Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԹՈՐԻԿ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ



Վերջերս ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը ադրբեջանական Ազերկոսմոս ընկերության պատվերով արբանյակ է դուրս բերել ուղեծիր: Ինչպես հայտնել է Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը, SPOT-7 արբանյակը նախատեսված է երկրի մակերևույթի զննման համար, այն հնարավորություն կտա բարձրորակ և հստակ պատկերներ ստանալ: Պաշտոնական տվյալներով՝ արբանյակը անխափան կաշխատի տասը տարի: Այս լուրը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, շատերը նշում են, որ արբանյակը հետախուզական է և լայնորեն կկիրառվի ՀՀ և ԼՂՀ դեմ: Ընդհուպ այն աստիճանի, որ կկարողանա լուսանկարել դիրքապահ զինվորին իր հաստիքային զենքով: Իսկ ի՞նչ է կատարվել իրականում, ի՞նչ հնարավորություններ ունի այդ արբանյակը և արդյո՞ք վտանգ է ներկայացնում հայկական կողմի համար: Հարցն ուսումնասիրենք՝ հիմնվելով բաց աղբյուրներից վերցված տեխնիկական տվյալների, մասնագիտական կարծիքների վրա: Իր պարզաբանումներն է ներկայացնում նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրության բաժնի պետ, գնդապետ Գ. Մանուկյանը:

Եվ այսպես, ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունն աշխարհի խոշորագույն տիեզերական ընկերություններից է: Նախագծում և ուղեծիր է դուրս բերում տարբեր նշանակության արբանյակներ: Համագործակցում է բազմաթիվ առաջատար ընկերությունների հետ: Եվ այդ ամենի հիմքում պարզ, հասարակ բիզնեսն է: Այսինքն՝ ֆրանսիական ընկերության գործունեության հիմքում շահույթ ստանալն է: Հենց այդ համատեքստում էլ այս տարվա մայիս ամսին ադրբեջանական «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն և Airbus Defence and Space-ը պայմանագիր կնքեցին համագործակցության վերաբերյալ: Իսկ հունիսի 30-ին հնդկական Սատիշ Դհավան կայանից արձակվեց SPOT-7 նորագույն արբանյակը: Այն իր նախորդներից ավելի թեթև է (SPOT-5-ը կշռում է 3 տոննա, SPOT-7-ը՝ 720 կգ), շատ ավելի մեծ հնարավորություններ ունի և կմիանա արդեն իսկ ուղեծրում գտնվող SPOT-6 արբանյակին և Pliades 1A, Pliades 1B գերճշգրիտ արբանյակներին: Այդպիսով` Airbus Defence and Space-ը օպտիկական արբանյակների հզորագույն խմբավորում է ստեղծում, որը երկրի մակերևույթի օպերատիվ նկարահանման նոր հնարավորություններ կընձեռի: Երկու SPOT-երը միասին կարող են ամեն օր մինչև 6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք նկարահանել: Մանևրող ապարատները կարելի է ուղղել 1500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքի կողմը: Նույն տարածքը հնարավոր է նկարել օրական երկու անգամ 60 կմ խորությամբ: SPOT-7-ը նկարահանում է 1,5 մ թույլատրելիությամբ, սակայն Pliades 1A և Pliades 1B արբանյակների հետ համատեղ աշխատանքի արդյունքում թույլատրելիությունը կհասնի մինչև 50 սմ: Խմբավորման կարողություններն ընդլայնվում են նաև TerraSAR-X և TanDEM-X ռադիոտեղորոշիչ արբանյակների շնորհիվ: Կարելի է ասել, որ այս բոլորը գերազանց ցուցանիշներ են, կոմերցիոն առավելագույն ցուցանիշներ: Եվ ոչ ավելի: Նման բարձր կարգի նկարները կիրառվում են 1:25000 մասշտաբի քարտեզները թարմացնելու, ինչպես նաև բնապահպանական, շրջակա միջավայրի մշտադիտարկման, ծովային տարածքների, նավթային շրջանների ուսումնասիրության, տարերային աղետներից տուժած շրջանների վերահսկման և քաղաքացիական նշանակության այլ նպատակներով: Ընդ որում՝ նման կարգի արբանյակներ մինչ այդ էլ են արձակվել ուղեծիր: Օրինակ՝ ամերիկյան IKONOS-ը առանց լրացուցիչ հզորացման նկարահանում է 0,8 մետր թույլատրելիությամբ: IKONOS-ից բարձր տվյալներ ունի Quick Bird արբանյակը՝ 61 սմ: Այսինքն՝ ցանկության դեպքում կարելի էր մինչ այժմ էլ այդ ապարատները սպասարկող ընկերություններից բարձր թույլատրելիության լուսանկարներ վերցնել:

Ինչպես նշեց գնդապետ Մանուկյանը, նորարարական բոլոր մոտեցումներով հանդերձ, SPOT-7-ը հետախուզական համարել չի կարելի: Հետախուզական արբանյակները գործողության շատ ավելի մեծ ճշգրտություն ու տվյալներ ունեն: Իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե լուսանկարները հնարավոր է փոխանցել առցանց: SPOT-7-ը համալրված է թվային կուտակիչի տեխնոլոգիայով: Այսինքն՝ նկարահանված նյութը հավաքվում է կուտակիչի վրա, ապա փոխանցվում է սպասարկող ընդունիչ կայան, որտեղ այն հետագա մշակման է ենթարկվում, վերծանվում: Որքան էլ այդ ամենը արագ կատարվի, միևնույն է, ժամանակ է պահանջվելու:

Իհարկե, որոշակի անհանգստություն այս արբանյակի աշխատանքը մեզ կպատճառի, սակայն, անկախ իր ցուցանիշներից, այն դասվում է երկրաբանական-տեղեկատվական արբանյակների շարքը: Արբանյակը ազատ է տեղեկատվության տրամադրման առումով, բաց կարգավիճակ ունի: Ցանկության դեպքում հայկական կողմն էլ կարող է դիմել և կոնկրետ տարածքների լուսանկարներ ստանալ: Մտահոգիչ է այն փաստը, որ այժմ բանակցություններ են ընթանում արբանյակի կառավարումը ադրբեջանական կողմին փոխանցելու շուրջ: Այդ դեպքում մեզ համար տվյալներ ստանալը կդժվարանա: Գործարքի մասին չենք կարող խոսել, միայն կասկած է հարուցում ֆրանսիական ընկերության կողմից այս պահին աշխարհում քաղաքացիական նշանակության հզորագույն արբանյակային խմբավորման կառավարումից, հետևաբար նաև շահույթներ ստանալու հեռանկարներից հրաժարվելու հավանականությունը: Նույնիսկ այդ դեպքում Ադրբեջանի հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ կլինեն, քանի որ ցանկացած ոլորտ կանոնակարգվում է միջազգային փաստաթղթերով:

Այո՛, շատ մեծ ցանկության դեպքում SPOT-7 արբանյակից արված լուսանկարները կարելի է օգտագործել ռազմական նպատակներով՝ տեղանքի քարտեզ կազմելու, խոշոր օբյեկտների գտնվելու վայրն իմանալու համար և այլն: Սակայն չի կարելի ասել, թե ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը մտահոգված է. հզոր արբանյակներ անցյալում էլ արձակվել են ուղեծիր, ընդ որում՝ շատ ավելի հզոր, քան SPOT-7-ը, զուտ հետախուզական նպատակներով: Հայկական կողմը հետևում է բոլոր գործընթացներին, ձեռնարկում է համապատասխան քայլեր: Բնականաբար, մեր ռազմական ենթակառուցվածքները հուսալիորեն պաշտպանված և քողարկված են: Բոլոր պետություններն էլ գործող նորմերի պահպանման դեպքում առանց սահմանափակման կարող են օգտվել արբանյակային ծառայություններից: Պարզապես մենք կարևոր օբյեկտները թաքցնում ենք այնպես, որ նույնիսկ գերհզոր հետախուզական արբանյակներով դրանք հնարավոր չլինի հայտնաբերել: Ավելին, հայկական կողմը արբանյակներից ստացվող տեղեկատվության հետ կապված համապատասխան պահանջմունքները կարողանում է բավարարել անհրաժեշտ չափով: Գաղտնիք չէ, որ մենք այս հարցում վաղուց համագործակցում ենք ռուսական կողմի հետ: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղադրված է ընդունիչ կայան, և անհրաժեշտության դեպքում ստանում ենք տարբեր նշանակության արբանյակներից արված լուսանկարներ: Մասնավորապես՝ 2014թ. արդեն օգտվում ենք նաև Ресурс-П արբանյակից: Տվյալ պահին դա մեզ լիովին բավարարում է։ Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են պատշաճ մակարդակով: Առկա է նաև 50 սմ-ից բարձր թույլատրելիությամբ հետախուզական արբանյակներից օգտվելու հնարավորություն: Պարզապես հայկական կողմը ամեն պատեհ-անպատեհ առիթով չի բարձրաձայնում իր գործողությունների մասին: Ներկա պահի դրությամբ տարբեր պետությունների հետ համագործակցությունը այս ոլորտում լիովին բավարար է:

Հ.Գ. Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Ֆրանսիան չի պատրաստվում զենք վաճառել տարածաշրջանի պետություններին, քանի որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կողմերին չզինելու պարտավորություն ունի: Վստահարժա՞ն է արդյոք այդ մոտեցումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին ձեռքբերումները սեփականաշնորհելու ադրբեջանական ցանկության դեպքում, ցույց կտա ժամանակը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


24/07/2014