Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



«Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից: Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում 430-ից ավելի սփյուռքահայ երիտասարդներ երեք տարվա ընթացքում այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասեր, «Մայր Հայաստան» զինվորական թանգարան եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին հուլիսի 11-ին ընդունեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ներկաներին նախ ողջունեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը՝ ընդգծելով, որ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման եւ հզորացման գործում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում գոհունակություն հայտնեց նման նախաձեռնության համար եւ նշեց, որ Հայաստան այցելող երիտասարդները հեռանկարային համագործակցության հիմք են ստեղծում. «Ցեղասպանության հետեւանքով հայերը սփռված են աշխարհով մեկ, ինչը ցավալի է, բայց միաժամանակ մենք պետք է կարողանանք այդ ներուժը օգտագործել ի նպաստ Հայաստանի զարգացման: Մեծ է սփյուռքահայերի ներդրումը, առանց մեր քույրերի եւ եղբայրների ջանքերի մենք չէինք ունենա պատերազմական եւ հետպատերազմական տարիների հաջողությունները»: Սեյրան Օհանյանը կարծում է, որ յուրաքանչյուր սփյուռքահայի համար Հայաստանով ապրելը պարտադիր է:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները. «Ես տեղյակ եմ, որ դուք այցելել եք տարբեր զորամասեր, զրուցել զինվորների հետ, եւ վստահ եմ, որ նկատել եք` հայկական բանակը տեղում չի դոփում, այլ օրեցօր ավելի է զարգանում եւ կատարելագործվում: Մենք 5 հազար տարվա պատմություն ունեցող ազգ ենք, եւ եթե ակնկալիք ունենք եւս 5 հազար տարի գոյատեւելու այս տարածաշրջանում, այսպիսի հարեւանների հետ, հետեւաբար ուժեղ բանակ ունենալը միշտ սուր անհրաժեշտություն է լինելու»:

Երիտասարդները հնարավորություն ունեին իրենց հուզող հարցերն ուղղելու պաշտպանական գերատեսչության ղեկավարին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և ՀՀ զինված ուժերի պատրաստությանը: Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ «Ադրբեջանի հետ պատերազմելու առումով մենք խնդիր չունենք եւ առանց երրորդ ուժի էլ կարողանալու ենք խաղաղություն պարտադրել»:

Շ.Ս.

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014