Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԶՈՐԱԿՈՉԻՆ



2010թ. պլանային առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինկոմիսարիատը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը եւ պարգեւատրվեց պատվո դրոշով։
Հանրապետությունում արդեն սկսվել են այս տարվա առաջին զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Դրանց ընթացքին ծանոթանալու համար էլ եղանք լավագույն զինկոմիսարիատում, զրուցեցինք զինվորական կոմիսար գնդապետ Ռոմիկ Մարգարյանի, զորակոչի մյուս պատասխանատուների եւ մեկ-երկու ամսից զինվորական ծառայության մեկնող տղաների հետ։
-Սովորաբար մարդիկ զինկոմիսարիատի հիմնական գործունեությունը կապում են զորակոչի հետ, սակայն զորակոչը մեր աշխատանքի ընդամենը մի մասն է,- ասաց գնդապետ Ռ. Մարգարյանը։ -Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնցից ես կառանձնացնեի զորահավաքային նախապատրաստությունը։ Իհարկե, մեր երկրի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայուն ու երկարատեւ խաղաղություն, բայց մենք հասկանում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր հայրենիքը, ապահովելու մեր ժողովրդի անվտանգությունը։ Այս տեսակետից մենք մշտական աշխատանք ենք տանում բանակում զինվորական մասնագիտություն սովորած պահեստազորայինների հետ, որպեսզի պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում եւ ժամանակին բազմապատկելու ազգային բանակի ուժն ու կարողությունը։ Այս աշխատանքները կազմակերպում է զինկոմի տեղակալ եւ զորահավաքային բաժնի պետ փոխգնդապետ Սամվել Կիրակոսյանը։ Նա այս գործում շատ հմուտ է, որովհետեւ ժամանակին նույնպիսի աշխատանք է կատարել նաեւ հանրապետական զինկոմիսարիատում։ Անցած տարվա ընթացքում զինկոմիսարիատը ներգրավվել է զորավարժության մեջ եւ բոլոր ուղղություններով առաջադրանքները կատարել է հաջողությամբ։
Որպես զինվորական կոմիսար ինձ համար շատ կարեւոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդումը եւ երիտասարդության, նախազորակոչային տարիքի տղաների ու աղջիկների հետ տարվող աշխատանքը։ Ես չունեմ ընդունելության առանձին օրեր ու ժամեր։ Եթե տեղում եմ, ուրեմն իմ դուռը միշտ բաց է մեր քաղաքացիների, զինակոչիկների, զինվորների ծնողների, նրանց հարազատների առաջ։
Մարդիկ պետք է տեսնեն-ճանաչեն բանակը եւ դրա համար ավելի լավ է իրենց հուզող հարցերի շուրջ տեղեկություններ իմանան հենց զինկոմից, զինկոմիսարիատի աշխատողից, քան պատահական մարդկանցից, փողոցից։ Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, զարգացնելու համար մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում մեր համայնքի մշակույթի օջախներում, դպրոցներում եւ նույնիսկ մանկապարտեզներում եւ իհարկե՝ Եռաբլուր պանթեոնում։ Այդպիսի մի հետաքրքիր նախագիծ սկսեցինք 2009թ. վերջին, որն ավարտվեց 2010-ի գարնանը։ Կազմակերպեցինք ռազմահայրենասիրական երգերի մրցույթ, որին մասնակցեց քսանութ կրթօջախի 900 աշակերտ։ Երեք փուլով անցկացված մրցույթի եզրափակիչ մասը կայացավ Հ. Պարոնյանի անվան թատրոնում։ Մրցույթը շատ օգտակար եղավ աշակերտների համար։ Հայրենասիրական երգերի կատարումից բացի, նրանք պետք է լիարժեք տեղեկություններ ներկայացնեին երգի ստեղծման պատմության, երգի հերոսի կենսագրության, ազգանվեր գործունեության մասին։ Հաճախ նրանք ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ գրականություն, դիմում էին մեր օգնությանը։ Եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին Երեւանի պետական համալսարանի եւ կոնսերվատորիայի դասախոսները։ Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր գրավածները պարգեւատրվեցին համապատասխանաբար՝ 100000, 70000 եւ 50000-ական դրամով, պաշտպանության նախարարության, հանրապետական զինկոմիսարիատի մրցանակներով։ Այժմ էլ սկսել ենք իրականացնել մեկ այլ նախագիծ՝ նկարչության մրցույթ։ Թեմաներն են «Իմ հայրենիքը» եւ «Արցախյան ազատամարտը»։ Արդեն կա պայմանավորվածություն, եւ եզրափակիչ ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի սրահում։ Հուսով եմ, որ այս անգամ էլ կունենանք հովանավորներ, եւ մասնակիցներն ու հաղթողները կխրախուսվեն տարբեր մրցանակներով։
Մենք ոչ միայն զորակոչի առաջին օրերին ենք կազմակերպում տոնական միջոցառումներ, այլեւ մյուս բոլոր օրերին։ Միջոցառումներ ենք կազմակերպում Եռաբլուրում, Գեւորգ Չաուշի, Սողոմոն Թեհլիրյանի եւ հայոց ազատամարտի այլ հերոսների հիշատակին։ Զորակոչի օրը գրեթե միշտ համընկնում է մեր հերոսներից, նշանավոր ռազմիկներից ինչ-որ մեկի ծննդյան կամ մահվան օրվա հետ։ Եվ մեզ մշտապես օգնում են համայնքի վարչական ղեկավարները, զոհվածների մայրերի կոմիտեն, Արցախյան ազատամարտի վետերանները, ԵԿՄ անդամները։
Անդրադառնալով զորակոչի բուն գործընթացին՝ գնդապետ Ռ. Մարգարյանն ասաց.
-Սկսվել եւ շարունակվում է բուժհետազոտության գործընթացը։ Բոլոր նրանք, ովքեր առողջության հետ կապված որեւէ խնդիր ունեն ավելի մանրակրկիտ հետազոտման են ենթարկվում մասնագիտական բուժհիմնարկություններում։ Զինակոչիկների ծնողները պետք է ամբողջական պատկերացում ունենան իրենց տղաների առողջության մասին։ Նրանք պետք է համոզվեն, որ եթե երիտասարդը բանակ է գնում, ուրեմն հիվանդ չէ։ Ձգտում ենք չսխալվել, որպեսզի ծնողները մեր անաչառությանը կասկածելու առիթ չունենան, այլ լիովին վստահեն մեզ եւ արդարություն չորոնեն զորակոչի խնդիրներով զբաղվող հարակից հաստատություններում։ Միաժամանակ մեր ունեցած հնարավորություններով բացատրական աշխատանք ենք տանում Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի տղաների ու նրանց ծնողների հետ։ Ասեմ նաեւ, որ սկսել եւ շարունակվում է 1995թ. ծնվածների կցագրման գործընթացը։ Գործի գրեթե ութսուն տոկոսն արդեն արված է։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքից։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ այդ աշխատանքները ղեկավարող մայոր Արմեն Եղիկյանը ժամանակին ծառայել է հանրապետական զինկոմիսարիատի նույն բաժնում եւ շատ փորձառու մասնագետ է։
♦♦♦
Զորակոչի բաժանմունքի պետ մայոր Արմեն Եղիկյանը ծնվել է Իջեւանի Խաչթառակ գյուղում։ 1986թ. ավարտել է դպրոցը եւ ընդունվել Բաքվի ռազմական բարձրագույն ուսումնարան, որի երկրորդ կուրսից ուսումը կիսատ է թողել եւ զորակոչվել բանակ։ Ծառայությունից հետո սովորել է Վոլգոգրադի ենթասպաների դպրոցում եւ աշխատել ԽՍՀՄ բանակի զորամասերից մեկում։ 1991թ. նա վերադարձել է հայրենիք եւ ծառայությունը շարունակել ոստիկանությանը կից հատուկ նշանակության վաշտում, իսկ 1992-ից՝ ազգային բանակի սահմանի պաշտպանություն իրականացնող զորամասում։
Մայոր Եղիկյանը մարտական գործողությունների մասնակից է։ Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «ԼՂՀ մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի մեդալներով, «Մարտական գործողությունների մասնակցի» կրծքանշանով, բազմաթիվ հուշամեդալներով, խրախուսվել է պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։ Տղաներից մեծը՝ Հովհաննեսը, սովորում է ոստիկանության ակադեմիայում, փոքրը՝ Սուրենը, ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Ուլիս» ակումբում եւ սովորում է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, աղջիկը՝ Դիանան, դեռ դպրոցական է։ Արմեն Եղիկյանը հպարտությամբ է նշում, որ ընտանիք է կազմել իր զինվորի եւ մարտական ընկերոջ՝ զոհված ազատամարտիկ Սոս Մադաթյանի դստեր՝ Անահիտի հետ։
♦♦♦
Առավոտից սկսվել էր զինակոչիկների հերթական խմբի բուժզննումը։ Բոլոր բժիշկների մոտ ստուգվելուց հետո տղաները մոտենում էին մայոր Ա. Եղիկյանին, նա էլ ուսումնասիրելով հետազոտության արդյունքները՝ որոշում էր՝ ուղարկե՞լ լրացուցիչ հետազոտման, թե՞ արդեն իսկ զորակոչի օր նշանակել եւ ծանուցագիր տալ։
-Այս ընթացքում ոչ մի խնդիր չենք ունեցել։ Բոլոր տղաներն էլ նշանակված օրը ներկայացել են ու հետազոտվել։ Վերջին երկու տարիներին մենք պլանային առաջադրանքները գերակատարում ենք հիմնականում չկցագրվածների հայտնաբերման եւ արտերկրից վերադարձողների հաշվին։ Փնտրում, կապեր ենք հաստատում այլ երկրներում գտնվողների բարեկամների հետ եւ նրանց միջոցով կազմակերպում զինապարտների վերադարձը։ Պետք է ասեմ, որ հայրենիքից հեռու գտնվողները օրենքների, անցանկալի իրավիճակներից խուսափելու միջոցների պարզաբանման կարիք ունեն։ Վերջին շրջանում ամեն զորակոչի ընթացքում 30-ից ավելի զինակոչիկ է վերադառնում եւ բանակ զորակոչվում,- ասաց մայոր Եղիկյանը։
Նա նշեց նաեւ, որ հաջողությունը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, եւ այդ գործում իրենց ներդրումն ունեն զորակոչի խմբի պետ կապիտան Կարեն Փաշինյանը, նախազորակոչային խմբի պետ կապիտան Հովհաննես Մելիքյանը, ենթասպաներ Խաչիկ Մկրտչյանը, Արմեն Գաբրիելյանը, ինչպես նաեւ բաժնի աշխատակիցներ Աննա Ղազարյանը, Նելլի Թորոսյանը, Մերի Սարգսյանը, Հռիփսիմե Ղազարյանը, Վարսենիկ Սուղյանը, պահեստի փոխգնդապետ Ժորա Դիլանյանը։
-Մենք փոփոխություններ ենք կատարել բուժհանձնաժողովում։ Փոխվել են ատամնաբույժն ու հոգեբույժը, որովհետեւ նախորդների աշխատանքը մեզ չէր գոհացնում։ Հավաքակայանից հենց այդ հիվանդությունների գծով վերադարձողները բավականին շատ էին։ Արդեն վեց ամիս է, ինչ ավագ բժիշկ է նշանակվել թերապեւտ Նելյա Սարգսյանը, իրենց գործում պարտաճանաչությամբ ու բարեխղճությամբ առանձնանում են ակնաբույժ Անաստասիա Ստեփանյանը, վիրաբույժ Արմեն Աբազյանը, նյարդաբան Կարինե Երիցյանը։
♦♦♦
Նշենք, որ Շահումյանի զինկոմիսարիատում չափազանց լավ պայմաններ են ստեղծված ծառայության համար, եւ մարդկանց սպասարկումը կազմակերպվում է շատ բարձր մակարդակով։ Զինակոչիկներ Հենզել Վարդանյանը եւ Մանվել Առաքելյանը մեզ հետ զրույցում ասացին, որ զորակոչվելուն խանգարող հանգամանքներ չկան, եւ իրենք լիովին պատրաստ են ծառայությանը։
-Սովորում եմ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, մինչեւ հունիսի սկիզբը կհանձնեմ քննությունները եւ կգնամ ծառայելու,- ասաց Արա Գրիգորյանը։
-Ես էլ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող եմ, տարկետման իրավունքից չեմ օգտվում, պարտքս կկատարեմ, հետո կշարունակեմ ուսումս,- ասաց Ժորա Սարգսյանը։
Զինակոչիկներ Սերոբ Մկրտչյանն ու Արտուշ Մանուկյանն էլ ասացին, որ սովորում են ճարտարապետաշինարարական համալսարանում։ Քանի որ տղաներն առողջական խնդիրներ, հետեւաբար եւ լրացուցիչ բուժհետազոտման կարիք չունեին, մայոր Ա. Եղիկյանը նրանց հարմար ժամանականահատվածում զորակոչի օր նշանակեց։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


14/04/2011