Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՄԵՆ ՕՐԸ ՍԽՐԱՆՔ Է



Հուլիսի 9-ի առավոտն է: Ռազմական ուղղաթիռները երկար պտտվում են երկնքում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կարեն Աբրահամյանը երկնքից ևս մեկ անգամ զննում են վերանորոգված և արդիականացված զորավարժադաշտը, որը համալրված է վարժանքներ, կրակային ու մարտավարական պատրաստության պարապմունքներ անցկացնելու համար նախատեսված տեխնիկապես հագեցած ժամանակակից շինություններով:

Արդեն երկրի վրա նրանք ողջունում են Երևանի կայազորի ու երևանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարներին, շարահրապարակում զգաստ կանգնած զինծառայողներին և զորավարժադաշտի բացումը լուսաբանելու եկած լրագրողներիս: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը Սեյրան Օհանյանը վերապահում է վաշտի հրամանատարին, սերժանտին, շարքային զինվորին և բանակային առօրյան լուսաբանող լրագրողին: Պաշտպանության նախարարը շնորհավորում է ներկաներին և ընդգծում, որ ուսումնական գործընթացի ժամանակ են ձեւավորվում այն հիմնական հատկանիշները, որ այսօր անհրաժեշտ են հայրենյաց պաշտպանին. «Նոր զորավարժադաշտում զինծառայողները հնարավորություն կունենան բարելավելու իրենց մարտական պատրաստականությունը, գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, զարգացնելու մարտավարական հմտությունները, կատարելագործելու ստորաբաժանումների ներդաշնակումը»: Ապա լրագրողները հրավիրվում են փորձարկելու հրաձգարանների հնարավորությունները: Փորձառու հրաձիգների ցուցումներից հետո լրագրողներից շատերին հաջողվում է խոցել նշանակետը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ». հայտարարում է պաշտպանության նախարարը

Օրը դեռ ավարտված չէ: Ուղեւորվում ենք հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետ: Ճանապարհի որոշ հատված անցնելուց հետո կանգ ենք առնում, տեղափոխվում զինվորական «Ուրալներ» եւ շարունակում ընթացքը զորամասի երիտասարդ հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանի ուղեկցությամբ: Մոտ 2 հազար մետր բարձրության վրա տեղակայված մարտական հենակետի մատույցներում ենք: Անվտանգության կանոնները չենք խախտում, եւ բոլորս մեկ մարդու պես սաղավարտ ու զրահաբաճկոն ենք հագնում: «Լրագրողների վաշտը» Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նեղ խրամատով շարժվում է առաջ: Յուրաքանչյուր քայլափոխի փակցված են սեւով կարմիրի վրա գրված զգուշացնող գրություններ ` «Թշնամին նենգ է եւ խորամանկ», «Զգո՛ն եղիր»: Գնդապետ Արթուր Օհանյանը նախարարին ներկայացնում է տիրող իրավիճակը, զեկուցում կատարվող ինժեներական աշխատանքների մասին: Որոշակի բարձրությունից ակնհայտ է դառնում` այստեղ գերիշխող դիրքում ենք. հակառակորդի Սադարակ գյուղը հարակից բնակավայրերով հայ դիրքապահների նշանառության տակ է:

Շրջայցն ավարտված է: Պաշտպանության նախարարը չի խախտում ավանդույթը եւ առաջնագծում մամուլի ասուլիս է հրավիրում: Ըստ Սեյրան Օհանյանի` այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, ուժային կենտրոնների շահերի համընկնումներն ու տարաձայնությունները, նրանց քաղաքական և ռազմաքաղաքական հարաբերությունները թելադրում են սթափ ու հեռանկարային որոշումների ընդունում, հստակ քայլերի ձեռնարկում. «ՀՀ ԶՈՒ-ն երկար տարիներ համագործակցում և հավատարիմ է ուժային կենտրոնների հետ կնքած համաձայնություններին: Ռազմական այդ համագործակցության արդյունքում մեր սպաներն արտերկրում վերապատրաստվում են, մասնակցում բազմաթիվ միջազգային զորավարժությունների: Այնուամենայնիվ, հայկական զինված ուժերն իր տեսական գիտելիքները կատարելագործում է ամենօրյա ծառայության ընթացքում: Հակառակորդի կողմից զինադադարի խախտման դեպքերը մեր հրամանատարներին զգոն ու սթափ են պահում: Նրանք վերլուծում են հակառակորդի գործողությունները, հրաշալի տիրապետում են իրավիճակին, գերազանց մշակում են պատասխան քայլեր»:

Տարածաշրջանում քաղաքական ամենափոքր փոփոխությունն անգամ հակառակորդի վերնախավին առիթ է տալիս դիմելու «համարձակ» գործողությունների, բայց, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, ոչ մի ոտնձգություն չի կարող ծնկի բերել հայ զինվորին. «Հակառակորդի բոլոր ոտնձգություններն ու դիվերսիոն գործողությունները տապալվում են, եւ հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել, ընդհակառակը` մենք պարբերաբար բարելավում ենք մեր դիրքերը` ստեղծելով անվտանգության և երկարատև պաշտպանության համար համապատասխան հենքեր: Ամեն օր սահմանում հայ զինվորն ու հրամանատարը սխրանքներ են գործում: Զինվորականի մասնագիտությունը հերոսական է, բայց մեր զինվորները համեստ են իրենց կեցվածք-պահվածքով, նրանք իրենց պարտականությունները կատարում են փայլուն եւ անտրտունջ, առանց որեւէ ակնկալիքի, մենք պետք է ուշադիր լինենք եւ կարողանանք տեսնել, ներկայացնել ու ըստ արժանվույն գնահատել նրանց»:

Պաշտպանության նախարարը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն ոգով, ապա պատասխան հարվածը լինելու է ցավոտ, անհամաչափ և հուժկու, սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների պարագայում էլ հայկական կողմը կրակելու է ոչ թե նրանց խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ` զինծառայողների. «Պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյան (հակառակորդի – Շ.Ս.) հանձնարարություն տալուց առաջ պետք է հաշվի առնի, որ եռապատիկ պատասխանի են արժանանալու: Ցանկացած հրաման արձակելուց պետք է նկատի ունենան, որ գործ ունեն զինծառայողի կյանքի հետ: Չգիտեմ` Ադրբեջանի ղեկավարությունը բարոյական ի՞նչ նորմերով է ուղղորդվում, միգուցե նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղեր են խաղում հրամաններ արձակելիս, բայց մեզ համար յուրաքանչյուր զինծառայողի կյանք բացարձակ արժեք է»:

Նախարարի գնահատմամբ` հրադադարի խախտումները նպատակ ունեն ձախողելու բանակցությունները` շեղելով դրանց տրամաբանական ընթացքը. «Պարտադրված պատերազմում ունեցել ենք հաջողություն, այժմ մեզ պարտադրում են ուժերի, սպառազինության մրցավազք, և մենք` առանց որևէ երրորդ ուժի, մեր առջև դրված խնդիրներն իրականացնում ենք: Միայն ռազմաքաղաքական շրջանակներում վստահության եզրերի ձևավորման արդյունքում կարող ենք բանակցային գործընթացը զարգացնելու մթնոլորտ ստեղծել, իսկ վստահության եզրեր ստեղծելու համար անհրաժեշտ է հետ քաշել դիպուկահարներին, հրաժարվել դիվերսիոն հետախուզական գործողություններից եւ իրականացնել միջազգային հետաքննություն սահմանին արձանագրված մահացու ելքով դեպքերի առնչությամբ»:

Լրագրողները նկատեցին, որ հաճախ սահմանային լարվածության պատճառ են դառնում միջազգային կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները: Նախարարը համաձայնեց, որ հայտարարությունները ազդում են իրավիճակի վրա, հատկապես, եթե միակողմանի մոտեցում են պարունակում: Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջերս արված այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի շահերից է բխում յոթ շրջանների վերադարձը, Սեյրան Օհանյանը կոչ արեց միակողմանի զիջումների մասին հայտարարություններ անելու փոխարեն մտածել Lեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի մասին. «Միջազգային կառույցները պետք է սթափ վերլուծեն իրադրությունը եւ իրավիճակին տան երկկողմանի, լիարժեք գնահատական: Երկխոսության շրջանակներում մի այնպիսի իրավիճակի պետք է հասնել, որ հասկանալի լինի` ինչ է նշանակում մեկը մյուսին զիջել: Եթե զիջումը միակողմանի է, դա դառնում է միակողմանի պարտադրանք: Ավելի լավ է` նրանք խաղաղ պայմաններում Արցախի պատմական, պապենական տարածքներում ինքնորոշվելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ աշխատեն: Մնացած բոլոր հարցերը ռազմական փորձագիտության արդյունք պիտի լինեն»,- եզրափակեց պաշտպանության նախարարը:

ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԶԻՆՎՈՐՆԵՐԸ»

Երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում է առաջնագիծ, նրան, բացի բարձրաստիճան զինվորականներից, հաճախ ուղեկցում են նաեւ ոլորտը լուսաբանող լրագրողները: Այս անգամն էլ բացառություն չէր: Ու թեև լրագրողները ներկայացնում էին տարբեր դիրքորոշում, հայացքներ, գաղափարախոսություն ունեցող լրատվամիջոցներ, սակայն մի խնդրում նրանք սրտացավ ու միակամ էին` դա հայրենիքի պաշտպանվածությունն էր և սահմանների ամրությունը: Նրանց անկեղծորեն հետաքրքրում էր հայոց զինված ուժերին վերաբերող ամեն մեծ ու փոքր խնդիր: Նրանք ծանոթանում էին դիրքապահների ծառայության պայմաններին, զրուցում զինվորների ու սպաների հետ, հետաքրքրվում տիրող իրավիճակով, հետո արդեն հարցեր էին ուղղում պաշտպանության նախարարին… Ես նրանցից շատերին վաղուց էի ճանաչում և հստակորեն գիտեի նրանց լրագրողական «ձեռագիրը», բայց հիմա՝ զինվորական հագուկապով, պաշտպանիչ հանդերձանքով, բոլորը միանման էին։ Ես հետեւում էի նրանց աշխատանքին եւ մտածում, որ գրիչն ու տեսախցիկն էլ ինքնաձիգին հավասար զենքեր են, որ լրագրողների անաչառ, անկողմնակալ նյութերը, վերլուծությունները, մեկնաբանություններն ու տեսակետները պարտադիր և անհրաժեշտ պայման են բանակաշինության գործում: Նրանց և՛ գովեստները և՛ քննադատությունը հիմնականում իրենց երկիրը հզոր ու պաշտպանված, իրենց բանակը ամուր, կարգապահ ու մարտունակ տեսնելու մտահոգությունով է թելադրված:

Պաշտպանության նախարարը լրագրողներին ուղղված իր խոսքում կարեւորեց ազգային բանակ-զանգվածային լրատվամիջոցներ համագործակցությունը, հորդորեց լրագրողներին ՀՀ զինված ուժերի գործունեությունը գնահատելիս լինել օբյեկտիվ, բանակն ավելի կատարյալ դարձնելու համար ջանք չխնայել, օգնել բացասական երեւույթները հայտնաբերելու գործում, առաջարկել դրանց վերացման արդյունավետ ուղիներ, ներկայացնել նվիրյալ, արհեստավարժ սպաներին ու զինվորներին. «Միայն համատեղ տքնաջան աշխատանքի, փոխադարձ հարգանքի շնորհիվ կկարողանանք վերացնել մեր շրջապատում հանդիպող թերությունները, որոնք միասնաբար վերացնելուց հետո կվայելենք հաղթանակները»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Times.am, Haynews.am լրատվական կայքեր)

Արդեն 12 տարի է` լուսաբանում եմ բանակային կյանքը, առօրյան, ներկայացնում ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները: Երազում էի զինվորական դառնալ, բայց քանի որ համապատասխան ուսումնական հաստատությունները աղջիկների ընդունելություն չէին իրականացնում, ընտրեցի ռազմական լրագրողի մասնագիտությունը: Բանակային թեմայով առաջին անգամ գրել եմ 1996 թվականին: Աշխատում էի ազգային ռադիոյում, ինձ ուղարկեցին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ` կուրսանտների մասին նյութ գրելու… Կարելի է ասել` այդ օրվանից «ծառայում եմ»: Բնավորությամբ մի քիչ զինվորական եմ դարձել` ավելի ճշտապահ եմ, ավելի սկզբունքային: Ի տարբերություն իմ շատ գործընկերների` կողմնակից եմ, որ այս ոլորտի մասին գրվող նյութերի նկատմամբ վերահսկողություն լինի: Կարծում եմ` բանակի մասին իրավունք չունեն գրելու նրանք, ովքեր երբեք դիրք չեն բարձրացել, սահմանին կանգնած զինվորի աչքերին չեն նայել: Տանը, բազմոցին նստած բանակի մասին գրողներն այսօր շատ են: Նրանք կարող են նյութ հրապարակել, թե սպան թերացել է, առանց տվյալ մարդուն դեմքով ճանաչելու, առանց դեպքը ուսումնասիրելու: Մատնանշեմ մեկ այլ տարածված սխալ` լրագրողները հաճախ են անդրադառնում սահմանամերձ գյուղերի գնդակոծություններին եւ գրում, թե գյուղը ռմբակոծվել է… Գոնե պատկերացնո՞ւմ են` ինչ է ռումբը… Պետք է բարեխիղճ լինել, տիրապետել ռազմական տերմիններին, աշխարհաքաղաքականություն իմանալ, այնուհետեւ միայն հանձն առնել բանակային անցուդարձը լուսաբանելու գործը: Ես որակի կողմնակից եմ եւ կարծում եմ, որ շտապողականությունը, լուրը առաջինը տալու մոլուցքը դաշտը հեղեղում է կիսաճշմարտություններով:

ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Հանրային հեռուստաընկերություն)

Վերջերս զորամաս էի գնացել, ուզում էի զինվորների հետ զրուցել: Հրամանատարներից մեկին խնդրեցի ներկայացնել այնպիսի զինվորի, որը լավ է խոսում, լավ է տիրապետում իր գործին: Հրամանատարն էլ ասաց` «ում հետ ուզում ես՝ զրուցիր»: Ես հասկացա, որ բանակում ներքին մթնոլորտը փոխվել է, որ զինվորն իր կարծիքը արտահայտելու հարցում ավելի ազատ է, որ այլեւս սպան նրա կողքին չի կանգնում՝ լսելու, թե ինչ կասի: Սա նշանակում է, որ թերություններն էլ են նվազել: Նկատել եմ նաեւ, որ սպաների մտածելակերպի շեշտադրումներն են փոխվել, ավելի հոգատար են, բարեկիրթ, բանիմաց, նրբանկատ: Վերոնշյալը հատկապես ակնառու է խաղաղապահ գումարտակում: Շատերին կարող է թվալ, թե վերջինս ցուցադրական ստորաբաժանում է, բայց, կարծում եմ, սա է ապագա արհեստավարժ բանակի հիմքը:

ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ («Կենտրոն» հեռուստաընկերություն)

Այսօր շատ են գրում, թե չկա նախկին ոգեւորվածությունը, սրտացավությունը, հանուն հայրենիքի կռվելու պատրաստակամությունը, բայց այդպես չէ: Հերոս զինվորներ ունենք, որի վառ օրինակն է Արմեն Հովհաննիսյանը: Եվ նա միակը չէ: Ես հավատում եւ վստահում եմ հայ զինվորին: Ամեն անգամ զորամասեր, հենակետեր այցելելիս ես տեսնում եմ՝ դիրքերը ավելի են ամրացել, մանր-մունր թերությունները շտկվել են: Ոգեւորվում եմ, որովհետեւ բանակը բոլորինս է: Շատ եմ կարեւորում նաեւ բանակ-լրատվամիջոցներ համագործակցությունը, որը վերջին տարիներին ամուր հիմքերի վրա է: Լրագրողներիս համար աշխատելու բարենպաստ միջավայր է ստեղծվել, ցանկացած պահի կարող ես զանգահարել եւ տեղեկատվություն ստանալ: Ճիշտ ռազմավարություն է. երբ ոչինչ չես թաքցնում, հարձակվողները պակասում են:

Ես հաճախ եմ լինում սահմանամերձ գյուղերում, առաջնագծի զորամասերում եւ եկել եմ այն եզրակացության, որ հայ զինվորականն իր բարձր պատրաստվածության եւ նվիրումի շնորհիվ հաղթողի, պատժողի, պահանջողի դիրքերում է:

Ի դեպ, դիպուկ կրակելու համար Նաիրա Պողոսյանն արժանացավ պաշտպանության նախարարի խրախուսանքին: Նա կարծում է, որ զենքին տիրապետելը զինվորական լրագրողի համար պարտադիր է:

ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Հայկական երկրորդ հեռուստաալիք)

Բանակային կյանքը լուսաբանող որոշ լրագրողներ, ընկնելով էժանագին սենսացիայի հետեւից, երբեմն իրականության հետ ոչ մի աղերս չունեցող իրենց կարծիքները հրապարակելով որպես վերլուծություն՝ գիտակցաբար կամ անգիտակցորեն մոլորեցնում են իրենց լսարանին, խուճապ առաջացնում՝ անհարմար դրության մեջ դնելով պաշտպանական գերատեսչությանը, որն ստիպված է լինում անհարկի հերքումներ հրապարակել: Այս ոլորտը լուսաբանող լրագրողները պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ, որպեսզի թույլ չտան բացթողումներ, չվնասեն զինվորականներին, չթուլացնեն մեր պաշտպանվածությունը, չկոտրեն զինվորի ոգին: Իհարկե, սխալներից եւ վրիպումներից զերծ մնալու համար փորձ է անհրաժեշտ, դրականը տեսնելու եւ գնահատելու համար էլ՝ ցանկություն… Գործի բերումով ես առնչվում եմ այն տղաների հետ, որոնք ներթափանցումների ժամանակ վիրավորվել են, վնասվածքներ ստացել, ծառայությունը շարունակելու նրանց պատրաստակամությունը խոսում է մեր զինվորների, սպաների համախմբվածության, միասնականության, բանակում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին, սա համարում եմ պաշտպանական գերատեսչության ղեկավարության ամենամեծ ձեռքբերումը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/07/2014