Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ



Հուլիսի 12-ին Վայոց ձորի մարզկենտրոնում հանդիսավորությամբ նշվեց 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, թեմի հոգևոր առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների ու զորամասերի հրամանատարներ, երկրապահներ, ազատամարտիկներ, պատերազմի և աշխատանքի վետերաններ, դպրոցականներ, հյուրեր հանրապետության տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեծ թվով վայոցձորցիներ:

Առավոտյան ժամը տասն է: Զորամիավորման անձնակազմը հանդիսավոր շարված է մարզկենտրոնի հրապարակում, որտեղ բառիս բուն իմաստով ասեղ գցելու տեղ չկար: Վայոցձորցիներն անտեսելով անտանելի և անսովոր շոգը՝ եկել էին մասնակցելու իրենց հող ու ջրի, տուն ու տեղի պահապան զորամիավորման ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը:

Քար լռության մեջ հնչում է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի խրոխտ ձայնը. «Պարո՛ն նախարար, չորրորդ ԲԿ անձնակազմը զորամիավորման կազմավորման տարեդարձի կապակցությամբ շարված է…»:

Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը զեկույցն ընդունելուց հետո ողջունեց զորահանդեսի մասնակիցներին, գեներալներին ու սպաներին, հյուրերին, վայոցձորցիներին, որից հետո հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները՝ նա, մասնավորապես՝ ասաց.

-Հիշարժան օր է այսօր ոչ միայն մեզ համար, այլև ՀՀ ԶՈՒ համար ընդհանրապես, քանզի այսօր նշվում է հայոց զորամիավորումներից մեկի՝ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձը։

Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորելով բոլորիդ ու տեսնելով ձեր ոգևորությունը՝ ակամա հիշում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Սպարապետ Վ. Սարգսյանի խոսքերը՝ «Մեր պատմության հազարամյա ճանապարհին մենք չենք սպառել հավատի ու խանդավառության մեր պաշարները»։ Այսօրվա միջոցառման նպատակը հայրենիքի և ժողովրդի պաշտպանության համար կազմավորված մեր զորամիավորման մեծարումն է և նրա անձնակազմի օրինակով ժամանակակիցների դաստիարակումը, և միջոցառումն անցնում է «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» նշանաբանով։

Բանակային կորպուսը կազմավորվեց 1997թ.-ի հուլիսին։ Բանակային կորպուսի կայացման գործում իր արժանի ներդրումը բերեց Բանակային կորպուսի առաջին հրամանատար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որը շարունակեցին կորպուսի հրամանատարներ՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Տասնյոթամյա կենսագրություն ունեցող Բանակային կորպուսը իր արժանի ներդրումն է բերել Հայոց բանակի կայացման և նրա մարտունակության ամրապնդման գործում։ Բանակային կորպուսի զորամասերը պատվով կատարել և այսօր էլ շարունակում են իրենց առջև դրած մարտական խնդիրները։

4-րդ բանակային կորպուսը մշտապես եղել և գտնվում է Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի ուշադրության և հոգատարության կենտրոնում։

Զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմաններն անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես արել և անելու է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:

Այնուհետև զորամիավորման անձնակազմին տարեդարձի կապակցությամբ շնորհավորեցին Վայոց ձորի մարզպետը, թեմի հոգևոր առաջնորդը, «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահը, իսկ ԵԿՄ ներկայացուցիչը կարդաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը:

Զորահանդեսի ավարտին դիմելով ներկաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը, մասնավորապես՝ ասաց.

– Տոնական ու հիշարժան այս օրը Վայոց ձորում մեծ հանդիսավորությամբ նշելը պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և զորամիավորման անցած ճանապարհով իրավամբ հպարտանալու համար: Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությանն ու Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և նրա ագրեսիվ գործողություններին, պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն ու սպան առանց երկնչելու, պատվով կատարել ու կատարելու են իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող լծակների միջոցով կանխելով հակառակորդի խափանարար հետախուզական խմբերի անհաջող գործողությունները:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն. զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Զորահանդեսի ավարտին, որպես քրտնաջան ծառայության արդյունք, պաշտպանության նախարար Ս. Օհանյանը զորամիավորման հրամանատարությանը հանձնեց զորամիավորման ռազմադրոշը:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/07/2014