գրելու համար էլ եկել-հասել էի գնդապետ Արտակ Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Սպան դեռ շարունակում էր ընկերոջը գովել. «Նա իր գործի մեջ սիրտ ու հոգի է դնում, ամեն զինվորի հետ տխրում և ուրախանում է. ի՞նչ կարող ես անել, այդպիսին է նրա մարդկային էությունը…»:
Նազարեթ Հովհաննիսյանը մեկ տարի է, ինչ տեղափոխվել է այս զորամաս, մինչ այդ տասը տարի ծառայել է առաջնագծի, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում…
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՎԱՏՈՎ
-Որոշեցի զինվորական դառնալ,- իր մասին սկսեց պատմել մայորը,- որովհետև ուզում էի արդարություն գտնել: Բացատրեմ: Դպրոցը գերազանց ավարտեցի ու դիմեցի Ճարտարագիտական համալսարան և… չընդունեցին: 17 տարեկան էի… Հիասթափվել էի… Քեռուս տղան ասաց՝ եթե վստահ ես գիտելիքներիդ, ուժերիդ վրա, արի մեզ մոտ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բանակում արդարություն հաստատ կա: Նա ինստիտուտում մասնագիտանում էր որպես տանկիստ: Ես էլ, ճիշտն ասած, այն ժամանակ մտածում էի` բոլոր զինվորականները տանկիստ են: Որոշեցի փորձել: Չորս անգամ եկա քաղաք եւ ծախսեցի ընդամենը 3800 դրամ գումար: Ոչ մի կոպեկ ավելի: Չորս քննություն հանձնեցի, չորսից էլ «հինգ» ստացա: Դարձա տանկիստ: Երկրորդ կուրսից ուսումս շարունակեցի որպես հրետանավոր… Արդարություն գտա: Տասը տարի առաջնագծում ծառայելուց հետո վերջերս ինձ տեղափոխեցին գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Սա էլ է արդարության դրսեւորում: Կարծում եմ` բանակում ամենակարեւորը այն է, որ յուրաքանչյուր զինվորական իր աչքով տեսնի, իր մաշկի վրա զգա, թե ինչ ասել է՝ անկողմնակալություն, հավասարություն, անաչառություն, անկաշառություն, այսինքն` արդարություն…
Մայոր Հովհաննիսյանի խոսքում ինձ զարմացնում էր նրա ինքնավստահությունը, ներքին վճռականությունը: Ես ասես նրա մեջ չէի ճանաչում քիչ առաջվա մեղմաբարո ու զգացմունքային սպային: Նա գիտեր իր յուրաքանչյուր խոսքի ու բառի արժեքը…
ԻՄ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
-Երբ մեր գյուղից` Բայանդուրից գալիս էի քաղաք քննություն հանձնելու,- շարունակում է նա,- ինձ ուղեկցում էր 80-ն անց Վահան պապս, որովհետեւ ես, չգիտես ինչու, վախենում էի քաղաքից: Ես, գյուղից ու գյուղացուց բացի, ոչինչ չէի տեսել և հանկարծ հայտնվեցի Երեւանում` ինձ համար անծանոթ միջավայրում… Մտահոգ էի, անհանգիստ` կհարմարվե՞մ արդյոք: Ինձ թվում էր` կյանքից, աշխարհից բան չեմ հասկանում, վախենում էի անգամ երթուղային նստել, որովհետեւ դժվարանում էի կամ համարձակությունս չէր ներում երթուղայինի վարորդին ասել, որ կանգառում արգելակի: Հիշում եմ` առաջին անգամ ազատարձակում էի ստացել եւ տուն գնալու փոխարեն, նախ, քաղաքում 1700 դրամի երթեւեկեցի, մինչև որ սովորեցի «Կանգառում պահեք» ասել: Ռազմական ինստիտուտն ինձ փոխեց: Այստեղ ես ձերբազատվեցի ավելորդ վախերից ու կասկածներից, հավատացի սեփական ուժերիս եւ հնարավորություններիս, համարձակություն ձեռք բերեցի, փոխվեց աշխարհընկալումս, մարդկանց, երեւույթների հանդեպ վերաբերմունքս:
Ուսումնառությանս չորս տարիների ընթացքում ես բացահայտեցի, որ երբեք չպետք է ինքնամոռաց տարվել ինչ-որ բանով` փողով, քո եսով, անգամ ծառայությամբ, ամեն ինչ պետք է հավասարակշռության մեջ լինի, որ շատ կարեւոր բաներ բաց չթողնես: Ես ավելի ու ավելի համոզվեցի՝ եթե արդարամիտ լինես, հաջողակ էլ կլինես…
Մայոր Հովհաննիսյանն այնպիսի թեթևությամբ էր իր «թերությունների» մասին պատմում, այնպես անկեղծորեն, որ ես մեկ անգամ էլ համոզվեցի` միայն այն մարդիկ չեն վախենում իրենց թուլությունների, անհաջողությունների մասին բարձրաձայն խոսել, ովքեր ինչ-որ բանի, էական բանի են հասել իրենց կյանքում, հասել են համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ…
ԶԻՆՎՈՐԸ ԲԱՑԵՑ ԱՉՔԵՐՍ
-2003 թվականին ավարտեցի ինստիտուտը եւ նշանակվեցի դիվիզիոնում,- նույն անշտապ, հանդարտ տոնով ներկայացնում է մայորը:- Ճանապարհվեցի զորամաս: Անհրաժեշտությունից դրդված` 13 օր անց ինձ տեղափոխեցին մեկ այլ զորամաս, որտեղ ծառայեցի երեք տարի: Հրետանային դիվիզիոնում նշանակվեցի դասակի հրամանատար: Իմ դասակի ամենափոքր զինվորը 25 տարեկան էր, ամենամեծը` 28: Ես ընդամենը 21 տարեկան էի: Բարձրագույն ավարտած տղաներ էին, սպաներն էլ` պատերազմ տեսած, փորձառու մարդիկ էին: Սկզբնական շրջանում նրանք ինձ չէին վստահում` փոքր էի, փորձ չունեի, կռված չէի: Ես պիտի ապացուցեի, որ կարող եմ, մի խոսքով՝ պիտի իրենցը դառնայի: Բայց դժվար էր:
Մի օր մտքերով տարված նստել էի ծառի տակ, պարապմունք անցկացնելու տրամադրություն առանձնապես չունեի: Մորս, տնեցիներին շատ էի կարոտել: 11 ամիս 26 օր տանը չէի եղել: Զինվորներիցս մեկը` Արմենը, մոտեցավ ինձ, թե՝ «Պարո՛ն լեյտենանտ, ինչո՞ւ մեզ դաս չես սովորեցնում, վաղը որ մի բան լինի, քեզ եմ մեղադրելու»: Այդ տղան ինձ սթափեցրեց, աչքերս ասես միանգամից բացվեցին: Այդ օրվանից ես փոխեցի վերաբերմունքս ծառայության հանդեպ: Մեջս միանգամից ձգտում առաջացավ: Մեծ եռանդով լծվեցի հրետանու կրակի կառավարում սովորեցնելու իմ գործին: Ինձ շատ օգնեցին նաեւ սպաները: Հասկացրին, որ իմ ամենագլխավոր պարտականությունը զինվորին պատերազմել սովորեցնելն է: Հիմա կարող եմ ասել՝ ոչ միայն զինվորը, յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է կռվել իմանա, որովհետեւ մեզ` հայերիս համար պատերազմը միշտ եղել է պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցը:
Նա պատմում էր, ես էլ մտածում էի. «Այս սպան իսկական առաջնորդ է, նրա խոսքն այնքան համոզիչ է, անվիճարկելի… Չէ, նա, իրոք, ունակ է քաջալերելու, խանդավառելու, ոգեշնչելու, գոտեպնդելու իր զինվորին… »:
ԵԹԵ ՀՈԳԻԴ ԴԱՏԱՐԿ ԵՂԱՎ…
-2007 թվականին տեղափոխվեցի մարտական հերթապահություն իրականացնող մեկ այլ զորամաս,- ասում է եւ նայում պատուհանից դուրս՝ հեռվում երևացող իր զինվորներին։- Հետադարձ հայացք գցելով ծառայությանս անցած տարիներին, կարող եմ ասել` դիրք պահող, խրամատ ունեցող զորամասի առավելությունն այն է, որ անձնակազմն ավելի միասնական է եւ համախմբված… Այդ զորամասում ես առաջին անգամ դիրք բարձրացա, եւ հենց առաջին օրն էլ կրակեցին իմ ուղղությամբ, հողը դղրդյունով թափվեց գլխիս… Անկեղծ ասած` վախեցա: Այդ օրվանից ես ավելի մեծ հարգանքով եւ սիրով լցվեցի զինվորի նկատմամբ, այն զինվորի, որ դիրք է պահում, որ արհամարհում է անձրեւ, քամի, կարկուտ, ձյուն, վախ… Գիշեր-ցերեկ զինվորիս կողքին եմ եղել, երբեք նրան մենակ չեմ թողել… Ես պարտավոր եմ զինվորի կողքին լինել… Եթե հոգիդ դատարկ եղավ, ո՞նց կարող ես լավ ծառայել, եթե զինվորիդ չգնահատեցիր, ո՞նց կարող ես հայրենիքդ սիրել… Հասկանո՞ւմ եք` ես ոչնչով ինձ չեմ տարբերում զինվորից, ես ամեն ինչով նման եմ նրան։ Ես էլ եմ զինվոր: Նրա նման կարոտում եմ, նրա նման մրսում, նրա նման պարտք ունեմ հայրենիքիս տալու… Երբ սիրում ու գնահատում ես զինվորին, հավասարը հավասարի նեցուկ լինում նրան, վաստակում ես նրանով հպարտանալու իրավունքը: Ես լավ զինվորներ շատ եմ ունեցել: Ադամյան Ծովակը Մեղրիից էր: Նա դիրքի ավագ էր, դասակի հրամանատարի տեղակալ: 55 կգ քաշ ուներ, փոքրամարմին էր, բայց ուժը տեղն էր: Մի քանի անգամ ինձ դիմեց եւ խնդրեց, որ թույլ տամ՝ գիշերը ընկերոջ հետ նույն խրամաբջիջում կանգնի: Չմերժեցի, բայց որոշեցի հետեւից գնալ, հեռվից նայել… Պարզվեց, որ այդ զինվորը` Ծովակի ընկերը, վախենում էր մթությունից և միայն նրան էր վստահել իր թուլությունը… Ինչպե՞ս կարելի է Ծովակի նման զինվորով չհպարտանալ…
Մեր զրույցը երկարում է: Նա հաճախակի ձեռքի ժամացույցին է նայում, բայց այնպես, որ ես չնկատեմ… Շատ նրբանկատ է… Հասկանում եմ` նրան սպասում են…
ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ` ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
-Լավ ծառայելու կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ սպան ամուր թիկունք ունենա` ներդաշնակ, երջանիկ ընտանիք,- ակնհայտորեն այս թեման նրա սրտով է:- Ես ծառայում էի աշխարհից, քաղաքակրթությունից կտրված մի վայրում, որտեղ ո՛չ հիվանդանոց կար, ո՛չ խանութ, ո՛չ ապրելու պայմաններ: Բայց Գոհարը` իմ դպրոցական սերը, չմերժեց ամուսնության առաջարկս: Նա ինձ հետ եկավ առաջնագիծ, մոտակա ազատագրված գյուղում մի տուն գտանք, նորոգեցինք, հարմարվեցինք, կյանքը հունի մեջ ընկավ, ծնվեց առաջնեկս… Մի օր ինը ամսական տղայիս տարա դիրքեր: Զինվորներիս կատակով ասացի` «Տղերք, օգնական զինվոր է եկել, այնպես որ, մենակ չենք, հանկարծ չվախենաք»: Մտածում էի` անմեղ երեխայի ներկայությունն ընտանեկան ջերմ ու անկեղծ մթնոլորտ կստեղծի, հուշեր կարթնացնի նրանց հոգում… Եվ չէի սխալվել.. Շատ ոգեւորվեցին… Հիմա արդեն երկու երեխայի հայր եմ: Ընտանիքս ինձ օգնում, ուժ ու եռանդ է տալիս, որ ծառայեմ սիրով, որ չհոգնեմ, որ տրամադրությունս միշտ տեղը լինի… Ես իմ երեխաների, իմ կնոջ ժպիտը, հոգատարությունը, սերը բերում եմ զորամաս եւ վստահ եմ` ինչքան ամուր լինի զինվորականի ընտանիքը, այնքան ավելի հզոր կլինի բանակը…
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում